Դիարբեքիրում սպանվում են նաև ծպտյալ հայերը

15 Հունվարի 2016

Դիարբեքիրում (Տիգրանակերտում) տեղի ունեցող վերջին իրադարձությունների մասին է պատմում այնտեղ ծնված, սակայն այսօր Կանադայում բնակվող դաշնակահար, ինժեներ-շինարար Րաֆֆի Պետրոսյանը։

Դիարբեքիրում ապրող թաքուն կամ իսլամացած հայերը մեծ ճնշման են ենթարկվում։ Չպետք է մոռանանք, որ բնաջնջման ենթարկվող արևելյան շրջանների ժողովուրդը միայն քրդերը չեն, նրանց մեջ հազարավոր ծպտյալ հայեր կան, ովքեր նույն վիճակում են և դատապարտված են նույն ճակատագրին։

Դիարբեքիրում դրությունը շատ ծանր է։ Թուրքիայի կառավարությունը Հայոց ցեղասպանությունից 100 տարի հետո գրեթե նույն վայրագությամբ է վարվում, այս անգամ՝ քրդերի հետ, որի հետևանքով այսօր շատ քաղաքներ դատարկվում են, մարդիկ փախչում են, փողոց դուրս գալն արգելված է (պարետային ժամ է)։ Ժողովրդի վրա կրակ է բացվում, մեծ թվով սպանվածներ կան, որոնց դիակները մնում են փողոցներում, տներում մահացածների դիակները տներում են պահվում, որովհետև հնարավոր չէ հուղարկավորել։

Դիակները դրվում են սառնարաններում, թեև հոսանք չկա, ջուր չկա, պաշարման հետևանքով սնունդն սպառված է, իսկ դպրոցները սեպտեմբերից մինչ օրս փակ են։

Այդ շրջաններում մեկ ամսից ավելի է, ինչ բոլոր աշխատանքները դադարեցված են, ժողովուրդն անելանելի վիճակում է։ Այն ընտանիքները, որոնք տներում ուտելիք, սննդամթերք ունեն՝ գոյատևում են և շարունակում են մնալ տներում, իսկ նրանք, ովքեր սնունդ չունեն, ճերմակ սավանները բարձրացրած քաղաքից դուրս են գալիս, գնում են այլ քաղաքներում բնակվող իրենց ծանոթ-բարեկամների մոտ, ինչի հետևանքով, ըստ Դիարբեքիրի Սուրի քաղաքապետարանի տվյալների, բնակչության թիվը 24000-ից նվազել է 2000-ի։

Այդտեղի իրենց բնակավայրերն ու հողամասերը դատարկում են նաև ծպտյալ հայերը, ովքեր շատ ծանր վիճակում են, շատ վատ տրամադրության մեջ են, մանավանդ որ թրքական կառավարության ներկայացուցիչները հաճախ քրդերին ասում են․ «Բոլորդ հայ եք, բոլորիդ պիտի սպանենք»։

Ծպտյալ հայերը ամիսը մեկ անգամ հայերենի դասընթացների էին հաճախում Ս․Կիրակոս եկեղեցում։ Նրանք հավաքվում էին, ճաշում էին, միմյանց խնդիրներն էին լուծում։ Այժմ Ս․Կիրակոս եկեղեցու թաղամաս մտնելն անհնար է։ Մարդիկ միայն դիմատետրի (ֆեյսբուքի) միջոցով են իրար հետ կապվում։

100 տարի առաջ հայերի պահանջած բարեփոխումները թրքական կառավարությունը համարեց ազատության և անկախացման ձգտում ու սպառնալիք Օսմանյան կայսրության համար և հայկական հարցը վերացնելու համար հայերին ոչնչացրին։ Հիմա նույն կերպ են վարվում քրդերի հետ, որոնց բարեփոխումների և ինքնիշխանության պահանջը որպես անկախության ձգտում ընկալելով, քրդերին ահաբեկիչ են անվանում և սպառնում են թե՛ քաղաքացիներին, թե՛ ՔԲՇ անդամներին, որից հիմնականում տուժում է ժողովուրդը։

Քուրդ ղեկավարներն ու քաղաքական գործիչները բանտերում են, քուրդ քաղաքապետներից գրեթե բոլորը նույնպես ձերբակալված են և բանտարկված։

Քրդերը հայերին կոտորեցին և այսօր իրենք նույն վիճակում են հայտնվել։ Այսօր քրդերի մեծ մասն ընդունում է 100 տարի առաջ կատարվածը և զղջում, աշխատում են հայերի հետ բարեկամանալ։ Հիմա մենք՝ հայերս այդ ահավոր դեպքերին պետք է արձագանքենք և բացատրենք աշխարհին։ Պետք է իրականությունը պարզենք և ցույց տանք, որ թրքական կառավարությունը հայերի դեմ իրագործած նույն վայրագությունը կատարում է այսօր քրդերի դեմ։ Թուրք ժողովուրդը լավ տեղյակ չէ կատարվող դեպքերի մասին, քանի որ լրատվամիջոցները կառավարության հսկողության տակ են։ Ամանորի գիշերը ամենամեծ քաղաքներում՝ Կ․Պոլսում, Իզմիրում, Անկարայում և այլուր տոնական պայթուցիկներ էին արձակում, մինչդեռ միևնույն պահին պատմական Հայաստանի և հարավարևելյան քաղաքներում երկնքից ռումբեր էին նետվում և մարդիկ մահանում էին։ Այս մասին միայն Ռուսաստանն է խոսում և օժանդակություն ցուցաբերում, ողջ աշխարհը լուռ է։

Հակառակ այն բանի, որ ի տարբերություն Թուրքիայի կառավարության, ավելի արդար ծրագրեր կազմելու խոստումներ են տալիս քրդերը, սակայն ոչ ոք չի հավատում, թե նրանք կարող են իրականացնել բոլոր խոստումները։ Նախքան քրդերի խնդիրների ի հայտ գալը, քրդերը մեր զավթած հողերը վերադարձնելու մասին ոչ մի բառ չէին ասում, սակայն մենք հնարավորություն ունեինք դատարանի միջոցով որոշ իրավունքներ վերականգնելու։ Օրինակ՝ Ս․Կիրակոս եկեղեցու կալվածքը, որ բավականին բնակարաններ և հողեր ուներ, դրանց որոշ մասը հայերին վերադարձվեց համաձայնությամբ, մի մասն էլ՝ դատարանի միջոցով։ Իսկ հիմա արդեն պարզ չէ, թե ինչ կլինի։ Սակայն մի բան նկատելի է, որ քրդերը հայերին աջակցելու հարցում թրքերից ավելի լավն են։

 

Րաֆֆի Պետրոսյան

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: