Լենինի ծննդյան 140-ամյակին. Ավետիք Իսահակյան 1940թ., «Գրական թերթ», հմ.11

22 Ապրիլի 2019

Ամեն անգամ, ամեն առիթով, երբ հնչում է Լենինի կախարդական անունը` մեծագույն գաղափարների մի ամբողջ կոմպլեքս վառվում է մեր ուղեղի մեջ

Վ.Ի.Լենին: Այնքան մոտիկ և այնքան հեռավոր:

Թեև մեր ժամանակակիցն է նա, մեզնից շատերի հասակակիցը, թեև շատերը տեսել են նրան, լսել են նրան, բայց մարդ չի հավատում, թե իրոք մեր ժամանակակիցներից տեսել և լսել են նրան: Որովհետև, կարծես թե նա անսկիզբ է, եղել է միշտ, կամ որպես ամենահին դարերի մշուշի մեջ սուզված մի մարգարե, մի մեծ պատգամախոս բոլոր ժամանակների համար: Եվ արդեն նա դարձել է սիմվոլ, բովանդակ մարդկությանը ոգևորող և համաշխարհային պատմությունն առաջ մղող գերագույն, լուսավոր իդեալների կատարին դասված: Մի՞թե հեռու է այն զարհուրելի էպոխան, իմպերիալիստական առաջին պատերազմը, երբ «քաղաքակիրթ» երկրները, միլիարդ բնակչություն, գազանային բնազդներով բռնկված, տարիներ կոտորում էին իրար, անխնա ջնջում իրար, ոչնչացնում դարերի մեջ կուտակված հարստություններ, կուլտուրայի գանձեր: Երբ պատերազմի սարսափելի մսաղաց մեքենայի մեջ աշխարհի տերերն` թագավորները, կապիտալիստները լցրին թշվառ ժողովուրդների աշխատավորներին, բազմություններին, կանանց, երեխաներին հոշոտեցին, փշրեցին իրենց ընչաքաղց նպատակների համար, անհագուրդ նյութական շահերի համար: Ստրկացրին փոքր ժողովուրդներին հանուն «սրբազան» շուկաների, հանուն բուրժուազիայի աշխարհակալության:

Եվ ահա այդ պահին որոտաց Լենինի պատգամը, նրա հրեղեն խոսքը, որ անմիջապես գործ դարձավ: Նրա խոսքը` բոլոր կայծակների թափով պայթեց աննախընթաց արյունահեղության գլխին, և ահեղ պատերազմը ճեղքեց երկու մասի` պատերազմ պատերազմի դեմ, պատերազմ բոլոր բռնակալների դեմ, արյան ծարավիների դեմ, աշխարհակալների դեմ, բայց ազատություն, խաղաղություն, հաց ու լույս բոլոր տառապածներին, հարստահարվածներին, աշխատավորներին: Մի նոր արդար աշխարհ հին վայրագ աշխարհի փլատակների վրա:

Մի՞թե մոտիկ է մեզ այդ վեհ պատգամի օրը, թեև դրանից անցել է ժամանակի մի չնչին տարածություն, և սակայն շատ հեռու է թվում մեզ, որովհետև այդ ժամանակաշրջանը այնքան իմաստալից, բազմաբովանդակ, այնքան հարուստ անցավ, որ կարծես դարեր ենք ապրել:

Եվ մի՞թե կարելի է առանց այդ գաղափարների ապրել, կամ երբևէ կարո՞ղ է մարդկությունն առանց այդ պատգամների ապրել, ստեղծագործել, բարձրանալ:

Այն օրվանից Լենինի պատգամների կոմպլեքսը դարձավ մարդկության անհրաժեշտությունը, դարձավ բնության հինգերորդ տարրը: Օդի, ջրի, հողի և կրակի պես անհրաժեշտ և կենսական:

Եվ այսօր, երբ նորից քաղաքակիրթ մարդկությունը թաթախվում է արյան մեջ, և թերևս ավելի սոսկալի և երկարատև, Լենինի պատգամը, նրա ուսմունքը, իբրև հավերժական տարերք, նույն ակտուալությամբ, նույն հզորությամբ խոսում է տառապող մարդկության ականջին և սրտին:

 

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: