Արխիվ Մայիսի 2017 - ՍՈՑԻԱԼԻԶՄ.am

Ազգային Ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Լոռիում Ղարաքիլիսայի ճակատամարտի 99-ամյակի միջոցառման շրջանակում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր, թե հայ մեծահարուստները պետք է քսակը դատարկեն հանուն Հայաստանի, եւ եթե գնանք այդ ճանապարհով, ապա կունենանք հզոր Հայաստան:

Նշանակու՞մ է այդ հայտարարությունը, որ մեծահարուստները չեն դատարկում իրենց քսակը հանուն Հայաստանի: Շարմազանովի հայտարարությունն առաջացնում է այդ հռետորական հարցը, թեեւ Հայաստանի հանրության մեծամասնության համոզմամբ հարցն այստեղ ամենեւին հռետորական չէ, այլ քրեա-իրավական: 

Բանն այն է, որ Հայաստանում ձեւավորվել է մեծահարուստների մի խավ, որի կապիտալի կուտակումը իրականացվել է մեղմ ասած հարցեր առաջացնող ճանապարհով, եւ այդպես էլ շարունակվում է: Հարցեր, որ իրավապահները առնվազն պետք է տված լինեին այդ մեծահարուստներին:

Բայց իրավապահները այդպիսի հարցեր տալիս են նրանց այն ժամանակ, երբ դա բխում է իշխանության քաղաքական անհրաժեշտությունից, երբ որեւէ մեծահարուստ խախտում է իշխանական համակարգի պայմանավորվածությունը կամ խաղի կանոնը: Եթե չկա խաղի կանոնի խախտում, չկան նաեւ հարցեր:

Այդ դեպքում խաղի կանոնի խախտում է ստացվում ԱԺ երիտասարդ փոխնախագահի հայտարարությունը, որովհետեւ այն փաստացի առաջացնում է կամ խրախուսում է «մեծահարուստների» խավին ուղղված՝ նրանց քսակին եւ հանրային ու պետական շահի հետ դրանց կապին առնչվող հռետորական հարցը:

Tert.am-ի հետ զրույցում Շարմազանովի հայտարարությանն արձագանքել է մի քանի մեծահարուստ, այդ թվում Սամվել Ալեքսանյանը: Նա հայտարարել է, որ իրենց քսակը միշտ էլ բաց է եւ Շարմազանովի հայտարարությանը չէ, որ սպասում են: Իսկ գարեջրագործ Հակոբ Հակոբյանն էլ հայտարարել է, թե Շարմազանովը չի անի պատահական հայտարարություն, եւ եթե ասել է, ուրեմն կամ ինքն ունի բացելու քսակ, կամ գիտե, թե ում քսակը պետք է բացել:

Հակոբ Հակոբյանն էլ նշանային ֆիգուր է, հատկապես ամիսներ առաջ եղած միջադեպից հետո: Նախորդ խորհրդարանի պատգամավորին պատկանող ընկերությանը տուգանել էր Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը, ավելի քան 100 միլիոն դրամով: Դրան արձագանքել էր նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը, կառավարության նիստում ՏՄՊՊՀ նախագահ Շաբոյանին հորդորելով հանգիստ թողնել գարեջրի շուկան, որտեղ կա մրցակցություն, եւ զբաղվել առաջնային սպառման ապրանքատեսակներով:

Իսկ Հակոբ Հակոբյանն անգամ հայտարարել էր, թե այնպես են անում, որ մտածում է նույնիսկ արտագաղթի մասին: Հակոբ Հակոբյանը չհայտնվեց նոր խորհրդարանում, իսկ այժմ էլ ակնարկում է, որ Շարմազանովը չէր անի պատահական հայտարարություն:

Այլ կերպ ասած, Հակոբ Հակոբյանը տողատակում նշում է, որ ԱԺ փոխնախագահի շուրթերով իշխանությունն է խոսում: Այսինքն, ձեւակերպվում է խնդիրը՝ մեծահարուստները պետք է բացեն քսակները:

Առաջին հայացքից դա իսկապես բավական գայթակղիչ հայտարարություն է հանրային սոցիալ-հոգեբանական վիճակից ելնելով, «արդար» հայտարարություն: Մյուս կողմից, եթե չլինեին հարուստների քսակները, ապա թե Էդուարդ Շարմազանովը, թե ՀՀԿ այլ երիտասարդ դեմքեր ոչ միայն ԱԺ փոխնախագահ, հանձնաժողովի նախագահ, այլ պարզապես շարքային պատգամավոր էլ չէին լինի:

Ստացվում է, որ ԱԺ փոխնախագահը, որը եւ որի ներկայացրած ՀՀԿ երիտթեւը հայտնվել է խորհրդարանում հենց հարուստների քսակի գործադրման շնորհիվ, փորձում է նրանց հաշվին հանդես գալ ժողովրդահաճո հայտարարությամբ:

Իրավիճակն իսկապես հակասական է: Այն, որ Հայաստանում կա «մեծահարուստների» կամ պարզապես քրեա-օլիգարխիկ համակարգի եւ հանրային ու պետական շահի լրջագույն հակասություն, աներկբա է, որը տվյալ համատեքստում ունի ստվերային տնտեսություն եւ կոռուպցիա անվանումը: Այստեղ Շարմազանովի հայտարարությունն անհերքելի է եւ կարեւոր:

Մյուս կողմից, ակնհայտ է հանգամանքը, որ ստվերային տնտեսությունն ու կոռուպցիան են իշխանության «անաղմուկ վերարտադրության» հուսալի գրավականը:

Միաժամանակ հստակ է, որ ԱԺ փոխնախագահը չէր անի ժողովրդահաճո հայտարարություն, որն ակնհայտորեն տհաճ էր լինելու «մեծահարուստների» խավին, եթե վստահ չլիներ, որ իր հայտարարությունը հաճո կլինի բարձրագույն իշխանությանը կամ պարզապես ղեկավար Սերժ Սարգսյանին:

Այդպիսով, հնարավոր է ամփոփել, որ Շարմազանովի շուրթերով «բարբառել» է Սերժ Սարգսյանը, եւ բարձրաձայնվել է ոչ թե պետության, այլ իշխանության համար առանցքային խնդիրը:

Բանն այն է, որ Սերժ Սարգսյանի քաղաքական ծրագրերի սպասարկումը ունի ֆինանսավորման անհրաժեշտություն: Վարչապետ Կարեն Կարապետյանը իր ֆինանսական բազան ձեւավորել է եւ հայտարարել դրա մասին՝ Հայաստանի ներդրողների ակումբ 

Սերժ Սարգսյանի ֆինանսական բազան հայտնի չէ: Եթե նա չձեւավորի այդ բազան, ապա առնվազն ստիպված կլինի Կարեն Կարապետյանին թողնել վարչապետի պաշտոնին 2018-ից հետո: Եթե 2018-ից հետո Կարապետյանը մնաց, ապա անգամ ՀՀԿ նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանի համար չափազանց դժվար կլինի պահել իշխանությունը դե ֆակտո:

Սերժ Սարգսյանը փաստացի դիմում է երկսայր շանտաժի: Կամ «մեծահարուստները» կբացեն իրենց քսակը նրա ծրագրերի համար, այդպիսով փաստացի համաձայնելով քաղաքական ասպարեզն աստիճանաբար զիջել ՀՀԿ երիտասարդ դեմքերին եւ ֆինանսավորել նրանց քաղաքական իշխանությունը՝ սեփական անվտանգության դիմաց, կամ նրանք առաջիկա տարում կհայտնվեն «քսակաթափության» ռիսկի առաջ:

«Մեծահարուստները» կարող են ընտրել Կարեն Կարապետյանին, որը ցույց է տվել ֆինանսական հստակ բազան: Բայց նրանց վիճակն իհարկե բարդ է, քանի որ իշխանությունն առայժմ Սերժ Սարգսյանի ձեռքին է, եւ սխալ կողմնորոշումը կրկին կարող է «քսակ» արժենալ եւ հետո շատ ավելի թանկ կլինի ներման արժանանալը:

                                                                                                                                             Աղբյուրը՝ Lragi.am, մեկնաբան՝ Հակոբ Բադալյան

Երեքշաբթի, 30 Մայիսի 2017 00:46

Ազատատենչ կանայք

Քանի դեռ չի առաջացել ազատատենչ կանանց սերունդ, երբեք մեծ տղամարդկանց սերունդ չենք նկատելու: 

Ռաբերտ Գրին Ինգերսոլ՝ ամերիկացի 19-րդ դարի գրող:

Բաժին՝ Կանայք
Երկուշաբթի, 29 Մայիսի 2017 12:05

Ճակատագիրը և մեր անելիքը

Այն ինչ մարդիկ «Ճակատագիր» են անվանում, հաճախ նրանց տխմար վարքի արդյունքն է: Մարդուն շահագործողները սիրում են մարդկանց տնտեսական վատ վիճակը և կենսական ցածր մակարդակը ներկայացնում են որպես ժողովրդի բնական ընթացք՝ ճակատագիր: Սա պատճառ է դառնում, որ ճնշված ժողովուրդը հաշտվի իր կարգավիճակի հետ ու չձգտի փոխել հասարակարգը և ստղեծել արդար տնտեսական հասարակարգ: Աշխատավոր ժողովրդի մտավորականների և գիտակից մարդկանց ազգային ու հասարակական պարտքն է, որ այս գիտակցությունը տարածեն իրենց  ժողովրդի մեջ և նման անարդար տնտեսական համարգը չթողնեն ներկայացվի, որպես ճակատագիր և բնական մի ընթացք: 

Վարդան Ղազարյան

Բաժին՝ Անցուդարձ

      Հայաստանում սոցիալիզմի անհաջողությունից հետո, եկած կուսակցությունների մեծ մասը առաջ քաշեցին ու սկսեցին ստեղծել ըստ իրենց հասկացողության ու մակարդակի կապիտալիստական մի համակարգ, որտեղ մարդուն իրավունք է տրվում կուտակել մեծ կապիտալ ու շահագործել իր համաերկրացիներին: Նրանք իրենց կապիտալի պահպանման ու անվտանգության ապահովության համար պետք է ունենան նաև իշխանություն: Օրինակները շատ են, ովքեր անօրինական ճանապարհով հարստացել են: Մի շարք մարդիկ էլ կապիտալ կուտակելու ամենահեշտ ճանապարհը իշխանության կամ որևէ պետական պաշտոնի հասնելը գտան, որով կարողացան մեծ կապիտալներ կուտակել, նման մարդիկ նաև այդ կապիտալը շատացնելու, կամ ապահով պահելու նպատակով երբեք չեն հրաժարվում իշխանություն ունենալուց և ամեն կերպ աշխատում են ազդեցիկ  լինել, դրա վառ օրինակն է Ռոբերտ Քոչարյանը և նման մարդիկ:

     Հայ կապիտալիստները դաս վերցնելով միջազգային կապիտալիստական ու նեոլիբերալիստական փորձը, ջանում են, որ մեր ժողովրդի միտքն էլ այնպես ձևավորեն, որ կարծես աշխարհը հենց այդպես պիտի լինի՝ փոքրաթիվ հարուստներ ու բազմաքանակ աղքատներ: Այս գործում նրանց օգնության է գալիս նաև կրոնը և հոգևորականները, ընդ որում «տերն ու ծառան» ընդունված հասկացողություն է և ազգային զգացմունքները, որոնք հաճախ չարաշահվում են հանուն հայ կապիտալիստների շահերի:

     Հակասովետական ինստիտուտները միլիարդավոր դոլարներ ծախսեցին ու կարողացան աշխարհի տարբեր ժողովուրդների մեջ սերմանել հակասոցիալիստական տրամադրություն, սրան նպաստեցին նաև անցյալի հատկապես Սովետական Միության կումունիստական կուսակցությունների բազմաթիվ սխալերը:

    Հիմա մեզանից յուրաքանչյուրը որպես Հայաստանի բնակիչ այս հարցի առաջ է կանգնած՝ թէ ինչպիսի տնտեսական և քաղաքական համակարգ պետք է ընտրել մեր ապագայի համար, որպեսզի մարդավարի ապրել:

    500 տարի կյանք ունեցող կապիտալիստական համակարգի դիմաց գոյություն ունի դեմոկրատիկ մի համակարգ, որը մարդկանց միջև հավասարության ձգտող համակարգ է: Այս երկու համակարգերի մեջ բարդ պայքար է ընթանում: Մենք բոլոր հայաստանցիներս պետք է հիշենք, որ մեր առաջին խնդիրը մեր գոյատևումն է ֆիզիկապես, մեզ անհրաժեշտ է բավարար ուտելիք, մի տանիք, որի տակ լինի ապրել և աշխատանք, որով կարողանալ բավարարել երեխաների ու ընտանիքի մինիմոմ կյանքի պահանջները: Կապիտալիստները երբեք չեն կարող մեզ համար ապահովել այդ պահանջները, որովհետև դրանք հակասում են իրենց շահերին:

    Վստահ ենք, որ աստիճանաբար աշխատավոր և միջին դասակարգի խավերը կգիտակցեն այս իրականությունը: Հայ կապիտալիստները աշխատում են հայերին միշտ աղքատիկ վիճակում պահել, որովհետև համոզված են, որ աղքատ ժողովրդին ավելի հեշտ կլինի հսկել, քանզի աղքատ ժողովուրդը ամեն գնով ձգտում է մի կտոր հացի և չի կարող ուսումնասիրել, կարդալ ու գիտակցել նման հարցեր: Այստեղ մեծ պարտականություն ունեն նյութապես ինչ որ չափով բավարարված ուսանողները, երիտասարդությունը և մտավորականությունը, որպեսզի իր ուսումնասիրություններով ու կարդալով ըմբռնի իրականությունը և օգնի իր ազգի աշխատավորներին գիտակցելու իր շահերը:  

    Ուրեմն եթե ուզում ենք հայ ազգը ապրի նորմալ, պետք է փոխենք իշխող տնտեսական համակարգը, դրա համար պետք է հզորացնենք սոցիալիստական տնտեսական համակարգը ընդունող քաղաքական ուժերին: Ներկայիս հայ սոցիալիստների մեծ մասը համոզված են, որ արդար սոցիալիստական տնտեսական համարգ պետք է ստեղծել, որտեղ քաղաքական համակարգը կլինի դեմոկրատիան և ոչ թէ տոտալիտար միկուսակցական մի համակարգ: Այս հասարակ իրողությունը պետք է հասցնել ժողովրդին ու դա մի քանի ամսվա ու տարվա գործ չէ, անընդմեջ ու կազմակերպված աշխատանք է պահաջում:

Վարդան Ղազարյան

 

Բաժին՝ Հայաստանում

    Բոբ Ավագյանը   ծնվել է 1943 թվականին ու մեծացել  միջին դասակարգին պատկանող մի ընտանիքում: Նրա հոր անունն էր «Սպորջիոն» և մորը «Ռութ»: Բաբի տատիկն ու պապիկը արևմտյան Հայաստանից էին, որոնք Օսմանյան պետության կողմից ենթարկվել են ցեղասպանության, իսկ նրա պապիկն ու տատիկը գաղթել են Ամերիկա ու բնակվել են «Ֆրեզնո» քաղաքում, որտեղ էլ իրար հետ ծանոթացել ու ամուսնացել են: Նրանք այդ քաղաքում զբաղվել են հողագործությամբ: Նրանք ունեցել են երեք տղա երեխա, որոնցից մեկը Բաբ Ավագյանի հայրը՝ պրն. Սպորջիոնն էր: Բաբ Ավագյանի մեծ հորեղբայրը մեկ տարի սովորեց «Ստենֆորդ» համալսարանում, սակայն ընտանեկան նյութական վատ վիճակի պատճառով հրաժարվեց ուսումից ու որպես ավտոմեխանիկ մի խանութ բացեց ու սկսեց աշխատել: Նրա փոքր հորեղբայր՝ «Արբի»-ն 1930 թվականների տնտեսական ճգնաժամի հետևանքով չկարողացավ համալսարան գնալ և ստիպված եղավ զբաղվել հողագործությամբ ու խանութների մաքրման աշխատանքով:  

   Բաբ Ավագյանի անհատական ու քաղաքական զարգացումը ուղղակի ազդված է եղել 1960 ական թվականներին Ամերիկայի «Բերկլե» քաղաքում ապրելու ժամանակ, նրա ձեռք բերած փորձառություններից ու զարգացումից: Բերքլե քաղաքը մի միջավայր էր, որտեղ գոյություն ուներ ռադիկալ մտավորականություն և մշակությաին ու քաղաքական հոսանքներ: Այդ քաղաքում հիմնականում բնակվում էին սևամորթներ, որոնք իրենց ազդեցությունն էին թողնում այդ քաղաքի  ընդհանուր հատկությունների վրա: Ավագյանը իր հուշերում նշում է թէ ինչպես նա ազդվեց իր սևամորթ դասընկերներից երաժշտության ու սպորտի միջոցով: Նրանց հետ շփվելով նկատեց տարածված ատելությունը խտրականության ու ռացիզմի հանդեպ  իրենց հասարակության մեջ, որը իր ազդեցությունն էր թողնում նրա սևամորթ ընկերների ու ընդհանրապես սևամորթների վրա: Նա հաճախ իր սևամորթ ընկերների հետ քննարկման նյութ էին դարձնում այն թեման թէ ինչու այս երկրում՝ Ամերիկայում այսքան ուժեղ ռացիզմ պետք է գոյություն ունենա, ինչու այդքան նախապաշարմունք գոյություն ունի այստեղ ու որտեղից է դա գալիս և արդյո՞ք հնարավոր է դա փոխվի և ինչպես կարող է դա փոխվել: «Սրանք հիմնական թեմաներից էին, որ ես անընդհատ լսում էի: Ես այդ խոսակցություններից ավելի շատ էի սովորում քան դասարանում ու դասի ժամանակ» ասում է Ավագյանը:   

  1961 թվականին Ավագյանը ընդունվեց Կալիֆորնիայի Միավորված Բերկլե համալսարան, որտեղ մտադիր էր ձեռք բերել ակադեմիկ ուսում և ֆուտբոլի թիմում խաղալը, որը դժբախտաբար որոշ երկար հիվանդության պատճառով դա նրան չհաջողեց: Ուսման ընթացքում նա պաշտպանում ու մասնակցում էր մտավորականների երկխոսություններին ու անդրադառնում ներկա կարգավիճակին: Նա դարձավ Ազատ խոսքի և ուսանողական բողոքի շարժման ակտիվ մասնակից: Ժամանակի ընթացքում նա խորը կապի մեջ մտավ հակապատերազմական շարժման հետ և պաշտպանեց սևամորթների ու կանանց ազատական պայքարը: Այսպիսով նրա մոտ առաջացան հեղափոխության հակումներ: Նա մտերմիկ և ընկերական  հարաբերություններ ստեղծեց սևամորթների պանտեր կուսակցության ՝ Black Panther Party լիդերների հետ: Նրանց հետ աշխատեց նաև «Ռամպարտ»՝ Ramparts  թերթում: 

   Ավագյանը Կալիֆորնիայում ակտիվ համագործակցում էր «Խաղաղություն և ազատություն» կուսակցության հետ և մաս էր կազմում «Ուսանողները դեմոկրատիկ հասարակության համար»՝ SDS  շարժմանը, ազգային մասշտաբով: Այդ ժամանակահատվածում նա սկսեց շարժվել դեպի զարգացած հեղափոխական ասպարեզ ու հարց առաջացավ թէ ինչ տեսակի հեղափոխություն է անհրաժեշտ երկրում և ինչպիսի ղեկավարություն պետք է իրականացնի դա: 

   1967 թվականին Ավագյանը տեղափոխվեց «Ռիչմոնդ» Կալիֆորնիա, մի քաղաք, որը ամենաբարձր աղքատության մակարդակը ունի Սան Ֆրանցիսկոյի «Բայ» տարածաշրջանում: Այնտեղ նա սկսեց ինտեգրել ու ստեղծել մի բանվորական կոլեկտիվ, որդեգրելով ռադիկալ պրոլետարական քաղաղաքականություն: Նա իր ընկերների հետ սկսեցին ավելի խորն ուսումնասիրել Մարքսիզմը և «Մաու Տեսունգի» գրվածքները և աշխատեցին ուսումնասիրել Ամերիկայում հեղափոխական հեղափոխություն իրականացնելու հարցը: 1968 թվականին Ավագյանը կենտրոնական դեր կատարեց «Բայ» տարածաշրջանի հեղափոխական կոլեկտիվներին ի մի բերելու գործում: Այդպիսով հող պատրաստվեց ստեղծելու Ամերիկայի հեղափոխական կոմունիստական կուսակցության հիմնադրման համար: Նրանց հասկացողությունը կամ կոնցեպտը այն էր, որ տարբեր կազմակերպություններ պետք է հիմք համարեն գաղափարախոսական ու քաղաքական միասնականությունը նոր հեղափոխական կոմունիստական կուսակցություն ստեղծելու գործում: Այս գործընթացը տարբեր հարցերի շուրջ բանավեճեր առաջացրեց, այս հարցերից էին՝ 1-Ինչպիսի հեղափոխություն անհրաժեշտ կլինի ու ինչպես պետք է հասնել դրան, 2-Այդ հեղափոխության համար ինչպիսի ծրագրով պետք է հանդես գալ, 3-Հասարակության ինչպիսի ուժեր կարող են հիմք հանդիսանան նման մի հեղափոխության համար, 4-Ուրիշ ինչպիսի ուժեր կարող են մասնակցել այս հեղափոխությանը և ինչպես են կարող այս բոլորը գումարվեն իրար հետ, 5-Ինչպիսի ղեկավարություն կը պահանջվի և ինչպես, այսինքն ինչպիսի հիմունքների ու մեթոդների հիման վրա, արդյո՞ք դա կլինի կազմակերպված ու գործնական:  

    Նա մտածում է, որ վերջ պետք է տրվի բոլոր անհավասարություններին ու ճնշումներին: Նա մեծ հովանավորություն է ցույց տալիս բոլոր այն ուժերին, որոնք դեմ են ճնշումներ գործադրելուց սևամորթների, լատինականների, կանանց և հասարակության մյուս սեկտորների նկատմամբ: Միևնույն ժամանակ նա խորապես ձգտեց հասկանալ հասարակությունում այն հիմնական էլեմենտներն, որոնք անհավասարության ու ճնշումներ գործադրելու պատճառ են դառնում: Ուսումնասիրությւոնները շարունակելու ու հասարակական հետաքննությունների միջոցով և հաճախ գաղափարական բանավեճերով, Ավագյանը  հասավ այն եզրակացության, որ Մարքսիզմը ինչպես նախկինում զարգացել է Լենինի միջոցով և հասել է իր գագաթնակետին Մաու Տեսունգի միջոցով, համարվում է տեսական այն շրջանակը, որը ավելի շատ գիտականորեն  վերլուծում և հասկանում է աշխարհը և այն միջոցները, որոնցով հնարավոր կլինի այն ռադիկալ ձևով փոխակերպել ազատագրական մի եղանակով:

   Նա իր բազմաթիվ հոդվածներում, որոնք հրատարակվել են «Հեղափական միության տեսական հանդեսում», որը կոչվում էր «Կարմիր թերթիկներ» և այլ հանդեսներում,  սկսեց մոտեցումներ ցուցաբերել բոլոր այն հարցերի հանդեպ, որոնք գոյություն ունեն կոմունիստական շարժման մեջ և զարգացնելով նրանք սկսեց խոսել և խոսում է ներկայիս քաղաքական ու գաղափարական հարցերի շուրջ, որոնք գոյություն ունեն այսօր տարբեր տեսանկյուններից: Նրա գրությունները թարգմանվել են տարբեր լեզուներով:   

   1975 թվականին կազմավորվեց Ամերիկայի կոմունիստական հեղափոխական կուսակցությունը և Ավագյանը ընտրվեց, որպես այդ կուսակցության ղեկավար և կենտկոմի առաջին քարտուղար:

      Այս գիրքը հրատարակվել է 2008 թվականի աշխարհում ընթացող տնտեսական ընդհանուր ճգնաժամից հետո: Հեղինակը ԱՄՆ-ի Քեմբրիջի համալսարանի բարօրության տնտեսագիտություն ու տնտեսագիտության պատմություն ֆակուլտետի կորեացի դասախոս, պրոֆեսոր Հան Ջուն Չանգն է: Նա քննադատելով ֆինանսական կապիտալիզմի քաղաքականությունը հետաքրքիր ու գրավիչ օրինակներ է բերում, ընդ որում 23 հարցի շուրջ բացատրություններ է տալիս, որոնք ծածուկ են պահում այդ քաղաքականությունը գործադրողները:

    Իրականությունն այն է, որ վերջին տասնամյակների ընթացքում ազատ շուկայի գաղափարն` իր մեծամեծ հավակնություններով ու պրոպագանդայով դատարկ ու անհիմն դուրս եկավ: 2008 թվականին ֆինանսական ճգնաժամի բացահայտումով այլևս հնարավոր չէր որևէ կերպ ծածուկ պահել այդ գաղափարախոսության անկատարությունը, ինչը տասնյակ տարիներ շարունակվում էր գործի դրվել: Նոր ազատական տնտեսական քաղաքականության գործնական արդյունքները հակառակ դուրս եկան այն խոստումների, որոնք սկզբից ի վեր տրվում էին: 

      Այս գաղափարախոսությունը ոչ թե իր հաջողություններով, այլ մշուշապատ ենթադրություններով, օրինակ` «ազատ շուկա», «հետինդուստրիալ հասարակություն», քաղաքական միջոցներով իր տիրապետությունը հաստատեց կապիտալիստական աշխարհի տնտեսության վրա: Նրանք ասում էին, որ պետություններն ունակ չեն իրագործելու ազգային մեծ նախագծեր ու պետք է կապիտալիստներին իրավունք տրվի առանց պետության միջամտության նման նախագծերն իրագործելու:

     Նյութապաշտության ուժեղացումով և չընդունելով նյութական կամ ֆինանսական կապիտալիզմի գործունեության վրա որևէ պետության վերահսկողությունն ու առաջարկած ծրագրերը, նրանք պատճառ դարձան, որ օրեցօր հարուստներն ավելի հարստացան, իսկ աղքատներն աղքատացան, դանդաղեց տնտեսական աճը, որն էլ առաջացրեց  ճգնաժամեր ու սննկացումներ: 

      Ժամանակի ընթացքում պարզվեց, որ պետության ղեկին նստած մարդիկ ու այն քաղաքագետները, որոնց պարտականությունն էր հսկողության տակ առնել բանկերի աշխատանքներն ու ներդրումային կապիտալների սնդուկները և մյուս ֆինանսական ռեսուրսները, հենց իրենք հաճախ ընդգրկվել են այդ կապիտալների կամ կապիտալիստների հովանավորության ներքո և ծառայել նրանց: Այսինքն` բանկերն ու ֆինանսական հաստատություններն են ընտրել իշխանություններին ու քաղաքագետներին և հսկել նրանց: 

    Նեոլիբերալ տնտեսական քաղաքականության գործունեությունն այնքան խայտառակ է եղել, որ եթե պետություններն ահռելի գումարներ չծախսեին և չգնեին այդ հաստատությունների ու բանկերի «կեղծ ունեցվածքներ»-ը, այդ ֆինանսական ճգնաժամը տնտեսական ընդհանուր փլուզման պատճառ կդառնար:

    Այդ գրքում գնահատական է տրվում անցյալ տասնյակ տարիներին վարած այդ կործանարար գաղափարախոսությանը և բացահայտում դրա արդյունքների մի մասը, որոնց մասին չեն խոսում շուկայական հարաբերությունների կողմնակիցները:  

     2008 թվականի ճգնաժամից հետո տարբեր գրքեր են հրատարակվել, որոնք քննադատության են ենթարկում համաշխարհային տնտեսությունը, սակայն այս գրքում ազատ շուկայական հարաբերությունների գաղափարախոսությունը քննադատում ու գնահատական է տալիս մի տնտեսագետ, ով կապիտալիստական համակարգի կողմնակից է եղել և ընդունել է կապիտալիստական համակարգի հիմունքները, վկան է այն բանի, թե ինչպես է այդ համակարգը՝ նեոլիբերալական գաղափարախոսությունը ավերում տնտեսությունը:  

    Տնտեսական քաղաքականությունների ծախսերը հասարակ ժողովուրդն է վճարում, այդ քաղաքականությունների գործադրման վերջնական զոհերը հասարակ մարդիկ են, այլ ոչ թե տնտեսագետներն ու պրոֆեսիոնալները, ուրեմն ժողովուրդը իրավունք ունի իմանալու կամ հասկանալու այդ քաղաքականությունների իսկության մասին, իմանալու թե ինչ հետևանքներ են ունենում և ում շահերն են պաշտպանում: Այդ իսկ պատճառով այդ քաղաքականությունների մասին քննարկումները պետք է կատարվեն հասարակ ժողովրդի համար, իսկ նրանք ծանոթ չեն տնտեսագիտական բարդ տերմիններին: Հաճախ գրքում հանդիպում ենք. «Ձեզ ասում են, որ...», իսկ «Ձեզ չեն ասում, որ...» նշումներին, որոնց հետևում են  բացատրությունները:  

   Օրինակ, վիճաբանության առարկա է դառնում հնդիկ վարորդի և  շվեդացի վարորդի աշխատավարձերի չափի համեմատությունը, որի արդյունքում պարզվում է, որ շվեդացի վարորդը 50 անգամ ավելի բարձր աշխատավարձ է ստանում, քան հնդիկ վարորդը: Այս հասարակ օրինակով ցույց է տրվում ցնցող իրականությունը: Այսինքն, երբ նեոլիբերալ տնտեսության կողմնակիցներն ասում են, թե շուկայական տնտեսության մեջ մարդիկ համապատասխան իրենց արտադրության և կարողության աշխատավարձ են ստանում, անհիմն է: Հարց է առաջ քաշվում, թե ինչու է ազատ շուկայական հարաբերությունների գաղափարախոսությունը պաշտպանում կապիտալի ազատ տեղաշարժը նեոլիբերականից, կապիտալը կարող է գաղթել ու տեղաշարժվել այնտեղ, որտեղ ավելի շատ շահ կունենա, սակայն դրան հակառակ, մարդուժի գաղթը տարբեր օրենքներով արգելափակվում է ու խոչընդոտվում:   

      Նեոլիբերալ տնտեսության տեսակետի հիմքը «ազատ շուկա»-ն է, մի բան, որ եթե իսկապես ուզենանք, աշխարհի ոչ մի տեղում չենք կարող գտնել ու մատնանշել: Այն երկրները, որոնք իրենց համարում են այդ գաղափարախոսության հիմնական հավակնորդները, իրենց շուկայական հարաբերությունների համար ձևակերպում են բազմաթիվ տնտեսական ու քաղաքական օրենքներ, պիտիներ ու չպիտիներ, արգելափակումներ, պարտականություններ ու տարբեր սահմանափակումներ: 
Հեղինակը գրում է. «Այն հավակնությունը կամ կարծիքը, որ ազատ շուկայի համակիր տնտեսագետների կողմից արծարծվում է, թե իբրև նրանք աշխատում են պաշտպանել շուկան պետության միջամտություններից, որոնք քաղաքական դրդապատճառներ ունեն, սուտ կարծիք է: Պետությունն անընդհատ շուկայական հարաբերություններում մխրճված է և ազատ շուկայի համակիրները հենց իրենք բոլորից առավել քաղաքական դրդապատճառներ ունեն: Այստեղ նեոլիբերալ կապիտալիզմը նման լոզունգներից օգտվում է ուրիշ երկրների քաղաքականությունների դեմ գործելու համար, որոնցից յուրաքանչյուրն իր երկրի շահերի համար կիրառում է իր շուկայական հարաբերություններում: Նեոլիբերալներն աշխատում են այդ երկրների քաղաքականությունների վերացման ուղղությամբ: Սա է պահանջում զարգացած ու  հարուստ կապիտալիստական երկրների շահերը, որտեղ ցանկանում են բոլոր երկրների շուկաները, առանց որևէ արգելքի, իրենց առջև բաց լինեն:

      Նրանց կարծիքով այն երկրները, որոնք արտասահմանյան կապիտալների համար սահմանափակումներ են դնում, շուկայի ազատության դեմ է, իսկ այն սահմանափակումներն ու արգելքները, որ կապիտալիստական երկրները սահմանում են արտասահմանյան աշխատուժի նկատմամբ, շուկայի ազատությանը չի հակասում:

    Ընդհանուր առմամբ արտաքուստ երկրների միջև ազատ առևտուրը բնական է թվում, սակայն երբ խորանում ես այդ հարցում, նկատելի է դառնում, որ աշխարհի առևտրի բնագավառում երկու խմբի երկրներ գոյություն ունեն՝ առաջինը չզարգացած կամ զարգացող երկրներն են, որոնք արտահանման և վաճառքի համար բացի հումքից ու բնական ռեսուրսներից ուրիշ բան չունեն, այդ պատճառով արդյունաբերական ապրանքները և պատրաստի արտադրանքը հումքերի ու բնական ռեսուրսների դիմաց պետք է գնեն կապիտալիստական հարուստ երկրներից: Երկրորդ խմբի երկրները զարգացած երկրներն են, որոնք ուժեղ արդյունաբերական հիմքեր ունեն և հակառակ առաջին խմբի երկրների, նրանք ներմուծում են առաջին խմբի երկրների հումքն ու բնական ռեսուրսները: Այդ երկրներն արտահանում են  այն արտադրանքը, որ պատրաստվում է առաջին խմբի երկրների հումքերից, և վաճառվում է չափազանց բարձր գներով հենց նույն` չզարգացած կամ զարգացող երկրներին: 

      Այսպիսով, այն երկրները, որոնք հումք են վաճառում և պատրաստի ապրանքներ գնում, աղքատ են ու օրեցօր աղքատանում են, իսկ այն երկրները, որ հումք են գնում ու պատրաստի ապրանքներ վաճառում, հարուստ են ու օրեցօր հարստանում են: Այսպիսով, «առանց որևէ պայմանի ազատ առևտրի» լոզունգը նման պայմաններում պաշտպանում է հարուստ և զարգացած երկրների շահերը և ոչ զարգացած երկրների աղքատության ու ավերումների պատճառ դառնում: Այդ իսկ պատճառով նման երկրները, նկատի ունենալով իրենց ազգային շահերը, իրավունք ունեն հսկողություն սահմանելու իրենց արտաքին առևտրի համար և հատուկ քաղաքականություն մշակելու ու իրագործելու այդ ուղղությամբ:

     Գրքի հեղինակը փաստերով ցույց է տալիս, որ նման քաղաքականության կիրառումը և տնտեսության կենտրոնացումը զարգացող երկրներում, նրանց օգտին է եղել:

Հաջուն Չանգը փաստերով ցույց է տալիս, որ հակառակ տարածված  կարծիքի, զարգացող երկրների գործունեությունը այն ժամանակ, երբ տնտեսությունը ծրագրված ձևով և պետության հսկողության տակ է եղել, ավելի լավ արդյունք է տվել, քան այն ժամանակ, երբ այդ երկիրը կիրառել է ազատ շուկայական քաղաքականություն: Նրանք պետության հսկողության տակ ավելի արագ են զարգացել և եկամուտների բաժանումը ժողովրդի միջև ավելի արդարացիորեն է կատարվել ու ֆինանսական ավելի քիչ ճգնաժամեր են ունեցել:  

     Այն կարծիքը, թե իբր բոլոր հարուստ երկրներն ազատ շուկայական քաղաքականության ընթացքում են հարստացել, սխալ է, և իրականությունը դրա հակառակն է փաստում: Բացի մի քանի բացառություններից, ներկայիս բոլոր հարուստ երկրները, հատկապես մեծ Բրիտանիան ու Ամերիկան, որոնք համարվում են ազատ շուկայի ու ազատ առևտրի կենտրոն, պետության հովանավորության, պետության սուբսիդների և ուրիշ քաղաքականությունների հետևանքով են հարստացել, հիմա նրանք զարգացող երկրներին խորհուրդ են տալիս, որ երբեք նման քաղաքականություն չվարեն:

     Գրքում նշված է, թե ինչպես Ամերիկայի ժամանակակից տնտեսության ճարտարապետ Հեմիլտոնը տնտեսական իր զեկույցում, որ ներկայացրել է կոնգրեսին, պետության հովանավորությունը իր քաղաքականության առանցքն է համարել: Նա համոզմունք է հայտնել, որ Ամերիկայի «նորածին արդյունաբերությունը», որպեսզի կարողանա ոտքի կանգնել, պետք է պետության հովանավորությունն ունենա և նրա կողմից սնուցվի: Հեղինակը կատակով ասում է. «Եթե Հեմիլտոնը այդ հայացքներով դառնար զարգացող որևէ երկրի ֆինանսների նախարար, խիստ կդատապարտվեր Ամերիկայի ֆինանսների ու բյուջեի նախարարության կողմից ու դավաճան կհամարվեր: Մեծ հավանականությամբ, «փողի միջազգային սնդուկը» և համաշխարհային բանկը նաև կմերժեին նրան որևէ հարկի տրամադրում»:  

      Նա ցույց է տալիս, որ Գրանտը, Բենջամին Ֆրանկլինը, Էնդրյու Ջեքսոնը և ԱՄՆ-ի շատ պետական գործիչներ հակառակ էին Բրիտանիայի հետ ազատ առևտրի զարգացման ծրագրին և պաշտպանում էին պետության հովանավորությունը ներքին արտադրողներին:       Այսպիսով, այն եզրակացության ենք հանգում, որ «Ամերիկայի Միացյալ Նահանգները միակ երկիրը չէ, որ հակառակ ազատ շուկայի գաղափարների վրա հիմնված քաղաքականության հաջողությունների են հասել»: Ներկայիս հարուստ երկրների մեծ մասը ազատ շուկայական հարաբերությունների քաղաքականությանը հակառակ գործելով են այսօրվա հաջողություններին հասել և հիմա զարգացած երկրներ են համարվում: Այդ երկրներն իրենց ներկայիս շահերը բավարարելու համար կարիք ունեն ազգային սահմանների վերացման` առանց որևէ պայմանների, ազատ առևտրի համար, այսինքն` իրենց շահերին համապատասխան դեղատոմս են գրել ամբողջ աշխարհի համար:

      Հեղինակը հարուստ երկրների պատմական խաբեության մասին եզրակացնում է.  «Հարուստ երկրները հակառակ իրենց պատմական անցյալի, աշխատում են` օգտվելով այն պայմաններից, որոնք արտասահմանյան փոխադարձ օգնությունների համար նշանակել են, օրինակ` «միջազգային ֆինանսական վարկային կենտրոններ», «համաշխարհային բանկ և փողի միջազգային սնդուկ»: Մտավորականների շրջանում իրենց գաղափարական ազդեցությամբ նույնպես  աշխատում են զարգացող երկրներին ստիպել իրենց երկրների սահմանները բացել` աշխարհի ուժերի մրցակցության համար: Նրանք այնպիսի քաղաքականություն են պրոպագանդում, որն իրենք չէին կիրառում, երբ համարվում էին զարգացող երկրներ, այդուհանդերձ զարգացող երկրներին ասում են. «Այն գործերը արեք, որ ես եմ ասում և ոչ թե այն գործերը, որ ես եմ կատարել»: 

     Որպես եզրակացություն պետք է ասել, որ ազատ շուկայի ու ազատ առևտրի քաղաքականությունը, եթե ազդեցիկ են եղել, ապա այդ ազդեցությունը հազվադեպ և չնչին է եղել: Հարուստ երկրների մեծ մասը երբ համարվում էր զարգացող, նման քաղաքականություն չի կիրառել, որովհետև նրանք գիտակցում էին, որ այն  դանդաղեցնում է երկրի տնտեսական աճը: Վերջին երեք տասնամյակում զարգացող երկրներում եկամուտների անհավասարությունը ավելանում է հենց այդ քաղաքականության շնորհիվ:

    Նոր լիբերալիզմի հակապետական ու հակածրագրային հայացքների անարժեքության փաստը Չինաստանի հզոր տնտեսական զարգացումն է, որն աստիճանաբար դառնում է աշխարհի ամենահզոր տնտեսական ուժը: Սա առանձին երևույթ է, որին պետք է առանձին անդրադառնալ: Սակայն նեոլիբերալիզմի քաղաքականության պաշտպանները խուսափում են Չինաստանի իրականությունը տեսնելուց և միայն բավարարվում են ասելով, որ Չինաստանի տնտեսությունը այն ժամանակ սկսեց աճել, երբ նրանք իրենց դռները բացեցին շուկայական քաղաքականության առջև: Սակայն նրանք երբեք չեն կարող պատասխանել այն հարցին, որ եթե իսկապես Չինաստանը նեոլիբերալական դեղատոմսերով է հասել 10 տոկոսանոց տնտեսական աճին, ապա ինչու իրենք, որ համարվում են այդ դեղատոմսերի իսկական հայտնաբերողները՝ կապիտալիստական հարուստ երկրները, որ իրենք դասեր են տվել, իբր, Չինաստանին, իրենց չի հաջողվում ունենալ 2 տոկոսանոց տնտեսական աճ: Հակառակ նեոլիբերալական քաղաքականության, ազգային մեծ նախագծերը տարբեր պատճառներով պետք է իրականացվեն այն պետության կողմից, որը համարվում է իր ժողովրդի ներկայացուցիչը, որովհետև հաճախ կարող է պատահել, որ մեկ  կապիտալիստական տնտեսական հիմնարկի շահերի ու ազգային շահերի միջև հակասություններ լինեն:   

      Այն, ինչ համապատասխանում է որևէ մեծ ընկերության շահերին, ստիպողաբար չի կարող համընկնել այդ երկրի ազգային շահերի հետ: Բացի այդ, տնտեսական զգայուն և կարևոր հարցերի մեծ մասն ինքնըստինքյան այնպիսի մեծ մասշտաբի հարցեր են, որոնց մասին պետք է երկրի մասշտաբով որոշումներ կայացվեն: Իսկ  մասնավոր սեկցիաները, որոնք գտնվում են միմյանց հետ մրցակցության մեջ ու իրենց շահերից ելնելով են կողմնորոշվում, երբեք չեն կարող այդ գործը ստանձնել:

    Տնտեսագիտության առարկան արտադրության վրա իշխող հասարակական համակարգն է և ոչ թե արտադրությունը և նրա տեխնիկական հարցերը: Այդ իսկ պատճառով տնտեսագիտությունը հասարակական մի գիտություն է ու իր բնույթով քաղաքական է, այսինքն` դրա ուսումնասիրման առարկան ընդհանուր հասարակությունն է և նրա հարաբերությունները արտադրության, առևտրի, հարստության կամ բյուջեի բաժանման, կապիտալի կուտակման, զբաղվածության կամ աշխատանքի և այլնի հետ, որոնք ուսումնասիրվում են որպես մեկ ընդհանրություն:

    Այսպիսով, տնտեսագիտությունը զբաղվում է որոշ հարցերով, օրինակ՝ սեփականություն, հարստության արտադրման ինչպիսություն, ինչպես նաև այն հասարակարգով, որով բաժանվում է այդ հարստությունը, դրա բաժանման ազդեցությունը հասարակության դասակարգային կառույցի վրա, կապիտալի կուտակում, փող և փողային հարցեր, տնտեսության զարգացումը` որպես գլխավոր խնդիր և այլ հարցեր: Այդ իսկ պատճառով տնտեսագիտության հիմնադիրներն  ու այս գիտության իսկական տեսաբանները` դասական տնտեսագետները դրան անվանում են «քաղաքական տնտեսություն»: Այս անվանումը համընկնում է այդ գիտության բնույթի հետ:

      Տնտեսության զարգացումը կարելի է ուսումնասիրել միայն հասարակության ամբողջ մասշտաբով որպես մեկ միավոր: Այս մասշտաբի տարրերից կարելի է համարել ազգային եկամուտը, ներքին մաքուր արտադրությունը և դրա փոփոխությունները, ընդհանուր մատուցումը կամ մատակարարումը, ընդհանուր պահանջը, բյուջե, ազգային եկամուտ, ազգային հաշիվներ, արտահանում և ներմուծում: Քաղաքական տնտեսության գլխավոր խնդիրը հասարակության ու արտադրության փոխադարձ ազդեցություններն են: Նեոլիբերալիզմը այս գլխավոր հարցերի ուսումնասիրությունը նվազեցնում է մինչև տնտեսական անհատական մեկ կենտրոնի մակարդակի:

     Յուրաքանչյուր քաղաքացի իր առօրյա կյանքում զգում է տնտեսական քաղաքականության անմիջական ազդեցությունը և այս քաղաքականությունը կարող է որոշել նրա ապրելակերպն ու կենսամակարդակը:

Բաժին՝ Աշխարհում
Երկուշաբթի, 22 Մայիսի 2017 14:03

12 իրավունք, որ ցնցել է աշխարհը

Խորհրդային իշխանության սոցիալական նվաճումները

1․Ութ ժամյա աշխատանքային օրվա իրավունք։ Գործում էր աշխարհում՝ մարդկության պատմության մեջ առաջին անգամ։

2․Ամենամյա վճարվող արձակուրդի իրավունք։ Կիրառվում էր մարդկության պատմության մեջ առաջին անգամ։

3․ Անհնար էր աշխատողին աշխատանքից ազատել վարչակազմի կամ գործատուի նախաձեռնությամբ, առանց արհմիութենական և կուսակցական կազմակերպության համաձայնության։

4․Աշխատանքի իրավունք, սեփական աշխատանքով կյանքն ապահովելու իրավունք։ Ընդ որում, մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտներն աշխատանքային ուղեգրով պարտադիր աշխատանքի տեղավորվելու իրավունք ունեին, նրանց տրվում էր բնակարան կամ հանրակացարան՝ ապրելու և աշխատելու համար։

5․Միջնակարգ և մասնագիտական անվճար կրթության իրավունք։ Ընդ որում, և՛ միջնակարգ մասնագիտական, և՛ բարձրագույն կրթությունն անվճար էր՝ առաջին անգամ աշխարհում։

6․Մանկական նախադպրոցական հիմնարկություններից՝ մանկամսուրներից, մանկապարտեզներից, պիոներական ճամբարներից անվճար օգտվելու իրավունք։ Կիրառվում էր առաջին անգամ աշխարհում։

7․Անվճար բուժապահովության իրավունք։ Կիրառվում էր առաջին անգամ աշխարհում։

8․Հանգստավայր-առողջարանային անվճար բուժման իրավունք։ Կիրառվում էր առաջին անգամ աշխարհում։

9․Անվճար բնակարան ունենալու իրավունք։ Գործում էր առաջին անգամ աշխարհում։

10․Արդի երկրի բոլոր հիմնախնդիրների մասին սեփական հայացքների ազատ արտահայտման իրավունք։ Գործում էր առաջին անգամ աշխարհում։

11․Տեղական չինովնիկների և պետերի ամենաթողությունից պետությունը պաշտպանելու ազատ իրավունք։ Գործում էր առաջին անգամ աշխարհում։

12․Աշխատավայր կամ ուսումնական հաստատություն հասնելու համար անվճար երթևեկման իրավունք՝ պետության կողմից վճարվող ուղևորության փաստաթղթով։ Գործում էր առաջին անգամ աշխարհում:

 

Այդ օրը Վ. Սաֆարյանից մայիսմեկյան շքերթի ընթացքում հարցազրույց է վերցրել "Հրապարակ" թերթի թղթակիցը, որը ներկայացնում ենք ստորև:

 Աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ Հայաստանի կոմունիստական կուսակցության կազմակերպած երթին մասնակցում էին նաեւ դպրոցականներ։ Հայաստանի առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցության նախագահ Վազգեն Սաֆարյանից Hraparak.am-ը հետաքրքրվեց, թե դա չի՞ նշանակում արդյոք, որ դպրոցականները կուսակցականացվում են, որն արգելված է օրենքով։ «Նրանք մեր կոմունիստների երեխաներն են, ես եկել եմ իմ թոռների հետ։ Որեւէ մեկը չի կարող այս տոնական  օրը իր թոռներին մասնակից չդարձնել ավանդական շքերթին, որը մեր մեջ առաջացնում է մեր մանկության հուշերը։ Օրինակ, ինձ հետ քայլում էր իմ թոռը։ Կանցնեն տարիներ և նա հպարտությամբ կհիշի,որ իր պապիկի հետ մասնակցել է շքերթի: Մարդիկ այստեղ եկել են ընտանիքներով, իրենց երեխաներին են բերել։  Մայիսի 1-ը մենք միշտ նշել ենք որպես Աշխատավորության համերաշխության օր։ Աշխարհի բոլոր երկրներում այդ օրը նշվում է մեծ հանդիսավորությամբ։ Դա ձևավորված  ավանդույթ է, եւ այս երթը ցույց է տալիս աշխարհին, որ մենք պահպանում ենք մեր  ավանդույթները եւ մեր աշխատավորներին ոգեկոչում ենք, որ տեր կանգնեն իրենց աշխատանքային իրավունքներին։  Վազգեն Սաֆարյանի հետ զրույցում նկատեցինք, որ կոմունիստական իշխանության տարիները հիշեցնում են նաեւ բռնաճնշումները, հալածանքները մտավորականների, գրողների նկատմամբ։ Կոմունիստների իշխանության տարիներին են հալածվել Ակսել Բակունցը, Գուրգեն Մահարին, Եղիշե Չարենցը, Լեռ Կամսարը և այլք, Էդմոն Ավետյանին նույնիսկ Աստվածաշունչ կարդալու համար են ազատազրկել։ «Բռնաճնշումները մենք դատապարտել ենք մեր կուսակցության բարձրագույն մարմնի համագումարի միջոցով։ Մենք դեմ ենք թեկուզ մեկ մարդու նկատմամբ հանիրավի կիրառվող բռնաճնշմանը։ Հայտնի իրավաբան Կոնիեն ասում էր՝ ավելի լավ է տասը մեղավոր չպատժվի, քան մեկ անմեղ մարդ հանիրավի դատապարտվի։ Այս սկզբունքը իրավագիտության գլխավոր նորմերից մեկն է, որը մեզ համար ընդունելի է։  Իսկ այն փաստը, որ շատ մարդիկ փորձում են հավասարության նշան դնել Խորհրդային Միության, Խորհրդային Հայաստանի հսկայական ձեռքբերումների եւ ռեպրեսիաների միջեւ, համադրելի չեն։ Խորհրդային Հայաստանը հսկայական ձեռքբերումներ է ունեցել տնտեսության, սոցիալական, մշակութային և հանրային կյանքի մնացած բոլոր ոլորտներում: Իսկ Ձեր թվարկած գործիչների`Բակունցի, Չարենցի, Մահարու քրեական գործերին ծանոթանալու դեպքում միայն կարելի է կարծիք հայտնել։ Մենք չենք ցանկանում, որ որեւէ մեկը երբևէ հանիրավի բռնադատվի,»,- ասաց Վազգեն Սաֆարյանը։ Նյութի աղբյուրը ` hraparak.am

Էջ 1, 2-ից

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: