Արխիվ Հոկտեմբերի 2018 - ՍՈՑԻԱԼԻԶՄ.am

Կեղծիքներով ձևավորված եւ ժողովրդի իղձերին դեմ կանգնած «Ազգային Ժողովը» որքան շուտ պետք է լուծարվի:

1990 թվականի օգոստոսի 23-ի անկախության հռչակագրով Հայ ժողովուրդը ամրագրեց ԱԶԱՏ, ԱՆԿԱԽ, ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ, ԻՆՔՆԻՇԽԱՆ և ԱԶԳԱՅԻՆ ՊԵՏՈՒԹՈՒՆ  ձևավորելու իր կամքն ու ցանկությունը:

 Երկու տասնամյակների դառը պայքարից հետո թավշյա հեղափոխության հաղթանակով այսօր ժողովուրդը վերագտնում է իր կորցրած ինքնիշխանությունը:

Քրեաօլիգարխիկ համակարգը սակայն դեռ իսպառ վերացած չէ եւ ժողովրդին թալանած ու երկիրը կործանման եզրին հասցրած հին իշխանության թափթփուկները այժմ էլ փորձում են դավադիր քայլերով հեղափոխության ընթացքը կասեցնել եւ իրենց սեւ գործը շարունակել:

Ապրիլյան ժողովրդական շարժումը, որը մայիսի 8-ին հասավ իր առաջին փուլի նպատակին, անհրաժեշտ է հասցնել տրամաբանական ավարտին:

Ժողովուրդը պայքարի ընթացքում բազմահազարանոց հավաքներով պահանջել է ազատ և արդար ընտրությունների միջոցով ձևավորված Ազգային Ժողով,  ժողովրդին ծառայող կառավարություն եւ անկախ ու արդար դատական համակարգ, որոնք իրավական,ազատ և անկախ պետություն կերտելու համար բացարձակ անհրաժեշտություն են:

Սիրելի՛ հայրենակիցներ, վերջին զարգացումները, հատկապես հոկտեմբերի 2-ի երեկոյան ժողովրդից թաքուն ԱԺ կանոնակարգի օրենքում հրատապ փոփոխություն մտցնելու գործարքը, ինչին կողմ քվեարկեցին ՀՀԿ, ԲՀԿ և ՀՅԴ խմբակցությունները, ցույց են տալիս, որ նախկին իշխանության կրողները եւ մաս կազմողները չեն  ենթարկվում ժողովրդի կամքին՝ ձգտելով վերականգնել կոռումպացված համակարգը: Այդ քայլը հակահեղափոխության ռևանշի բացահայտ ցուցադրություն էր: 

ԱԺ-ի կանոնակարգում մտցված նոր փոփոխությամբ, փաստորեն ամրապնդվում է հակաժողովրդական պառլամենտի եւ հին կարգերի շարունակականությունը, ինչը բացարձակապես հակասում է հեղափոխության եւ ժողովրդի շահերին:

Եվրոպայի Հայերի Համագումարը դիմում է Սփյուռքի եւ հայրենիքի մեր բոլոր հայրենակիցներին առավել ամուր եւ միակամ շարունակել պայքարը եւ հասնել ժողովրդի իղձերին ու ցանկություններին դեմ կանգնած ԱԺ-ի անհապաղ լուծարմանը եւ նոր խորհրդարանական արտահերթ ընտրություններին:

ԱԺ-ի շուտափույթ լուծարումը եւ արտահերթ խորհրդարանական ընտրությունները օդի պես անհրաժեշտ են հեղափոխությանը շունչ տալու և առաջ գնալու համար:

Եվրոպայի Հայերի Համագումար

Շվեդիա, Ուփսալա

Բաժին՝ Հայաստանում

Նոբելյան մրցանակի դափնեկիր Դորկ Սահակյանը ծնվել է 1954-ին Փենսիլվանիայում: Դպրոցում նա հատուկ հեռաքրքրություն է դրսևորել բնական գիտությունների նկատմամբ և ծնողները խորհուրդ են տվել ընդունվել Նյու Յորքի Ռենսելերի պոլիտեխնիկ ինստիտուտը, որ հանրահայտ էր դարձել ուսուցման ընթացքում բնական գիտություններին ու տեխնոլոգիաներին դարձվող հատուկ ուշադրությամբ:

 Ինստիտուտը Դորկ Սահակյանն ավարտեց 1977-ին ֆիզիկայի բակալավրի աստիճանով: Ինստիտուտից հետո նա ծառայության անցավ ԱՄՆ-ի ռազմածովային նավատորմում իբրև օվկիանոսագետ: Ծառայությանը զուգահեռ Դորկ Սահակյանը դասավանդում էր Կոլումբիայի համալսարանում և Օհայոյի Բերդի համալսարանի հետազոտական կենտրոնի գիտաշխատող էր: Այդ ընթացքում նա գրել է 100-ից ավելի գիտական հոդվածներ շրջակա միջավայրի ու կլիմայի փոփոխության մասին: Դորկ Սահակյանը ներկայանում էր իբրև տաղանդավոր գիտնական և 1994-ին նրան նշանակեցին Նյու Հեմփշիրի համալսարանի Երկրի, օվկիանոսի ու տիեզերքի ուսումնասիրման ինստիտուտի բիոսֆերայի միջազգային ծրագրի գլոբալ վերլուծական, ինտեգրացիոն ու մոդելային աշխատանքային խմբի գործադիր տնօրեն: 2002-ից Դորկ Սահակյանը Կլիմայի փոփոխություններով զբաղվող փորձագետների միջկառավարական խմբի տնօրենն է, որ գնահատում է տեխնոգեն գործոնների պատճառով կլիմայի գլոբալ փոփոխությունների ռիսկերը Բեթղեհեմի Լիխայի համալսարանում (Փենսիլվանիայի նահանգ): 2004-ին նա դարձավ ՄԱԿ-ում կլիմայի փոփոխություններով զբաղվող փորձագետների միջկառավարական խմբի նախագահը և ստացավ Հարվարդի համալսարանի պատվավոր պրոֆեսորի կոչում:

 Դորկ Սահակյանը և ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ալբերտ Գորը մշակել էին գիտական զեկուցումներ կլիմայի հնարավոր փոփոխությունների թեմայով և կազմել էին առաջարկների ցանկ աշխարհի առաջատար երկրների քաղաքական գործիչներին շրջակա միջավայրի փրկության ու պահպանության համար: Զեկույցները ներկայացվեցին ՄԱԿ և ընդունվեցին իբրև ՙդասագիրք՚ աշխարհում կլիմայական ճգնաժամը հաղթահարելու համար: 2007-ին Դորկ Սահակյանը այդ մշակումների համար ստացավ խաղաղության Նոբելյան մրցանակ: Հիմա հայազգի գիտնականը շարունակում է դասավանդել Կոլումբիայի համալսարանում ու գրել գիտական հոդվածներ, որոնց թիվը 2000-ից անցել է:

Աղբյուրը՝ www.irates.am

Բաժին՝ Գիտություն

ՄԱԿ-ի միջազգային դատարանը Հաագայում պարտավորեցրել է ԱՄՆ-ին հանել արգելամիջոցները Իրան արտահանումներից ու մարդասիրական օգնությունից, դեղամիջոցներից, քաղավիացիայի պահեստամասերից` հոկտեմբերի 3-ին հաղորդել է AFP-ը:

 ՄԱԿ-ի դատարանը քննարկել է Իրանի այս տարվա հուլիսին ներկայացրած հայցը` ԱՄՆ-ի պատժամիջոցների դադարեցման պահանջով: Իրանը մեղադրում է ԱՄՆ-ին 1955-ին ստորագրված «Բարեկամության, տնտեսական հարաբերությունների ու հյուպատոսական իրավունքների մասին» պայմանագիրը խախտելու մեջ: Փաստաթուղթը նախատեսում է փոխօգնություն առևտրական կապերին: Դատավորները միաձայն որոշեցին, որ ԱՄՆ-ը «օգտագործելով միջոցները իր ընտրությամբ` պետք է վերացնի բոլոր խոչընդոտները, որ ծագել են 2018-ի մայիսի 8-ի պատժամիջոցների հետևանքով, Իրան դեղամիջոցներ ու բժշկական սարքավորումներ, սնունդ ու գյուղմթերքներ արտահանելու, քաղավիացիայի անվտանգության հետ կապված ծառայություններ մատուցելու համար»: ԱՄՆ-ի սահմանած արգելամիջոցները «կարող են լրջորեն վնասել Իրանի տարածքում գտնվող մարդկանց առողջությանն ու կյանքին»` հայտարարեց դատարանի նախագահ Աբդուլկավի Ահմեդ Յուսուֆը: ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշումները բողոքարկման ենթակա չեն, սակայն դատարանը որևէ լծակ չունի, որ ստիպի երկրներին կատարել իր ընդունած որոշումները: Նախկինում և ԱՄՆ-ը, և Իրանը անտեսել են դատարանի որոշումները:

Հ.Գ. Ինքնին հասկանալի է, որ ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշումը ԱՄՆ-ը ոչ կբողոքարկի, ոչ կկատարի: Հօգուտ Իրանի կայացված որոշումը ունի բարոյական նշանակություն, որ օգտագործվելու է իբր փաստարկ դիվանագետների ձեռքին: Եվրոպան և ՄԱԿ-ը քայլ-քայլ փորձում են անկախանալ ԱՄՆ-ից ու այդ գործողությունների լավ հարթակ է տալիս Իրանը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Աղբյուրը՝ www.irates.am
Բաժին՝ Աշխարհում

Մարքսի մահից հետո և նկատի ունենալով, որ կապիտալիզմը նաև փոփոխությունների է ենթարկվել,  արդյո՞ք դեռ Մարքսի տեսակետները վավերական են: Վերոհիշյալ հարցը հաճախ է հնչում: Պետք է ասել, որ եթե վավերական ու արժեքավոր չլինեին աշխարհի շատ հայտնի գիտնականներ ու հետազոտողներ Մարքսի ետևից չէին գնա ու չէին կարդա: Ուրիշ օբեյկտիվ մի իրականությունն էլ այն է, որ մենք մոտ 300 տարի է, որ ճանաչում ենք կապիտալիզմը, որպես աշխարհում սփռված ու տիրող համակարգ: 300 տարի է, որ իրեն ու իր տրամաբանությունը պարտադրում է աշխարհին ու բոլոր երկրներին: Մարքսը և մենք այն կարծիքին ենք, որ հնարավոր է կապիտալիզմը գիտականորեն հնարավոր է ճանաչել և ճանաչելի է: Կապիտալիզմի տրամաբանությունը այս 300 տարիների ընթացքում չի փոխվել, սակայն տարբեր տեսակի կապիտալիզմ եկել ու գնացել են, օրինակ ունեցել ենք առևտրական, լիբերալական, իմպերիալիստական և նեոլիբերալիստական կապիտալիզմ: Մարքսիզմը կամ ձախերն էլ սա նկատի ունենալով կարողացել են կապիտալիզմի էությունը հայտնաբերել, որը այս 300 տարիների ընթցքում չի փոխվել: Մարքսը կարողացել է այս էությունը հայտնաբերել և քանի դեռ կապիտալիզմը գոյություն ունի, Մարքսի տեսակետներն էլ արժեքավոր են ու վավերական: Եթե կապիտալիզմը վերացված լիներ կամ ուրիշ մի հասարակարգ եկած լիներ նրա տեղը, մեծ հավանականությամբ Մարքսը կհամարվեր մի փիլիսոփա և հայտնի տնտեսագետ և էլ հետաքրքիր չեր լինի ազատագրական ու տնտեսական պայքարների համար: Բայց քանի դեռ գոյություն ունի կապիտալիզմը և նրա ամենաուժեղ քննադատողը Մարքսն է եղել, ուրեմն արժեքավոր ու պիտանի են նրա տեսակետները: Կապիտալիզմի աշխարհում շատ բաներ չեն փոխվել, օրինակ կապիտալիստի ու բանվորի հարաբերությունները, շահագործելու հարաբերությունները, աշխատանքի կազմակերպումը կապիտալի միջոցով, հասարակական կյանքի բոլոր ասպարեզները ապրանքի վերածելը, անհավասարակշռված աճ, իմերիալիզմ և այլն: Կապիտալիզմը անընդհատ ձևափոխվում է ու տարբեր գույներ է ստանում, սակայն այս ձևական կողմերը չեն կարող մի հմուտ մասնագետին փոխել, որովհետև այդ ձևականության ետևում դեռ նրա էությունը երևում է և կարելի է ուսումնասիրել: Շատերը այդ տեսակ կապիտալիզմին անվանում են նաև հետ ինդուստրիալ ու գիտական հասարակություն և այլն: Բոլոր այդ անվանումներով կապիտալիզմը դեռ աշխատում է նախկին իր միջոցներով և էությունը չի փոխվել: Այսպիսով կապիտալիզմը կա և նրա դեմ քաղաքական քննադատությունն էլ գոյություն կունենա, այդ իմաստով Մարքսը դեռ վավերական է ու արժեքավոր: Այսպիսով փաստ է, որ կապիտալիզմը ոչ արդար համակարգ է ու պետք է փոխվի ավելի արդար մի համակարգով: Ձախակողմյան ուժերը ձգտում են այդ արդար հասարակությանը հասնելուն, սակայն դժվարություններ ու խնդիրներ դեռ շատ կան, այդ դժվարություններից մեկը տեսական հարցերն են: Ձախերը աշխատում են և ունակ են տեսական հարցերը բոլոր ասպարեզներում ճշտելու և ներկայացնելու: Ձախերը ունակ են իրենց հակառակորդի տեսակետները ուսումնասիրելու, նրանց բացասական ու դրական կողմերը ներկայացնելու և եթե հնարավոր լինի նրանց փոխելուց հետո իրենց մեջ ընդգրկելու: Որովհետև Մարքսի կամ ձախակողմյան գաղափարախոսությունը կամ մոտեցումները դիալեկտիկական ու հաջող են տարբեր տեսակետների հետ հանդիպելիս և ուսումնասիրելիս: Ճիշտ է, որ Սովետական Միության փլուզումը և երբեմն որոշակի անարխիստական մոտեցումները ձախ հոսանքներում խանգարել են այդ առողջ մոտեցումներին: Կենտրոնացած, հղկված ու ամբողջացած տեսակետների բացակայությունը նաև ձախ հոսանքների մյուս բացասական կողմն է այս բնագավառում: Նախկին սոցիալիզմի պատկերը չպետք է շվաք գցի ապագա սոցիալիզմի վրա: Նեոլիբերալիստական գաղափարախոսությունը ազդել է աշխատավորների արհմիությունների և ձախակողմյա կուսակցությունների վրա և թուլացրել է նրանց: Չնայած այս բոլոր իրականություններին՝ մեծ ծավալով պայքար է ընթանում ապագա սոցիալիզմի համար: Ձախ հոսանքները շատ դասեր են քաղել իր անցյալից, այդ իսկ պատճառով ջանում են ներկայացնել ամենալավ և օբեյկտիվ տեսական հարցերը, որոնք պատասխան կտան այսօրվա տարբեր հարցերին և կուղեկցեն մարդկությանը դեպի ավելի լավ աշխարհ ունենալու:


Ռուբիկ Սարդարյան

 

2018թ. հոկտեմբերի 1-ին 94 տարեկանում կյանքից հեռացավ աշխարհահռչակ հայը՝ ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԸ:

Վիշտն ու միաժամանակ նրան ընդմիշտ ունենալու վեհությունն է համակել բոլորիս:

Աշխարհը կորցրեց նրան,
Հայն՝ ավելին:
Ֆրանսիան սիրեց նրան,
Հայն՝ ավելին:
Միլիոնավոր մարդիկ հիշելու են նրան,
Իսկ հայը՝ հավերժ ու դեռ ավելին:

ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԸ հայ ժողովրդի պատմության քայլող ապացույցն էր, իսկ այսուհետ՝ նրա անմահության խորհրդանիշը:

Սուսաննա Համբարչյան

Բաժին՝ Մշակույթ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցության նախագահ Վազգեն Սաֆարյանը «Փաստի» լրագրողի հետ զրույցում նշեց, որ եթե ԱԺ արտահերթ ընտրություններ տեղի ունենան, ապա իրենց կուսակցությունն անպայման կմասնակցի: Հաշվի առնելով ժողովրդի ներկա տրամադրությունները՝ կուսակցության ղեկավարի կարծիքով, իրենք կփոխեն ընտրությունների մասնակցության ձևաչափը, և ձախ ուժերի ավելի մեծ և լայն՝ ընդլայնված դաշինքով հանդես կգան: Բայց, օրինակ, ՀՅԴ–ի հետ կոալիցիա կազմելու մասին չեն մտածում:

 «Ձախ ուժերը միայն Հայ հեղափոխական դաշնակցությունը չէ: Բացի այդ, մենք Դաշնակցության հետ համագործակցելու ավանդույթ չունենք: Ձախ ուժեր ասելով՝ հասկանում ենք նրանց, ովքեր ունեն նաև աշխարհընկալումային այնպիսի մոտեցումներ, ինչպիսին մենք ունենք: Եվ բոլոր այն կուսակցությունները, որոնք կլինեն այդ դաշտում, կարող են ակնկալել, որ կարող են մաս կազմել ձախ ուժերի դաշինքին»,– ասաց Վ. Սաֆարյանը:

ՀԱԿԿ–ն, ինչպես հայտնի է, սոցիալիստական գաղափարախոսություն կրող քաղաքական ուժ է և կարևորում է տնտեսության քաղաքականության մեջ պետության դերի բարձրացումը: Վ. Սաֆարյանի տեղեկացմամբ, Հայաստանում 20–ից ավելի նման գաղափարախոսություն ունեցող քաղաքական ուժ կա, որոնք կարող են միևնույն գաղափարի և դրոշի շուրջ համախմբվել: Եթե մինչև հիմա այդ ուժերը չեն համախմբվել, կուսակցության առաջնորդի կարծիքով, մեղավորը ներքաղաքական իրավիճակն  է եղել:

«Ստեղծված իրավիճակում, երբ ձայների 81%–ը ստանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, բոլոր կուսակցությունների ներկայացուցիչները սկսում են մտածել լայն կոնսոլիդացիա ձևավորելու մասին: Իրավիճակն է թելադրում գնալ այդ ճանապարհով»,– ասաց Վ. Սաֆարյանը:

Կուսակցության առաջնորդի կարծիքով, մինչև տարեվերջ արտահերթ խորհրդարանական ընտրություն անցկացնելը միայն գործող իշխանությանն է ձեռնտու, քանի որ ադմինիստրատիվ և ֆինանսական լծակներն իրենց ձեռքում են: Իսկ իրենց կուսակցության նման քաղաքական ուժերին մոտ վեց ամիս ժամանակ է պետք ընտրություններին պատշաճ պատրաստվելու, ուժերը կոնսոլիդացնելու և ժողովրդին ներկայանալու համար:

«Մեր պառլամենտը պետք է դասական պառլամենտների նման լինի: Այնտեղ պետք է ձախ և աջ ուժեր լինեն, նրանց մեջ պետք է գաղափարական պայքար լինի: Սակայն, ինչպես տեսնում ենք, այսօրվա պառլամենտում գաղափարական պայքարին պատրաստ կուսակցություններ չկան, քանի որ բոլորն էլ միևնույն՝ լիբերալ գաղափարախոսություն ունեցող կուսակցություններն են: Այդ է պատճառը, որ մեր պառլամենտը միատարր ու միագույն է: Մինչդեռ դասական իմաստով, բնակչության աղքատության 30 %–ից ավելի ցուցանիշ ունենալու պարագայում չէր կարող նման արդյունք լինել: Բայց այդ մարդիկ գնում և ընտրում են լիբերալներին: Դասական քաղաքականություն ունեցող երկրներում այդպես չի լինում»,– ասաց  Վ. Սաֆարյանը:

 Քաղաքական գործչի կարծիքով, դա ոչ թե ձախ ուժերի թուլության, այլ երկար տարիների ընտրակեղծիքների հետևանք է: Այն թույլ չի տվել, որ ժողովուրդը կարողանա իր կամքն ազատ արտահայտել: Խոսելով վերջին ընտրությունների ժամանակ գրանցված արդյունքների և ազատ կամարտահայտության հնարավորությունների մասին՝ Վ.Սաֆարյանն ասաց, որ արձանագրված արդյունքները էյֆորիայի հետևանք են, որից պետք է հասարակությունը փորձի մի փոքր սթափվել:

«Առաջիկա խորհրդարանական ընտրություններից առաջ ժողովուրդը պետք է հասկանա, որ եթե միատարր և միագույն պառլամենտ ունենա, ապա այն չի կարող երկրի զարգացման և առաջընթացի համար արդյունավետ գործել: Մեր սպասելիքն առաջիկա ընտրություններից այն է, որ կարողանանք հակակշիռների ինստիտուտ ձևավորել: Ե՛վ կառավարությունում, և՛ պառլամենտում լիբերալից բացի պետք է նաև այլ գաղափարախոսություն ունեցող ուժեր լինեն, որպեսզի կարողանան ոչ միայն իրենց քաղաքական մոտեցումները ներկայացնել, այլև տնտեսական քաղաքականությունը: Այլապես մենք կհայտնվենք այնպիսի իրավիճակում, որը չի կարողանա երկրի համար առաջընթաց ապահովել»,– ասաց Վ.Սաֆարյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ավելի բացահայտվեց ՀՀԿ-ի, ՀՅԴ-ն և Ծառուկյան դաշինքի հակաժողովրդական էությունը:
Հոկտեմբերի 2-ին, երբ ժողովուրդը սգում էր Շառլ Ազնավուրի մահը, խորհրդարանի երեք կուսակցությունները ՀՀԿ-ն, Ծառուկյան դաշինքը և ՀՅԴ-ը ամենահարմար պահը նկատեցին` նախորոք իրար հետ համաձայնեցված ու պատրաստած մի օրինագիծ հաստատել խորհրդարանում, որի նպատակն էր դեմն առնել ու թույլ չտալ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անց կացնել Հայաստանում: Ո՞րոնք են նրանց դրդապատճառը այդ գործողության համար, հետևյալ գործոնները կարելի է նշել այդ ուղղությամբ՝
1-Երևանի քաղաքապետարանի կամ ավագանու ընտրությունները ցույց տեվցին, որ նրանց իրական ձայները ամբողջովին վերցրած՝ չի անցնելու 20 տոկոսի շեմը (ՀՅԴ՝ 1.62, Ծ.Դ. 6 և ՀՀԿ-ն էլ մեծ հավանականությամբ 3-4 տոկոսից ավել ձայն չեր բերելու, այդ իսկ պատճառով չմասնակցեցեին ընտորթւոյւններին): Նրանք գիտակցեցին, որ հեղինակազրկվել են ժողովրդի կողմից ու խորհրդարանում ներկայիս մանդատները պահպանելու նպատակաով, գնացին այդ հակաժողովրդական քայլին:
2-Այդ երեք կուսակցությունները միասնաբար են մասնակցել ժողովրդի թալանի գործին ու կոռուպցիայի առաջին շարքերում են եղել և վախենում են, որ աստիճանաբար կբացահայտվեն նրանց կեղտոտ գործերը: Մտածում են խորհրդարանը իրենց ձեռքում պահելով կարող են հետաձգել կամ կանխել այդ բացահայտումները:
3-Այդ երեք կուսակցությունները վախենում են խորհրդարանում չընտրվելուց կամ էլ շատ ցածր ձայներ հավաքելուց: Ուստի բավարարվում են հենց ունեցածով ու ամեն հակաժողովրդական քայլի գնալով ուզում են պահել ներկայիս կարգավիճակը:
Հայաստանի ձախերը ձգտում են քաղաքական ու տնտեսական արդարությանը, այդ նպատակին հասնելու համար, անցումային փուլում, Նիկոլ Փաշնյանի իշխանությունը համեմատաբար ավելի լավ հաարթակ կարող է պատրաստել և ավելի բարվոք կյանքի մակարդակ  կարղ է ստեղծել, քան թէ նախորդ իշխանությունները: Այդ իսկ պատճառով ամեն կերպ պետք է պայքարել այդ երեք կուսակցությունների հակաժողովրդական քաղաքականության դեմ ու բացահայտել նրանց իսկական շահագործական դեմքը, որը վերոհիշյալ արարքով ավելի բացահայտվեցին ու ավելի պատռվեց ժողովրդի մոտ:


Դոկտ. Ռուբիկ Սարդարյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր աշխատակազմին հրահանգել է պատրաստել ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն ներկայացնող նախարարներին աշխատանքից ազատելու մասին որոշում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Բաղրամյան պողոտայում հանրահավաքի ընթացքում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տեղում ստորագրելով այդ կուսակցությունները ներկայացնող նախարարների և մարզպետների աշխատանքից ազատման որոշումները:

«Այսօր մենք պետք է խոսենք Հայաստանում ստեղծված նոր քաղաքական իրավիճակի և դրա լուծումների մասին: Երեկ և այսօր, հապճեպ կերպով ՀՀԿ-ական Ծառուկյան դաշինք և ՀՅԴ պատգամավորների կողմից ներկայացվել է մի խայտառակ օրինագիծ, որի նպատակը շատ կոնկրետ Հայաստանում հակահեղափոխություն իրականացնելն է, այսինքն, արտահերթ խորհրդարանական ընտրությունների ճանապարհը փակելը: Եվ, այո, այդ նախագծի ընդունումը դավադրություն է Հայաստանի բարձրագույն իշխանության, այսինքն` հայ ժողովրդի նկատմամբ: Եվ ես, այդ որոշման մասին իմանալով, իմ աշխատակազմին հրահանգել եմ պատրաստել ստորագրման որոշում ՀՅԴ-ն ու «Ծառուկյան» դաշինքը ներկայացնող նախարարներին աշխատանքից ազատելու մասին: ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն ներկայացնող նախարարներն ու մարզպետներն աշխատանքից ազատվելու են: Եվ նրանք, ըստ էության, այս պահից համարվում են ազատված»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

 

 

Բաժին՝ Հայաստանում
Երեքշաբթի, 02 Հոկտեմբերի 2018 19:13

Բաց նամակ հասարակությանը

Տրամաբանությունների զարմանալի հակասություններ. ժողովրդի վարչապետը պատասխան է պահանջում երկրորդ նախագահից երկիրը թալանելու և մարտիմեկյան դեպքերի համար, իսկ երբեմնի “միակ հայ տղամարդը” հակադրվում է հարցադրմանը, թե “նոր բռնապետ ենք ստացել` դասական բոլշևիկ, Նիկոլը բոլշևիզմ է անում”:

Պարո´ն Քոչարյան բոլշևիզմը ինչո՞ւ եք կապում ձեր մարտիմեկյան խարդավանքների, երկիրը թալանելու և պատասխանատվությունից խուսափելու հետ:

Պարզապես այսօրվա Նիկոլ փաշինյանի կերպարում մարմնավորված է հայ ժողովրդի անսահման ատելությունը միմյանց հաջորդած երեք նախագահների նկատմամբ` անկախության 27 տարիներին կուտակված աղքատության, թշվառության, արտագաղթի և երկրի ընդերքի շարունակական թալանի պատճառով, Նիկոլին դասեցին ազգային հերոս:

Պարո´ն վարչապետ, պարզապես Ձեզ պակասում է պետականատեր, պետականամետ գաղափարներով զինված մեր ժամանակի նոր Գ. Աթարբեկյան, որ մաքրեք հետխորհրդային տարիներին Հայաստանում ձևավորված այդ “Ավգյան ախոռները”, ինչպես դիցաբանության հերոսը մաքրեց Ալպիոս և Պինոս գետերի հունը փոխելով, և օրակարգի հարց դարձնել թալանչի նախագահներին համաժողովրդական դատին ներկայացնելու խնդիրը:

Պարո´ն ժողովրդի վարչապետ անիծվե´ս, եթե ժողովրդի կամքը չկատարես: Դա նաև իմ բոլշևիկյան ցանկությունն է:

Դաժա~ն է ժամանակը…հնարավորություն չի տալիս անհատին սրբագրելու նախկինում գործած սխալները:

 

Գեղամ Գալստյան

Հայ կոմունիստ

Այսօրվա ձախ ուժերը այն համոզմունքին են, որ անհրաժեշտ են լուրջ ծրագրեր, որոնք պետք է ուշադրության կենտրոնում լինեն: Կա նաև մի տեսակ աշխատանքի բաժանում ձախերի միջև, օրինակ մի մասը կենտրոնանում են Մարքսի կապիտալի վերակառուցման վրա, մյուս մասին հետաքրքրում են անցյալի քննարկումն ու քննադատությունները, մի մասն էլ աշխատում է կուսակցության իմաստի վրա, մի մասն էլ զբաղված է դասակարգի ու դրա հետ կապված հարցերի ուսումնասիրությամբ: Այսինքն ձախերը ամբողջ աշխարհում զբաղված են տեսական և գործնական աշխատանքներով:
Նոր մարքսիստների մի մասը քննադատում է ներկայացուցչական դեմոկրատիան և տարված չեն այդ տեսակ կապիտալիստական դեմոկրատիայով և այնպես չեն մտածում, որ Սովետական Միության փլուզումից հետո պետք է խոնհարվել ու հրապուրվել կապիտալիստական համակարգով կամ դրա դեմոկրատիայով, իսկ այդ տեսակ կապիտալիստական դեմոկրատիայի փոխարեն առաջարկվում է համագործակցային (Collaborative), ուղիղ դեմոկրատիա, խորհրդային ու այլ տարբեր տեսակներ, նույնիսկ համախառն խորհրդարանական կամ ներկայացուցչական դեմոկրատիայի մոդելի հետ: Այս տեսակ դեմոկրատիաները իսկական դեմոկրատիա են լինելու և ոչ կապիատալիստական համակարգի ձևական կամ ֆորմալ դեմոկրատիա, որտեղ խորհրդարանի միջոցով չես կարող մասնակից լինել քո ճակատագրի որոշման մեջ, իհարկե սա չի նշանակում, որ մենք մերժում ենք արևմտյան դեմոկրատիան կամ կարծում ենք, որ շատ հետամնաց մոդել է: Մենք այն համոզմունքին ենք, որ հնարավոր է դեմոկրատիայի ավելի զարգացած մոդելներ ունենալ և սա այն խնդիրներից է, որ ձախերը դրա վրա աշխատում են: Չինաստանում և Ռուսաստանում այդ տեսակ սոցիալիզմի առաջացումը և փլուզումը մեծ հարված էր ձախ հոսանքին, այստեղ կարևոր մի հարց է առաջանում դա այն է, որ ինչո՞ւ այդ երկրներում, որ սոցիալիստական հեղափոխություն առաջացավ չունեցանք լուրջ դեմոկրատիա ու մեծ մասշտաբով մասսաների մասնակցություն քաղաքական բնագավառում: Սա մի տեսական պրոբլեմ է, որով զբաղվում են մի խումբ ձախ հոսանքներ: Այսինքն մի տեսակ դեմոկրատիա պիտի առաջացնել, որտեղ և տնտեսությունը կդեմոկրատացվի և կլինի քաղաքացիական հասարակարգ և քաղաքական ազատություններ ամենաբարձր մակարդակով: Այդ նոր դեմոկրատիաներում պետությունը նաև պետք է ամենալավ ձևով հսկողության տակ լինի:
Բանվորական կամ աշխատավորական դասակարգի մասին էլ տարբեր կարծիքներ գոյություն ունեն, որոշները այն կարծիքին են, որ բանվոր դասակարգը անցյալի նման գոյություն չունի և աշխատում են բանվոր դասակարգին այնպես սահմանել, որոնք բնորոշ են նոր կապիտալիստական հասրակարգին: Այսինքն բանվոր դասակարգը բաժանվում է տարբեր շերտերի, օրինակ՝
1-Այն բանվորները, որոնք բարձր գիտության մակարդակ ունեն,
2-Բանվորներ, որոնք ունեն բարոյական և զգացմունքային հմտություններ,
3-Բանվորներ, որոնք լեզվական հմտություններ ունեն և այլն:
Նրանք առաջվա նման չեն հավատում բանվոր դասակարգի դերակատարությանը, իսկ ձախ հոսանքների մեծ մասն այն հավատքին է, որ դեռ բանվոր դասակարգը հասարակության կենտրոնում է և աշխարհը փոխելու պոտենցիալ ուժ ունի և կարող է հիմնական դերակատարությունն ունենալ: Սակայն սա չի նշանակում, որ եթե բանվոր դասակարգը այդ պոտենցիալ ուժը ունի, դա իրականանալու կամ գործադրվելու է: Հնարավոր է նրանք իրենց շահերի մասին շատ տեղեկացված կամ այդ գիտակցությունը չուեննան կամ տարված լինեն կրոնական կամ նացիոլիստական գաղափարախոսություններով ու չկարողանան շարժվել ըստ իրենց դասակարգին բնորոշ տնտեսական շահերից: Ամենայն դեպս շատերը հավատացած են, որ նրանք կազմում են մեծ մասամբ հասարակությունների մեծամասնությունը: Բանվոր դասակարգին կարելի է բաժանել նաև երեք շերտերի կամ խավի՝
1-Վերին շերտ,
2-Միջին շերտ
3-Ստորին շերտ:
Այս շերտերից յուրաքանչյուրն ունի իրեն բնորոշ հատկությունները: Այս երեք շերտերը յուրաքանչյուր հասարակությունում նաև տարբերվում են և ունեն իրենց յուրահատկությունները: Այս շերտերին հնարավոր է անդրադառնալ առանձին թեմայով:

Ռուբիկ Սարդարյան
Սեպտեմբեր 2018

Բաժին՝ Անցուդարձ
Էջ 3, 4-ից

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: