Արխիվ Հուլիսի 2018 - ՍՈՑԻԱԼԻԶՄ.am

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տարածած հաղորդագրության մեջ հայտնում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը:

«2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը»,- գրված է հաղորդագրությունում:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան միջնորդություն է ներկայացվել նաև Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Բաժին՝ Հայաստանում

Եվրոպայի հյուսիսային մասում գոյություն ունի մի տարածաշրջան, որը կոչվում է Սկանդինավիա: Այս տարածաշրջանի երկրներն են՝ Շվեդիան, Նորվեգիան, Դանիան, Ֆինլանդիան, Իսլանդիան և Ֆարո կղզիները: Այս երկրների լեզուն գերմանական լեզվի արմատներից է: Սկանդինավյան երկրների ժողովուրդը կռվարար «Վայքինգ»-ների սերունդից են, որոնք հին ժամանակներում նավերով հարձակվում էին տարբեր տարածաշրջանների վրա ու թալանում էր նրանց ունեցվածքը:
Սկանդինավների հետագա սերունդները մեծ տարբերություն ունեն նրանց հետ: Սկանդինավյայի ժողովուրդը, որոնք կոչվում են նաև «Նեվրոդիկներ»-ի, ճանաչված են, որպես շատ հանգիստ ու խաղաղասեր ժողովուրդ, միևնույն ժամանակ համարվում են որպես մտածող ժողովուրդ, որոնք Վայքինգների նման ոչ միայն մեկի ձեռքից հացը չեն խլում, այլ հենվելով իրենց բնորոշ տնտեսական համակարգի վրա, մի բան են արել, որ իրենց բոլոր քաղաքացիները ուրիշի ունեցվածքի վրա որևէ աչք չունենալով ապրում են բարեկեցիկ ու ապահով կյանքով:
«Լեգատոմ» հետազոտական կենտրոնը յուրաքանչյուր տարի կատարում է ուսումնասիրություն բոլոր երկրների մասին՝ ըստ նրաց տնտեսության, աշխատատեղեր ստեղծելու, պետական համակարգի, կրթության, առողջապահության ու բժշկության, հասարակական ու անհատական ապահովության, անհատական ազատությունների և հասարակության կապիտալի գործոնների հիման վրա: Նրանք մի ցանկ են պատրաստում և հրատարակում, որտեղ ցույց է տրված, թէ աշխարհի ամենաուրախ ժողովուրդը կամ երկրները որոնք են: 2014 թվականին այդ ցանկը դիտելիս տեսնում ենք, որ Սկանդիանվյան այդ 6 երկրներից՝ Նորվեգիան ցանկի առաջին, Դանիան՝ չորորդ, Շվեդիան՝ վեցերորդ, Ֆինլանդիան՝ ութերորդ և Իսլանդիան 11-րդ տեղերում են: Այս հարցը պետք է մարդուն մտածել տա, թէ ինչպե՞ս այն մարդիկ, որ ապրում են ցուրտ շրջաններում և սուրի և ուժի միջոցով թալանում էին ուրիշ երկրներին, հասել են այնպիսի մակարադակի, որ կարողանում են այսպես իրենց երկրները լավ կառավարել:
Եթե ուզում եք մի երկիր ունենալ, որ աղքատությունը, խտրականությունը և անգրագիտությունը և հետամնացությունը այդ երկրի ժողովրդին չխառնի իրար, պետք է բոլոր հասարակական, տնտեսական ու քաղաքական մակարդակներում արդարություն հաստատել: Եթե ուզում եք փտած մտքերը ձեր երկրի ժողովրդի գլխից թռնի, պետք է ամրապնդեք համալսարանները և օրվա գիտությունը: Եթե ուզում եք որևէ հիվանդության տարածումը ժողովրդին սարսափի մեջ չգցի պետք է առողջապահության համակարգի հիմքերը ճիշտ կառուցել երկրում: Եթե ուզում եք ձեր երկրի մարդիկ հասունացած մոտեցումներ ցուցաբերեն, պետք է բարձր գնահատեք անհատական ազատությունները: Ի վերջո այս բոլորը իրականացնելու համար անհրաժեշտ է ունենալ կայուն պետություն առանց լոզունգների, որը ամբողջովին կծառայի իր ժողովրդին:
Այն համակարգը որ օգտագործվում է Սկանդինավյան երկրների կողմից, հայտնի է որպես «Նովրոդիկ Մոդել», որը իրենք անվանում են «Ընկերական համակարգ»: Այս համակարգի ամենակարևոր հատկությունն այն է, որ ընդհանուր շահերը գերադասվում են անհատական շահերին: Այս երկրներում պետությունը ձեր եկամուտի 40-ից մինչև 60 տոկոսը վերցնում է որպես հարկեր, ժողովուրդն էլ առանց տրտնջալով ու մեծ ուրախությամբ դա մուծում են, որովհետև գիտեն, որ եթե հիվանդանան ու ստիպված ընդունվեն հիվանդանոց կամ եթե երեխաները համալսարան գնան և ընդհանրապես, եթե որևէ հասարակական ծառայության կարիք ունենան, որևէ գումար չեն մուծելու:
Եթե ձեր եկամուտը շատ լինի, շատ հարկեր էլ պետք է մուծեք, այսպիսով նման հասարակություններում դասակարգային մեծ տարածություններ չեն առաջանում: Աղքատությունը, որ չլինի և ժողովուրդը բավարարված լինեն ամեն տեսակետից, հանցագործությունների թիվն էլ կնվազի ու ժողովուրդը իր ժամանակը անց կկացնի օգտավետ ու լավ գործերով:


Ռուբիկ Սարդարյան
25/07/2018

Պրոֆեսոր Ա. Բուզալինին ասում է, որ վերադարձել է արձակուրդից, որպեսզի գտնի ձերբակալված Գորբաչովին, Ելցինին, որը ղեկավարում էր Խորհրդային Միությունը, որը այլևս չկա - Պոլ Ջեյի հյուրընկալությամբ:

Որոշներ մարդիկ այն  կարծիքին են, որ այս ահռելի արդյունաբերությունը պետք է զուգորդվեր դեմոկրատիայի պահպանման հետ ու մարդկանց վրա ճնշումներ ու բռնություններ պետք է չլինեին, որպեսզի չարժեքազրկեին այս բոլոր ձեռքբերումները: 
Հայաստանը հետամնաց երկիր է եղել ու կարծես ստիպված են եղել այդ տեխնոլոգիանները և արդիականացումը մի տեսակ պարտադրել երկրին: Սա արդիականացման մի ձև է, որ ուժեղ պետությունը թույլ երկրին պարտադրում է արդիականացումը: Այս տեսակ արդիականացման ձևը միայն Սովետական Միությանը չի վերաբերում, այլ օրինակ Բրազիլիան է, այսինքն բացի Ռեո դե Ժաներոյից այդ արդիականացած քաղաքն են սարքում: Նման հասարակություններում արդիականացման պրոցեսը կարող էր այլ լինել ու ավելի դեմոկրատիկ եթե հասարակությունը թույլ չլիներ: Այսինքն եթե հասրակությունը և քաղաքացիական հասարակությունը ուժեղ լիներ, երբ պետությունը որոշ բաներ պարտադրում էր, կարող է որոշ բաներ ընունի և որոշ բաներ չընդունի: Սովետական Միությունում այդ շրջանից հետո ավելի հանգիստ է եղել, այսինքն Ստալինի և Խրուշչովի ժամանակից հետո: Խրուշչովը ասել է, որ արդիականացման պայմաններից է, որ ամեն ընտանիք պետք է ունենա բնակարան, թեկուզ փոքրիկ: Այսինքն մարդանց մի մասը ապրում էին կոմունալ բնակարաններում և հետո փոխում են ու յուրաքանչյուր ընտանիք առանձին բնակարանում է սկսում ապրել: Հետագայում Բրեժնևի օրոք Հայաստանում կառուցվում է Արփա Սևանը, որով մինչև օրս էլ հպարտանում ենք: 
Դժբախտաբար Սովետական Միության արդիականացման պրոցեսը փոխվում է ու պահպանողական բնույթ է կրում: Այսինքն իշխանությունների համար եղածի պահելն էր կարևոր և ոչ թէ առաջ խաղացումը: Խրուշչովյան մոբիլիզացման փուլը վերացվում է լճացման փուլի: 
Սովետական Միության փլուզման պատճառներից էին նաև նավթի գնի նվազեցումը, որովհետև նավթի փողերով գոնե պահում էին երկիրը: Նույն մեխանիզմով՝ նավթի գնի իջեցումով կամ վաճառքի արգելակումով իմպերիալիզմը և ավելի շուտ Ամերիկան աշխատում է տապալել իրեն դուր չեկող երկրներին: 
Ստալինյան ահի՝ վախի վերացումը: Որովհետև վախով աշխատում էին նախկինում, իսկ երբ Ստալինյան վախը չկար, արդեն աշխատելու համար պետք է շահագրգռել: Ուրեմն, երբ ոչ վախը կա և ոչ էլ շահագրգռումը, մարդը ավելի վատ է աշխատում ու երկիրը չի զարգանում: Այդ իսկ պատճառով անցյալի բարիքների հիման վրա մոտ 20 տարի Խորհրդային Միությունը լավ ապրեց ու այնուհետև սկսեց քայքայվել: 
Խորհրդային վարչապետական կերպարափոխումը: Այդ մասին Տրոտցկին է գրել, բայց այն ժամանակ, երբ ինքը արտաքսված էր: Նա այդ կապակցությամբ գիրք է գրել «Դավաճանված հեղափոխությունը»: Նա գրում է, որ աշխարհում բյուրոկրատական դասը այնքան հզոր չի եղել, ինչքան որ եղել է Սովետական Միությունում: Նույնիսկ ֆաշիստական երկրներում, օրինակ Գերմանիայում բյուրոկրատները այդքան հզոր չեն եղել, որովհետև այնտեղ խոշոր կապիտալիստներ են եղել ու ստիպված են եղել նրանց հետ լեզու գտնել: Սակայն Սովետական Միությունում բյուրոկրատների դասը ամբողջովին անկախ է եղել, նրանք կախված չեն եղել բանվորից և այլը: ճիշտ է, որ սեփականությունը պատկանում էր պետությանը, բայց պետությունը պատկանում էր բյուրոկրատների դասին: Միակ բանը, որ բյուրոկրատները չեն կարողացել լուծել՝ այն է եղել, որ ինչպես իրենց սեփականությունը փոխանցեն կամ ժառանգեն իրենց երեխաներին: 
Պետք է նոր ուղղիներ փնտրել արդիականացման համար: Պետք է նոր մոդելներ գտնել: Սակայն չի լինի հրաժարվել Խորհրդայաին արդիականացման ու դրական արդյունքներից, որովհետև այդ դեպքում թողնում ենք ռացիոնալ հասարակության շրջանը և նորից վերադառնում ենք արխաիկա: Որոշ մարդիկ փորձում են դա անել, բայց իրականության մեջ ամենակարևորը արխայիկայի մեջ նորից չվերադառնալն է, այլ գտնել արդիականացման նոր մոդել, որոնք կարող են արդյունավետ ու մարդասիրական լինել:


Աշոտ Ոսկանյան՝ Երևանի Պետական Համալսարանի Փիլիսոփայության դոցենտ

 

Իրանում գրանցվել է հերթական երկրաշարժն, այս անգամ 5.8 մագնիտուդ ուժգնությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում կատարելով «ՌԻԱ Նովոստի»-ին, երկրաշարժը գրանցվել է Իրանի հարավարևելյան հատվածում՝ Քերման քաղաքում: Իրանի սեյսմոլոգիական կենտրոնը տեղեկացնում է, որ առաջին ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 01:09-ին:

Իրանի տարածքում մեկ օրվա ընթացքում ևս 3 երկրաշարժ էր գրանցվել: Դրանցից ամենաուժգինը եղել է երրորդը՝ Քերմանշահի շրջանում, որտեղ ուժգնությունը կազմել է 5.9 մագնիտուդ: Ցնցումների հետևանքով տուժածների թիվը 200-ից ավելին է: Շուրջ 100 շինություն ամբողջությամբ վնասվել է: Արտակարգ իրավիճակների ծառայությունը տեղեկացնում է, որ դեպքի վայր է ուղարկվել 15 խումբ փրկարարներ:

 

Բաժին՝ Աշխարհում

Այն երկրները, որ արդիականացումից հետ են մնացել, մի կերպ իրենց պետությունները աշխատում էին արդիականացնել տարբեր միջոցներով: Հայերս ի՞նչ տեղում էինք գտնվում ու ի՞նչ ճանապարհներ ենք անցել: Գիտնական Լևոն Զեքյանը այս կապակցությամբ աշխատություն է կատարել ու հրատարակել իր աշխատությունը: Նա հայերի արդիականացումը բաժանում է մի քանի փուլերի. Առաջին փուլը ըստ նրա՝ նախապատրաստական շրջանն է, որը սկսվում է առաջին տպագիր գրքերից: Տպագիր գիրքը, երբ գրվում է, տարածվում է այն և դա եղել է հայերի մոտ: Հաջորդ փուլը հայկական կապիտալիզմի ծաղկումն է, դա նոր Ջուղան է, այդտեղ արևմտյան կապիտալիզմը ծաղկում է և այդտեղից մեծ ընթացք է ունենում: Այդ փուլը հասնում է մինչև Մխիթարյանները: Մխիթարյանների փուլը նա անվանում է հումանիստական շրջան կամ վերածնունդ, որտեղ հայրենիքի հոգևոր վերստեղծում է տեղի ունենում:
Հայկական կապիտալիզմի զարգացումը տեղի չի ունենում Հայաստանում: Հայկական կապիտալը լինում է Բաքվում, Թիֆլիսում, Սան Պետեզբուրգում և Պոլսում, բայց ոչ Հայաստանում: Արդիականացման շարժումը եղել է հայերի մոտ, բայց միշտ չի վերաբերվել բուն Հայաստանին: Հայաստանը արդիականացման կարիքը ուներ և այդ դերը կատարել է Խորհրդային Հայաստանը: Խորհրդային իշխանության առաջին տարիներին իրականացվում են հեղափոխական փոփոխություն: Օրինակ անգրագիտության վերացում: Հատուկ մարմիններ են ստեղծում ժողովրդի համատարած գրագիտություն տալու նպատակով: Վարչական ապարատի ռացիոնալացումը, Հայաստանի շրջանները բաժանվում են ըստ շրջանների և ոչ թէ ըստ կրոնական թեմերի, սա ռացիոնալ բաժանում է: Գենդերային քաղաքականության առաջացումը, որտեղ շատ կարևորություն է տրվում կանանց իրավունքներին ու սեռերի հավասարությանը: Շատ գործեր է կատարվում արդիականացման ուղղությամբ: Խորհրդային Հայաստանի հիմնական նպատակը հետամնացության հաղթահարումն էր: Բոլշևիկները գիտակցել էին, որ երկիրը հետամնաց է, նրանք պրակտիկորեն էին գիտակցել, որովհետև տեսնում էին, որ Հայաստանը շրջապատված է թշնամիներով, արտաքին և ներքին թշնամիներով: Բոլորի դեմ պայքարելու համար պետք է ուժեղ լինել և ուժեղ լինելու համար պետք է հետամնաց չլինես: Այսպիսով, այդ ժամանակ արդիականացման պրոցեսը ուղղված է հետամնացության հաղթահարմանը: Սա կոչվում է նաև մոբիլիզացված արդիականություն՝ բոլորին պետք է մոբիլիզացնել:
Արդիականացումը երեք ուղղություններով են կատարվել Սովետական Հայաստանում՝
1-Արդիականացումը ազգային հարցի խնդրում: Նախ առաջադրվում էր ինտերնացիոնալիստական սկզբունքը: Սա կարոևր սկզբունք է, չնայած, որ մենք հիմա շատ ենք սիրում խոսել անընդհատ ազգային հարցից: Ինտերնացիոնալիզմում ասվում է, որ բոլոր ազգերը հավասար են, բարձր ու ցածր ազգեր չկան: Խնդիր էր դրվել նաև, թէ այդ ազգերը ինչ իրավունքներ են ունենալու: Այստեղ հակասություն էր առաջացել Ստալինի և Լենինի միջև: Լենինը ինքը լինելով ռուս՝ միշտ ատել է ռուսական մեծապետական մոտեցմանը, որը անվանել է շովինիզմ: Նա համարում էր, որ դա շատ հետամնաց հայացք է և բոլոր մարդիկ հավասար են ու պիտի հաղթի բոլշևիկյան ինտերնացիոնալիզմի սկզբունքը: Իսկ Ստալինը լինելով վրացի, բայց ռուսացած վրացի, նա ասել է, որ պետք է շեշտը դնել ռուսական կայսրության հզորության վրա, առանձին ժողովուրդների խնդիրները այնքան էլ կարևոր չեն: Ստալինը սկզբնական շրջանում այդքան բացահայտ չի արտահայտում մտքերը: Նա գրում է մի հոդված, որ Լենինը շատ է հավանում, այդ հոդվածում Ստալինը նշում է, որ ազգերը պետք է ունենան ինքնորոշման իրավունք, բայց գերադասում է, որ այդ ինքնորոշման իրավունքը սահմանափակված լինի: Այն արդյունքը, որ մենք ունեինք անցյալում, որտեղ Սովետական Միությունը բաղկացած էր ինքնուրույն ազգերից, դա Լենինյան գաղափարի շնորհիվ էր: Սա ազգային խնդրում ամենամեծ արդյունքն է եղել:
2-Գյուղատնտեսությունում արդիականացման հարցը: Այստեղ նաև մի մեծ վեճ է եղել: Այստեղ վեճ է գնացել Բուխարինի և Ստալինի միջև: Ճիշտ է, որ Բուխարինը, որպես զգույշ մարդ, միշտ Տրոտեսկու դեմ էր պայքարում, բայց այստեղ բախվում են Բուխարինի և Ստալինի տեսակետները: Բուխարինը համարել է, որ իհարկե գյուղատնտեսությունը պետք է արդիականացնել և դա նշանակում է, որ պետք է մտցնել կոլեկտիվ տնտեսություններ, բայց դա պետք է անել շատ զգուշ և քայլ առ քայլ, դա պետք է անել այնպիսի միջոցներով, որ գյուղացուն ցույց տա, որ դա իր համար շահավետ է: Բուխարինը այն կարծիքին էր, որ եթե մենք դա անենք արագ ու պարտադրենք գյուղացուն այդ կոլեկտիվացումը, մենք կջախջախենք գյուղացուն, մենք նրան կգրգռենք ու կդարձնենք մեր թշնամին: Նա այս կապակցությամբ շատ հոդվածներ ունի, որտեղ նշում է նաև, որ դուք ջախջախում եք բանվորների ու գյուղացիների բլոկը՝ երբ հանուն բանվորների ջախջախում ենք գյուղացիների շահերը: Բուխարինը լավ հասկացել էր, որ եթե այդպես անեն շատ երկար կտևի: Ստալինը համարել է, որ մենք այդքան ժամանակ չունենք, մենք շրջապատված ենք թշնամիներով, մենք պետք է ուժեղանանք և այլն: ՆԵՊ-ը հայտարարվում է չեղյալ և սկսում են բռնի կոլեկիվացման պրոցեսը: Դա նշանակում է կուլակաթափություն՝ երբ մի փոքր լավ ապրող գյուղացուն համարում են կուլակ և խլում են սեփականությունը, որոշներին աքսորում են և ալյն: Չնայած գյուղատնտեսությունը այդ գործողությունների արդյունքում կտրուկ զարգացում է ապրել: Կոլխոզները և սովխոզները ստացել են լավ տեխնիկական բազա, որովհետև հատուկ կայաներ էին ստեղծել, որոնք սպասարկվում էին պետական միջոցներով և գիտատառ արդյունաբերություն է ստեղծվել, օրինակ ստեղծվել է անասուների նոր ցեղեր և հազար ու մի նվաճումներ, որոնք ցույց են տալիս, որ այնուամենայնիվ խորհրդային այդ պրոցեսը գուղում արդիականացման իր արդյունքները ունեցել են:
3-Արդյունաբերության արդիականացումը: Այստեղ ամեն ինչը տեղի է ունեցել շատ մոբիլիզացված և արագ ձևերով: Այսինքն 1929 թվականին ընդունվել է առաջին հնգամյա պլանը, որտեղ առաջնահերթությունը տրվել է ինդուստրիային՝ արդյունաբերությանը: Այստեղ էլ ամենամեծ առաջնությունը տրվում էր մետաղի, պողպատի և երկաթի արտադրությանը, որովհետև դա ոչ միայն երկրի հզորության համար է այլև պատերազմի համար է շատ կարևոր: Ստեղծվում է Մագնիտագոսվսկի և հարավային ուրալը, ստեղծվում են տրակտորային գործարաններ Ստալինգրադում և Խարկովում, տրակտորները կարևոր էին երկու պատճառով՝ առաջինը, որ գյուղին տրակտորները պետք էին կոլխոզներին՝ մեր համատարած գյուղատնտեսության համար, երկրորդը այն հանգամանքն է, որ տրակտորի գործարանը հանգիստ կարելի է վերափոխել տանկի գործարանի: Այսինքն, ով որ տրակտոր է արտադրում կարող է նաև տանկ արադրել, դրանով դուք պաշտպանություն եք ապահովում: Հաստոցների արտադրություններ, տեքստիլի արտադրությունը՝ հակառակը թուլացել էր, Նեպի ժամանակ լավ էր զարգացած, բայց այստեղ թուլացել էր: Ստալինը դրա մասին ասել էր, որ կարմիր բանակը կտորեղենով չի կռվելու, կարմիր բանակը կռվելու է պողպատով: Դրա համար ամեն ինչ անվտանգությունից է գալիս: Բայց այստեղ մի ուրիշ հետաքրքիր ֆենոմեն է առաջանում, քանի որ կան և արտաքին և ներքին թշնամիներ, ուրեմն ներքին թշնամու դեմ էլ պետք է պայքարել, այսպիսով ներքին թշնամու դեմ պայքարը բերում է բռնաճնշումների, ռեպրեսիաների, ստեղծվում են ճամբարներ: Այստեղ առաջանում է մի նոր մեխանիզմ՝ պարտադրված աշխատանքի ֆենոմենը: Այսինքն պարզվում է, որ դուք այդ մարդկանց բռնում եք ոչ թէ միայն այն պատճառով, որ նրանք թշնամի են, այլև այն պատճառով, որ դուք աշխատուժի կարիք ունեք: Սկսվում է կազմակերպվել այդ բռնավորների աշխատանքը: Տարբեր աշխատանքների համար օգտագործվել են հարյուր հազարավոր մարդիկ: Ալեք Խլեվնուկը մի հետաքրքիր հետազոտություն է անց կացրել և հավաքել է ահռելի քանակությամբ փաստաթղթեր, որոնք ցույց են տալիս, որ այդ պրոցեսը եղել է շատ կազմակերպված: Այդ փաստաթղթերում գրված է, թէ այս ինչ աշխատանքների համար ում է պետք է օգտագործել, հիվանդներին ինչպես է պետք է օգտագործել, պայմաններն են նշում, թէ տարբեր տեղեր ինչպիսին են, թվերն են նշվում, թէ ինչքան եկան ու ինչքան գնացին և այլն, այսինքն դրանք բոլորը հաշվի են առնում: Այդ մարդկանց ամենաբարձր թիվը եղել է պատերազմի սկզբին, որտեղ երկու միլիոն երեք հարյուր հազար հոգի մարդ են եղել այդ ճամբարներում: Հետագայում քանակը պակասում է, որովհետև նրանցից մի մասին ուղարկում են կռվի ճակատ: Այսպիսով, երկիրը արդիական էր դառնում, բայց մարդիկ ավելի ազատ չէին դառնում, մինչ դեռ դրանք զուգահեռ պետք է առաջ գնային: Գիտնականեր Ֆուկոն և Ջորջոն Ագամբդենը անվանում են այս երևույթը, որպես «Կենսաքաղաքականություն»: Նրանք ասում էին, որ 20-րդ դարի համար դա հայտնի ֆենոմեն է՝ երբ որ դու մարդկանց դիտարկում ես որպես կենսաբանական զանգված, որին պետք է ուղորդես և որոշակի ձևով օգտագործես: Այսպիսով այստեղ մարդիկ ոչ թէ անհատականություններ են այլ կենսաբանական զանգված: Բոլոր դեպքերում ու անկախ նույնիսկ այդ ամենի՝ նվաճումները իհարկե շատ մեծ են: Օրինակ՝ միայն Հայաստանում 1928-1941 թվականներին ստեղծվել են 46 նոր ձեռնարկություններ: Սրանք լուրջ ձեռնարկություններ էին, օրինակ Լենինականի տեքստիլի գործարանը, Երևանի զեթ- օճառը, Երևանի կոնյակի գործարանը, սինթետիկ կաուչիկի գործարանը, Կիրովականի քիմիականի կոմբինատը, Ղափանի և Ալավերդու պղնձաձուլարանները, Երևանի հայէլեկտրոնը, հաստոցաշինական գործարանը և այլն:


Աշոտ Ոսկանյան՝ Երևանի Պետական Համալսարանի Փիլիսոփայության դոցենտ

 

Երկուշաբթի, 23 Հուլիսի 2018 12:57

«Օտար ուժերին» ծառայելու մասին

«Կաթողիկոսների հետ հանդիպումներիս հուշերը հանրայնացնելու նպատակն այն է, որ գոնե մեր գալիք կաթողիկոսները չլինեն այնպիսին, ինչպիսին ունենք և ունեցել ենք: Ես թաքուն հույս եմ փայփայում, որ այս պատմությունները լսելով, թե´ Գարեգին Բ-ն, թե´ Արամ Ա-ն մի քիչ կկարևորեն համեստությունը, կմտածեն, որ ճիշտ չէ այնքան կտրված լինել սեփական հոտից, որքան որ կան: Ես ուզում եմ, որ մենք ունենանք ժողովրդական, ազգային կաթողիկոսներ, որոնց համար սեփական հոտի հոգսը գերագույն խնդիր կլինի, որոնց կյանքը, ամեն ապրած օրը սեփական ազգի համար կլինի, ոչ թե անձնական կյանքի, կամ այն կառույցի, որոնց պետն են իրենք»: Այս մասին իր տեսաբլոգում հայտարարել է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանը՝ պատասխանելով նաև «օտար ուժերին» ծառայելու մասին որոշ հոգևորականների կողմից հնչող զրպարտանքներին՝ նշելով, որ Հայ առաքելական եկեղեցին է իր պատմության մի տևական շրջան ծառայել օտար ուժերին՝ բերելով մի շարք օրինակներ և բացառիկ լուսանկարներ: «Ով-ով, բայց Հայ առաքելական եկեղեցին այն կառույցը չէ, որ կարող է ոչ միայն ինձ, այլև որևէ հայ մարդու այդպիսի մեղադրանքներ ներկայացնել»,- ասել է Կարապետյանը՝ համեմատելով այդպիսի գործելաոճը ադրբեջանցիների գործելաոճի հետ:

Երբ գրանցվեց «թավշյա հեղափոխություն» անվանումը կրող գործընթացի հաղթանակը, և տեղի ունեցավ իշխանափոխություն, հայաստանյան հասարակության մեջ բավականին լուրջ արտաքին քաղաքական ակնկալիքներ ձևավորվեցին։ Բայց ամենահետաքրքիրն այն է, որ այդ ակնկալիքները ձևավորվել էին նաև իշխանության մեջ, և դրանք հիմնականում, ըստ նրանց, պայմանավորված էին նրանով, որ Եվրամիությունը, Արևմուտքը, գնահատելով հեղափոխության խաղաղ, ժողովրդավարական եղանակը, բոլորովին այլ աչքով կսկսեն նայել Հայաստանին։

Եվ անցած շաբաթ Բրյուսել մեկնելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրոք լուրջ սպասելիքներ ուներ, որ բրյուսելյան հանդիպումների արդյունքում կունենա կոնկրետ առաջարկներ, խոստումներ, գուցե նաև ինչ-որ կոնկրետ արդյունքներ։ Սակայն, ինչպես երևում է, ամեն ինչ սպասվածի պես չանցավ: Եվ հենց Բրյուսելի օդանավակայանում Նիկոլ Փաշինյանը բավականին ուշագրավ հայտարարություններ արեց լրագրողների մոտ։ Լուրջ հավակնություններ ունենալով Եվրամիությունից՝ վարչապետը նշեց, որ ԵՄ-ն ձևական առումով շատ ջերմորեն ողջունում է հեղափոխական գործընթացները, սակայն կոնկրետ գործի դա չի վերածվում։ Նույնիսկ առաջարկում է ԵՄ պաշտոնյաներին, եթե աջակցություն չի լինելու, և տարբերություն չեն տեսնելու իր և Սերժ Սարգսյանի իշխանությունների միջև, ապա պետք է տոնայնությունը համապատասխանեցնեն փաստացի գործ չանելու մակարդակին։ Սա, իհարկե, սկանդալային գնահատական էր, որը առաջին հայացքից թվում է, թե օգնում է նույնիսկ էմոցիոնալ տիրույթում:

Բայց այժմ փորձենք հասկանալ, թե ինչ է իրականում տեղի ունենում պրագմատիկ դաշտում։ 
Թե՛ նախկին, թե՛ ներկա իշխանությունների միակ ակնկալիքը Եվրամիությունից, եթե ուշադրություն չդարձնենք թե՛ նախկինների ու թե՛ նորերի հռետորաբանությանը, այնուամենայնիվ հասկանալի է, որ նախ և առաջ ֆինանսական աջակցությունն է։ Եվ որպեսզի հնարավոր լինի բարձրացնել համագործակցության ձևաչափը ԵՄ-ի հետ, պետք է դիտարկել եվրոպական այս կոնգլոմերատի հայկական հետաքրքրությունները։ Իսկ ԵՄ-ին, ինչպես և աշխարհաքաղաքական ցանկացած ազդեցիկ կենտրոնի, իհարկե հետաքրքրում են Հայաստանի աշխարհաքաղաքական կողմնորոշումը, վարքագիծը, ԵՄ անդամ երկրների տնտեսական շահերը Հայաստանում, և վերջապես՝ ՀՀ գործուն դերակատարումը տարածաշրջանում՝ նախ և առաջ անվտանգության համատեքստում։

Թավշյա հեղափոխության ընթացքում, առավել ևս իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանն անընդհատ հայտարարում է, որ արտաքին քաղաքականության մեջ որևէ լուրջ ռեվերսներ չեն լինելու։ Այսինքն՝ Հայաստանը ԵԱՏՄ և ՀԱՊԿ անդամ է, Ռուսաստանը շարունակում է մնալ ՀՀ ռազմավարական գործընկերը, Եվրամիության հետ գործելու է համապարփակ և ընդլայնված համաձայնագրի շրջանակներում և այլն։ Այսինքն՝ արտաքին քաղաքականության ոլորտում պահպանվում է այն, ինչ կար մինչ հեղափոխական շրջանը։ Ավելին, իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանը երկու այց է ունեցել Ռուսաստան, կայացել է երկու հանդիպում նախագահ Պուտինի հետ, որոնց ընթացքում Փաշինյանը շատ թափանցիկ հայտնում է իր նվիրվածությունը նախկին ռազմաքաղաքական և տնտեսական դաշնակցային պայմանավորվածություններին, աշխարհաքաղաքական նախասիրություններին միջազգային կազմակերպություններում կոորդինացված գործելու պրակտիկային և այլն։ Այս տեսակետից Նիկոլ Փաշինյանը, անշուշտ, ԵՄ-ի համար որևէ նոր որակական փոփոխություն չի բերել։

Տնտեսական առումով նույնպես հասկանալի է, որ Հայաստանը՝ որպես շուկա, ԵՄ անդամ երկրներին և եվրաչինովնիկ-բիզնեսմեններին առանձնապես չի հետաքրքրել նախկինում, չի հետաքրքրում նաև այսօր։ Պատճառները տարբեր են, շատ դեպքերում օբյեկտիվ՝ ՀՀ փոքր շուկա, պատերազմական երկիր լինելու հանգամանքը, այժմ նաև անորոշությունը՝ կապված իրականացվող տնտեսական քաղաքականության հետ և այլն։ Գուցե արձանագրվի, որ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը կբերի տնտեսության ազատականացման կամ դեմոնոպոլիզացիայի, սակայն դա հեռանկարային այն գործոնը չէ, որ ԵՄ հետաքրքրությունն արդեն իսկ մեծանա մեր երկրի նկատմամբ։

Անվտանգության գործոնի առումով պետք է ասել, որ Հայաստանը գտնվում է մի տարածաշրջանում, որն իսկապես կարող է հետաքրքրել Արևմուտքին ու Եվրամիությանը։ Սակայն Հայաստանի՝ արտաքին քաղաքական, ռազմաքաղաքական ռևերսներ չանելու մասին հայտարարություններից պարզ է նաև, որ ՀՀ-ն, տարածքային առումով լինելով իրոք լուրջ գործոն, այնուամենայնիվ, ռուսական ազդեցության գոտի է։ ԵՄ-ն Հայաստանը որպես իր համար պիտանի և հնարավոր անվտանգության գործոն որևէ կերպ չի դիտարկում, քանի որ այստեղ գլխավոր խաղացողը Ռուսաստանն է։ Նույնիսկ Իրանի հետ հարաբերություններում Հայաստանը դարձյալ լիակատար ինքնուրույն գործոն չի դիտարկվում։ Այսպիսով տարածաշրջանային անվտանգության ոլորտում նույնպես Հայաստանը ԵՄ-ին առաջարկելու ոչինչ չունի կամ չի ցանկանում՝ սովորականի պես «ջայլամի քաղաքականություն» վարելով։ 
Բայց այս պարագայում ի՞նչ է առաջարկում Հայաստանը ԵՄ-ին, որի դիմաց լրջորեն ակնկալում է վերջինիս աջակցության ծավալների մեծացում` փորձելով այդ ակնկալիքները տեղավորել «ավելին ավելիի դիմաց» ձևաչափի շրջանակում։ Նիկոլ Փաշինյանը որպես առավելություն առաջարկում է ժողովրդավարությունը։ Եվ պատահական չէ, որ Փաշինյանը ՆԱՏՕ-ում նշում էր, թե Ադրբեջանի ոտնձգությունները Հայաստանի և Արցախի նկատմամբ ոչ միայն մեր դեմ են, այլև առհասարակ ժողովրդավարության։ Փաստորեն, որպես խրախուսման համար ԵՄ-ին առաջարկվող լրացուցիչ «ապրանք» առաջարկվում է ներկայիս Հայաստանի ժողովրդավարությունը։ Պրագմատիկ քաղաքականության մեջ պարզ է, սակայն, որ ժողովրդավարությունը պահանջարկ վայելող ապրանք չէ, այն ընդամենը մեծ քաղաքականությունում մարկետինգային մի գործիք է, որը ցանկության դեպքում օգտագործում են, իսկ եթե ցանկություն չկա, ընդհանրապես ուշադրություն չեն դարձնում դրա վրա։ Եվ նույն Եվրոպայում շատ են երկրները, որոնք ժողովրդավարությամբ առանձնապես աչքի չեն ընկնում, սակայն գտնվում են հարցեր որոշողների առաջին շարքերում։

Այսպիսով՝ վերոնշյալ երեք ամենակարևոր գործոնները հաշվի առնելով՝ պետք է ասել, որ Հայաստանը որևէ նոր բան չի առաջարկում Եվրամիությանը։ Առաջարկում է չորրորդը՝ ժողովրդավարությունը, ինչը ԵՄ-ում որևէ մեկին չի հետաքրքրում։ Առավել ևս, որ Եվրամիությունն այժմ բավականին ծանր վիճակում է, ունի հսկայական տարաձայնություններ և՛ ԱՄՆ-ի հետ, և՛ քրոնիկ խնդիրներ Ռուսաստանի հետ։ Նկատենք, որ Եվրամիությունն այժմ խնայողական ռեժիմի վրա է և ավելորդ գումարներ չի ծախսում։ Պատահական չէ, որ Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին միանգամից արձագանքեց Նիկոլ Փաշինյանին, որ շարժվում են այն ուղեցույցով, ինչ գրված է համապարփակ և ընդլայնված համաձայնագրում։ Համաձայնագրի ընդունումից հետո որևէ բան չի փոխվել, որևէ նոր որակ չի ստեղծվել, սակայն ԵՄ-ն բաց է, և եթե կան առաջարկներ, ապա կարող են արվել։ 
Նիկոլ Փաշինյանը Բրյուսելի առջև նաև հարց է բարձրացնում, որ կա՛մ պետք է առարկայորեն լինեք Հայաստանի հետ, կա՛մ ՀՀ-ն առանց ԵՄ-ի էլ կարող է իր ծրագրերը լուծելու փորձեր անել։ Այս հայտարարությունը նախազգուշացում է, որ սուրբ տեղը դատարկ չի մնալու, և ԵՄ-ն թող չզարմանա, եթե հետագայում աշխարհաքաղաքական և ռեգիոնալ այլ գործընկերներ էլ ի հայտ գան, ի հայտ գան այն դաշտում, որը Հայաստանը նախատեսում էր Եվրամիության համար։ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ կա՛մ տոնայնությունն իջեցրեք, կա՛մ աջակցությունը մեծացրեք, խոսում է այն մասին, որ ԵՄ-ն, աղմուկ բարձրացնելով ՀՀ հետ հարաբերությունների համատեքստում, ուղերձներ է հղում նաև առ Ռուսաստան։ ՌԴ-ին թվում է, թե Հայաստանն իր թիկունքում ինչ-ինչ խաղեր է խաղում։ Արդյունքում ԵՄ-ից ոչինչ չստանալով՝ ռուսների հետ մնում է հարաբերությունների փչացման վտանգը։ Ինչևէ, այս ամենը նաև շատ նման է ՀՀ նոր իշխանությունների կողմից քաղաքական սակարկություններ սկսելուն:

Եվ ինչպես երևում է` Եվրամիությունն ընդունել է Նիկոլ Փաշինյանի նետած ձեռնոցը, և սկսել է իր սակարկությունը։ Նկատենք, որ ԵՄ-ն բավականին արագ է փորձում հարցերը լուծել, և նույնիսկ առաջիկայում պատվիրակություն է ժամանելու Հայաստան՝ նշված խնդրի շուրջ բանակցությունները սկսելու համար։ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարն էլ հայտարարել է, որ ներկայացվելու են ինստիտուցիոնալ և ենթակառուցվածքների զարգացման ծրագրեր։ ՈՒշագրավ է, որ որպես կանոն, նման կետերով աջակցություն ստանում են անկախության առաջին տարիներին։

Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ

Հ.Գ. Ի դեպ, դատելով Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզի՝ օրերս արած հայտարարություններից, «հայկական նոր ժողովրդավարությունը» չի տպավորել նաև ԱՄՆ իշխանություններին: Ամենայն հավանականությամբ, այնտեղ նույնպես ավելի շոշափելի և բովանդակային առաջարկներ են ակնկալում ՀՀ նոր իշխանություններից: Մյուս կողմից` գուցե այն, ինչ չի հաջողվում ստանալ Արևմուտքից, փոխհատուցվի Ռուսաստանից, ուր, ի դեպ, մոտ օրերս հերթական այցն է կատարելու վարչապետ Փաշինյանը:

Աղբյուրը՝ Իրատես.am

 
Բաժին՝ Հայաստանում
Էջ 1, 4-ից

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: