Եվրոպահայության կոչը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին

10 Դեկտեմբերի 2015

Այսօր Եվրոպայի հայկական միությունների ֆորումը կոչ է ուղղել ՌԴ նախագահ Վլ․ Պուտինին, որում ասվում է․

«Մեծարգո պարոն նախագահ

Հետևելով ռուսական ռազմատիեզերական ուժերի գործողություններին Սիրիայում՝ համոզված ենք, որ 21-րդ դարում համայն մարդկության խայտառակության՝ ԻԼԻՊ-ի հանդեպ լիարժեք հաղթանակը ակնհայտորեն մոտենում է: Միևնույն ժամանակ կցանկանայինք Ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստին, որ հայերի ցեղասպանությունից 100 տարի անց, այդ նույն տարածքներում մեկ անգամ ևս կրկնվեց մարդկության դեմ մեծամասշտաբ հանցագործություն, սակայն այս անգամ արդեն իրենց արժանի պատիժը չստացած հանցագործների ժառանգների կողմից: ԻԼԻՊ-ի գոյությունը ևս մեկ անգամ ապացուցեց, որ անպատժելիությունը ծնում է նոր հանցագործություններ: Հետևաբար համոզված ենք, որ գոնե այս պահին անհապաղ պետք է սկսել միջազգային իրավական գործընթաց՝ ընդդեմ միջազգային հանցագործների, ովքեր ցեղասպանություն են գործել ալավիտների, եզդիների, հայերի և Սիրիայի տարածքում ապրող այլ ազգերի և նրանց մշակութային ժառանգության հանդեպ:

Ակնհայտ է, որ ԻԼԻՊ-ի ահաբեկիչները մեղավոր են չորս տեսակի ամենալուրջ միջազգային հանցագործություններ իրականացնելու հարցում.

-ռազմական հանցագործություններ,

-մարդկության դեմ կատարված հանցագործություններ,

-բնիկ ժողովուրդների ցեղասպանություններ,

-մշակութային ցեղասպանություններ:

Որպես վերը նշված հանցագործությունների իրավական գնահատականի հիմք անհրաժեշտ է ընդունել 2015թ.-ի մարտին Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի հրապարակած հաշվետվությունը և նույն թվականի հոկտեմբերին նրա կողմից ընդունած բանաձևը` մարդու իրավունքների և բռնի ծայրահեղականության դեմ պայքարի վերաբերյալ: Այդ փաստաթղթով հիմնականում կոչ է արվում պետություններին հակազդել մարդկության դեմ ուղղված միջազգային հանցագործություններին:

Բանաձևի կազմման և ընդունման համար հիմք են հանդիսացել հանցագործություններից տուժածների և ականատեսների հետ անցկացված հարյուրավոր հարցազրույցները, իսկ Բանաձևի հիմնական դրույթը կոչն է՝ ուղղված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ դիմել Հաագայի Միջազգային դատարան, որպեսզի այդ հանցագործությունները կատարած անձանց պատասխանատվության ենթարկեն:

Մեծարգո պարոն նախագահ

Մենք ապրում ենք այնպիսի ժամանակաշրջանում, երբ հաղորդակցության միջոցները հնարավորություն են տալիս ուղիղ եթերով տեսնել, թե ինչպես են ԻԼԻՊ-ի գրոհայինները տարբեր ազգերի ներկայացուցիչների հանդեպ ցեղասպանություն իրագործում, գազանաբար սպանում հազարավոր տղամարդկանց, բռնաբարում և ստրկության վաճառում կանանց, առևանգում երեխաների և ստիպում նրանց ընդունել իսլամ: Այսինքն՝ մենք ակամայից վկան և ականատեսն ենք միջազգային հանցագործությունների:

Այո, այս սրբապղծությունը պետք է դադարեցնել, ինչն անում են ռուսական զորամիավորումները Ձեր ղեկավարությամբ: Սակայն մեր անհանգստությունն այն է, որ ներկա փուլում խիստ անհրաժեշտ է, որպեսզի հանցագործների հանդեպ մարտական հաղթանակները ուղեկցվեն միջազգային դատական գործընթացով: Դա է պահանջում մարդկության պատմությունը և արդարությունը, որպեսզի 100 տարի առաջ անպատիժ մնացած թուրքական մարդասպանները և այսօր էլ նրանց ժառանգները մեկընդմիշտ զրկվեն անպատիժ մնալու հնարավորությունից:

Այդ առթիվ ԵՀՄՖ նախագահությունն առաջարկում է.

-մոտակա ժամանակահատվածում, հիմնվելով ՄԱԿ-ի կոնստիտուտների վրա, բանակցություններ սկսել այն պետությունների ղեկավարների հետ, ովքեր շահագրգռվածություն կդրսևորեն Միջազգային զինվորական տրիբունալ ստեղծելու գաղափարի շուրջ:

Այո՛, խոսքը հենց ԻԼԻՊ-ի հանցագործների համար առանձին միջազգային զինվորական դատարան ստեղծելու մասին է, քանի որ բազմաթիվ են օրինակները, երբ միջազգային իրավունքի հիման վրա ստեղծվում են առանձին միջազգային դատարաններ` կոնկրետ հանցագործությունները դատապարտելու համար:

Մենք համոզված ենք, որ ԻԼԻՊ-ի գրոհայինների դեմ Նյուրենբերգի օրինակով ստեղծվող դատարանը հնարավորություն կտա բացահայտելու ԻԼԻՊ-ի կազմակերպիչներին և նրանց գաղափարախոսներին և, որ ամենակարևորն է՝ ապագայում էլ կբացառի նմանատիպ մեծամասշտաբ հանցագործության առաջացման հնարավորությունը»:

 

Եվրոպայի հայկական միությունների ֆորումի

նախագահ դոկ. Աշոտ Գրիգորյան

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: