Պատերազմն ի՞նչ ելք կունենա

13 Դեկտեմբերի 2015

Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում իրավիճակն աշխարհում այնքան է սրվել, որ հաճախ են միջուկային, նույնիսկ ջրածնային զենքի կիրառման անհրաժեշտության մասին հայտարարություններ անում աշխարհի պետությունների ղեկավարները։

Այս ամենի մեջ մենք նույնպես անհանգստանալու առավել մեծ առիթ ունենք, քանի որ բոլոր սպառնալիքները մեր տարածաշրջանում են, իսկ հիմա արդեն փորձեր են արվում անմիջականորեն հայկական հարցին առնչվող գործողությունների նոր սկիզբ դնել։ Սակայն իրավիճակն այնքան է սրված, որ ուզում ես հասկանալ, արդյոք որևէ պետություն անվնաս կարող է դուրս գալ, կամ արդյոք որևէ հարց կլուծվի այսպիսի ծայրաստիճան վտանգավոր պատերազմում։

Արդեն որևէ մեկը կասկած չունի, որ Երրորդ համաշխարհայինի շեմին են երկրագնդի ժողովուրդները։ Միևնույն ժամանակ բոլորս հստակ գիտակցում ենք, որ այսօրվա պատերազմական գործողություններն ավելի ահարկու ու սարսափազդու են միայն զենքերի գերզարգացած ու վտանգավոր տեսակների պատճառով։ Բայց այլ ելք չկա, քանի որ ստեղծվածը պետք է գործարկվի։

Վերջերս ՌԴ նախագահ Պուտինը հայտնել է, որ Սիրիայում իրավիճակի զարգացումների դեպքում միջուկային զենքի կիրառման անհրաժեշտություն կարող է լինել։ Արդեն ակնհայտ է միջուկային հարվածի հավանականությունը, դա մենք՝ հեռվից իրավիճակին հետևող հասարակ քաղաքացիներս էլ հասկանում ենք։ ԻՊ չարիքն այնքան ատելի է դարձել իր իրականացրած մահապատիժներով, միջնադարյան դաժան հաշվեհարդարներով, հազարամյակների արվեստի հուշարձանները ոչնչացնելով, որ բոլորը ողջունելու են նրանց ոչնչացնելու ամեն միջոց, նույնիսկ միջուկային հարվածները, լավ գիտակցելով դրանց երկարատև վտանգավորությունը։

Ի պատասխան ԻՊ որջերի ռուսական ռմբակոծություններին, Սաուդյան Արաբիան հակադարձում է տնտեսական շանտաժով։ Արաբ մեծահարուստ շեյխերի ջանքերով ռուսական նավթը շուկաներում անմրցունակ է դարձել, իսկ ՕՊԵԿ-ը գների կարգավորման քայլեր չի կատարում։ Իսկ թե ինչ նոր հարվածներ են պատրաստում թուրք և արաբ ահաբեկիչները Ռուսաստանի դեմ, անկասկած ավելի վտանգավոր կարող է լինել, եթե հիմա նրանք չպատժվեն։

Ահաբեկիչները կազմակերպված ցանց ունեն, որքան էլ նրանց դիրքերն ու կայանները ուժեղ հարվածներով և լայնամասշտաբ ոչնչացվում են, նրանք շատ արագ վերականգնում են իրենց ուժերը, հենակետերը։ Այս իրավիճակում, երբ սիրիական բանակը չի կարողանում ապահովել արագ առաջընթաց, ռուսական շարունակական հարվածները ահաբեկիչների դեմ ցանկալի արդյունքի չեն հասնում։ Հետևաբար պատերազմը հաղթական ավարտին հասցնելու համար ահաբեկիչներին փոշիացնել է պետք հատուկ լիցքերով հրթիռներով, ինչի շնորհիվ էլ վերջ կդրվի սարսափելի պատերազմին։

Արդյոք այդպիսով ամեն ինչ կավարտվի․․․

 

Ռուբինա Ռաֆայելյան

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: