Ռեջեբ Թայիբ Էրդողանի մղձավանջը

10 Հունիսի 2015

Թուրքիայի խորհրդարանական վերջին ընտրություններում Թուրքիայի Ազգերի Դեմոկրատական կուսակցությունը շահելով ձայների 13 տոկոսը և ձեռք բերելով նոր խորհրդարանում 80 պատգամավորական մանդատ, բաղկացած լինելով քուրդ, հայ, ալավի և կոլի կրոնական ու ազգային փոքրամասնություններից, առաջացրեց ուժեղ շարժում և վերջ դրեց Ռեջեբ Թայիբ Էրդողանի Արդարություն և զարգացում կուսակցության մենատիրությանը, որը նախկին խորհրդարանում մեծամասնություն էր կազմում և հսկողության տակ էր վերցրել ամբողջ խորհրդարանը:

Թուրքիայում իշխող իսլամական կուսակցությունն անցյալ 15 տարիների բոլոր ընտրություններում միշտ հաղթել է․ 2002 թվականին ձեռք է բերել ձայների 34.2 տոկոսը, 2007 թվականին՝ 46.5 տոկոսը, 2011 թվականին՝ 49.9 տոկոսը և 2014 թվականի օգոստոսին տեղի ունեցած նախագահական ընտրություններում ձեռք է բերել ձայների 51 տոկոսը: Այս կուսակցությունը նպատակ էր դրել վերջին խորհրդարանական ընտրություններում հավաքել ձայների 2/3-ը, այսինքն՝ խորհրդարանի 550 պատգամավորից 380-ն իր կուսակցականները պետք է լինեին, որի արդյունքում, առանց հանրային քվեարկության, հնարավոր կլիներ սահմանադրությունը փոխել։ Սակայն դա նրանց չհաջողվեց: Այս կուսակցությունը կարողացել է շահել քվեների 40.7 տոկոսը և հաղթող է ճանաչվել, սակայն ձեռք է բերել 258 մանդատ, որը Էրդողանին իրավունք չի տալու սահմանադրության մեջ փոփոխություն կատարել ու հաստատել խորհրդարանում: Էրդողանը և Թուրքիայի կառավարությունը վերջին խորհրդարանական ընտրություններում ջախջախիչ հաղթանակ տանելով մտադիր էին նոր սահմանադրություն կազմել, որի առանցքը նախագահն էր լինելու, այսինքն՝ ներկա դեմոկրատական խորհրդարանական համակարգը (որը սահմանադրական կանոնադրությունում ամրագրվել է 1982 թվականին) փոխարինվելու էր նախագահականով:

Խորհրդարանական ընտրությունների արդյունքների հայտարարման հետևանքով հունիսի 8-ին Ստամբուլի բորսայում թղթադրամներն անկում ապրեցին ու միանգամից 8 տոկոսով իջավ դրանց արժեքը: Թուրքիայի լիրայի արժեքը եվրոյի նկատմամբ 3 տոկոսով նվազեց: Նման պարագայում, նաև Էրդողանի ակնկալիքները նկատի առնելով, պետք է համարենք, որ Ազգերի Դեմոկրատական կուսակցությունը իսկական հաղթանակ տոնեց: Այս կուսակցությունը ձեռք բերելով ձայների 13.1 տոկոսը ու խորհրդարանի 80 մանդատ, տապալեց Թուրքիայի նախագահի մենատիրությունը:

Ազգերի Դեմոկրատական կուսակցությունը մի կոալիցիա է՝ բաղկացած Թուրքիայի ձախակողմյան կուսակցություններից ու քրդական շարժումից, որոնք առաջացել են իրեն ազգային հայտարարող Դեմոկրատիա և Խաղաղություն կուսակցությունից:

Ազգերի Դեմոկրատական կուսակցության հաղթանակը և Էրդողանի գլխավորած Թուրքիայի նեոլիբերալ իսլամիստների պարտության պատճառները, կարծում եմ, պետք է փնտրել Թուրքիայի վերջին անցուդարձերի և քաղաքական ուժերի փոփոխությունների մեջ: Ժողովուրդը նաև մտահոգված էր իշխող Արդարություն և զարգացում կուսակցության չափից ավելի ուժեղացմամբ, որը փոփոխություն կարող էր առաջացնել հասարակական կառուցվածքի մեջ ու երկրում վերականգներ Օսմանյան Կայսրությունը:

Վերջին տարիներին Թուրքիայի իսլամիստ իշխանության նեոլիբերալ քաղաքականության հետևանքով նկատելի էր տնտեսական աճի նվազում, ծաղկել էր գործազրկությունը, աղքատությունն ու երկրում դասակարգային և հասարակական տարբեր խավերի միջև անհավասարությունը: Մի շարք ապրանքների, տրանսպորտի և էներգիայի գները երկու-երեք անգամ բարձրացել են, տնտեսական անկումը 9 տոկոսի է հասել: Թուրքիայի վիճակագրական ընկերությունը, որը պետական բնույթ ունի, ընտրություններից մեկ շաբաթ առաջ հաստատեց, որ Թուրքիայի բնակչության 22 տոկոսը ծայրահեղ աղքատության մակարդակին է գտնվում: Թուրքիայի ամենամեծ արհմիութենական կենտրոնն այն կարծիքին է, որ Թուրքիայի բանվորների 50 տոկոսը կամ աղքատ է, կամ ծայրահեղ աղքատության շեմին է։ Թուրքիայի հարստության 39 տոկոսը գտնվում է բնակչության մեկ տոկոսի ձեռքում, սակայն այս տարի այդ տոկոսը հասել է 54-ի, այսինքն՝ Թուրքիայի դասակարգային տարբերությունն ավելի է ընդգծվում և ակնառու դառնում:

Ըստ Ֆրանսիայի ձախակողմյան «Ումանիտե» օրաթերթի, Թուրքիայում միջին աշխատավարձը կազմում է 580 եվրո, իսկ բանվորը 600 եվրո աշխատավարձով կարող է միայն պետական մուծումները կատարել և օրվա հացի խնդիրը հոգալ։ Ըստ այդ օրաթերթի, Թուրքիայում նորմալ ապրելու համար անհրաժեշտ է ամսական 1700 եվրո, փաստորեն 2000 թ․-ից հետո գրանցվող տնտեսական աճն ամբողջ ժողովրդի օգտին չի եղել: Նույն օրաթերթը գրում է, որ Էրդողանի քաղաքականությունն ընթացել է բանվորական արհմիությունների ճնշմամբ: 2003 թվականին բանվորների 57 տոկոսն ընդգրկված է եղել արհմիություններում, սակայն ճնշումների հետևանքով վերջին տարիներին այն նվազել է՝ հասնելով 10 տոկոսի:  
Էրդողանի իշխանությունը վերջին տարիներին փորձել է ցուցադրել, թե իբր ինքը միջազգային քաղաքականության մեջ այս տարածաշրջանում, հատկապես իսլամական երկրներում ուժային կարևոր կողմերից է: Սակայն հակառակ նրա պատկերացումների, նման տպավորություն չի ստեղծվել, ընդհակառակը թուրք ժողովրդի միջին խավի և աշխատավոր դասակարգի շրջանում նա կորցրել է իր հեղինակությունը, նրանք չեն պաշտպանում Սիրիայում և Իրաքում զինված ծայրահեղ իսլամիստներին ու դաեշական ուժերին հովանավորելու Էրդողանի քաղաքականությունը:

Սիրիայի Քուրդստանի Կուբանի քաղաքը մոտ երկու ամիս գտնվում էր արյունոտ շրջափակման մեջ «դաեշական» զինված ուժերի կողմից։ Այդ ընթացքում Թուրքիայի բանակը ոչ միայն դիտորդի դերում էր գտնվում, այլ նաև հաճախ արգելում էր քրդերին ուրիշ շրջաններից օգնության հասնել իրենց քուրդ եղբայրներին, որոնք կռվում էին Կուբանիում: Էրդողանի այդ դիրքորոշումը ի վնաս իրեն գործեց։ Ժողովրդի մի մասը, հատկապես քրդերը և մյուս փոքրամասնությունները հուսահատվելով նրանից, հարեցին Ազգերի Դեմոկրատական կուսակցությանը:  

Բոլոր վերոհիշյալ փաստերը և Թուրքիայի անհաջող քաղաքականությունը տարածաշրջանում հանգեցրին այն բանին, որ այլևս Թուրքիան չէր կարողանում հպարտանալ, թե իբր ինքը աշխարհի 15-րդ ամենաուժեղ երկիրն է: Ազգերի Դեմոկրատական կուսակցության բարձրաստիճան պատասխանատուներից Սելահ Էլդին Դեմիրթաշը ընտրությունների արդյունքները հայտարարելուց հետո ասաց․ «Մենք հաջող և գերազանց հաղթանակ ենք ձեռք բերել: Ինքնահավան ու մոնոպոլիստական իշխող կուսակցությունը, որն իրեն Թուրքիայի տերն է կարծում, չկարողացավ իր նպատակին հասնել»: Այս հաղթանակը կանխատեսելի էր: Ոչ միայն Թուրքիայի արևելյան, այլ նաև մյուս շրջաններում, այդ թվում՝ Ստամբուլում ավելի քան մեկ միլիոն մարդ այս կուսակցությանը ձայն էր տվել, իսկ 11 պատգամավոր, այդ թվում մեկ հայ՝ Կարո Փայլան անունով և երկու եզդի առաջին անգամ մուտք գործեցին խորհրդարան:

Ազգերի Դեմոկրատական կուսակցությունը Քուրդստանի Դիարբեքիր շրջանից 11 պատգամավոր ունեցավ խորհրդարանում, ինչն այս ընտրությունների ամենափայլուն արդյունքներից էր: Դրանից առաջ քրդերն ավելի շուտ Էրդողանի Արդարություն և զարգացում կուսակցությանն էին ձայն տալիս, որովհետև մտածում էին, որ նրանք բանակայիններին դեմ են և մուսուլման են: Այս անգամ էլ Էրդողանի կուսակցությունը և նրա գործակալները, հատկապես Քուրդստանի քուրդ իսլամիստների կուսակցությունը հակաքարոզչություն էին տանում Ազգերի Դեմոկրատական կուսակցության դեմ, ժողովուրդն այդ շրջանում մեծ մասամբ իր քվեն տվեց Ազգերի Դեմոկրատական ձախակողմյան կուսակցությանը: Այս կուսակցությունը կարողացավ Թուրքիայի փոքր ձախակողմյան կուսակցություններին համախմբել ու միասնական ճակատ կազմելով հաղթանակի հասնել: Այս կուսակցությունը այն երիտասարդության խորհրդանիշն է, որը 2013 թվականի հունիս ամսին Ստամբուլի Թաքսիմ հրապարակում ցույցի դուրս եկավ: Կուսակցությունը կարողացավ Ստամբուլում և Թուրքիայի այլ քաղաքներում 10 միլիոն քվե շահել։ Այն խորհրդանիշ է նաև ազգային փոքրամասնությունների համար, որոնց գոյությունը Աթաթուրքի կողմնակիցները երկար ժամանակ հարցականի տակ էին դրել, անտեսում էին, իսկ վերջերս նույնիսկ ճնշման ու հարձակման էին ենթարկվել ազգայինների ու իսլամիստների քարոզիչների կողմից:

Իրականում իշխող կուսակցությունը մեծ ճնշում գործադրեց Ազգերի Դեմոկրատական կուսակցության դեմ: Դեմիրթաշն այս կապակցությամբ Ստամբուլում իր ելույթի ժամանակ ասաց, որ «երկու ամիս առաջ իրենց կուսակցությունը ենթարկվել է ամենախիստ հարձակումների ու վիրավորանքների, մեզ ազգի դավաճան էին անվանում․․․»: Նա ելույթ էր ունենում ավելի քան 200 հազար ամբոխի առջև և խոսում էր տնտեսական ճգնաժամի ու գործազրկության մասին, շեշտում էր, որ Թուրքիայի ավելի քան 15 միլիոն քաղաքացիներ գտնվում են աղքատության շեմից ցածր մակարդակի վրա։ Նա ներկայացրեց, թե ինչպես է իրենց կուսակցությունը Ադանա քաղաքում ենթարկվել դաժան հարձակման, իսկ 2015 թվականի հունիսի 5-ի միտինգի ժամանակ պայթուցիկ ռումբ են նետել խաղաղ ցուցարարների մեջ, որի հետևանքով 2 մարդ մահացել է, 200-ը վիրավորվել։

Թուրքիայի հետագա քաղաքական զարգացումները լավ ըմբռնելու համար կարևոր է անդրադառնալ նաև այդ երկրի քաղաքական ուժերին: Այս կապակցությամբ պետք է խոսել երկու կարևոր ընդդիմադիր կուսակցությունների մասին, որոնք դեմ են Արդարություն և զարգացում կուսակցության քաղաքականությանը: Այդ երկու կուսակցություններն են՝ Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, որի կազմում Քեմալ Աթաթուրքի կողմնակիցներն են և Ազգային Շարժում կուսակցությունը, որի կազմում աջ ծայրահեղականներ են և ազգայնամոլներ:
Թուրքիայի կոմունիստական կուսակցությունը երկրի սխալ ընտրական համակարգի՝ 10 տոկոս ձայն հավաքելու պարտադրական գործոնի հետևանքով չկարողացավ խորհրդարան մտնել և ոչ մի պատգամավոր չունեցավ: Նրանք անուղղակի օգնեցին ու նպաստեցին Ազգերի Դեմոկրատական կուսակցության հաղթանակին: Նրանք իրենց քվեները տվեցին Ազգերի Դեմոկրատական կուսակցությանը, որը համեմատաբար ավելի մեծ հնարավորություն ուներ տասը տոկոսը հաղթահարելու:

Ժողովրդի Հանրապետական կուսակցությունը հասարակական հարցերում պահպանողական դիրք որդեգրեց, խուսափեց նաև ազգայնական լոզունգներից, հատկապես քրդերի պահանջները ներկայացնելուց և խիստ քննադատության ենթարկեց իշխանության հալածանքների քաղաքականությունը, ինչպես նաև Սիրիայի նկատմամբ ամերիկամետ քաղաքականությունը: Այս կուսակցությանը ձայն չտվեցին այն քաղաքացիները, որոնք չէին ընդունում այդ կուսակցության նախկին դրական հարաբերությունը բանակի հետ: Այս կուսակցությունը առաջխաղացում չունեցավ, շահեց ձայների 26 տոկոսը և 132 մանդատ խորհրդարանում, այսինքն՝ 2011 թվականի ընտրությունների համեմատ միայն 7 պատգամավոր ավելի ունի:

Ազգային Շարժում կուսակցությունը, որը հայտնի է ֆաշիստական «Գորշ գայլեր» միավորման հետ սերտ հարաբերություններով, շահեց ձայների 16.9 տոկոսը և 80 մանդատ խորհրդարանում: Այս կուսակցությունը հայտնի է իր ազգայնամոլական, քրդերի ու ազգային մյուս փոքրամասնությունների ինքնակառավարման դեմ հանդես եկող քաղաքականությամբ: Նրանց համակիրները կազմակերպել ու մասնակից են եղել ձախ քաղաքական գործիչների դեմ ահաբեկչություններին, նեոֆաշիստական մահացու հարձակումներ են իրականացրել:

Վերոհիշյալ երկու կուսակցությունները, որոնք չկարողացան իրենց քվեները բավարար չափով ավելացնել, սակայն գոհ էին Արդարություն և զարգացում կուսակցության պարտությունից, չեն դժգոհում իշխանություն ձևավորելիս Էրդողանի կուսակցության հետ կոալիցիա կազմելուց։ Սակայն այս կոալիցիան կազմելու գործում գոյություն ունեն որոշ խոչընդոտներ, որոնք վերաբերում են նրանց նախկին հարաբերություններին ու վարած քաղաքականությանը:

Հավանականությունը, որ այս երեք կուսակցությունները կկարողանան կոալիցիա կազմել՝ չնչին է, որովհետև այդ կուսակցություններն ազգային հարցի, քուրդ ժողովրդի իրավունքների և հասարակական ու տնտեսական հարցերի վերաբերյալ տարբեր տեսակետներ ունեն ու տարբեր քաղաքականություն են վարում:

Թուրքիայի սահմանադրության համաձայն, վարչապետ Ահմեդ Դավութօղլին 45 օր ժամանակ ունի մինչև կոալիցիոն իշխանության ձևավորումը, կամ պետք է պատրաստ լինի ընդունելու նվազագույն իշխանություն: Եթե այս երկու տարբերակն անտեսվի, իշխանության ղեկավարը ստիպված կլինի ցրել խորհրդարանը և շուտափույթ ընտրություններ կազմակերպել, որի դեպքում Էրդողանը (որ այլ երկրների փորձից լավատեղյակ է ու գիտի) շատ չնչին շանս կունանա այս անգամ ևս խորհրդարանում մեծամասնություն կազմելու:

Մենք կարծում ենք, որ վերոհիշյալ ընտրություններում հաղթել է դեմոկրատիան և Թուրքիայի ժողովուրդը: Թուրքիայի ժողովուրդը և ընդդիմադիր քաղաքական կուսակցությունները կարողացան ժողովրդավարական ձևով վերջ տալ Էրդողանի մենատիրությանը և ստեղծել մի նոր մթնոլորտ Թուրքիայի քաղաքական դաշտում, ինչը բարենպաստ կլինի նաև մեր՝ հայերիս համար: Հուսով ենք, որ Թուրքիայում դեմոկրատիայի ծավալման հետ մեկտեղ կվերականգնվեն ազգային փոքրամասնությունների, հատկապես հայերի ազգային և կրոնական իրավունքները:

Այս ընտրություններն, անկասկած, ազդեցություն կունենան Թուրքիայի արտաքին քաղաքականության վրա, այս ընտրությունները հարցականի տակ են դնելու Թուրքիայի քաղաքականությունը տարածաշրջանում, հատկապես Սիրիայի և մյուս հարևան երկրների, այդ թվում՝ Հայաստանի շրջափակման քաղաքականությունը:

 

  Արտաշես Մելիքյան

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: