Սոցիալիզմն ամենամարդկային և արդար համակարգն է

29 Հուլիսի 2015

Անցած 25 տարվա ընթացքում սոցիալիզմի ամենաուժեղ կողմը` Սովետական Միությունը ժամանակավոր փլուզվեց ու եղան տարբեր մեկնաբանություններ ու վերլուծություններ դրա պատճառների վերաբերյալ: Յուրաքանչյուր վերլուծաբան իր կուսակցության, խմբի կամ անհատի շահերից ելնելով է մեկնաբանել այս հարցը, բայց դեռ անհարժեշտ ու գիտական պատասխան չի գտնվել, կամ եթե գտնվել է, ապա մենք տեղյակ չենք:

Վերլուծողների մեծ մասը երկու հարց շփոթում են, նրանք նույնացնում են առաջադիմական սոցիալիստական գաղափարախոսությունը որևէ երկրում կամ ազգային միավորումում դրա իրականացման հետ: Վերլուծողների մեծ մասը մոռանում է նաև արտաքին ճնշման գործոնը: Պետք է ընդունել, որ սոցիալիզմի թշնամիներն աշխատել են՝ օգտվելով հետփլուզման ժամանակաշրջանում մարդկանց հոգեբանությունից, տեսականորեն ու գործնականորեն հարցականի տակ դնելով սոցիալիզմի գաղափարախոսությունը, չգիտակցելով, որ հասարակական փոփոխություններն ու նրանց մասին տեսակետները պատմության ընթացքում արգելքների կարող են հանդիպել։ Սակայն այն գաղափարը, որ միլիոնավոր մարդկանց բարեկեցության ու արդարության հետ է կապված երբեք չի անհետանա, այլ իրեն վերանորոգելով իր ուղին կգտնի ու կուղեկցի ժողովրդին դեպի ավելի բարեկեցիկ կյանք: Այս պարտությունները կապ չունեին սոցիալիզմի գաղափարախոսության ու նրա տկարության հետ, այլ դրանք ուղղակի վերաբերում էին որոշ երկրներում որոշ սխալներով գործադրման հետ: Աշխատավոր դասակարգի թշնամիներն ամեն կերպ աշխատեցին այդ ուղղությամբ և մեկուսացրին նաև Կուբայի նման մի երկրի, սակայն նրանց չհաջողվեց վերացնել այդ համակարգը շատ երկրներում, որովհետև առաջադիմական սոցիալիստական գաղափարախոսությունը գիտական, արդար և մարդկային գաղափարախոսություն է, որը տնտեսական հավասար պայմաններ է ստեղծում բոլոր ժողովուրդների համար:

Ամենամեծ շեղումը կապվում էր իդեալիստական ու սեկտարիստական մոտեցումների հետ, որոնք ցուցաբերվում էին սոցիալիզմի գործադրմանը այնպիսի ազգային միավորումում, որտեղ իշխում էր կապիտալիզմի հեգեմոնիան: Դժբախտաբար ձախ ուժերի մի մասը նույնացրեց «Սոցիալիստական ուղի բռնած պատմական ընթացքը» սոցիալիզմը մի հասարակության մեջ հաստատելու և վերջնական հաղթանակ համարելու հետ: Այսպիսով, ընթացքը և հաստատելը շփոթեցին շատերը, ինչն էլ հուսախաբության պատճառ դարձավ:

Մենք երբեք չենք ուզում և ճիշտ չենք համարում անցյալի վրա գիծ քաշելն ու անտեսելը, անցյալի լավ ու վատ կողմերը մեր ժառանգությունն է, և երբեք ձախ ուժերը չեն կարող ու չեն էլ ուզի իրենց անցյալը մոռանալ։ Անցյալում բոլորն իրենց ջանքերը ներդրել են սոցիալիզմի ուղղությամբ, որը դեռ շարունակվում է և վստահ ենք, յուրաքանչյուր առողջ ու առաջադեմ մարդ անցյալից դասեր քաղելով գնում է դեպի առաջ, հատկապես ձախ ուժերը, որ զինված են արդար ու առաջադեմ դինամիկ գաղափարախոսությամբ՝ սոցիալիզմի գաղափարախոսությամբ: Այստեղ, իհարկե, բոլոր ընթերցողները հասկանում են, որ խոսքը գիտական կամ առաջադիմական սոցիալիզմի մասին է, այլ ոչ թե աջակողմյան սոցիալիզմի, որի միայն անունն է սոցիալիզմ, իսկ նրանց բոլոր ծրագրերը և գաղափարները կապիտալիստական համակարգի պահպանման ու մեծահարուստների շահերի պաշտպանությանն են ուղղված: Նկատի ունենալով վերոհիշյալ մոտեցումները ավելի լավ կլինի արծարծել սոցիալիզմը որպես քաղաքական մտածելակերպ, որը ճիշտ գործելակերպ որդեգրելով, կարող է ստեղծել մարդկության համար արդար համակարգ, որը հիմնված կլինի արտադրության մի նոր եղանակի ու գործադրման ուսումնասիրության վրա:

Երկրների ու համակարգերի միջև համեմատություն կատարելն, առանց նկատի ունենալով այդ երկրների պատմական պայմանները ոչ իրական ու ոչ էլ գիտական է համարվում: Այդ իսկ պատճառով, եթե ուզում ենք համեմատել ֆեոդալական Ռուսաստանի կասրության ու եվրոպական երկրների զարգացման գործընթացը, պետք է անպայման նկատի առնենք, որ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո, չնայած երկրի ներքին մեծ դժվարություններին և արտաքին ագրեսիվ միջամտություններին, Ռուսաստանը կարողացավ վերածվել մի գերտերության, որն ազդեցություն ունեցավ միջազգային համակարգի ու ապրելակերպի վրա, իսկ այդ զարգացումը կատարվեց շնորհիվ առաջադեմ սոցիալիստական համակարգի, ինչն անհերքելի փաստ է և ցույց է տալիս սոցիալիզմի տնտեսական համակարգի հզորությունը: Եթե այն ճնշման մեկ տասերորդ մասը, որ գործադրեցին Սովետական Միության վրա, գործադրեին, օրինակ՝ Ֆրանսիայի, Բրիտանիայի կամ ԱՄՆ-ի վրա, այն ժամանակ կարող էինք համեմատել, թե որ համակարգն է ավելի ուժեղ ու դիմացկուն, և որ համակարգն է պաշտպանում լայն մասսաների շահը: Չպետք է մոռանալ, որ կապիտալիզմը ժառանգում է դասակարգային համակարգի մի քանի հազար տարվա փորձ, որը կապիտալ և տեխնոլոգիա կուտակելով, կարողացել է ժողովրդի անհավասարության հիման վրա առաջացնել հավելյալ արժեք, որն օգտագործվել է դասակարգային համակարգի զարգացման ուղղությամբ, մինչդեռ սոցիալիստական համակարգն ուներ ընդամենը 100 տարվա փորձ։ Սակայն այդ 100 տարվա փորձով էլ նրանք չէին գտնվում հավասար մրցակցության պայմաններում, բացի դա ենթարկված էր արտաքին ուժեղ ճնշման, ինչը խանգարում էր, որ այդ երկրում սոցիալիզմը կարողանա հասնել իր նպատակներին: Այդուհանդերձ սոցիալիզմը Խորհրդային Միությունում կարողացավ արագ ընթացքով հաղթահարել դարերի ֆեոդալական հետամնացությունը, սահմանափակումները և դարձավ աշխարհի գերուժերից ու ազդեցիկ կողմերից մեկը միջազգային քաղաքականության ոլորտում: Սակայն պետք է կարողանար ազատ քաղաքական վեճերի մթնոլորտ ու այնպիսի միջավայր ստեղծեր, որ իր հակառակորդը կարողանար որոշակի ազատություն ունենալ:   Մենք չպետք է հերքենք, որ որևէ բացթողումներ սոցիալիստական հասարակարգերում չեն եղել։ Սոցիալիզմի դասակարգային թշնամիները և իշխող լիբերալ մտավորականները միշտ մատնացույց են անում այդ բացթողումները, սակայն պետք է հարց տալ թե արդյո՞ք անխուսափելի էին նման բացթողումները, թե ոչ:

Պետք է հիշենք, որ սոցիալիստական համակարգը անցյալի հարուստ փորձ չուներ և իր միակ փորձն այդ ուղղությամբ Փարիզյան Կոմունայի պարտված փորձն էր: Օրինակ՝ երբեմն քննադատում են, թե ինչու սոցիալիստական իշխող համակարգը չկարողացավ կապիտալիստական աշխարհի ստանդարտների մակարդակով կենսամակարդակ ապահովեր իր բնակչության համար։ Սրան պետք է պատասխանել, որ պետք է նկատի առնենք բավարար հնարավորությունների, նյութական աղբյուրների, տեխնոլոգիայի բացակայության ու շատ ուրիշ դժվարությունների առկայության հարցը, միևնույն ժամանակ այն հանգամանքը, որ Խորհրդային Միության տնտեսական ու նյութական հնարավորություններն անվերադարձ հատկացվում էր տարբեր երկրների ու ազատագրական շարժումների՝ անվերադարձ, իսկ գիտենք, որ կապիտալիստական ու հատկապես իմպերիալիստական երկրների ներդրումները տոկոսներով են տրվում և պայմանավորված են կապիտալի և օգուտի վերադարձով։ Այսօրվա Հունաստանի օրինակը դրա փայլուն օրինակն է: Նրանք կապիտալ ներդնելով, բացի այն, որ ապահովում են դրա վերադարձն իր օգուտով, նաև թելադրում են իրենց կապիտալիստական քաղաքականությունը այդ խեղճ երկրներին։ Համաշխարհային բանկը ամենամեծ գործոնն է նրանց ձեռքում, սա առանձին նյութ է, որ պետք է նաև քննարկման առարկա դառնա անպայման: Նրանք որտեղ միջամտել են և ներկա են եղել, բացի այն, որ որևէ ծանրություն չէր զգացվում իրենց տնտեսության վրա, այլև հավելյալ արժեքով և օգուտով էին իրենց գումարները հետ վերցնում և պահպանում էին գաղութատիրական հակումները:

Հենց այս երկու հարաբերությունների համեմատությունը իր խորքում մեծ տարբերություն և խտրականություն է պարունակում, որի հետևանքով արդար ու հավասար պայմաններ չի ստեղծվում մրցակցության համար: Սոցիալիզմը՝ տնտեսական արդար, իսկ կապիտալիզմը, իր բնույթից ելնելով, խտրականության ու գաղութատիրական հիմունքներով են աշխատում:

Մեր ընկերներից ոմանք մտածում են, որ աշխարհի ներկա պայմաններում սոցիալիզմը հանգիստ կարող է գործադրվել տարբեր երկրներում, և եթե նա բացթողումներ է ունենում, ապա մեղավորը կուսակցությունն է կամ լիդերները, օրինակ՝ Լենինը և Մաոն: Մինչդեռ ամենամարդկային մտածելակերպն ու գաղափարախոսությունը փորձառության ու գործնական գիտության բացակայության հետևանքով կարող է սխալներ թույլ տալ ու պարտություններ ունենալ, և երբեմն դրանք անխուսափելի են դառնում: Այդ իսկ պատճառով կարելի է ասել, որ խորհրդային հասարակությունում հնարավորությունների ու արտադրված կապիտալի չիրականացումը սոցիալիզմի ներքին պակասնորդություններին է վերադառնում: Սոցիալիզմի ու դեմոկրատիայի միջև ճեղքը, որն առաջացել էր ներքին պատերազմների ու Երկրորդ համաշխարհային պատերազմի հետևանքով, խանգարեցին կամ արգելք դարձան դեմոկրատիայի նորմալ զարգացմանը։ Դեմոկրատիայի չհաստատվելը մեծ արգելք էր սոցիալիզմի կարգերի զարգացման համար: Այսպիսով, համեմատելով այս երկու համակարգերը, այն պատկերացումն ենք ստանում նաև, որ կարծես, կապիտալիզմն իր անցյալով նմանվում էր մի մեծ շենքի, որը կառուցվել էր ու միայն ներքին դեկորացիայի հարցերի խնդիր ուներ, մինչդեռ սոցիալստական համակարգն իր խորքում հենված էր հին քանդված մի շենքի վրա, որը պետք էր փլուզել ու հիմքից կառուցել, հիմք դնելու փուլում էր գտնվում: Այդ իսկ պատճառով այս երկու համակարգերի հասարակ համեմատությունն ի սկզբանե սխալ է։ Անկասկած Խորհրդային Միությունում սոցիալիզմը որպես իշխող համակարգ հանդես գալը գործադրման մեջ դժվարություններ ու բացթողումներ ունեցել է, որը փլուզման պատճառ է դարձել, սակայն հիմա մենք քննարկում ենք սոցիալիզմը որպես մի միտք և ուղի մարդկության համար, և սա վեր է մի տարածաշրջանում կամ երկրում որպես գործադրման համակարգի վերլուծությունից, ու չպետք է այս երկու մոտեցումները շփոթել իրար հետ:

Չմոռանանք, որ Խորհրդային Միությունը ստիպված էր միջուկային մրցավազքին մասնակցել ու այնքան կապիտալ ներդնել այդ ուղղությամբ, որ արևմտյան կապիտալիստական երկրներն էին ներդնում, որպեսզի կարողանար մրցակցության դաշտում հավասարակշռությունը պահպանել:

Քննարկումների ընթացքում մենք պետք է երկու առումով նայենք սոցիալիզմի բացթողումներին՝ 1-տեսական և 2-գործնական: Անցյալ մեկ դարի ընթացքում ամենակարևոր շեղումներից է եղել կուսակցության սանտրալիզմի և դեմոկրատիայի կառուցվածքի միջև հավասարակշռության պահպանումը կամ գործադրումը, որոնք հաճախ, հատկապես պետություն ստեղծած կոմունիստական կուսակցություններին հրել են դեպի կուսակցական փչացած բյուրոկրատիզմի: Ձախակողմյան կուսակցությունների ու նրանց հովանավորողների մտահոգությունը դեմոկրատիայի պրոցեսների նկատմամբ բխում էր ավելի շուտ ոչ թե սոցիալիզմի տեսական հարցերից, այլ ուժի կամ իշխանության մոնոպոլացումից: Բանվոր դասակարգի հեգեմոնիան և սոցիալիստական հասարակարգի հիմունքների ստեղծումը չպետք է ուղղակի կապի մեջ լինի կուսակցության ուժի կամ իշխանության մոնոպոլացման հետ, այն պետք է համապատասխանի սոցիալիստական մտածելակերպի սահմանների կամ շրջանակի հետ և պետք է պաշտպանի հասարակության օրինական ու ընդունված դասակարգերի ու խավերի շահերը արդար կառուցվածքի մեջ, որոնք օրենքով ոտնահարման ենթակա չլինեն: Նման սոցիալիստական հասարակությունում, որտեղ օրենքները և կառուցվածքը հենված են հասարակական արդարության վրա, եթե բանվոր դասակարգի կուսակցությունը ուժային մոնոպոլիացիա չունենա, կամ նույնիսկ իրավունք տրվի մյուս ուժերին մրցակցության, դրանք որևէ վտանգ չեն պարունակի իշխող համակարգի համար: Դժբախտաբար անցյալում փոխարեն հենվեինք սոցիալիստական կենտրոնացված ու իրավական համակարգի վրա, հենվել էինք սոցիալիզմին հավակնող կուսակցության հեգեմոնիայի և ուժի ու իշխանության մենատիրության վրա: Այստեղից էլ սկսվեցին սոցիալիզմից շեղվելու գործընթացը, կուսակցության բյուրոկրատիան իր խորքում ստեղծեց ադմինիստրատիվ փչացածություն, որտեղ հասարակության ղեկավարները վերածվեցին կամ ստեղծեցին կուսակցական մի օլիգարխիա, որոնք ներկայացնում էին, իբրև թե բանվոր դասակարգին, բայց նրա կառուցվածքի բացակայության պայմաններում: Միևնույն ժամանակ դրա կողքին ավելացան արտաքին ճնշումներն ու ազդեցությունները և ի վերջո սոցիալիստական պետության փլուզման պատճառ դարձան: Ժողովուրդը սոցիալիզմին տեսնում էր այդ կուսակցական օլիգարխիկ մարդկանց մեջ ու սխալ տպավորություն էր ստանում սոցիալիստական համակարգի վերաբերյալ։ Մարդիկ չէին տեսնում, որ սոցիալիստական համակրգը մի տնտեսական արդար համակարգ է, որը քննադատելով կապիտալիստական համակարգը և նրա հարաբերությունները, առաջարկում էր մարդկությանը հարստության ավելի հավասար բաշխում և տնտեսական արդարություն՝ յուրաքանչյուր հասարակության համար: Այսպիսով, սոցիալիզմը սահմանվում է որպես հասարակական արդարություն և համընդհանուր հարստության արդար բաժանում ժողովրդի միջև:

Գիտական սոցիալիզմը չի կարող ներկայիս պայմաններում կտրուկ կապերը խզել նախկին համակարգերի հետ, որովհետև ուժային հավասարակշռությունը պահպանելու նպատակով պարտավոր է մրցակցել տարբեր ու միջանկյալ ուժերի հետ ու մի քանի խաղի մեջ մտնել նրանց հետ, այդ խաղի տեսակները կարող են լինել համագործակցություն, մրցակցություն, խաղից դուրս վիճակ, դաշինքի կազմում և այլն: Բանվոր դասակարգի մասին մեր նախկին հասկացողությունը այսօրվա բնակչության լայն հատվածի համեմատ տարբեր է, այդ իսկ պատճառով անցյալում սոցիալիստական կուսակցությունը իր աշխատանքի հենց սկզբից, երբ ուժն իր ձեռքում էր վերցնում միջին խավի հետ՝ մանր բուրժուազիայի և գյուղերի գյուղացիների հետ հակասության կամ բախման մեջ էր մտնում:

Այսօր ձախ շարժումը և սոցիալիստական մտածելակերպը հարցի առաջ է կանգնած, թե կապիտալիստական համակարգի հեգեմոնիայի պայմաններում ինչպես հասնել սոցիալիզմի: Այստեղից է բխում բարեփոխման և հեղափոխության հարցը: Լենինը գիտականորեն և քաղաքական պրակտիկայում փաստեց, որ հնարավոր է օգտվելով նախկին համակարգի թույլ օղակներից, շրջանցել սոցիալիզմին հասնելու պատմական հաջորդական փուլերը և տարածելով ինդուստրիալ պրոլետարիատ, գնալ հասարակության սոցիալիզացման ուղղությամբ։ Սակայն ուրիշ տեսաբաններ, օրինակ՝ Պլեխանովը այս տեսակետին դեմ էր: Դժվարությունը Լենինի հեղափոխական տեսության մեջ չէր։ Բայց հիմնական դժվարությունը այնտեղից սկսեց, որ Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության ղեկավարները և երրորդ ինտերնացիոնալը այդ հասկացողությունը համարեցին որպես սոցիալիզմի վերջնական ու հստակ հաղթանակ մեկ երկրում: Այն ժամանակ օբեյկտիվ պայմանները նկատի ունենալով բարեփոխման ՆԷՊ-ի ծրագիր մշակվեց՝ սոցիալիստական պրոցեսի հետագա զարգացման և վերջնական նպատակին հասնելու համար: Սովետական Միության կոմունիստական կուսակցության մեջ շեղումը մինչև այնտեղ հասավ, որ նախքան ժամանակավոր փլուզումը նրանք խոսում էին, թե իբրև վերսոցիալիստական փուլի են հասել և մոտենում են կոմունիստական հասարակարգի:

21-րդ դարում սոցիալիզմը տարբեր երկրներում հասատելու համար զանզան ճանապարհներ ու եղանակներ կարող է կիրառել: Վերջերս առաջացած հասարակական շարժումները իրենց դերը կունենան նաև սոցիալիզմի հաստատման գործընթացում, այդ շարժումներից կարելի է թվարկել «Վալ Ստրիտ»-ը՝ ԱՄՆ-ում, «Ուրիշ մի աշխարհ հնարավոր է», շարժումը, որոշ ձախակողմյան շարժումների աշխատանքները, ինչպիսիք են Հունաստանում՝ «Սիրիզա» և Իսպանիայում «Պոդոմոս» կուսակցությունների ջանքերը և այլն: Իհարկե կապիատալիստական համակարգի ուժեղ ճնշումների հետևանքով հնարավոր է նրանք ձախողվեն, սակայն դրանք ցույց են տալիս, որ սոցիալիզմին հասնելու համար միգուցե ստիպված լինենք տարբեր ճանապարհներ անցնել:

Որևէ նոր համակարգ հիմնադրելու համար անպայման հարկավոր է հին համակարգը փլուզել, սակայն դա չի նշանակում միանգամից, ու առանց պատմական պրոցեսները, ընթացքներն ու հասարակական անցուդարձերը նկատի չառնելով: Անկասկած սոցիալիզմը մի նոր արտադրաեղանակով կկարողանա երկրի հարստությունը արդար բաժանել ու նոր հարաբերություններ հաստատել, որոնք ավելի շուտ աշխատավոր դասակարգի օգտին կլինեն: Սակայն այս ճանապարհին հանդիպելու է բազում դժվարությունների ու առաջ է գնալու փուլ առ փուլ:

Սոցիալիզմը և զարգացման ծրագիրը օրգանիկ կապի մեջ են միմյանց հետ, որին պետք է պատմական մակարդակներով ու մարքսիզմի տեսության շրջանակներում ուշադրություն դարձնել: Որոշ ընկերներ կարծում են, թե սոցիալիզմին հաղթելու հաջորդ օրվանից հրաշքներ պետք է կատարվեն ազգային մի երկրում և իրենց ուտոպիստական ու սուբյեկտիվ ցանկությունները պետք է իրականանան: Սա իրականանալի չէ և ով այդպես է մտածում, ավելի լավ կլինի սոցիալիստական շարժումից հեռանա, սոցիալիզմի «շենքի» կառուցումը մի հսկա գործ է, որի վրա յուրաքանչյուր սերունդ պետք է իր «շինարարական» մասը իրագործի, մինչև որ սոցիալիզմը կառուցվի «փտած» կապիտալիզմի տեղում: Ոչ Մարքսն էր մարգարե, ոչ էլ սոցիալիզմն է մի կրոն, որոնցով նրա համակիրները սուբեյկտիվորեն հետևեն ճշտված «աստվածային» հրահանգներին:  

Կանադայի «Սայմոն Ֆրասեր» Simon Fraser համալսարանի տնտեսագիտության թոշակառու պրոֆեսոր Միշել Ա. Լեբովիտը, Michael A Lebowite, ով հեղինակ է բանվոր դասակարգի «Մարքսի քաղաքական տնտեսություն» և «Վերկապիտալիզմի» գրքերի, իսկ 2004 թվականին արժանացել է «Դուստչեր Մեմորիալ» Doutscher Memorial մրցանակին, բացատրում և փաստում է, որ Մարքսի քաղաքական տնտեսության պրոժեի արժեքը դեռ պահպանվում է, Վենեսուելայի անցուդարձը նույնպես օրինակ է բերվում: Նա բացատրում է 22-րդ դարի սոցիալիզմի տեսակը, որտեղ բանվորներն ու սովորական ժողովուրդը պրոժեի կենտրոնում են գտնվում:

Երբ կես դար առաջ Տոնի Բենը և Միշել Ֆուտը Անգլիայում խոսում էին բանկերի ազգայնացման մասին բոլորը կատակի էին վերածում, սակայն դա արդեն այդ երկրում իրականություն է դարձել: Այսպիսով, նման գործունեությունները, որոնց կարելի է համարել սոցիալիստական ապրելակերպին բնորոշ կողմեր, նպաստում են ժողովրդի կյանքի մակարդակի բարձրացմանը: Արդեն Անգլիայում ընդունվել է հարկերի մուծում, առողջապահության բնագավառում բարձր մակարդակի ու հանրամատչելի սպասարկումներ ժողովրդին, դպրոցներին և ծերանոցներին կարգավիճակէ տրվել, ոստիկանության համակարգը փոխվել է և այլն, որոնց, միգուցե, հնարավոր լինի անվանել նախասոցիալիստական կյանքի կողմեր:

Այստեղ հարց է առաջանում, թե արդյոք ոչ սոցիալիստական գաղափարներ ունեցող որևէ իշխող ուժ կարող է վերոհիշյալ որոշ գործեր իրականացնել՝ պետականացումներ երկրում, որոնք կբարելավեն ժողովրդի կյանքը: Անգլիան փորձ ունի, որ պետությունը բանվորական արհմիությունների ճնշման տակ ստիպված է եղել, որոշ սոցիալիզմին նպաստող քայլերի գնալ, օրինակ՝ վերը նշվածները, սակայն արդյո՞ք կապիտալիստական ժամանակահատվածում ու ոչ առաջադիմական սոցիալիստական պետության ժամանակ հնարավոր է նման քայլեր կատարել հօգուտ ժողովրդի: Կարծում եմ դժվար թե նրանք ինքնուրույն այդ քայլերը կատարեն, որովհետև իրենց շահերի դեմ է, սակայն ձախակողմյան կուսակցությունների ու աշխատավորական արհմիությունների ճնշման տակ հնարավոր է ստիպված լինեն գնալ այդ քայլերի: Սա նաև քննարկվելիք հարց է և պետք է ուսումնասիրել իրական պատկերը տարբեր երկրներում: Օրինակ՝ մասնավոր բաժինը երբեք շահագրգռված չէ նոր աշխատատեղեր ստեղծելու հարցում: Պետությունն է, որ այդ ուղղությամբ պետք է քայլեր կատարի: Հայաստանում մենք միշտ բողոքում ենք, որ եթե աշխատատեղեր ստեղծվեն մարդիկ չեն արտագաղթի ու կապված կմնան իրենց հողին, բայց դժբախտաբար կուսակցությունների մեծ մասը, քանի որ իդեալիստական մոտեցումներ ունեն և ընդունում են բարձր մակարդակի մասնավոր սեփականության տնտեսական համակարգը, չեն կարողանում ըմբռնել, որ մասնավոր սեկտորը շահագրգռված չէ այդ ուղղությամբ ու միայն ձախակողմյան ու, հատկապես, առաջադիմական սոցիալիստական հակում ունեցող մարդիկ ու խմբերն են, որ ասում են դա պետության գործն է, ոչ թե այս պետության, այլ պետականացման տնտեսական համակարգի հակում ունեցող պետության: Կապիտալիստական իշխանությունները կամ պետություններն իրենց բնույթից ելնելով ունակ չեն յուրաքանչյուր տարի ստեղծել իրենց երկրին անհրաժեշտ աշխատատեղեր, դա իրականանալու է միայն առաջադիմական սոցիալիստական իշխանության ձեռքով, այս երևույթը ժողովուրդը լավ պետք է գիտակցի: Արդյո՞ք մենք գիտենք, թե Հայաստանում որքան անգործ աշխատող ունենք և տարեկան ինչքանով է նրանց քանակն ավելանում: Սա կարևոր հարցերից է, որ պետք է միշտ մեր ուշադրության կենտրոնում լինի:

Դեմոկրատ սոցիալիստները համոզված են, որ հասարակությունը և տնտեսությունը դեմոկրատիկ ձևով պետք է աշխատեն ընդհանուր ժողովրդի պահանջների բավարարման ուղղությամբ,այլ ոչ թե միայն փոքրաթիվ մարդկանց համար: Այդպիսի հասարակություն ստեղծելու համար պետության շատ տնտեսական կառույցները և բնույթը պետք է փոխվեն: Սա կարող է իրականանալ միայն լայն տնտեսական ու հասարակական դեմոկրատիայի միջոցով: Նման պայմաններում յուրաքանչյուր քաղաքացի իրեն մասնակից է զգալու որոշումներ կայացնելիս:

Բոլոր ձախակողմյան ուժերն արդեն համոզված են, որ առանց լավ և իսկական արտադրություն ունենալու հնարավոր չի լինի սոցիալիզմ կառուցել: Ուժեղ կրթական, առողջապահական և այլ համալիրներ ու կառույցներ ունենալու համար հարկավոր է ուժեղ տնտեսություն ունենալ: Յուրաքանչյուր երկիր իր սոցիալիստական մոդելը կարող է ունենալ, որը կարող է առաջադիմական սոցիաստական ուժերի հսկողության տակ հասնել իր նպատակներին:

Դեմոկրատ սոցիալիստներն ու կոմունիստները դինամիկ կյանք են վարում ու անընդհատ զարգացնում են իրենց մոտեցումները տեսական և գործնական բնագավառում, Չինաստանի ու Կուբայի անցուդարձերը դրանց կենդանի վկան են:

Աղքատության վերացումը սոցիալիստական համակարգի կարևոր տարրերից է: Աղքատությունը կապիտալիստական համակարգի անբաժանելի մասն է և քանի դեռ երկրում այդ համակարգն է հաստատված, աղքատությունը երբեք չի վերանալու: Նույնիսկ հարուստ կապիտալիստական երկրներում նույն վիճակն է, օրինակ՝ ԱՄՆ-ում միլիոնավոր մարդիկ աղքատության մեջ են ապրում և նրանց համար դժվար է առօրյա պահանջները բավարարել: Սոցիալիստական էկոնոմիկան մի արտադրության համակարգ է, որտեղ արտադրվող ապրանքները և ծառայություններն ուղղակի օգտագործվելու համար է, դրան հակառակ կապիտալիստական էկոնոմիկայի համակարգը մի համակարգ է, որտեղ արտադրությունը առաջին հերթին շահույթ ձեռք բերելու համար է:

Կուբայում սկսել են արդեն պայքարել կուսակցական բուրոկրատական քաղաքականության դեմ, նրանք մշակել են տարբեր ծրագրեր, որոնք պետք է նպաստեն դեմոկրատիայի զարգացմանը: Կուբայի նախագահ Ռաոլ Կաստրոն հավաստիացնում է որ «հավիտենական պաշտոնները» վերացվելու են Կուբայի հասարակական կառուցվածքում և ուժեղ պայքար է գնալու կոռուպցիայի դեմ: Նա ասում է, որ պետք է դեմոկրատիան մեր հասարակության մեջ տարածել, իսկ դա պետք է սկսել հենց կուսակցության ներսից:

Կուբայում հիմա աշխատում են օրինականացնել փոքր մասնավոր աշխատանքները, օրինակ՝ վարսավիրների, ավտոմեխանիկների, ներկարարների և նման փոքր աշխատանքների հարկային համակարգը տեղ գցել ու նրանցից հարկ վերցնել: Կուբայի դժվարություններից մեկը եկամուտի և կապիտալի արտադրությունն է հարկային համակարգի միջոցով: Կուբայում հարկ մուծելու մշակույթ գոյություն չի ունեցել: Ազգային եկամուտների 50 տոկոսը ծախսվում է անվճար բուժման ու հիգիենիայի, կրթության, մշակութային ու մարզական աշխատանքների, սոցիալ ապահովության, տարեցների խնամքի ծերանոցների ու անկարող մարդկանց պահպանության ու նման աշխատանքների համար, բոլորն անվճար է: 330000 հոգի ազատ աշխատանք ունեն ու սովորեցնում են, որ պետք է հարկ մուծել, որպեսզի պետությունը կարողանա շատ անվճար գործեր կատարել: Նրանց նպատակն է տնտեսական համակարգը բարելավել, այլ ոչ թե ամբողջովին փոխել այն: Մի քանի ամիս առաջ Կուբայի Կոմկուսն անցկացրեց համաժողով, որտեղ որոշ բարեփոխումներ են առաջարկվել ու պետությունը գործադրում է դրանք, նրանց նպատակը սոցիալիզմի ու դեմոկրատիայի զարգացումն է հասարակության մեջ: ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերականգնման հարցը նաև պետք է դիտել այս տեսանկյունից:  

Վերջերս մարքսիզմի ու սոցիալիզմի տեսանկյունից տարբեր հարցերի, հատկապես տնտեսական պրոբլեմների լուծումներ ներկայացնելը ընդունվում են լայն խավերը նույնիսկ ԱՄՆ-ում: 2014 թվականի դեկտեմբերի 5-ին Ամերիկայում մեծ բողոքի ցույցեր եղան աղքատության ու բացարձակ չքվորության հարցի կապակցությամբ: Բողոքի հիմնական կարգախոսն էր․ «Օրական առնվազն աշխատավարձը 15 դոլար»: Ներկայումս ԱՄՆ-ում մինիմոմ աշխատավարձը 7 դոլար ու 25 սենթ է: Այստեղ հարկավոր է նշել, որ ԱՄՆ-ի ներկայիս ճգնաժամային պայմաններում շատերը կարող են հակվել դեպի սոցիալիզմ: Մեկ դար առաջ մի սոցիալիստ թեկնածու Քեշամա Սավանթ Kshama Sawant անունով «Սոցիալիստական այլընտրանք» խմբավորումից, որը մի մարքսիստական հոսանք է, «Օրական աշխատավարձը մինիմոմ 15 դոլար» կարգախոսով իր թեկնածությունն էր դրել ԱՄՆ-ի Սիաթել քաղաքաի քաղխորհրդի ընտրություններում՝ որպես քաղաքապետ և կարողացավ բոլոր իր մրցակիցներին հաղթել ու ընտրվել քաղխորհրդի անդամ: Նրա մրցակիցը իր պարտությունը ընդունելուց հետո այսպես էր արտահայտվել․ «Չեմ կարծում Սիաթելում շատ մարդիկ սոցիալիզմից վախենան»։ Հիմա ոչ թե չեն վախենում, այլ մի թեկնածուի են ձայն տալիս, ով հասարակության շատ հարցերի համար ռադիկալ լուծումներ է առաջարկում և շատ հարցերի լուծումն առաջարկում է սոցիալիզմի ու մարքսիզմի տեսանկյուններից: Նա հպարտանում է, որ սոցիալիստ է ու այդ տեսանկյունից է լուծումներ առաջարկում:

Հայաստանում նախկին հակասովետական ու հակասոցիալիստական ուժերը դրսից ու ներսից շատ են աշխատել ու աշխատում են «Սոցիալիզմ» բառից ֆոբիա՝ վախ առաջացնել ու ծառայեցնել իրենց իդեալիստական ու կապիտալիստական, մարդու շահագործման գաղափարների համար, սրանց մի մասը ծրագրված ու նպատակասլաց են աշխատում, իսկ մյուս մասը անգիտակցաբար ու չհասկանալով: Մեծ ջանքեր պետք է գործադրվեն ճիշտ ձևով ներկայացնելու սոցիալիզմի գաղափարախոսությունը, որը համընկնում է Հայաստանի բնակչության ավելի քան 90 տոկոսի տնտեսական շահերի հետ:

 

Արտաշես Մելիքյան

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: