Դասեր՝ Նիկարագուայի հեղափոխությունից (Մաս 1)

25 Հունվարի 2018

Նիկարագուան մի քանի ցեղերից բաղկացած՝ մոտ 6 միլիոնանոց փոքր երկիր է: Իմպերիալիստական ու շահագործական քաղաքականությունների հետևանքով դարձավ աղքատ երկիր: Սակայն կարողացավ, գտնվելով աշխարհի ամենամեծ իմպերիալիստական երկրի կողքին, պահպանել իր անկախությունը: Նրանք թույլ չտվեցին ուրիշ երկրները միջամտեն իրենց ներքին կյանքին ու ստեղծեցին առողջապահական, մշակութային, կրթական ու քաղաքական ավելի լավ հնարավորություններ իրենց ժողովրդի համար: Նիկարագուայի հեղափոխությունը մեծ դասեր կարող է ներկայացնել ձախ քաղաքական հոսանքների համար: 
1912 թվականից մինչև 1925 թվականը Ամերիկան իր ուղղակի ռազմական ներկայությունն ուներ Նիկարագուայում և հսկում էր բոլոր մաքսատները, բանկերը, տրանսպորտը և այլ հիմնարկներ: Նրանք իրենց գործակալ կառավարություններին էին իշխանության դնում: 1920 թվականին Ամերիկային թվաց, թե արդեն իրենց գործակալ իշխանությունները կարող են առանց ամերիկացիների ներկայության երկիրը կառավարել, հետևաբար՝ սկսեցին աստիճանաբար հեռանալ երկրից: Սակայն լիբերալների ու պահպանողականների միջև տարաձայնություններ ծագեց և լիբերալները ապստամբություն կազմակերպեցին պահպանողական իշխանության դեմ: 
Պահպանողականները իշխանությունը կորցնելու վախից կրկին դիմեցին Ամերիկայի օգնությանը և ԱՄՆ-ի ծովային ռազմաբազան կրկին վերադարձավ Նիկարագուա և երկրորդ անգամ Նիկարագուայի ռազմական զավթում տեղի ունեցավ ու տևեց 1926 թվականից մինչև 1933 թվականը: 1932 թվականին լիբերալները իշխանությունը վերցրին իրենց ձեռքը և կյանքն ու փորձը ցույց տվեց, որ լիբերալները շատ տարբերություն չունեին պահպանողականներից ու նրանք էլ հանդես եկան որպես Ամերիկայի շահերը պաշտպանող ուժ: Այս ընթացքում ձևավորվեց ազգային դիմադրողական և հակաիմպերիալիստական շարժումը: 
«Օգոստո Սեզար Սանդինո» -ն մինչև 25 տարեկան աշխատում էր իր հոր հողատարածքում, այնուհետև Մեքսիկայի նավթային ընկերություններից մեկում, այնտեղ էլ ազդեցություն կրեց Մեքսիկայի 1910-1920 թվականների հեղափոխությունից ու նրանց գաղափարախոսությունից: Նա 1926 թվականին վերադարձավ Նիկարագուա և աշխատեց ամերիկյան մի ոսկեհանքում: Պահպանողականների դեմ լիբերալների ապստամբության ժամանակ նա ևս մասնակից եղավ, սակայն հետագայում, երբ նկատեց, որ լիբերալներն էլ պաշտպանում են ամերիկացիների շահերը, Սանդինոն իր կազմած խմբի հետ շարունակեց պայքարը: Լիբերալների հետ իր համագործակցությունը կամ համաձայնության գալը նա պայմանավորեց ամերիկացիների Նիկարագուայից դուրս գնալու հետ: Նա իր խմբի հետ անցավ սարերը և աստիճանաբար նրանց համակիրների թիվը շատացավ ու սկսեցին ազգային մի պայքար Ամերիկայի ծովային ուժերի ու նրանց գործակալ իշխանության դեմ: 
Նա որոշ ժամանակ ստիպված եղավ մնալ Մեքսիկայում: Այնտեղ միացավ Մեքսիկայի Կոմունիստական Կուսակցությանը: Կոմկուսը պաշտպանեց Սանդինոյին: Մեքսիկայի նախագահը Ամերիկայի վախից չօգնեց Սանդինոյին: Մեքսիկայի իշխանության ու կոմկուսի հակասությունները պատճառ դարձան, որ Սանդինոն վերադառնա Նիկարագուա: Վերադառնալով Նիկարագուա նա մերժեց և կապիտալիզմը և բոլշևիզմը և հեռացավ Էլսալվադորի կոմկուսի ղեկավար Ֆարաբուդո Մարթինից, որի հետ ուներ սերտ հարաբերություններ և օգտվում էր նրա օգնություններից:
Ամերիկայի հետ հաշտեցում կնքելը Սանդինոն պայմանավորել էր ԱՄՆ-ի ուժերի դուրս բերման հետ: 1930 թվականի համաշխարհային տնտեսական ճգնաժամը նպաստեց, որ Ամերիկյան ուժերը թողնեն շատ տարածաշրջաններ, այդ թվում նաև Նիկարագուան: Դա նպաստեց, որ լավ պայմաններ ստեղծվեն ազատագրական պայքարի համար: 1933 թվականին խաղաղության պայմանագիրը կնքվեց այն պայմանով, որպեսզի ապահովվի ֆիդայինների ֆիզիկական անվտանգությունը: ԱՄՆ-ի գործակալ իշխանությունը և նրանց ազգային զինուժը ոտնահարեց ձեքբերված պայմանագիրը և Սանդինոյին ու նրա երկու հայտնի գեներալներին ձերբակալեց ու սպանեց, սկսեց ազգային շարժման, հակաիմպերիալիստական ուժերի ու նրանց կազմած բանակի անդամներին սպանել, ոչնչացնել այդ շարժումը: 
Նիկարագուայի դիկտատորայի դեմ պայքարելու նպատակով, երբ երկրում բացահայտ քաղաքական պայքարի հնարավորություն գոյություն չուներ, առաջացան գաղտնի քաղաքական խմբեր, որոնք սկսեցին ֆիդայական գործողություններ կատարել: Դրանցից ամենակարևորը Սանդենիստ Ազգային Ազատագրական Ճակատն» (Sandinista National Liberation Front) էր, որը ստեղծվեց 1961 թվականին: Սա իր ազդեցությունն էր կրում Սանդինոյից և այդ իսկ պատճառով նրա անունով կոչվեց: Սանդինոյի բանակի որոշ ղեկավարներ, որոնք Նիկարագուայի Սոցիալիստական Կուսակցության անդամներ էին, միացան այս ճակատին: Այս ճակատին միացավ նաև կոմունիստական մի հոսանք, որը ավելի մոտ էր Սովետական Միությանը: Ճակատի հիմնական ղեկավարները պատկանում էին միջին և բարձր դասակարգին: Բազմաթիվ կրթված երիտասարդներ, նույնիսկ բարձր խավից, միացան Սանդենիստների ազատագրական ազգային շարժմանը: Մեծ քանակությամբ կանայք նույնպես միացան այս շարժմանը, որոնք շարժման 30 տոկոսն էին կազմում: Այս շարժումը չորս հոսանքների ազդեցության տակ էր գտնվում՝ 1-Մարքսիզմը ըստ Լենինի, Հոշեմինի և Կարլոս Ֆունսկայի, 2-Սանդինոյի ավանդույթների, 3-Կուբայի հեղափոխության փորձի և 4-Ազատագրական գաղափարների: Ճակատի ղեկավարների մեծ մասը իրեն Մարքսիստ-Լենինիստ էր համարում: Ըստ Սանդենիստների մի ղեկավարի՝ Նիկարագուայում Մարքսիզմը նշանակում էր Սանդենիզմ: Սակայն հավատացած էին, որ Մարքսիզմ Լենինիզմ չի նշանակում, որ պետք է ընդօրինակել Սովետական Միությանը, Վիետնամին կամ Կուբայի օրինակին: 
Ճակատի պարտիզանական շարժումները սկսեցին հյուսիսային անտառներում, սակայն շատ հաջողություններ չունեցան և շարժման ղեկավարները արագ կարևորեցին քաղաքական աշխատանքները քաղաքներում: Սակայն մեծ ճնշումների ներքո այդտեղ էլ շատ հաջողություն ձեռք չբերեցին: Չնայած մեծ զոհաբերություններին՝ փաստորեն 1970 թվակաների սկզբին շարժումից էլ բան չեր մնացել: Նրա ղեկավարների մեծ մասը կամ զոհվել կամ բանտարկվել էին, կամ էլ աքսորված վիճակում էին գտնվում: Այս հարվածների բերումով ներքին հակասությունները սրվեցին ու 1977 թվականին շարժումը բաժանվեց երեք մասի՝ 1-Նրանք, ովքեր ավելի շուտ կողմ էին «երկարատև պայքարի գյուղացիական աշխարհայացքին»՝ Չինաստանի ու Վիետնամի ձևով, 2-«Պրոլետարական հակումով» հոսանք, որը ազդված էր Չիլիի Ալենդեյի շեշտադրություններից, որը կենտրոնացնում էր պայքարը բանվոր դասակարգի վրա և կարևորում էր կառույցների ստեղծումը և ցույցերի կազմակերպումը քաղաքներում, 3-Հակումներ, որոնք Դանիեալ Օրտեգայի ղեկավարությամբ ճանաչվեց, որոնք հասել էին այն եզրակացության, որ միասնական գործողության տակտիկան պետք է կիրառել դիկտատոր «Սոմոզայի» ռեժիմի դեմ, ընդգրկելով Սոմոզայի բոլոր հակառակորդներին: Նրանք շուտով ստեղծեցին 12 հոգուց բաղկացած մի կոմիտե: Կոմիտեն պահանջեց Սոմոզայի հրաժարականը և ժամանակավոր պետության ստեղծում՝ ազգային ազատագրական շարժման ներկայությամբ: Այս երրորդ ճակատը մյուս երկուսի համեմատությամբ ավելի քիչ էր շեշտը դնում Մարքսիստական հակումների վրա, ուստի այդ ժամանակահատվածում և այդ պատճառով կարողացավ ներգրավել ոչ մարքսիստ սոցիալիստներին, կաթոլիկներին ու բողոքականներին (պրոտեստաններին) և հասարակական արդարության ու դեմոկրատիայի կողմնակիցներին: 
Այս ճակատը գտնում էր, որ . «Կապիտալիզմը հասարակության զարգացման հիմնական արգելքն է»: Սակայն հավատացած էր, որ սոցիալիզմին անցնելը աստիճանաբար է կատարվելու և սոցիալիզմին պետք է անցնել ժողովրդական դեմոկրատիայի փուլից: Այս ճակատը ավելի կռվարար էր, քան մյուս երկու ճակատները, օրինակ 1977 թվականին մի շարք զինյալ հարձակումներ կատարեց պետության ազգային բրիգադի զինվորանոցների վրա: Աստիճանաբար հարթակ պատրաստվեց շարժման մեջ ավելի շատ մասսաների ներգրավելու համար: Այս ճակատը տարբեր շրջաններում ստեղծեց ժողովրդական կազմակերպություններ ու սկսեցին գրավել ժողովրդի համակրանքը: Սկսեցին մերկացնել Ամերիկայի քաղաքականությունը Նիկարագուայում: 
Երբ Ջիմի Քարտերը դարձավ ԱՄՆ-ի պրեզիդենտ և սկսեց մարդու իրավունքներից խոսել, Սոմոզան թուլացավ ու հակառակորդների դիրքը ավելի լավացավ: Երբ մի միջազգային լրագրող սպանվեց Նիկարագուայում, Քարտերը դադարեցրեց իր ռազմական օգնությունները Նիկարագուայի Սոմոզա պետությանը, սակայն Ամերիկայի աջ ուժերը Կարտերին ճնշման տակ դնելով ասացին, որ երկրորդ մի Կուբա է ձևավորվում ու պետք է օգնել Նիկարագույաի դիկտատորին: Այդ պատճառով Արժույթի Միջազգային հիմնադրամը սկսեց վարկեր տրամադրել դիկտատոր Սոմոզային: 1970 թվականի սկզբին տնտեսական ճգնցաժամը Նիկարագուայի իշխանության հնարավորությունները սահմանափակեց և ժողովրդի մեջ դժգոհությունները շատացան: 1978 թվականին ժողովրդական ինքնաբուխ ցույցեր առաջացան, որոնք խիստ ճնշման ենթարկվեցին ռեժիմի կողմից: Ժողովրդական սանդենիստների Ճակատը ավելի լավ վիճակում գտնվեց: Այդ ժամանակ ճակատը ուներ միայն 150 զինված կադրեր, սակայն արագ սկսեց անդամներ ընդունել և հազարավոր մարդիկ զինվեցին այդ ժողովրդական ճակատում: 1979 թվականին երեք հակումներ ունեցող ճակատները կրկին միավորվեցին և յուրաքանչյուր ճակատից երեք հոգի՝ կազմեցին 9 հոգուց բաղկացած մի ղեկավար խորհուրդ: 1979 թվականին ժողովրդական ճակատը կազմակերպեց իր վերջնական հարձակումը: Փողոցներում դիրքեր բռնելով ժողովուրդը սկսեց Սոմոզացիների արձանները ջարդել ու վար իջեցնել: Սանդենիստների ղեկավարությունը ժամանակավոր իշխանություն հայտարարեց: Սոմոզան մյուս դիկտատորների հետ փախավ երկրից իր հետ տանելով միլիոնավոր դոլարներ: Այսպիսով սանդենիստները հասան իշխանության: 
9 հոգանոց սանդենիստ խորհուրդը երկրի կառավարման խնդիրները վերցրեց իր ձեռքը: Երեք հոսանքների միասնականությունը պահպանելու նպատակով նրանք խուսափեցին առաջին քարտուղարի ընտրությունից: Նախարարությունները բաժանվեցին այս երեք ու մյուս քաղաքական հոսանքների միջև, իսկ Դանիել Օրտեգան ընտրվեց որպես երկրի նախագահ:
Սանդենիստները, ի տարբերություն ձախ կուսակցությունների, տարբեր շրջանների մարդկանցից բաղկացած ներկայացուցչական մի համագումար չհիմնադրեցին և մի քանի տարվա ընթացքում որոշ կազմակերպչական վերանայումներ կատարելով ստեղծեցին նշանակովի մի «ընդհանուր համագումար», որը բաղկացած էր 105 հոգուց և ավելի շուտ, ղեկավարության համար խորհրդատվական բնույթ ուներ: Պարզ է, որ սա կազմակերպչապես թույլ կողմն էր, սակայն դա ոչ մի կերպ չվերացվեց Լատինական Ամերիկայում տարածված «Խունտայի» դիկտատորայի նման մի ձևի: Չնայած այդ երեք հոսանքները, որոնք շատ տարաձայնություններ ունեին, չանջատվեցին, ոչ ոք դուրս չդրվեց, չբանտարկվեց ու չգնդակահարվեց: Այս մոտեցումը, անշուշտ, բոլոր եղած հեղափոխությունների ընթացքում և ձախ կուսակցությունների փորձառությունների մեջ եզակի էր: Չնայած դրան, ուժի կենտրոնացումը այդ 9 հոգանոց խորհրդի ձեռքում շատ բողոքների տեղիք տվեց, որն էլ ազդեց նրանց ժողովրդականության նվազմանը: Այս 9 հոգանոց ղեկավարության թերություններից մեկը նաև այն էր, որ բոլորը տղամարդ էին, չնայած որ արժանի կանայք շատ էին սանդենիստների մեջ: Այնուամենայնիվ կանայք բազմաթիվ բարձրաստիճան պաշտոններ ունեին, օրինակ, Նիկարագուայի ներկայացուցիչը ՄԱԿ-ում մի կին էր: 
Սանդենիստները նախքան հեղափոխությունը, մի փոքր հոսանք էին, սակայն երբ իրենց միացան տասնյակ հազարավոր մարդիկ, դարձան երկրի քաղաքական ամենամեծ ուժը: Բազմությունը հույս ուներ, որ հաղթանակից հետո դառնա Սանդենիստ կուսակցության անդամ, սակայն ղեկավարությունը որոշեց, որ կուսակցությունը ըստ Լենինյան կարգի, լինի արհեստավարժ կադրերի կուսակցություն: Այդուհանդերձ կուսակցությունը զարգացավ և ըստ «Պրովես»-ի վիճակագրական տվյալների՝ 1981 թվականին մոտավորապես երկու հազարից 1987 թվականին հասավ մոտ քսան հազարի: Հետագայում քաղաքական իրավիճակը փոխվելով կուսակցությունը որոշեց մասայական ու ժողովրդական կուսակցության տեսք ընդունել և անդամագրեց շատերին: Որոշեցին կազմակերպել կուսակցության համագումար, որը բաղկացած կլինի մարդկանց ներկայացուցիչներից և որը իրավունք կունենա ընտրել իր ղեկավարությանը: 
Սանդենիստները հենց սկզբից հայտարարել էին, որ իրենց ընդհանուր քաղաքականությունը հենվելու է երեք հիմունքների վրա՝ 1-Քաղաքական պլյուրալիզմ, 2-Խառն տնտեսություն և 3-Արտաքին ուժերի հանդեպ որևէ պարտականություն չստանձնելը: Քաղաքական պլյուրալիզմի տեսակետից, չնայած սանդենիստների հսկողության տակ էր գտնվում ամբողջ ազատագրական բանակը և ոչ մի ուրիշ քաղաքական ուժ նրանց չափ ուժեղ չէր, սակայն նրանք ամբողջ քաղաքական ուժը իրենց ձեռքը չառան և մյուս հակասոմոզական ուժերին էլ մասնակից դարձրին երկրի ղեկավարման գործին: 9 հոգանոց ղեկավար խորհուրդը ստեղծեց մի գործադիր մարմի, որը իշխանության դերն էր կատարում և բոլոր նախարարությունները բացի պաշտպանության նախարարությունից ու վարչապետից, իր մեջ էր ընդգրկում: Նրանք բոլոր նախկին պետական աշխատողներին ետ հրավիրեցին աշխատանքի և նրանք երբեք չփորձեցին վրեժ լուծել պետական աշխատողներից: 
Սանդենիստների կարևոր աշխատանքներից մեկը կանանց գնահատումն էր և նրանց կարողություններից տնտեսական և քաղաքական բնագավառներում օգտագործումը: Նրանք աշխատեցին վերացնել բոլոր սեռական խտրականությունները: 2011 թվականին խորհրդարանի 92 պատգամավորներից 39-ը կին էին: Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելով 2014 թվականին որոշվեց, որ թեկնածուների կեսը պետք է կին լինի: 2015 թվականին պետությունում 17 կին նախարար գոյություն ուներ: Ներկայումս էլ նախագահի տեղակալը կին է: 
Արտաքին առևտրի և կապիտալի ներգրավման ֆինանսական քաղաքականությունը հենված էր չորս հիմունքների վրա՝ օգտվել և հարաբերվել սոցիալիստական, ամերիկյան, զարգացած ու զարգացող երկրների հետ: Զարգացման առաջին ծրագիրը սկսվեց 1980 թվականին երկարատև նպատակն էր «Սկասել դեպի սոցիալիզմին անցման ընթացք»: Իսկ կարճատև ծրագիրը չորս բնագավառներում էր՝ արտադրության բնույթի փոփոխություն՝ ի օգուտ չքավոր ժողովրդի, ազգային համերաշխության ստեղծում (բաղկացած հասարակության տարբեր դասակարգերից ու խավերից), Սանդենիստ պետության հաստատումը և պաշտպանությունը, արտաքին ու ներքին տնտեսական հավասարակշռության ձեռքբերում: Սովի դեմ պայքարելու նպատակով մի շարք հողատարածքներ, որ նախատեսված էին արդյունաբերության համար, հատկացվեցին գյուղատնտեսությանը: Ամենամեծ դժվարություններից մարդկային ուժի պակասն էր գյուղերում և անգործությունը տարբեր քաղաքներում: 
Սոմոզայի գերդաստանի ամբողջ ունեցվածքը պետությունը առգրավեց ու բաժանեց գյուղացիների միջև: Արտահանումները պետության հսկողության տակ գտնվեցին ու խիստ օրենքներ որոշվեցին ներմուծումների կապակցությամբ: Անգրագիտության դեմ ուժեղ պայքար սկսվեց ու մեծ քանակությամբ երիտասարդներ անգրագիտության դեմ պայքարելու նպատակով մեկնեցին գյուղեր: Երեք տարվա ընթացքում անգրագիտույունը 50 տոկոսից նվազեց 12 տոկոսի: Կրթությունը և առողջապահությունը դարձավ անվճար: Երկրի բյուդջեի 10 տոկոսը հատկացվեց այդ երկու բնագավառներին: 1983 թվականի Համաշխարհային Առողջապահության Կազմակերպությունը Նիկարագուային հայտարերց՝ «Առողջապահական օրինակելի երկիր»: Չնայած այս բոլորին՝ որոշ դժգոհություններ առաջացան Նիկարագուայի կապիտալիստների ու բարձր խավի կողմից տնտեսական քաղաքականության վերաբերյալ: Հակառակորդներին միացան կաթոլիկ եկեղեցու մի շարք հոգևորականներ: 

Պատրաստեց՝ Դոկտ. Ռուբիկ Սարդարյանը 
Թեհրան Հունվար 2018 թ.

 

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: