ԻԻՀ խորհրդարանական ընտրությունները և դրան ընդառաջ իրանահայ թեկնածուներին հուզող մի քանի հարցերի մասին

28 Փետրվարի 2016

Փետրվարի 26-ին տեղի ունեցավ ԻԻՀ խորհրդարանի 10-րդ շրջանի ընտրությունները։ Հայ համայնքի ութ թեկնածու՝ Կարեն Խանլարյանը, Իվեթ Դանիելյանը, Ալբերտ Պողոսյանը, Արբի Թահմազյանը, Անդրանիկ Սիմոնյանը, Վրեժ Տեր-Մարտիրոսյանը, Արմոնդ Բաղրամյանը նույնպես մասնակցում էին ընտրապայքարին։

Հայ համայնքի ակտիվ մասնակցության արդյունքում Թեհրանի և Հյուսիսային Իրանի հայ համայնքի պատգամավոր է ընտրվել Կարեն Խանլարյանը, իսկ Սպահանի և Հարավային Իրանի հայ համայնքի ընտրատարածքում պատգամավոր է ընտրվել Ժորժիկ Աբրահամյանը։

ԻԻՀ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ փետրվարի 5-ին, «Հույս» երկշաբաթաթերթի գրասենյակում տեղի է ունեցել բանավեճ, որին մասնակցում էին հինգ թեկնածուներից երեքը՝ դոկտ. Անդրանիկ Սիմոնյանը, դոկտ. Կարեն Խանլարյանը և տիկ. Իվեթ Դանիելյանը, ներկա էին նաև մի շարք հասարակական ու ազգային ակտիվիստներ:

Թեկնածուները հերթականությամբ խոսեցին իրենց ընտրական ծարագրերի ու նպատակների մասին:

Ընդհանուր առմամբ, պետք է ասել, որ թեկնածուների ծրագրերը շատ չէին տարբերվում իրարից:

Դոկտ. Կարեն Խանլարյանի ծրագրում շեշտը դրվում էր «Ազգային հիմնական խնդիրների» վրա, սակայն առանց մանրամասնելու, թե որո՞նք են այդ «հիմնական խնդիրները»: Հետագա հարց ու պատասխանից հասկացվում է, որ դրանք են՝ Ցեղասպանության ճանաչում, Իրան-Հայաստան հարաբերություններ, արտասահմանում ԻՀ վարկանիշի բարձրացման կոչ և այլն:

Իսկ համայնքի հասարակական-սոցիալական հարցերը, որոնք, ի դեպ, հասարակության առօրյա ու անմիջական հարցերը պիտի համարել, նշյալ թեկնածուի ծարգրում գրավում էր երրորդ տեղը (իր նշումով, օրինակ՝ զինծառայություն, համալսարանային տեղափոխության հարցեր ևայլն):

Երկրորդ թեկնածուն՝ դոկտ. Անդրանիկ Սիմոնյանը, իր ծրագրերը ներկայացնելիս շոշափեց նմանօրինակ հարցեր, ի շարս այլոց՝ փոքրամասնություններին վերաբերող մի շարք անընդունելի օրենքների և դրանք բարձրացնելու ձևի ու հանգամանքների հարցը, դպրոցների պահպանման, հայ արհեստավորների, սպորտի և այլնին վերաբերող հարցեր: Նա կարճ անդրադարձավ նաև արտագաղթի հարցին, բայց իր խոսքի մեջ արեց մի զարմանալի արտահայտություն, որ «իրանահայերը Հայաստանի հետ չպիտի ունենան քաղաքական ու տնտեսական հարաբերություն»:

Ներկա երրորդ թեկնածուն՝ տիկին Դանիելյանը, ներկայացրեց իր ծրագիրը, խոսեց միջուկային համաձայնագրի արդյունքում առաջացած նոր իրավիճակի մասին, նաև ասաց, որ մտադիր է աշխատանք տանել կանանց իրավունքների պաշտպանության բնագավառում:

Ամենաէական հարցերից մեկի՝ համայնքը քանդող արտագաղթի մասին եղան ակնարկներ, բայց ոչ բավարար արծարծվեց, ոչ էլ ծրագիր առաջարկվեց:

Մինչդեռ առկա միտումի շարունակման դեպքում, քանակային իմաստով, համայնքն այնքան է նվազելու, որ հնարավոր է, այլևս որևէ կշիռ չներկայացնի կամ իսպառ անհայտանա: Այդ դեպքում արդեն ավելորդ կլինի «համայնքին վերաբերվող» հարցերի մասին խոսելը:

Սակայն, երկու կարևոր հարց, որոնց անդրադարձավ թեկնածուներից մեկը՝ դոկտ. Կարեն Խանլարյանը, առիթ տվեց մի շարք հարց ու պատասխանների ու փոխադարձ զրուցատրումների:

Հարգելի թեկնածուն քաղաքական մի կուսակցության անդամ լինելով, արեց մի շարք արտահայտություններ իր կուսակցության, այսինքն՝ Դաշնակցության, ինչպես նաև Իրանում իրենց դիրքի ու տեղի մասին իրանահայության (մեծամասնության) ընկալման ու տեսակետի վերաբերյալ: Դոկտորի նշումներն ու պնդումները կարելի է համառոտել հետևյալ կերպ՝

ա) Դաշնակցությունը եղել է սոցիալիստական, դեմոկրատական, ազգասիրական և հեղափոխական կուսակցություն․

ա) իրանահայերն Իրանում «հյուր են» կամ «իրենց այդպես են զգում և դա բնական է»։

Ա) Այստեղ մեր նպատակն, իհարկե առճակատումը կամ հին վերքերի թարմացնումը չէ, քանի որ ժամանակները փոխվել են և աշխարհն այլևս բաժանված չէ երկու հակամարտող գաղափարական ճամբարների: Բացի այդ, գործող հայկական երկու մեծ կուսակցությունները իմա՝ Դաշնակցությունն ու Համայնավարական կուսակցությունը, ունենալով որոշ դրական ներդրումներ ընդհանուր հայոց կյանքում, մեծապես թերացել են դեմոկրատիայի, խոսքի ազատության ու մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում:

Համայնավարության ու կոմունիստական համակարգի թերությունների մասին բավականաչափ քննարկում ու քննադատում տեղի է ունեցել և այստեղ հարկ չենք համարում դրանք կրկնել: Առավել քիչ ճանաչված է, հատկապես նոր սերնդի համար, հարգելի թեկնածուի պատկան կուսակցության անցյալ ժամանակաշրջանների գործելակերպն ու ուղեգիծը:

Իրականում, նշյալ կուսակցության գաղափարախոսությունն ու իրանահայության ընկալումն իր դերի ու տեղի մասին, մեկ միախառնված հարց է, քանի որ այդ կուսակցության գաղափարախոսությունից ու դիրքորոշումից է բխում իրանահայության մեծամասնության դիրքորոշումն ու պահվածքը, (որի (անուղղակի) հետևանքներից մեկը կարելի է համարել արտագաղթը:)

Հարցը պարզաբանենք:

Նախ ասենք, որ ո՛չ թե կուսակցությունն արտագաղթը քաջալերում է, ընդհակառակը, շարունակում է (անօգուտ) քարոզ կարդալ այդ երևույթի անցանկալիության ու վնասակարության մասին, դիմելով ավանդական լոզունգների, ինչպիսիք են՝ հայրենասիրությունը, ազգանվիրությունը, բարոյական պատասխանատվությունը և այլն: Քանի որ այդ լոզունգները ժամանակից ու իրականությունից կտրված են, անխուսափելիորեն հանգում են ղեկավարության հանդեպ անվստահության, իրանահայ անհատի ու մասսաների հուսախաբմանն ու հեռացմանը, համայնքի քանակային նվազեցմանն ու թուլացմանը:

Դեռևս 2-3 տասնամյակ առաջ, նշյալ կուսակցությունը ճանաչված է եղել (և ոչ անտեղի) որպես թունդ հակակոմունիստական, հակասոցիալիստական կազմակերպություն: Դա, իհարկե, այն ժամանակ, երբ աշխարհը բաժանված էր երկու ճամբարի, անսովոր բան չէր: Որպես կանոն, տվյալ քաղաքական կուսակցությունը կամ ակտիվիստները գտնվում էին, այսպես կոչված, «իմպերիալիստական, արևմտյան» կամ «հակաիմպերիալիստական, արևելյան բլոկի» կազմում: Անհերքելի է, որ Դաշնակցությունը գտնվել է «իմպերիալիստական» ուժերի առաջին շարքերում: Սերտորեն համագործակցել է արևմտյան լրտեսական և անվտանգության, ինչպես ՍիԱյԷյ-ի և այլնի հետ այն երկրներում, որտեղ գոյություն ուներ հայ համայնք: Այդ դիրքերից ակտիվ պայքար է մղել իր քաղաքական հակառակորդների, հատկապես կոմունիստների ու սոցիալիստների դեմ, ընդ որում բացառություն չեն կազմել մատնությունները, բռնարարքները և նույնիսկ ահաբեկչությունները: Փաստերն ու ապացույցները ավելի քան բավարար են:

Պետք է նշել նաև, որ ներկա դրությամբ համարյա ամենուրեք, քաղաքական կուսակցություններն ու կազմակերպությունները, հակառակ անցյալ դարաշրջանի, բոլորն իրենց համարում են ազատամիտ, դեմոկրատ ու մարդու իրավունքների պաշտպան: Համարյա ո՛չ ոք այլևս չի ասում, թե դեմոկրատիան, կամ մարդու իրավունքների պաշտպանությունը վատ բան է: Համաերկրային մակարդակով նույնպես նկատելի է այս միտումը: Նույնիսկ այն խմբակցությունները, որոնք ակտիվորեն մասնակցել են հասարակության դեմ բռնարարքների, իրենց ձևացնում են ազատամիտ, մարդու իրավունքների ու արդարության պաշտպան: Մի խոսքով, քաղաքական կուսակցութունները, անկախ իրենց անցյալ դիրքորոշումից ու գործելակերպից, աշխատում են հետ չմնալ իրարից՝ իրենց դեմոկրատիայի, խոսքի ազատության ու մարդու իրավունքների պաշտպան հայտարարելով:

Դաշնակցությունը լինելով Միջազգային սոցիալիստական կազմակերպության (Սոցիալիստ Ինտերնացիոնալի) անդամ, անցյալում երբե՛ք չի բարձրացրել դասակարգային հարց: Ազգայնականությունը, որը երբեմն էլ հասել է ազգայնամոլության, եղել է կուսակցության տեսության ու քաղաքականության առանցքը: Եթե կան անհատներ (ինչպես մեր հարգելի թեկնածուն), ովքեր խոսում են (Իրանում) բանվորական կազմակեպություն ստեղծելու մասին, բացարձակապես կազմում են բացառություն և նոր երևույթ, որը չի կարելի տարածել մի ամբողջ համակարգի ու նրա անցյալի վրա:

Ի միջի այլոց, Սոցիալիստական Ինտրենացիոնալին անդամակցելը ինքնին շատ բան չի ապացուցում: Այդ նույն կազմակերպության անդամ է նաև թուրքական «բանվորական» կուսակցությունը իր թունդ հակահայկական, Ցեղասպանությունը ժխտող դիրքորոշմամբ:

Իսկ ինչո՞ւ է դաշնակցության (ավանդական) գաղափարախոսությունը իմա՝ «Ազատ, անկախ, միացյալ Հայաստան», մեր ժամանակում ու տիրող իրավիճակում ակամայից արտագաղթի հանգեցնում: Պարզենք այս հարցը ևս:

  1. Այժմ գոյություն ունի «Ազատ և անկախ» Հայաստանի Հանրապետություն իր պետական կազմով, սահմաններով ու ժողովրդով, որը ՄԱԿ-ի լիիրավ անդամ է և ունի լայն հարաբերություններ աշխարհի շատ երկրների հետ: Ցանկացած սփյուռքահայ կարող է դիմել՝ ՀՀ-ի քաղաքացիություն ստանալու համար, փոխադրվել այնտեղ, աշխատել ու պայքարել իր ցանկացած քաղաքական նպատակների համար:

Իրականում տեսնում ենք, սակայն որ ավելի շատ մարդիկ արտագաղթում են, քան ներգաղթում: «Դեպի տուն» կարգախոսն էլ, ցավոք, չի տալիս ցանկալի արդյունքը:

Միջանկյալ կերպով նշենք, որ սոցիալ-տնտեսական անապահովությունը, համատարած կոռուպցիան և օրենքի գերիշխանության բացակայությունը բավարար գործոններ են՝ սովորական քաղաքացուն դեպի հայրենալքման ուղին մղելու համար:

  1. Ինչ վերաբերվում է «միացյալ Հայաստան» կարգախոսին, որը ենթադրում է «ծովից ծով Հայաստանի» գաղափարը, ապա դա այնքան հեռու և անիրական է այսօրվա մարդու առօրյա հոգսերի, խնդիրների ու կարիքների առկայությամբ, որ չի կարող ծառայել որպես իրական, լուրջ ուղեգիծ, գոյատևման պայքարի միջոց: Ընդհակառակը, դա կարող է միայն նրան շեղել իր առօրյա հոգսերից: Եթե կան դերակատարներ այս նպատակի հետապնդման հարցում, ապա՝ առաջին հերթին Հայաստանի Հանրապետությունն է և Արևմտահայությունը:

Բ) Իրանահայերը որպես հյո՞ւր Իրանում:

Նշվում է, որ հայերը «հյուր» են Իրանում, որովհետև 400 տարի առաջ բռնագաղթել են Իրան իրենց հայրենի բնակավայրից: Սա, իհարկե, պատմական իրողություն է և դրանից բխած հարատևող զգացմունքներն էլ հասկանալի են: Բայց, որոշ չափով միայն: Քանի որ, անցյալը, ինչ էլ, որ լինի, չպետք է այսօրվա առաջխաղացման ու զարգացման խոչընդոտ դառնա:

Բացի այդ, իրանահայության մի մասը բնիկ է, որը բնակվել է Իրանում Աքեմենյան կայսրության հիմնադրման ժամանակաշրջանից: Այդ ժամանակ Իրանն ու Հայաստանը, փաստորեն, կազմել են միացյալ մի պետություն:

Իհարկե, եղել են վայրիվերումներ երկու ժողովուրդների հարաբերություններում, պատերազմներ, սակայն, ինչպես նշեցինք, այսօր մենք այլևս չենք կարող ամբողջապես անցյալով ապրել: Չենք թերագնահատում պատմության ու պատմական իրողությունների ազդեցությունը ժողովրդի ապրումների ու հոգեկանի վրա: Անցյալը չպիտի մոռանալ հարկավ, սակայն չպիտի շարունակ ապրել անցյալով, երբ աշխարհն ու կյանքը արագորեն փոխվում, ստեղծվում են գոյատևման ու զարգացման նոր ձևեր, մեթոդներ ու պահանջներ:

Իսկ, չորս հարյուր տարի մի երկրում ապրելն ու ստեղծագործելը ինքնին իրավունք է տալիս տվյալ փոքրամասնությանն իրեն իր երկրում զգալու և լիիրավ քաղաքացի համարելու: Օրենքի կարգով, իհարկե, իրանահայերը դեռևս համարվում են ոչ լիիրավ քաղաքացի: Սակայն այս անարդարության դեմ է, որ պետք է աշխատեն ու պայքարեն մեր պատգամավորները, ինչպես նաև ամբողջ համայնքը, հարմար առիթով, նաև մյուս փոքրամասնությունների հետ միասնաբար:

Այդպիսով, օգնում ենք, ոչ միայն մեր համայնքի ծաղկմանն ու զորեղացմանը, այլ նաև ծառայում ենք երկրին ու ժողովրդին՝ նպաստելով առաջնակարգ օրենքների ստեղծմանը, արդարության և օրենքի գերիշխանության հաստատմանը:

Վերջապես, չպետք է մոռանալ սոցիալական ապահովության և կարգ ու կանոնի կարևորությունը տվյալ հասարակության մեջ: Իրականություն է, որ մենք՝ մեր համայնքն ու պատգամավորները, թերևս, շատ բան չկարողանանք գլուխ բերել այս հարցերում, քանի որ դրանք համերկրային մակարդակի, պետական համակարգին վերաբերող հարցեր են: Սակայն հույժ կարևոր է, որ մեր ղեկավարությունն առաջնորդվի առողջ և մեր ժամանակին ու իրավիճակին համապատասխանող հայեցողությամբ և ուղեգծով: Այդպիսի դիրքորոշումը, այսինքն՝ համայնքի կենսական հարցերով, նրա բարօրության ուղղությամբ մտասևեռումն ու նվիրվածությունը կարող է միայն վերականգնել հայ քաղաքացու հավատն իր ղեկավարության նկատմամբ և որոշիչ դեր ունենալ համայնքը քայքայող արտագաղթի կանխման հարցում:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: