Արխիվ Սեպտեմբերի 2018 - ՍՈՑԻԱԼԻԶՄ.am

Ձախերի մեջ կան տեսական տարբեր հարցեր ու առօրյա հարցերի մասին տարբեր կարծիքներ: Ի՞նչպիսի հարցերի վրա են կենտրոնացած ձախերը և որոնք են իրենց խնդիրները: Այն ձախը, որն ուզում է կապիտալիզմի դեմ պայքարել, ի՞նչպիսի հնարավորություններ և առիթներ ունի այս կապակցությամբ: Ո՞րոնք են հիմունքները, ստրատեգիանները և մոտեցումները դասակարգային պայքարի ու այլ հարցերի շուրջ: Ի՞նչպես հնարավոր կլինի աշխարհը փոխել, արդյո՞ք Մարքսի տեսակետները դեռ այժմեական են ու արժեք են ներկայացնում:
Եթե մարքսիստական ճամբարում դիտենք այս հարցը, պետք է ասել, որ տեսական մակարդակում մենք ականատես ենք մի տեսակ վերականգնման, վերադարձ դեպի Հեգելին ու Մարքսին, առանց որևէ միջնորդների, որոնք մինչև այժմ հանդիսացել են նրանց և տարբեր տեսակի մարքսիստների ու ձախերի միջև: Ռուսական տեսակի սոցիալիզմի փլուզումից հետո տեսաբանները աշխատում են, որ նորից դիմեն Մարքսին ու Հեգելին, որպեսզի կարողանան նրանց նորից լավ ճանաչել և տեսնել այն հասկացողությունը, որը ներկայցվել է նրանցից, հատկապես երկրորդ ինտերնացիոնալի և տարբեր կոմունիստական կուսակցությունների կողմից և բացահայտել, թէ խնդիրները կամ դժվարությունները որտեղ են եղել: Նոր Մարքսը, որը հայտնաբերվում է նաև նոր ձեռագրերի հիման վրա, ցույց են տալիս, որ մենք դեռ լավ չենք ճանաչել Մարքսին: Մարքսը ավելի քան 10000 էջ ձեռագիր ցեղագիտության կամ ազգագիտության մասին է գրել, որոնք ծանոթ չեն եղել շատերին: Հայաստանում էլ չեմ կարծում դրանց հետ ծանոթ լինեն: "Կապիտալ" գրքի ֆրանսիական թարգմանության վրա որոշ հավելվածներ կան և այլն: Կարող ենք եզրակացնել, որ մենք չենք կարող Մարքսին ճանաչել միայն կապիտալի ընթերցումով: Աշխարհի տարբեր վայրերում, տարբեր մարքսիստ տեսաբաններ աշխատում են, որ Մարքսից ժամանակակից մեկնաբանություններ ներկայացնեն և հավատում են, որ Մարքսն էլ իր ժամանակում հնարավոր է որոշ դժվարություններ կամ խնդիրներ է ունեցել, սակայն ամենալավ հիմքն է դրել կապիտալիզմը ճանաչելու ուղղությամբ: Ուրեմն մենք պետք է Մարքսի ձեռքբերումները վերակառուցենք: Այսինքն ունենանք նաև քննադատական հայացք և միայն նրա տեսակետների հաստատման ուղղին չընտրենք:
Վերակառուցումը բոլոր բնագավառներում է տեղի ունենում, այսինքն սոցիալիստ, կոմունիստ և մարքսիստական շատ մտածողներ կամ տեսաբաններ ամբողջ աշխարհում աշխատում են իրենց անցյալը տեսականորեն և գործնականորեն վերանայել: Գործնական վերանայումը վերաբերում է ավելի շուտ նոր հոսանքներին, որոնք վերանայում են անցյալի սոցիալիզմին Ռուսաստանում և Չինաստանում: Այս կապակցությամբ տարբեր գրքեր են հրատարկվել, հոդվածներ գրվել ու սեմինարներ կազմակերպվել: Արծածվել և ներկայացվել են նաև սոցիալիզմի տարբեր մոդելներ: Դրանցից են օրինակ շուկայական սոցիալիզմ, տնտեսության գործընկերություն (Partnership) սոցիալիզմ և այլն: Վերանայվում է նաև կուսակցության, հեղափոխության ֆենոմենները: Արդյո՞ք բանվոր դասակարգը այսօրվա աշխարհում այն վիճակում գտնվում է, որ կարողանա մի երկրի մասսաներին համախմբել և իր պատմական դերակատարությունը ունենա: Այսօր «Ժողովուրդ» բառը շատ սիրված է, որը հնարավոր է օգտագործել բանվոր դասակարգի կամ պրոլետարիատի փոխարեն: Նրանք, ովքեր չեն ժխտում բանվորներին, որպես դասակարգ, տարբեր սահմանումներ են ներկայացնում բանվոր դասակարգից: Մարքսիստներն էլ աշխատում են դասակարգը նոր ձևով սահմանել:
Ստեղծվել է մի նոր մեթոդաբանություն, որպեսզի կարողանան այդ մեթոդով վիճարկել կապիտալիստական հասարակությունը, որպես մի ընդհանրություն իր տարբեր շերտերով: Կատարվում է նաև անցյալի փորձառությունների ամփոփում: Ապագայի սոցիալիզմի տարբեր մոդելներ են ներկայացվել ու գրքեր գրվել, որտեղ հետաքրքիր բանավեճեր գոյություն ունեն նրանց միջև: Վեճեր են գնում ու վերլուծություններ կան նաև համաշխարհային կապիտալիզմի ու նրա ճգնաժամերի մասին: Հարց է առաջանում, թէ կապիտալիզմը դեպի ո՞ր կողմ է գնում: Ներկայիս վեճերի տարբերությունը անցյալի վեճերի հետ այն է, որ այսօր գոյություն ունի ավելի բարձր տեղեկատվություն և գիտակցություն: Օրինակ կապիատալիզմի տնտեսության նվաստեցումը շատ տարածված էր անցյալի մարքսիստների մոտ, կամ ենթակառուցվածքի և վերնաշենի մասին: Հիմա զգուշորեն են մոտենում նման հարցերին, աշխատում են կապիտալիստական հասրակությունը դիտել իր տարբեր շերտերով, ասում են, որ ունեցել ենք կապիտալիզմի տարբեր շրջաններ, կապիտալիզմի պատմությանը ավելի շատ մանրակրկիտ կամ ուշադրությամբ պետք է վերլուծել և ուսումնասիրել: Սեռի հարցը նաև շատ կարևոր է այսօր ու արծածված է, նախկինում քիչ էր արծածվում:


Ռուբիկ Սարդարյան

Bloomberg պարբերականը կազմել է Եվրոպայում զբոսաշրջության արագ տեմպերով աճ արձանագրող երկրների տասնյակ, որում հայտնվել է նաև Հայաստանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, պարբերականը զրուցել է  Cox & Kings  զբոսաշրջային ընկերության ամերիկյան մասնաճյուղի տնօրեն Ուորեն Չանգի հետ, ով բացահայտել է  Եվրոպայում այն 10 երկրները, որտեղ զբոսաշրջությունը զարգանում է արագ տեմպերով: Ուորեն Չանգը տասնյակը ներկայացրել է՝ հիմնվելով երկրներում զբոսաշրջության ոլորտի տարեկան աճի տվյալների վրա:

Խոսելով Հայաստանի մասին ՝ նա նշել է, որ Հայաստանում զբոսաշրջության ոլորտի տարեկան աճը կազմել է 18.65 տոկոս: Ուորեն Չանգը 2019թ. ճամփորդական հետաքրքիր ուղղություններից մեկը համարում է Հայաստանը: Նա հայտնել է, որ Cox & Kings  ընկերությունը պլանավորում է առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում Հայաստանը Վրաստանի հետ կապող նոր երթուղի ներդնել: Ուղղությունը սպասարկող զբոսաշրջային ընկերությունների թվում են Abercrombie & Kent, Ker & Downey և  TCS World Travel ընկերությունները, որոնք հավաքական ուժերով գովազդում են Հայաստանի մասին խորհրդանշող այնպիսի արժեքներ, ինչպիսիք են Արարատ լեռը, Հայաստանի սքանչելի մայրաքաղաք Երևանը: Նշվում է նաև, որ Abercrombie & Kent-ի միջոցով ճամփորդելու դեպքում հյուրերը նաև այցելում են տեղական կոնյակի և գինու և գործարաններ, հանդիպում են գորգերի արտադրողների հետ, ունկնդրում են հոգևոր երաժշտություն հին վանական համալիրներում, հայկական ընտանիքի հետ մասնակցում են լավաշ թխելու արարողությանը:

Հայաստանը զբաղեցնում է պարբերականի ներկայացրած տասնյակի վերջին հորիզոնականը: Առաջին հորիզոնականում Սան Մարինոն է, երկրորդում՝ Վրաստանը, իսկ երրորդ հորիզոնականում հանգրվանել է Իսրայելը: Տասնյակում տեղ են գտել նաև Թուրքիան, Իսլանդիան, Մակեդոնիան, Ադրբեջանը, Մոլդովան և Բոսնիա և Հերցեգովինան:

 

Իրանի շուրջ խորացող լարվածության համատեքստում կայացավ Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանի այցն Ադրբեջան, ինչն, իհարկե, չէր կարող վրիպել Թեհրանի ուշադրությունից՝ հաշվի առնելով ԱՄՆ-ի և Իսրայելի հետ Իրանի Իսլամական Հանրապետության ծայրաստիճան սրված հարաբերությունները: Ադրբեջանն ու Իսրայելը փորձում են վստահեցնել, որ այցը միտված էր «տարածաշրջանում անվտանգության խթանմանը», մինչդեռ, դատելով նախկինում հնչած արձագանքներից, Թեհրանում նման քայլերն ընկալվում են որպես միջամտություն տարածաշրջանային գործերին, որն ուղղված է Իրանի դեմ: Իրանական ղեկավարությունը բազմիցս զգուշացրել է Ադրբեջանին, որ «իսլամական աշխարհի թշնամու հետ հարաբերությունները հղի են լրջագույն հետևանքներով Բաքվի համար»:

Նշենք, որ Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը սեպտեմբերի 13-17-ը Ադրբեջան կատարած այցի շրջանակներում հանդիպել է երկրի նախագահի, ուժային կառույցների ղեկավարների, ինչպես նաև արտաքին գերատեսչության և կառավարության ղեկավարության հետ: Սա Լիբերմանի առաջին այցն է Ադրբեջան պաշտպանության նախարարի պաշտոնում (նախկինում Լիբերմանն Ադրբեջանում եղել է արտգործնախախարի և վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոններում) և ընկալվում է որպես 2016թ. Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի՝ Բաքու կատարած այցի շարունակություն: Ընդ որում, Լիբերմանի հնգօրյա այցն իր տևողությամբ աննախադեպ է երկու երկրների հարաբերություններում:

Այցի մանրամասները հիմնականում մնացել են փակ դռների հետևում, ինչն ավելի քան սպասելի է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանը մշտապես խուսափում է Իսրայելի հետ խորացող իր հարաբերություններին հրապարակային բնույթ հաղորդելուց՝ զգուշանալով իրանական արձագանքից: Հատկանշական է, որ ժամանակին «Վիկիլիքս»-ի հանրայնացրած փաստաթղթերից մեկի համաձայն՝ Ալիևը Իսրայելի հետ Ադրբեջանի հարաբերությունների մասին խոսելիս դրանք նմանեցրել է այսբերգի, որի միայն վերին մասն է տեսանելի: Պատահական չէ, որ Իսրայելում մինչ այժմ Ադրբեջանի դեսպանատուն չի բացվել՝ չնայած երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններեն հաստատվել են դեռևս 1993 թվականին:

Այնուամենայնիվ, ի՞նչ է քննարկվել Բաքվում:

Վերջին տարիներին Ադրբեջանն ու Իսրայելը հայտարարում են իրենց  «բարեկամական հարաբերությունների և ռազմավարական գործընկերության» մասին, որն առավելապես դրսևորվում է ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում: Ադրբեջանն Իսրայելից զենք գնող երկրորդ երկիրն է Հնդկաստանից հետո: Դեռևս 2016թ. Նեթանյահուի հետ հանդիպման շրջանակներում Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, որ Ադրբեջանն ավելի քան 5 միլիարդ ԱՄՆ դոլարի ռազմական տեխնիկայի ձեռքբերման վերաբերյալ երկարաժամկետ պայմանագրեր է կնքել Իսրայելի հետ: Ավելին, Լիբերմանի այցից առաջ իսրայելական կողմը չէր հերքում, որ այս այցի շրջանակներում կարող են նոր պայմանավորվածություններ ձեռք բերվել: Սա նշանակում է, որ այցի հիմնական նպատակը ռազմատեխնիկական համագործակցության խորացումն է՝ ի թիվս այլ օրակարգային հարցերի:

Չի կարելի բացառել նաև իրանական ուղղությամբ որոշակի պայմանավորվածությունների ձեռքբերման հնարավորությունը՝ հաշվի առնելով  Իրանի շուրջ ընթացող զարգացումները: Իսրայելը երբեք չի թաքցրել, որ Բաքվի նկատմամբ իր հետաքրքրությունը պայմանավորված է այդ թվում նաև հակաիրանական «պլացդարմի» անհրաժեշտությամբ: Հիշեցնենք, որ վերջին տարիներին լրատվամիջոցներում պարբերաբեր տեղեկատվություն է հայտնվում Ադրբեջանում իսրայելցի լրտեսների գործունեության ակտիվացման վերաբերյալ: 

Նշենք, որ Ադրբեջանի նկատմամբ Իսրայելի հետաքրքրությունը պայմանավորված է նաև նրա էներգառեսուրսներով, ինչն էլ հանդիսանում է երկու երկրների առևտրատնտեսական հարաբերությունների գլխավոր բաղադրիչը (Իսրայելը գնում է ադրբեջանական նավթի շուրջ40%-ը): Միևնույն ժամանակ, Իսրայելը չի թաքցնում, որ Ադրբեջանի հանդեպ իր հետաքրքրությունը բխում է հատկապես Իրանին հարված հասցնելու համար համապատասխան հարթակի անհրաժեշտությունից: Իսրայելի համար ոչ երկրորդական նշանակություն ունի նաև այն հանգամանքը, որ Ադրբեջանի հետ համագործակցությունը կարևոր է հրեաների և մուսուլմանների միջև գոյակցության հնարավորությունը ցույց տալու տեսանկյունից: Գաղտնիք չէ, որ Իսրայելն իր գոյության ողջ ընթացքում ձգտել է հարաբերություններ կառուցել ոչ արաբական մուսուլմանական երկրների հետ:

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա Բաքուն իր խնդիրներն է լուծում Իսրայելի հետ հարաբերություններով: Նախ, Ադրբեջանի համար կարևոր է Իսրայելի հետ հարաբերությունների տնտեսական բաղադրիչը, հատկապես էներգետիկ և ռազմական համագործակցության տեսանկյունից: Երկրորդ, Իսրայելի հետ հարաբերությունների կարևորությունն Ադրբեջանի համար պայմանավորված է ԱՄՆ-ի հետ Իսրայելի սերտ հարաբերություններով: Գաղտնիք չէ, որ ԱՄՆ-ում հրեական լոբբին ակտիվորեն ներկայացնում է Ադրբեջանի շահերը: Միևնույն ժամանակ, Բաքվում փորձում են Իսրայելի հետ համագործակցությունը ներկայացնել որպես հակակշիռ հայ-իրանական հարաբերությունների խորացմանը:

Իրականում, Իսրայելի հետ սերտ հարաբերությունների կառուցումը հանդիսանում է Ադրբեջանի կողմից վերջին տարիներին շահարկվող «իսլամական համերաշխության» գաղափարի տրամաբանության խախտում, ինչը չի կարող առնվազն հարցեր չառաջացնել ինչպես Իրանի, այնպես էլ մյուս մուսուլմանական երկրների մոտ: Գաղտնիք չէ, որ Ադրբեջանն ակտիվորեն շահարկում է «իսլամական միասնության» գաղափարը՝ գերազանցապես հակահայկական քայլեր ծրագրելիս: Եվ հիմա հարց է առաջանում, թե ինչպես է հանուն Իսրայելի Ադրբեջանը դավաճանում «իսլամական համերաշխության» այդչափ շահարկվող գաղափարը:

Արփինե Հովսեփյան

 

Աղբյուրը՝ Արմենպրես լրատվական

 

Բաժին՝ Աշխարհում

Ամերիկան հովանավորելով և ամեն տեսակի օգնություններ ցուցաբերելով Նիկարագուայի պետության աջակողմյա հակառակորդներին՝ աշխատում է տապալել օրինական իշխանությունը և իրեն ձեռնտու մի իշխանություն պետության գլուխ կանգնեցնել: Նրանք հենվելով ժողովրդի որոշակի դժգոհությունների վրա՝ աշխատում են բախումներ ստեղծել ու դրա հիման վրա պահանջում են նախագահ Դանիել Օրտեգայի հրաժարականը: Երկու ամիս առաջ, աշխարհի շատ լրատվամիջոցներ հաղորդեցին, որ Նիկարագուայում հայտնաբերվել է մեծ քանակությամբ զինամթերք, որոնք տեղադրված են եղել ազգային անկախ համալսարանում:
Նիկարագուայի նախագահը, որպես Սանդենիստական կուսակցության նախագահ «Եվրոնիուզի» հետ ասուլիսում բացահայտեց սեպտեմբերի առաջին շաբաթում Ամերիկայի միջամտությունները հատկապես աջակողմյա հակառակորդներին նյութական օգնություններ ցուցաբերելու մասին փաստերը, որը օրինական իշխանության տապալելու նպատակ է հետապնդում: Նրանք աշխատում են հեղաշրջում կազմակերպել:
Երկու ամիս առաջ Նիկարագուայի ժողովուրդը մայրաքաղաք Մանագուայում և երկրի մեծ քաղաքներում մեծ մասսայական համահավաքներ կազմակերպեցին ու պաշտպանությունը հայտնեցին իշխանությունից ու տոնեցին Սանդենիստների հեղափոխության 39 ամյակը և հաղթությունը Անաստազիո Սումոզայի դիկտատորական ռեժիմի հանդեպ: Լատին Ամերիկայի մեծ մասամբ երկրների ղեկավարությունը մասնակից էր այս տոնակատարությանը և պաշտպանության հանրահավաքին: Երկու տարի առաջ ազատ ընտրություններ են տեղի ունեցել, որտեղ Սանդենիստները ձեռք բերելով քվեների 71 տոկոսը իշխանությունը իրենց ձեռքում են վերցրել:

Ուրբաթ, 21 Սեպտեմբերի 2018 15:15

Չավես, Փաշինյան, Քոչարյան, Սաակաշվիլի

Ռոբերտ Քոչարյանը Կոմերսանտին տված հարցազրույցում քննադատելով Նիկոլ Փաշինյանին ասում է. «Սա ինձ հիշեցում է լատինոամերիկյան պոպուլիզմ Ուգո Չավեսի ոճով» և թե «այն ինչ հիմա տեղի է ունենում Վենեսուելայում՝ Չավեսի ժառանգությունն է»։
Նիկոլ Փաշինյանին Չավեսի հետ համեմատելը միայն հաճոյախոսություն կարող է լինել, իրականում Փաշինյանը Չավեսի հետ համեմատության գրեթե եզր չունի։
Այսպես, Չավեսի քաղաքականության մեխը խոշոր ձեռնարկությունները պետականցնելն էր, որ խոշոր եկամուտները ոչ թե անհատի գրպանը գնա, այլ լայն զանգվածների բերեկեցությանը նպաստի։ Չավեսը պետականացրեց խոշոր ձեռնարկությունները՝ հանքարդյունաբերությունը, ցեմենտի գործարանները և այլն, խոշոր հողատերերի ձեռքից հողը վերցրեց և միլիոնների գումարներ տալով գյուղացիներին գյուղատնտեսությունը այն ուղղությամբ տարավ, որ երկիրը հնարավորինս ինքնաբավ լինի։ Նաև բացեց պետական խանութներ, ուր ամենաանհրաժեշտ ապրանքները ֆիկսված գներով էին վաճառավում, 13 հազար կլինիկա կառուցեց, որ 169 % ով ավելի է քան նախկին 40 տարիներին, բժիշկների թիվը հինգ անգամ ավելացրեց, առողջապահությունը անվճար դարձավ, հազարավոր նոր դպրոցներ բացվեցին, 5 միլիոն հոգի սկսեցին ստանալ անվճար կերակուր, միլիոնից ավել սոցիալական բնակարաններ կառուցեց ընչազուրկների համար։
Պետության դերի բարձրացման շնորհիվ երկրում աղքատությունը մոտ 20 տոկոսով նվազեց, գրեթե վերացավ անգրագիտությունը, Համալսարաններում սովորող ուսանողների թվով Վենեսուելան աշխարհում հինգերոդ տեղն էր բռնում 2012֊ին: Այս հաջողությունների շնորհիվ Չավեսը 14 տարի ղեկավարել է երկիրը, երեք անգամ ընտրվել է նախագահ և միայն մահն է ընդհատել նրա կառավարումը, որից հետո նախագահի պաշտոնը ժառանգեց նրա գաղափարակից Մադուռոն։ Այսօր Վենեսուելան տնտեսական ծանր օրեր է ապրում, այսուհանդերձ, հասարակ, աշխատավոր մարդկանց համար Բոլիվարյան սոցիալիզմը անհամեմատ նախընտրելի է քան մինչ Չավեսյան կապիտալիզմը։
Չավեսը մարքսիստ, տրոցկիստ էր, նաև Լենինն է նրա հեղինակությունը, և համարում է որ սոցիալիզմի գաղափարը խեղաթյուրել է Ստալինը։
Նիկոլ Փաշինյանը իր հարցազրույցներից մեկում ասում է, որ ինքը «իզմեր» չի ընդունում, իսկ ժամանակակից աշխարհում «իզմերի» մերժումը նեոլիբերալզիմի հակտանիշն է։ Փաշինյանը վարչապետի պաշտոնում հենց սկզբից ցույց տվեց, որ տիպիկ նեոլիբերալ է, առաջին ազդակն էր կենսաթոշակաների գումարները մասնավոր ֆոնդերին հանձնելը հաստատելը, նաև հանքարդյունաբերության մեջ մասնավոր ձեռանրկություններն խրախուսելը և այլն, խոշոր բիզնեսին հարկային արտոնություններ տալը շարունակելը, իսկ եկամտահարկի համահարթեցված նախագիծն էլ, եթե անցնի, ապա նա շատ ավելի աջ կգնա, քան իր նախորդը։
Այսուհանդերձ Փաշինյանի կառավարությունը նախորդից հստակ տարբերություններ ունի՝ 1֊ին մոնոպոլիաների և կոռուպցիայի դեմ պայքարով, ապա այդ տարբերությունը կարող է ավելի մեծանալ հարկային նոր օրենսդրությամբ, երբ փոքր ու միջին բիզնեսի համար ցածր, կամ իր խոսքով սիմվոլիկ հարկեր մտցնի։ Սրանով նա կմոտենա Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին, Քոչարյանը նախագահ դառնալով մտցրեց ցածր տոկոսով պարզեցված, շրջանառության հարկը, որի շնորհիվ զարգացան փոքր և միջին բիզնեսը, տնտեսությունը ինչ որ չափով աճեց, արտագաղթը նվազեց, բայց աղքատացած զանգվածների կյանքում շատ բան չփոխվեց, եկամուտները անհավասար բևեռացված էին բաշխվում, փոքր թվով մարդիկ էին հարստանում, և ոչ մի զսպիչ մեխանիզմ չկար շահգործման դեմ։ Իսկ Սերժ Սարգսյանի առաջին քայլերից մեկը եղավ պարզեցված հարկը վերացնելը, առևտուրը սկսեց կենտրոնանալ մի քանիսի ձեռքը ու կրկին խորացավ ճգնաժամը։
Այո, ինչքան էլ դուր չգա քաղաքացիական հասարկությանը, Նիկոլ Փաշինյանը իր տնտեական գաղափարներով շատ ավելի մոտ է Ռոբերտ Քոչարյանին, իսկ երկուսն էլ հեռու են Ուգո Չավեսից։
Ինչքան էլ Փաշինյանը պոպուլիստական հայտարարություններ անի երեխաների ապագան գողացողներին պատերով զարկելու վերաբերյալ, իր որդեգրած նեոլիբերալ քաղաքակնությունը երեխաների միայն մի մասին պայծառ ապագա կբերի և եթե անպայման ինչ որ գործչի հետ նրան պետք է համեմատել, ապա իր նախագահության առաջին տարվա Սահակաշվիլիի հետ, որ կրկին իր դրոշն էր սարքել պայքարը կոռուպցիայի դեմ, միևնույն ժամանակ շարունակում էր նեոլիբերալ քաղաքականությունը՝ սեփականաշնորհում, երկիրը դարձրեց ներկրումից կախված և այլն։
 
Արդյո՞ք հետագայում էլ Փաշինյանը կշարունակի նմանվել Սահակաշվիլիին, դժվար է ասել։ Մի մեծ տարբերույուն կա, Փաշինյանը շատ ավելի հավասարակշիռ է արտաքին քաղաքականության մեջ, և հաստատ այն ծայրահեղություններին չի գնա, որոնք արեց Սահակաշվիլին, ու երկիրը շրջաններ կորցրեց։
Իսկ ի՞նչ արեց Սահակշվիիին հետագայում, երկիրը տարավ բռնապետության, պատերազմի և աղքատության, և նրա նկատմամբ դժգոհությունը այն աստիճան աճեց, որ ստիպված երկրից փախավ։
2012 թվին Վրաստանում գրողների հավաքի էի, ուզում էի գտնել մեկին, ով Սահակաշվիլիի մասին մի լավ բան կասի, չգտա։ Մի օր վրացի գրողների հետ սուրճ խմելիս, տասից ավել մարդ կլիներ, հարցրեցի՝ մեկը կա՞ որ Սահակաշվիլիին մի քիչ կգնահատի։ Ոչ մեկը, բոլորը դեմ էին։ Ինչի՞ չեք սիրում, հարցրեցի։ Տարբեր բաներ ասեցին, հիմա չեմ հիշում, բայց մի հրատարկչի խոսքն հիշում եմ՝ գիժ ա, ասեց։ Ի դեպ, հայերենում էլ, վրացերենում էլ գիժ բառը կա։

Վահան Իշխանյան

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ Հայաստանում 2018թ.-ի առաջին 8 ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, գնաճը կազմել է 2,5%։ Ամենաշատը թանկացել է կարագը՝ 33,6%-ով, տավարի միսը՝ 21,6%-ով, խոզի, ոչխարի և այծի միսը՝ 19,2%-ով, ձուկն ու ծովամթերքը՝ 11,4 %-ով, ալկոհոլային խմիչքներն ու ծխախոտը՝ 4,2%-ով, իսկ 8 ամսվա կտրվածքով էժանացել են՝ շաքարավազը՝ 11,9%-ով, հավկիթը՝ 9,6%-ով, մրգերը՝ 2,5%-ով, բանջարեղենը՝ 7%-ով։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը նշեց, որ վերջին 17 տարվա ընթացքում 47 միլիարդ դոլարի ապրանք է ներմուծվել Հայաստան, իսկ արտահանումը կազմել է 17 միլիարդ դոլար, այսինքն՝ բացասական հաշվեկշիռը կազմել է 30 միլիարդ դոլար, և սա այն դեպքում, երբ ներմուծվող շատ ապրանքատեսակներ կարելի էր տեղում արտադրել և խնայել այն միջոցները, որոնք դրա վրա են ծախսվել։

«Օրինակ՝ կոնկրետ մսամթերքի պարագայում հասկանալի է, որ Հայաստանն իր ներքին շուկան չի կարողանում ապահովել տեղական արտադրության մսով, դրանք հիմնականում բերվում են դրսից. մասնավորապես՝ խոզի մսի 23%-ն է, որ ունի տեղական ծագում, իսկ մնացած մասը բերովի է, և, բնականաբար, այդ բերովի միսն էլ իր հերթին թանկանում է, եթե որոշակի տատանումներ լինում են ներմուծման հետ կապված, իսկ տավարի մսի առումով մենք ավելի բարվոք վիճակում ենք, դրա տեղական արտադրությունը մի քանի անգամ գերազանցում է խոզի մսին, բայց տավարի մսի թանկացումն էլ պայմանավորված է անասնագլխաքանակի որոշակի չափով կորստի հետ: Այս ամենը, սակայն, չունի արդարացում, որովհետև պետություն-մասնավոր սեկտոր համագործակցության համատեքստում պետությունը պետք է օժանդակի տեղական արտադրանքի ծավալների մեծացմանը, իսկ ամեն ինչը թողնել միայն մասնավորի հայեցողությանը, բնականաբար, սխալ է»,- նկատեց Վազգեն Սաֆարյանը։

Վերջինիս դիտարկմամբ՝ մնացած ապրանքատեսակների թանկացումն ունի շղթայական ռեակցիայի էֆեկտ։ Այս համատեքստում բանախոսն ուշադրություն հրավիրեց նաև բանջարեղենի թանկացման վրա, մինչդեռ նկատենք, որ ըստ ԱՎԾ տվյալների՝ բանջարեղենն առաջին 8 ամիսների կտրվածքով էժանացել է 7%-ով։

«Բնակչության մեջ շատ մեծ դժգոհություն է առաջացրել հատկապես լոլիկի գնի թանկացումը, որն առաջին անհրաժեշտության ապրանք է և մեծ սպառում ունի։ Այս տարի Հայաստանից շատ մեծ քանակությամբ լոլիկ է արտահանվել՝ շուրջ 30 հազար տոննա, բայց տեղական շուկայում լոլիկի գինը թանկ է, որովհետև սկզբնական փուլում դաշտի լոլիկի սածիլները շոգ եղանակի պատճառով չորացել են, հետո երկրորդ անգամ են այդ սածիլավորումն արել, և գուցե սրանով է պայմանավորված լոլիկի թանկացումը, այսինքն՝ այլևս չեն հասցրել վերականգնել լոլիկի արտադրության այն ծավալները, որը թույլ չէր տա գնի բարձրացում։ Թանկացել են նաև վարունգը, սմբուկը»,- նշեց Սաֆարյանը։

Նրա խոսքով՝ սա, իհարկե, ռեալ հիմնավորում չէ, քանի որ շարքային սպառողները պետք է կարողանան իրենց ստացած կենսաթոշակին կամ աշխատավարձին համարժեք մթերք սպառել։

«Դրա համար պետք է գնալ նրան, որ մեր հողատարածքները լիարժեք օգտագործվեն. այսօր Հայաստանում կա 446 հազար հեկտար հող, որից շուրջ 150 հազարը չի օգտագործվում, ուրեմն այս չօգտագործվող հողերի վրա պետություն-մասնավոր սեկտոր համագործակցությամբ պիտի ֆերմերային տնտեսություններ ստեղծել՝ ինչպես անասնապահական, այնպես էլ բանջարաբոստանային կուլտուրաների մշակման»,- ընդգծեց մեր զրուցակիցը։

Հարցին՝ հավանական համարո՞ւմ եք, որ համատարած այս թանկացումները կարող են դառնալ սոցիալական ընդվզման պատճառ, Վազգեն Սաֆարյանը պատասխանեց. «Հաշվի առնելով այն ոգևորությունը, որն այսօր ունի մեր ժողովուրդը՝ կապված քաղաքական այս վերափոխումների հետ, չեմ կարծում, որ սա կարող է դառնալ սոցիալական բունտ, քանի որ ժողովուրդն ըմբռնումով է մոտենում և գիտակցում է, որ նոր կառավարությունը գուցե դեռևս չի հասցրել ամբողջությամբ ուսումնասիրել ու հասկանալ տնտեսական վիճակը, բայց մյուս կողմից էլ՝ այսպես երկար շարունակվել չի կարող, կառավարությունն էլ իր հերթին պետք է արագացնի իր քայլերը, զսպի այս գնաճը, որովհետև առաջիկայում գները կարող են ավելի բարձրանալ։

Գյուղատնտեսական արդյունավետ քաղաքականություն է պետք վարել, արդյունաբերությունն է պետք վերականգնել»։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Աշխատանքային այցով Երեւանում էր ՌԴ ԿԿ Կենտկոմի նախագահ, ՌԴ ԴԺ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ ԼԵՈՆԻԴ ԿԱԼԱՇՆԻԿՈՎԸ: Նրա հետ «Իրավունքն» առիթ ունեցավ զրուցելու Հայաստանում եւ հայ-ռուսակական հարաբերություններում տեղի ունեցող վերջին զարգացումների մասին:

«ԳԱՂՏՆԱԼՍՎԱԾ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆ ԻՆՁ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՒՄ Է ԵՎ ՉԻ ՈՒՐԱԽԱՑՆՈՒՄ»

– Պարոն Կալաշնիկով, օրերս համացանցում հայտնվեց ՀՀ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսված ձայնագրությունը, որտեղ նրանք խոսում էին, թե նախկին ու ներկա պաշտոնյաներից ում դեմ ինչպիսի մեղադրանք առաջադրեն եւ ում կալանավորեն: Ինչպե՞ս եք վերաբերվում դրան:

– Իհարկե, ես չեմ եկել այստեղ, որ քննարկեմ Հայաստանի ներքին քաղաքականությունը, այս հարցը ձեր խնդիրն է, եւ դուք` որպես ինքնիշխան պետություն, ինքներդ պետք է պարզաբանեք: Ռուսաստանն այդ ամենը վաղուց անցել է, երբ գաղտնալսված ձայնագրություններ էին հրապարակվում իրական եւ ոչ իրական, որոնք ունենում էին արդյունավետ կամ ոչ արդյունավետ հետեւանքներ: Այս ամենն ինձ ծանոթ է, բայց կոռեկտ չի լինի իմ կողմից, որպես Պետդումայի պատգամավորի, մեկնաբանել այդ ձայնագրության բովանդակությունը, որը տեղի է ունեցել ՀՀ երկու բարձրաստիճան պաշտոնյաների միջեւ: Բայց պետք է ասեմ, որ այդ գաղտնալսված ձայնագրությունը Ռուսաստանում միանգամից ալիք բարձրացրեց, ինչն ինձ անհանգստացնում է եւ ընդհանրապես չի ուրախացնում, որովհետեւ հայկական սփյուռքը մեզ մոտ շատ ազդեցիկ է, եւ մարդիկ անհանգստանում են իրենց հայրենիքի համար: Այդ ձայնագրությունը հայերեն էր, եւ ինձ միանգամից զանգահարեցին եւ սկսեցին պատմել բովանդակությունը, որովհետեւ Ռուսաստանում շատ հայ ընկերներ ունեմ: Զրույցի հիմնական միտքն ինձ արդեն հասկանալի է եւ, ինչ խոսք, այն չի ավելացնում ոչ մի լավ բան Հայաստանի համար, ավելին չեմ ցանկանա մեկնաբանել:

– Ամեն դեպքում, սա համարո՞ւմ եք վտանգավոր Հայաստանի ազգային անվտանգության եւ արդարադատության համար:

– Նման երեւույթները միշտ էլ վտանգավոր են: Գիտեք, երբ Վլադիմիր Պուտինը եկավ իշխանության, հրավիրեց օլիգարխներին, որոնց նաեւ ձայնագրել էին, եւ ասաց` վե՛րջ, ամեն ինչ ավարտվել է, գնացեք, զբաղվեք բիզնեսով, իսկ քաղաքականությամբ կզբաղվի պետությունը: Կարծում եմ` ձեզ մոտ էլ նմանատիպ իրավիճակ է ստեղծվում, որովհետեւ պատմությունը կրկնվելու սովորություն ունի: Եվ այս ամենում ոչ մի լավ բան չկա, պետությունը պետք է զբաղվի քաղաքականությամբ: Իսկ թե խոսակցության բովանդակությունը ճիշտ էր, թե` սխալ, կրկնում եմ` չեմ ցանկանում մեկնաբանել, հատկապես, որ ժարգոնը, որով նրանք խոսում էին, ինձ ասացին, որ այնքան էլ հաճելի եւ քաղաքակիրթ չէր: Իհարկե, երեւույթն ընդհանուր առմամբ` սխալ էր:

«ՀԱՊԿ-Ի ՓԱՍՏԱՑԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ԴԱՐՁՆԵԼ ՀԱՆՑԱԳՈՐԾ, ԱՌՆՎԱԶՆ ԿՈՌԵԿՏ ՉԷՐ»

– Վերջին շրջանում ոչ միայն այս, այլ բոլոր հարցերում է Ռուսաստանը զուսպ արտահայտվում, երբ խնդիրը վերաբերում է Հայաստանին: Կարծում եք` անհանգստանալու առի՞թ չեն տեսնում, թե՞ անտարբեր են:

– Անկեղծ եւ ուղիղ կասեմ` եթե ձեզ թվում է, որ Ռուսաստանին չեն անհանգստացնում այն իրադարձությունները, որոնք տեղի են ունենում եւ վերաբերում են ուղղակիորեն մարդկանց, որոնք կապ ունեն Ռուսաստանի հետ, ուրեմն` դուք սխալվում եք: Իհարկե, պաշտոնական դեմքերը ձեզ կասեն` սա ձեր գործն է, ինչպես ես եմ հիմա ասում ձայնագրության մասին, բայց իրականում այն առնչվում է նաեւ մեզ: Պարզ ասեմ, որ ահռելի վնաս հասցվեց մեր հարաբերություններին այն, ինչ տեղի ունեցավ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի շուրջ: Նույնիսկ հակակոռուպցիոն գործերը, որոնք ձեզ մոտ քննվում են, անկեղծ ասած, մեծ թվով մարդիկ անգամ տեղյակ էլ չեն, իսկ այն, ինչ տեղի ունեցավ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նկատմամբ, երբ առանց տեղյակ պահելու ՀԱՊԿ-ին, նրա ղեկավարությանը, անդամ երկրներին, գործ հարուցեցին եւ կալանավորեցին նրան, հատկապես քաղաքական էլիտային շատ խիստ մտահոգում է: Ի վերջո, ֆորմալ առումով ՀԱՊԿ-ի փաստացի ղեկավարին դարձնել հանցագործ, որն ամբողջ տարածաշրջանի անվտանգության երաշխավորն է, առնվազն կոռեկտ չէր: Ես սա ասում եմ, որպես անհատ քաղաքական գործիչ, եւ սա բոլորին է վրդովեցրել: Բոլորն էլ այն ընկալեցին որպես ոչ այնքան դաշնակցային ժեստ Ռուսաստանի եւ նաեւ Բելառուսի ու ՀԱՊԿ անդամ մյուս երկրների նկատմամբ: Պաշտոնապես այս մասին ոչ ոք չի խոսում, մինչդեռ կուլիսներում այդ խոսակցությունները կան:

– ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ սկանդալը համարում եք, որ այլեւս անցյալո՞ւմ է, թե՞ այն դեռ հետեւանքներ կունենա:

– Այն անցյալում չէ, բայց չի էլ վերացնի հայ-ռուսական հարաբերությունները` հատկապես անվտանգության առումով: Սակայն կվնասի ավելի շատ կազմակերպչական մասով, հիշեք, որ ՀԱՊԿ ղեկավարները, որոնք հանկարծ որոշում ընդունեցին ռոտացիոն կարգով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակել, բավական բարդ կայացրին նման որոշում: Բավական երկար ժամանակ այդ պաշտոնում էր շատ հարգված մարդ Ռուսաստանից, իսկ հետո` ընդունվեց ռոտացիոն այդ որոշումը: Այնպես որ, կարծում եմ` երկրի ղեկավարների մակարդակով որոշում կընդունվի, թե ինչպես վարվեն ապագայում, ինչպես ռոտացիա իրականացնեն, եւ ով իրականացնի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտավորությունները: Վերադառնալով Ձեր հարցին` նշեմ, որ այս պատմությունն իհարկե չի վերացնի Ռուսաստանի եւ Հայաստանի խորը հարաբերությունները` աշխարհաքաղաքական եւ անվտանգության առումով, բայցեւ վստահությունը չի ավելացնում:

«ՉԵՄ ՏԵՍՆՈՒՄ, ԹԵ ԱՐԵՎՄՈՒՏՔԻՑ ՄԵԿԸ ՎԱԶԵԼՈՎ ԳԱԼԻՍ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՕԳՆԵԼՈՒ»

– Պարոն Կալաշնիկով, ապրիլի վերջին, որից գրեթե մեկ շաբաթ անց Նիկոլ Փաշինյանն ընտրվեց վարչապետ, Դուք հանդիպել էիք նրա հետ Ազգային ժողովում: Հիմա արդեն 4 ամիս է անցել, ինչ նա վարչապետ է: Ինչպե՞ս կգնահատեք նոր իշխանության աշխատանքը:

– Բավական երկար ժամանակ է 4 ամիսը, եւ փողոցում ու աշխատասենյակում ղեկավարելու մեջ մեծ տարբերություն կա, ես այն ժամանակ էլ եմ ասել, հիմա էլ եմ ասում: Այս մասին ուղիղ մեր բոլոր պատգամավորների առաջ ասել եմ նաեւ մայիսի 8-ին, երբ դուք վարչապետի պաշտոնում հաստատում էինք Փաշինյանին, մենք Պետդումայում` վարչապետ Մեդվեդեւին: Մեդվեդեւը 2012 թվականից վարչապետ է, եւ ես հարց տվեցի ու քննադատեցի նրան, որ ասում եք ՀՆԱ-ն 0,5 տոկոս է, մենք ուզում ենք 3 տոկոս լինի, իսկ Հայաստանում ՀՆԱ-ն 10 տոկոս աճ էլ ունենար, Հայաստանին չէր փրկի նրանից, որ ժողովուրդը դուրս եկավ փողոց, որովհետեւ իրենք չէին զգում դա իրենց գրպաններում, իրենց բակում, իրենց տանը: Հիմա հարց` 4 ամիս անց իրենք զգո՞ւմ են, իհարկե` ոչ: Ես հո գիտեմ, որ չեն զգում: Իսկ այն գործողությունները, որը նախաձեռնում է այսօրվա ղեկավարությունը, ինչ-որ բան անո՞ւմ է, որ այդ իրավիճակը փոխվի, եւ մարդկանց գրպաններում ինչ-որ հնարավորություններ լինեն: Չէ որ գումարը պետք է ինչ-որ տեղից վերցնել, իսկ որտեղի՞ց էին վերցնում առաջ, վերցնում էին Ռուսաստանից, որովհետեւ դարավոր բարեկամություն կա եւ դաշնակցային հարաբերություններ: Իսկ ի՞նչ տեղի ունեցավ այս 4 ամսվա մեջ, հիմա էլ Հայաստանի քաղաքական դաշտում հայտնվեցին մարդիկ, որոնք զենք էին վերցրել եւ գրավել ՊՊԾ գունդը, հիմա էլ ասում են, թե արտաքին քաղաքականությունն են փոխելու: Ես հիմա իրենց անունն էլ չեմ ուզում տալ եւ գովազդել, դուք ինձնից լավ գիտեք նրանց: Իհարկե, այս չորս ամսվա ընթացքում աշխարհաքաղաքական առումով ձեր նոր ղեկավարությունը սկսեց հասկանալ, որ Հայաստանի անվտանգությունը ուղղակորեն կապված է Ռուսաստանի հետ: Ավելին` տնտեսությունը նույնպես կապված է Ռուսաստանի, ուրիշ ո՞վ է օգնելու, մի տեսակ չեմ տեսնում, որ Արեւմուտքից մեկը վազելով գալիս է Հայաստանին օգնելու:

– Այս ամենը հաշվի առնելով` ինչպե՞ս կգնահատեք հայ-ռուսական հարաբերությունների ներկա իրավիճակը եւ երկու երկրների ղեկավարների հանդիպումները:

– Կարծում եմ` ճիշտ է անում Փաշինյանը, որ գնում է Ռուսաստան, եւ ճիշտ է վարվում  Պուտինը, որ չի հրաժարվում հանդիպել: Արդեն երեք հանդիպում է տեղի ունեցել նրանց միջեւ, բայց հանդիպումը հանդիպում, սակայն պետք է նաեւ պատրաստել պայմանագրեր, համաձայնագրեր: Վերջին հանդիպումը եղել է աշխատանքային եւ ոչ պաշտոնական, այս մասին ճիշտ նշեց նաեւ Փաշինյանը իր վերջին հարցազրույցներից մեկում, բայց կրկնում եմ` պետք է պատրաստել պայմանագրեր, իսկ դրա համար աշխատանք պետք է տարվի գերատեսչությունների, նախարարների միջեւ, որոնց նա նշանակել է: Նրանք հիմա պետք է Ռուսաստանից, մեր նախարարություններից դուրս չգային եւ պատրաստեին ինչ-որ համաձայնագրեր` Գազպրոմի, երկաթգծի մասով եւ այլն, բայց որքանով տեսնում եմ, այդ աշխատանքը չի տարվում: Դու չես կարող գալ ՌԴ նախագահի մոտ ու ասել` արի իրար հետ պայմանագիր ստորագրենք, եւ դու ինձ մի 2 միլիարդ դոլար տուր, այդպես չի լինում: Պետք է պատրաստել համաձայնագրեր ու դրանք մշակել այնպես, որ ձեռնտու լինի եթե ոչ երկու երկրներին էլ, ապա մի դեպքում` մեկին, մյուս դեպքում` մյուսին: Ռուսաստանն այս առումով պատրաստ է ընդառաջ գնալ, բայց, միեւնույնն է, պետք է աշխատել, որը դեռ չեմ զգում: Հուսով եմ` այն կլինի, որովհետեւ անհրաժեշտ է, որ նախարարները աշխատեն: Շուտով մենք Պետդումայում հաջորդ տարվա բյուջեն ենք քննարկելու եւ հաստատելու: Ես` որպես ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ, միշտ  կարեւորել եմ բյուջետային առումով ինչ հարաբերություններ կան ԱՊՀ անդամ երկրների հետ եւ ուսումնասիրում եմ այդ ամենը, հարկ եղած դեպքում` պաշտպանում: Բայց չկան ծրագրեր, տա Աստված, հետագայում լինի, ես էլ կպաշտպանեմ, իսկ դրա համար պետք են աշխատանքային ավելի շատ հարաբերություններ:

– ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր դեմ հարուցված քրեական գործից, ապա կալանավորումից հետո հայտարարեց, որ վերադարձել է քաղաքականություն: Ինչպե՞ս եք վերաբերվում այս փաստին:

– Ընդհանրապես իրեն չեմ ճանաչում, երբեք չեմ հանդիպել, եւ սա եւս ձեր ժողովրդի գործն է: Եթե նա կունենա քաղաքական ուժ, կունենա հեղինակություն ժողովրդի մոտ, ուրեմն` բարով գա, ես չեմ գնահատողը: Որքանով տեղյակ եմ, նա իր պաշտոնավարման ժամանակ հանդես է եկել որպես ՌԴ բարեկամ, մնացածը ձեր որոշելիքն է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Կիրակի, 16 Սեպտեմբերի 2018 14:59

Ամերիկայի Ձախ Ֆորումը

Ամերիկայի ձախ ֆորումը կոնգրես է Ամերիկայի ձախ տեսաբանների, քաղաքագետների և ձախ հոսանքների ներկայացուցիչների, որը կայանում է յուրաքանչյուր տարի, որտեղ ամեն տարի հատուկ թեմաների շուրջ մտքերի փոխանակում, հետազոտական թեմաններ, քննարկումներ, ապագայի համար առաջարկներ ու եզրակացություններ են կատարվում, օրինակ 2016 թվականի թեմաներն էին՝ «ապստամբություն, զայրութ, հեղափոխություն և մեր ուժերը կազմակերպենք»-ն էր:
Այս ֆորումները լավ են ընդառաջվում, օրինակ 2016 թվականի մասնակիցները ավելի քան 4500 հոգի էին, տեղի ունեցավ 390 սեմինար և տարբեր պանելներ (Panels), որտեղ տարբեր թեմանների շուրջ քննարկումներ եղան: Այս սեմինարների ու պանելների մեծ մասը առկա են «Յու Տյուբում» և հետաքրքրվողները կարող են ավելի մանրամասն դրանց մասին իմանալ: Այդ ֆորումները ցույց են տալիս, թէ ինչպես ձախ շարժումը Ամերիկայում վերելք է ապրում ու զարգանում և հետաքրքրում է ժողովրդին: Նրանք դերակատար են լինում նաև նախագահական ընտրությունների ժամանակ, օրինակ 2016 թվականի ընտրություններին նրանք մեծ դերակատարություն ունեցան դեմոկրատական կուսակցության մեջ Բերնի Սանդերզին հովանավորելու գործում, որպես այդ կուսակցության ձախ հոսանքի ներկայացուցիչ, և ներկայացրեցին Ամերիկյան հասարակությանը: Նրանց միջոցով Բերնի Սանդեզը կարողացավ արծածել օրինակ «առնվազան աշխատավարձ 15 դոլար մեկ ժամվա համար», «սոցիալական ապահովագրություն», «ծառայություններ առողջաբժշկական բնագավառում», «անվճար կրթություն և որակով» և «հարկերի բարձրացում հարուստների համար»: Բերնի Սանդերզը իրեն ներկայացնում էր, որպես դեմոկրատ սոցիալիստ: Մինչ դեռ «Մակ Կարտիզից» հետո, Ամերիկայում սոցիալիստ բառի օգտագործումը քաղաքական ու հասարակական մթնոլորտներում համարվում էր որպես առհամարանք: Ուրեմն սա նոր շարժում է, որտեղ ֆորումը մեծ դերակատարություն ունի նրանում: Ֆորումը արտացոլում է նաև այն 99 տոկոսի, հատկապես երիտասարդության բողոքը Ամերիկայի կապիտալիզմի ու մեծահարուստների դեմ:
2016 Թվականի ֆորումի կարևոր հարցերից մեկը այն էր, որ ի՞նչ պետք է անել այդ ժողովրդական շարժման հետ, որ սկսվել է ԱՄՆ-ում: Այն ճեղքը, որ առաջացել է դեմոկրատների կուսակցությունում չունի իր նախադեպը, որովհետև ԱՄՆ-ի երկու ամենամեծ կուսակցություններից՝ դեմոկրատների կուսակցությունը պատկանում է Ամերիկացի միլիարդատերների ու «Վալստրիտի» 1 տոկոսներին: Հանրապետականների կուսակցությունն էլ նաև պատկանում է ԱՄՆ-ի մեծահարուստներին: Կարելի է ասել, որ երկկուսակցական համակարգը ԱՄՆ-ում գտնվում է մի ճգնաժամի մեջ և այստեղ մեծ դերակատարություն ունեն նման ձախ ուժերը: Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ Ամերիկայի ժողովրդի 21 տոկոսը համակրում է Հանրապետականներին ու 29 տոկոսը Դեմոկրատներին: Այսինքն Ամերիկացիների 50 տոկոսը ժխտում են երկու կուսակցություններին և սա համարվում է այդ երկկուսակցության համակարգի ճգնաժամերից մեկը:
Նման ֆորումները յուրաքանչյուր տարի իր ճշտված թեմաներով տեղի են ունենում և ձախակողմյա ուժերը օրվա հարցերը և տեսական ու գործնական խնդիրները վերլուծում և լուծումներ են առաջարկում դրանց համար: Յորաքանչյուր տարվա ֆորումը կարելի է դիտել «Յու Տյուբում»:


Ռուբիկ Սարդարյան

Էջ 1, 3-ից

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: