Արխիվ Դեկտեմբերի 2019 - ՍՈՑԻԱԼԻԶՄ.am

Ֆրանսիայում այսօր մեկնարկած համընդհանուր գործադուլը խոշորագույնն է 1995 թվականից ի վեր, պնդում են արհմիությունները:

Առավոտվանից փակ են Փարիզի մետրոյի կայարանների մեծ մասը, կաթվածահար վիճակում է գտնվում երկաթուղիների ցանցը, չեն աշխատում ուսումնական հաստատությունները: Մարսելում և Թուլուզում ամբողջությամբ դադարեցվել են երկաթուղային փոխադրումները քաղաքների կենտրոնական թաղամասերի և արվարձանների միջև, արագընթաց TGV գնացքների աշխատանքը ապահովվում է 10 տոկոսով:

Գործադուլի մասնակիցները բողոքում են Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի առաջարկած կենսաթոշակային բարեփոխումների ծրագրի դեմ: Ֆրանսիայի կառավարությունը պատրաստվում է չեղարկել մասնագիտական ավելի քան չորս տասնյակ խմբերի համար տարիներ առաջ ներդրված արտոնությունները, որոնք թույլ էին տալիս Ֆրանսիայի բնակչության մի զգալի մասին ավելի վաղ դադարեցնել աշխատանքային գործունեությունը` անհամեմատ ավելի մեծ կենսաթոշակ ստանալով:

Այս քայլն, ըստ Մակրոնի, պետք է կրճատի կենսաթոշակային համակարգի ֆինանսավորման ընթացքում նկատվող դեֆիցիտը, որի ծավալն, ըստ կառավարության ներկայացուցիչների, մոտ ապագայում կարող է աճել` հասնելով մի քանի միլիարդ եվրոյի:

 

Աղբյուր՝ azatutyun.am

Բաժին՝ Աշխարհում

Արձագանքելով նախօրեին ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի պատասխանին՝ «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի ղեկավար Լարիսա Մինասյանը հայտարարել է. «Սուտը մնում է իր (Ա.Վանեցյանի) գործիքակազմի գլխավոր գործիքը, որովհետև ասել, թե հիմնադրամից ինչ-որ քարոզ է կատարվել, մի բան, որն իրականության հետ զրո համատեղելիություն ունի, սուտ է, իսկ դա իր գործիքն է»։ Այս կապակցությամբ մենք դիմեցինք Արթուր Վանեցյանին՝ մեկնաբանության խնդրանքով, ինչին ի պատասխան վերջինս մատնացույց արեց որոշ աղբյուրներ, որտեղ առկա են հարյուրավոր նյութեր, որոնք ուսումնասիրելու պարագայում ակնհայտ կդառնա, թե ով է իրականում ստախոսը։ 

Մասնավորապես, մենք ուսումնասիրեցինք «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի դրամաշնորհների ցանկը, այդ ցանկում ներգրավված կազմակերպությունների գործունեության արդյունքները, որոնք հասկանալի են դարձնում այն մտահոգությունները, որոնք արտահայտել է Արթուր Վանեցյանը։ Այդ բաց աղբյուրներում մենք ուշագրավ մանրամասներ հայտնաբերեցինք։
Օրինակ, ինչպես տեղեկանում ենք «ԲՀԻ-Հայաստանի» պաշտոնական կայքից, ի թիվս այլ կազմակերպությունների, 2017 թվականի նոյեմբերի 28-ին 55 000 դոլար արժողությամբ դրամաշնորհ է տրամադրվել «Կանանց ռեսուրսային կենտրոն» կազմակերպությանը։ Ֆինանսավորման նպատակն, ըստ աղբյուրի, հետևյալն է. «Նախագիծն ուղղված է Հայաստանի հանրակրթական դպրոցներում սեռական դաստիարակության բարելավմանը՝ պատանիների ծնողներին դասավանդելու ու դպրոցներում առավել լավ սեռական կրթությանն ուղղված նրանց ջանքերին օժանդակելու միջոցով։ Դասավանդումը կընդլայնի սեռական և վերարտադրողական ծնողների գիտելիքները իրավունքների մասին և կցուցանի գենդերային ասպեկտով սեռական կրթության թեմայով հաղորդակցման եղանակները։ Ծնողների դասավանդման այս երկրորդ փուլը կկենտրոնանա Երևանի և Գեղարքունիքի ու Կոտայքի մարզերի ծնողների վրա և փոխադարձ ուսումնառության նպատակով կներգրավի առաջին փուլում դասավանդված ծնողներին»։ 
Դեռ մի կողմ թողնենք, թե ինչ «գենդերային ասպեկտով սեռական կրթության» մասին է խոսքը, ինչու պետք է այն դասավանդվի հանրակրթական դպրոցներում ու դպրոցականների ծնողներին։ Ի վերջո պարզ չէ, թե կոնկրետ ինչ է դասավանդվել, որոնք են եղել չափորոշիչները, ում կողմից են դրանք սահմանվել և հաստատվել։ Խնդիրն այն է, որ «Կանանց ռեսուրսների կենտրոնը» Սորոսի հիմնադրամից այս դրամաշնորհը ստանալուց մեկ ամիս չանցած՝ 2017 թվականի դեկտեմբերի 21-ին, «Հայ արտ մշակութային ցուցասրահ Կենտրոն»-ում կազմակերպել է «Ան.կոչ.նակ» խորագրով ցուցահանդես:

Այդ միջոցառման ֆեյսբուքյան էջում զետեղված տեղեկատվության համաձայն՝ «Ան.կոչ.նակ (ankoch-kochnak)»-ը ստեղծարար ֆեմինիստ անհատների և նախաձեռնությունների կողմից իրականացված աշխատանքների հանդիսություն է: Այն ուղղված է Հայաստանում ֆեմինիստական պրակտիկաների և ֆեմինիստական արժեքների ձևավորմանը: Ցուցահանդեսում ներկայացված են լուսանկարչության, փողոցային արվեստի գործեր, ֆիլմեր, տպագիր նյութեր, տեքստերի վերամշակումներ, ձեռագործ աշխատանքներ»: 

 Թե կոնկրետ ինչ ֆիլմեր ու արվեստի այլ գործեր են ցուցադրվել, կիմանան ցուցահանդեսն այցելածները։ Մենք ցուցահանդեսի վերաբերյալ ֆեյսբուքում զետեղված լուսանկարներից կարող ենք ընդամենը ասել, թե ինչ արժեքներ ու գաղափարներ են քարոզվել։ Օրինակ, ցուցահանդեսում եղել են այսպիսի լոզունգներ. «Իմ մարմին, իմ որոշում, իմ իրավունք-սեքսիստ աչքից հեռու», «Հեշտոցի հեղափոխությունը սկսելա՛», «Իմ հեշտոցը՝ իմ կանոնները», «Հայրիշխանությունդ տանձիս Չի՛», «Իմ հերոսն է Զապել Եսայանը», «Ազատ, Անկախ Ֆեմինիստ» և այլն: 

Վերը նշված ֆեմինիստական կարգախոսներից բացի ցուցահանդեսը, ենթադրաբար նաև՝ կազմակերպիչներն ու ֆինանսավորողները, շեշտադրում են արել նաև ծայրահեղ պացիֆիստական գաղափարների վրա։ Օրինակ՝ «Ես չեմ ամուսնացել պետության բանակի հետ», «Իմ արգանդը գործարք չէ քո ռազմական բիզնեսի հետ», «Ոչ պատերազմի բիզնեսին», «Իմ մարմինը չի ենթարկվում քո կոմերցիոն ստանդարտներին» և այլն: 

Անշուշտ, Լարիսա Մինասյանը կարող է պնդել, որ իրենց հիմնադրամը «կանանց ռեսուրսային կենտրոնին» ֆինանսավորել է, ու ֆինանսավորել է միայն ֆեմինիստական, այլ ոչ պացիֆիստական բովանդակությունը (ճիշտ այնպես, ինչպես պետությունը ֆինանսավորել էր «Մելի» մասին ֆիլմի մարզական, այլ ոչ գենդերային հատվածը), բայց ոզնու համար էլ պարզ է՝ ինչն ինչոց է. Սորոսի հիմնադրամից սնվող կառույցը զբաղվել է կոնկրետ կարգախոսներով, կոնկրետ քարոզչությամբ։ 
Մեր ուսումնասիրություններից հետո կրկին մեկնաբանություն խնդրեցինք Արթուր Վանեցյանից։ Վերջինս նշեց. «Ինքներդ դատողություն արեք՝ փաստացի պատերազմող երկրում ֆիզիկական բնաջնջման դեմ ուղղված պայքարը ռազմական բիզնես անվանելն ու հայ մորը բանակին որդի պարգևելուց հրաժարվելու կոչ անելը վտանգավո՞ր է, թե՞ ոչ»։ 

ՀԳ. Հատկանշական է, որ «Կանանց ռեսուրսային կենտրոն» կազմակերպության ղեկավարը Լարա Ահարոնյանն է, ով նաև իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ։

Աղբյուր՝ hraparak.am

Աշնան արևը գունագեղ լուսանկարչությամբ՝ հավերժացնում էր դաշտերի և այգիների ծաղկավոր շրջազգեստները, ձորակների ու բլրակների տաբատի գրպանից թափվող աշնան էջանշան տերևաթափը, արտերի աշնանացանը, հանդերի “բոստանփուզին” :
Ողջո՜ւյն հողի աշխատավորին, ողջո՜ւյն…
-Բարև, բարև, կարմիր արև,- ասացին գյուղացիները:
Արևի շողերը ներթափանցեցին անպատուհան այն սենյակը, որի պատից կախված էր Լենինի ժպտացող դիմանկարը: Նկարն իր ուղեծրի հետևում ուներ յոթանասունամյա սոցիալիզմի վառ ու պայծառ կոմունիզմի աստղը: Հիրավի, երբ փակում ենք սոցիալիզմի աչքերը, ներկան դառնում է աճպարարություն: Մարգարեական գրության մեծ ծրագիր կոչեմ, թե ընկեր Լենին, կամ թե Մարքսիզմ կամ կոմունիզմի փաստերի վերելակային զրույց, համոզված եղեք, որ դա է կյանքի կարմիր գիծը, աշխարհի ու մարդկության բոլոր գույների միությունը: Չի կարող լինել կյանքի իմաստի ավելի նուրբ շերտեր, ինչը որոշիչ էր սոցիալիզմում: Նա բերեց գաղափարների ջերմ ու կենսունակ մասուն՝ խորհրդային պատմության մեր զգացմունքներին և հեղինակավորը դարձավ կրկնօրինակման բոլոր դպրոցներից:
Մի կորցրեք սոցիալիզմի խարիսխը աշխարհի հետ, ոչ էլ տակտը, և ոչ էլ սղոցեք նրա ոտքերը: Հաղորդություն տալով սոցիալիզմի մասին՝ եկեք իմաստները չցրենք...
Պարզից էլ պարզ է, թե ինչ են ուզում "սոցիալականից" արտաբերել ներկայիս իշխանության լոգոպեդները, միմիայն ծրագրերի ճրագալույս, կուսակցությունների ռասիզմ, թաղանթապատ ծրագրեր՝ ոչնչի և չնչինի միջև: Ինչպե՞ս կարելի է չհիշել սոցիալիզմի գաղափարախոսության համեմունքները, պատասխանների անսպառ բանկը:
Կան գաղափարական մկաններ, որոնք պետք է մարզել, հակառակ դեպքում մերօրյա խնդիրների ուրվագծերն ու կորագծերը, նախագծերի խախուտ միջնագծում կվերջանան ու խցանված կանգ կառնեն և այն էլ ավա՜ղ, կոմունիզմի դիմապակու հայելու դիմաց:
Այսօր կոմունիստներն ունեն այն կանխազգացումն, որ պետք է հաճախ հետ նայել... Գուցե սոցիալիզմի ոգին կհուշի՝ որտեղ են աճում օդային արմատները և որ այն պետք է տնկել հողում ու կարմիր ժապավենով պիրկ կապելով՝ պատվաստել վերստին: Կարմիր ուղեգորգի վրայով տես քայլում են բոլոր ժամանակների առաջատարները... տես նորերը եկան, գալիս են... լուսանկարիչներ պատրաստ եղեք:
- Այս կարմիր գլխարկը քեզ շատ է սազում:
- Հետ նայիր ու տես:
Գյուղ մեկնող ավտոբուսի պատուհանից հորիզոնը կարմիր էր, ասես վառելափայտ գեղեցկություն: Մոռացության այս խարույկի կրակը բոցավառվելու մղումով, գյուղ հասնելուն պես՝ այցելեցի մեր հարևան Սեփիկ պապին:
Հոկտեմբերիկի նման պայծառացավ դեմքը, երբ տեսավ ինձ.
- Բարև Նան ջան, ո՞նց ես,
- Լավ եմ Սեփիկ պապ, դու ասա, առողջությունդ լա՞վ է,
- Բալիս ասեմ, էս քանի օրը լավ չեղա, բայց դզվի, գիդաս խի՞, որովհետև հին քոք եմ, ինձ բան չի լինի, չէ նոր սերնդի նման, հենց մի բան չեղած <տիզիվավա> են...
Ձեր սերնդի բախտը բերել է Սեփիկ պապ, դուք կոմունիզմի ծիածանով անցաք, իսկ մեր սերունդը մժի միջով: Մինչև հիմա էլ մառախուղի ժամանակ արևի ակնոց եք դնում, որ արև դուրս գա, բայց սև ամպերը գալիս ծածկում են: Մեկ-մեկ արև է լինում, բայց շատ քիչ է տևում:
- Բա դրանց կախարդական փայտիկը ու՞ր են մտցրել, թող հանեն սև ամպերին ցրեն:
- Խի՞, բրդի հասարակ ճիպոտով ուզում են դմակավորի բուրդը չփխեն, հետո տան սուտլիկ որսկաններին, թե տարեք ծախեք Կեկելի ու Փեփելի վրա ու "Անբան Հուռի " հիմնադրամին էլ ասեք, թող գործ անեն, Ձախորդ Փանոսի կացինը գտել ենք... էտ ո՞նց...
- Նան ջան, ամեն տեղ անբան երազողներ կան, դրանք էլ իրենց հերթին Փանոսի կացնից կօգտվեն, կեթան շամբուտից մի ղամիշ կկտրեն ու անկախության ջահով էնքան ջրի մեջ աջ ու ձախ կանեն, կանեն, մինչև, որ Ամուլ սարի մի ոսկու կտոր կգտնեն, դրանով էլ իրենց "սթրեսի" վարկը կմարեն: Էն ճանճ մորքուրն էլ ուրախությունից կնկնի թանի մեջ ու կերգի՝ <էն գորտերի կռկռոցին ես մատաղ>, բա աչոն ջան:
- Սեփիկ պապ, գիտե՞ս, որ թոշակների ու աշխատավարձերի 10% բարձրացումները շարունակական է լինելու, թռիչքաձև:
-Նախ Նան ջան, թող տաս տոկոսը դնեն իրենց քամակի ջեբը, դա քամակ ծածկելու փող է, ուղիղ մի թիզ: Իծամորուքները իրենց աշխատավարձի միլիոնով առաջն ու դեմն են ծածկում, իսկ հասարակ ժողովրդին էլ համոզում են, թե եկեք մասնակցեք "ով է ուզում դառնալ միլիոնատեր" խաղին՝ գուշակիր, թե կարող ես: Ջահելները երևում է լավ են սերտել "Արջն ու գյուղացին" ոտանավորը, դրա համար կրկնում են...
- Ինձ արմատն ու հողունը,
- Քեզ տերևն ու ցողունը:
- Բալա ջան, դու ասա, տաս տոկոսով ով ո՞մ կարա բարև տա, բարև առնի մարդավարի, մի գլուխ սեր ու համերաշխություն են քարոզում, բայց որ մի աղջիկ ու մի տղուն են հավատում "Անահիտն ու Վաչագանը" հեքիաթին, որ մնաց սիրահարին՝ հեղինակին... գնա՜ց զանգակ-բամբակ ասվածը: Նան ջան, լավ բաներ շատ կան, բայց թանկ ու կրակ, դրանցից մենակ հարուստները կարան օգտվեն, իսկ մենք՝ ինչպես միշտ, "հավատարիմ չօգտվող" երկրորդ սորտ, հմի դու ասա, աչոն ջան, դա չեղավ դասակարգային աևտուր: Սենց որ գնաց, իրոք ժողովուրդը բաժանվելու է երկու մասի՝ մոմպասների ու շոկոլադապատների :
- Հրեն Ազգային Ժողովի ամբիոնը դարձրել են նորից խմորի դաշտ: Մի դրբի հարցեր են մաղմ, շաղախմ, հունցմ ու գնդմ, հետո տաք գլխով թխած գնդերը շպրտում են իրար վրա, թե հարցերը վառած են, նորից պետք է գնդել ու գրտնակել:
Թեժաթուխները չեն իմանում, որ գյուղացին իր ալյուրի մեշոկը ցախերի վրա կգցի, երեք մատերը կծալի ու մատնաքաշ ցույց կտա խմորչուն: Փշո-փշո անելով՝ սրանք էլ ուզում են օրենքի երկիր դարձնեն Հայաստանը, բայց պլոճիկն են դեռ փոխում, ոչ թե սիրտը, իսկ անսրտի առաջ ինչքան ուզում ես դուխով եղիր, պոչքեքի աչքը լույս: Նան ջան, էս ժողովուրդը մեղք է, հերիքա ատամները քաշեն, չնայած ատամ չի մնացել, լինդն է երևում: Հատուկենտ իմաստության մի քանի ատամ են թողել, որ դա էլ հանկարծ քաշեցին, կդառնանք դրանց փիլիսոփայության պռոտեզի թեզը: Խեղճ գյուղացին էլ կհավատա՞ կախարդական փայտին, որ մի հատ էլ իր ձեռնափայտով չայը խառնի ու խմի: Էս ալևոր բիձեն ցնդում է Նան ջան, հետ նայի ու տես...
Հետ նայեցի, աշխարհը հետ ու առաջ էր անում, որ մի բան գտնի, իսկ մենք կարծես անիմաստ քայլում ենք, գուցե գտնելու էլ բան չունենք կամ թե վարժված ենք կորցնելուն ...

Նաիրա Հայրապետյան
Լրագրող, մշակութաբան
Նոյեմբեր 2019թ.

 

Օրերից մի օր անցյալում, պահպանողական բանկատերերը՝ Միրիամին ու նրա նմաններին այն դեպքում էին վարկ տրամադրում, երբ վստահ էին լինում և գիտեին, որ իր վարկը տրամաբանական ձևով՝ որպես կապիտալ կներդնի և հետո կկարողանա վերադարձնել: Ուրիշ խոսքով, բանկատերերը զգայուն էին՝ տեսնելու, որ նրանք ժամանակացույցը չխախտեն, այսինքն, երբ ապագայում, տարբեր Միրիամներ կարողանան բավարար շահույթ ձեռք բերած լինեն, որպեսզի, այն ինչ հետագայում են վերցրել՝ վերադարձնեն: Այդուհանդերձ բանկատիրությունը 1920թ. կամ այդ ժամանակներում խախտումների ենթարկվեց: 

Երկու բան փոխվեց: Առաջինը այն, որ ճիշտ տնտեսական արդյունաբերական հեղափոխությունից հետո շուկայական հասարակությունները լավ աճ գրանցեցին և արդյունքում այս տնտեսություններին էներգիա հասցնելու անհրաժեշտ պարտքը շատացավ: Երկրորդ կետն այն էր, որ բանկատերերը որոշ ճանապարհներ գտան, որ եթե իրավիճակը վատանա, իրենք կապ չունենան այդ վիճակի հետ: Օրինակ, երբ Միրիամին վարկ էին տրամադրում, հետո վարկը բաժանում էին փոքր մասերի ու տարբեր մարդկանց էին վաճառում: Հինգ հազար կապիտալ ներդնող, որոնցից յուրաքանչյուրը 100 ֆունտ պարտք էր տալիս, յուրաքանչյուրը Միրամի վարկից մի բաժնետոմս էր ունենում: Հարց է առաջանում, ինչո՞ւ մարդը պետք է ուզենա նման բաժնետոմսերում կապիտալ ներդնի: Որովհետև այն շահույթը, որ այս բաժնատերերը բանկից ստանում էին, ավելի շատ էր այն շահույթից, որ կարող էին 100 ֆունտ ավանդ դնելով բանկում ստանային (Իհարկե դեռ նրանց շահույթը ավելի պակաս էր այն շահույթից, որ Միրիամը պետք է մուծեր): Այսպիսով, բանկատերը անմիջապես 500000 ֆունտ ձեռք էր բերում և նույնպես սպասում էր, որ երբ Միրիամը վարկը վերադարձնի, օգուտ ստանա: Եվ եթե Միրիամը սնանկանար և իր պարտականություններից հրաժարվեր, այդ հինգ հազար հոգին կտուժեին:
Գիտեմ, թե ինչի մասին ես մտածում, պետք է այստեղ մի հարց լինի: Այո կա: Ինչքան բանկատերը ավելի շատ գումար հետագայում Միրամին փոխանցի, նրա շահույթը շատ կլինի և մյուս կապիտալ ներդրողներից փող ձեռք բերելու ծավալը ավելի կշատանա: Սակայն ինչքան բանկատերը ավելի շատ օգտվի իր ուժից, այսինքն ինչքան ավելի շատ օգնի ապագայից ավելի շատ արժեք տեղափոխի ներկան, մեծ հավանականությամբ բանկատերը կխախտի ժամանակացույցը:
Պատկերացնենք, որ Միրիամի բիզնեսը հաջող է, նա իր հեծանիվները արտադրում է, այն գործարանները, որ Միրիամի սարքավորումներն են արտադրում ավելի շատ բանվոր կվարձեն, այդ բանվորները հեծանիվ և ուրիշ բաներ են գնում, վերագործարքի ընթացքը շարունակվում է և շուկայական հասարակությունը առաջ է գնում: Սակայն ինչքան իրավիճակը կայուն է թվում՝ բանկատերերը ավելի շատ են շահագրգռվում օգտվել իրենց կախարդական ուժից և ազատորեն օգուտ քաղել: Եվ բացի այն, որ ուշադիր լինեն, ի վերջո նրանց հմայքը մտնում է սև մոգության մեջ, մի տեղ է հասնում, որ տված վարկերը այնքան են տարածվում, որ այլևս տնտեսությունը չի կարողանում քայլ վերցնել և առաջացած շահույթը չի բավարարում վարկերը վերադարձնելու համար:
Այդ կետում պատահում է այն, որ այն ապագան, որի վրա բոլորը հաշիվ էին բացել, երբեք ճանապարհից տեղ չի հասնում: Եվ երբ այն չափսի արժեքը, որը ապագայից էին պարտք վերցրել չկարողացավ առարկայական կամ նյութական դառնալ, տնտեսությունը փլուզվում է:
Ենթադրի, Միրիամին խանդավառությամբ բանկի կողմից տրված վարկի դեպքում, նրա պարտքը իր բիզնեսի համեմատ մեծ է, որը չի կարողանում վերադարձնել: Հետևաբար, երբ տեսնում է չի կարողանում պարտքը վերադարձնել, ստիպված է լինում արհեստանոցը փակել: Հետո պարզվում է, որ նա խափվել է բանկի միջոցով: Ենթադրի, որ Միրիամը մենակ չէ և շատ բիզնեսներ փակվեն և առաջանան մեծ քանակությամբ բանվոր գործազուրկների բանակ: Արդյունքում, այն խանութները, որտեղից այդ բանվորները այդ տեղերից առևտուր էին անում նաև վնասվում են: Ինչքան շատ խանութներ ու բիզնեսներ փակվեն, բանկերն էլ իրենց ավելի շատ ու շատ բռնկված կտեսնեն վարկերի մեջ, որ ընկերությունները՝ օրինակ Միրիամի ընկերությունը անկարող է վերադարձնել:
Բերանից բերան լուրեր են տարածվում, որ բանկերը գլխացավանքի մեջ են ընկել: Որոշ մարդիկ, որոնք իրենց գումարը քիչ շահույթի համար պահ են դրել բանկում, իրենց խնայած գումարը հանկարծ չկորցնելու վախից, բանկից պահանջում են, որ իրենց գումարը կանխիկ ձևով վերադարձնեն: Այս հարցի մասին լսելով, մյուս ներդրողները նույնպես նույն վախն են ունենում: Սակայն բանկը բավարար գումար չունի, որպեսզի բոլոր ներդրողների գումարները վերադարձնի, որովհետև բոլոր այդ գումարները գումարած այն վարկերի՝ օդի քամուց է վերցնվել ու որպես վարկ է տրամադրվել: Հենց որ բանկային գումարների վերջանալու լուրը այս կողմ ու այն կողմ տարածվում է, դեպի բանկեր վազքն (band run) է սկսվում: Մարդկանց երկար շարքեր է գոյանում բանկերի դիմաց, որոնք իրենց գումարներն են պահանջում, և բանկերի անճար ղեկավարները ստիպված են լինում փակել բանկերը: Այն մարդիկ, որոնք շատ մեծ գումարներ ունեն բանկում՝ հանկարծ իրենց առանց փող են զգում:
Հիշում ես, որ ասացի՝ պարտքը շուկայական հասարակության անբաժանելի մասն է: Որ ոչ մի շահույթ առանց պարտքի հնարավոր չէ: Եվ առանց շահույթի ոչ մի ավելցուկ չի առաջանա: Հիմա թող սա էլ ավելացնեմ՝ ճիշտ նույն ընթացքը, որ շահույթ և հարստություն է առաջացնում, հենց նույն ընթացքն է առաջացնում ճգնաժամեր ու տնտեսական փլուզումներ:
Տնտեսական փլուզումներից հետո վրա է հասնում լճացումը և անգործությունը: Բոլորը իրար պարտք են և ոչ ոք չի կարողանում իր պարտքը հետ վճարել: Ներդրողներին ասվում է, որ նրանց գումարները ձեռքից գնացել է և այն բանկում, ուր նրանք գումար են ներդրել՝ սնանկացել է: Նույնիսկ նրանք, ովքեր կանխիկ գումար են մի ապահով տեղ պահել՝ իրենց ծախսերը քչացնում են և վախենում են անհայտ ապագայից: Վերագործարկման ընթացքը, որի վրա է հենված տնտեսությունը, դեպի փլուզում է ընթանում: Շատ գործատուներ Միրիամի նման իրենց հաճախորդներին ձեռքից տալիս են, չեղյալ են հայտարարում սարքավորումների գնման պատվերները, ստիպված են դուրս հանել իրենց բանվորներին: Դուրս արված բանվորները այն գործատուներից, որոնց բիզնեսը դեռ լավ է, մի բան են գնում ու այսպիսով փակված ընկերությունները մոտենում են սնանկանալու: Գրասենյակներն ու գործարանները դադարեցնում են աշխատանքները: Շատ շուտով մեծ քանակությամբ բանվորներ, որոնք սիրում են աշխատել՝ անգործ են մնում, հենց նույն ձևով գործատուները, որոնք սիրում են այդ բանվորներին վարձել, վախենում են, որ եթե այդ բանվորները մի բան արտադրեն գնորդներ չեն ունենա:
Այդ ընթացքում, այն ընտանիքները, որոնք վարկերով են բնակարան գնել՝ չեն կարողանում վարկերը մուծել: Բանկերը ըստ իրենց պայմանագրի նրանց բնակարանները աճուրդի են հանում, որպեսզի միլիոնավոր ձեռքից տված փողի մի մասը հետ վերադարձնեն: Սակայն շատ բնակարաններվաճառքի են հանվել և մարդկանց մոտ փող չլինելու պատճառով շարվեշարան տխուր ձևով բնակարանները դատարկ են մնում և տան գները իջնում են:
Տարածված անկարողությունը պարտքերը վերադարձնելու համար, տարածված գործազրկություն և զայրույթ են առաջացնում վրեժ լուծելու Աստվածին (Nemesis) անպարտավան ու հպարտ բանկատերերի դիմաց: Այս ցավալի վրեժի լուծումը վրա է հասնում և ավելի շուտ աղքատների ու անմեղների վրա է ազդում:
Ո՞վ է կարող այս դառը, խելագար, ոլորաձև երևույթին վերջ տալ:

 

 

 

 

 

 

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: