Նոր սպառնալիքներ մեր տարածաշրջանում

24 Նոյեմբերի 2015

Այսօր Սիրիայում՝ Թուրքիայի հետ սահմանից ոչ հեռու ռուսական Су-24 ինքնաթիռ է կործանվել: Թուրքական աղբյուրները հայտնում են, որ ռուսական ինքնաթիռը խոցվել է թուրքական ռազմաօդային ուժերի F-16 կործանիչից արձակված հրթիռով, քանի որ ներխուժել էր Թուրքիայի օդային տարածք: Նույն աղբյուրները հայտնում են, որ թուրք օդաչուները Су-24-ը թիրախավորելուց առաջ մի քանի անգամ զգուշացրել են իրենց ռուս գործընկերներին` պահանջելով լքել երկրի օդային տարածքը:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, հաստատելով Су-24 ռազմական ինքնաթիռի ոչնչացման փաստը, նշում է, որ օդանավը գտնվել է Սիրիայի տարածքում և խոցվել զենիթային կայանքի գնդակոծության հետևանքով:

Շատ զգուշավոր են ռուսական կողմի մեկնաբանությունները: Ի՞նչ կարող է հետևել այս գործողությանը:

Ռուսաստանը մանևրելու շատ տեղ չունի, որովհետեւ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է: Եթե Ռուսաստանը փորձի պատասխան հարված հասցնել՝ դա կնշանակի ամբողջ բլոկի դեմ գործողություն, և բնականաբար Ռուսաստանը նման քայլի չի դիմի:

Ամեն ինչ պարզ կլինի մոտակա գոնե մեկ-երկու օրը, թե Ռուսաստանը ինչ է անելու և դա ինչ ազդեցություն կունենա տարածաշրջանի վրա:

Ի՞նչ վտանգ է զգացել Թուրքիան, որ նման գործողության է դիմել, կամ գուցե սա էլ նրա ագրեսիվ, հարձակողական ու ոչնչացնելու սովոր հոգեվիճակի պարզ դրսևորումներից է:

Իրադարձություններին հետևելով, հիշում ենք, որ Թուրքիան մինչ այս հայտարարել էր, որ ռուսները չպետք է, այսպես կոչված, թուրքմենական օբյեկտներին հարվածեն և պետք է հեռու մնան: Ինքնաթիռի հետ կապված միջադեպը եղել է սիրիական թուրքմենների տարածքում, հետևաբար տպավորություն է ստեղծվում, որ Թուրքիան իրագործել է իր սպառնալիքը: Բացի այդ, թուրքական կողմը հավանաբար, սպասում էր մի առիթի, որ Ռուսաստանին սաստի, քանի որ Ռուսաստանը Սիրիայում Ասադին դաշնակցելով հարվածեց Թուրքիայի շահերին, որն իր ակնկալիքներն ուներ սիրիական հակամարտությունից։

Այս հարցում կարևոր է նաև միջազգային արձագանքը։ Արդեն Պենտագոնը հայտարարել է, որ Թուրքիան ՌԴ ռազմաօդային ուժերին պատկանող ինքնաթիռը խոցելու որոշումը կայացրել է որպես իր տարածքները պաշտպանող երկիր։

Ռուսաստանն արդեն կատարել է դիվանագիտական մի շարք քայլեր։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Թուրքիայում ահաբեկչական վտանգի մակարդակը աճում է, այն նույնքան մեծ է, որքան Եգիպտոսում։ Միևնույն ժամանակ նա կոչ է արել ռուսաստանցիներին Թուրքիա չգնալ։ Իսկ ամենահատկանշականն այն է, որ չեղյալ է համարել իր ծրագրված այցը Թուրքիա։ Առավել կարևոր է այն, որ ՌԴ նախագահ Վլ․ Պուտինը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է պահանջել, որտեղ պատրաստվում է կտրուկ ելույթ ունենալ։

SkyNews լրատվական գործակալությունը հայտնել էր, որ անվտանգության նկատառումներով Թուրքիայում ՌԴ դիվանագիտական ներկայացուցչության շենքը շրջափակել են հատուկ ջոկատայինները։

Հայ միջազգայնագետներից շատերն այսօր այն կարծիքը հայտնեցին, որ Թուրքիայի գործողությունը մի բան է վկայում, այն, որ Ռուսաստանի գործողությունները Սիրիայում և հնարավոր հակաահաբեկչական միջազգային կոալիցիան նյարդայնացնում են պաշտոնական Թուրքիային։ Եթե Ռուսաստանին հաջողվի ԵՄ պետությունների և ԱՄՆ-ի հետ ստեղծել կոալիցիա, ապա Իրաքի և Սիրիայի տարածքում բնակվող և Իսլամական պետության դեմ պայքարող քրդերը կստանան ամբողջ աշխարհի աջակցությունը:

Ռուսաստանի ռազմական ինքնաթիռի կամայական խոցելու փաստը հաստատում է այն կասկածները, որ պաշտոնական Թուրքիան ֆինանսական ու ռազմական աջակցություն է ցուցաբերում ԻՊ-ին։ Իսկ դա նշանակում է, որ Թուրքիան կարող է հայտնվել հակաահաբեկչական գործողությունների թիրախում` բախվելով լավ զինված ու կազմակերպված քրդական բանակի և իր տարածքում բնակվող միլիոնավոր քրդերի հետ:

Ռուսական ինքնաթիռը խոցելով՝ Թուրքիան փաստի առաջ է կանգնեցնում ՆԱՏՕ-ի իր գործընկերներին և Ռուսաստանին, քանի որ Ռուսաստանի ցանկացած պատասխան գործողություն ՆԱՏՕ-ն կընկալի որպես իր դեմ կատարված ոտնձգություն` դրանից բխող բոլոր հետևանքներով:

Սա ակնհայտ սադրանք է Ռուսաստանի և հնարավոր հակաահաբեկչական կոալիցիայի մասնակիցների դեմ, ինչը պետք է հասկանան Ռուսաստանում և չտրվեն սադրանքների:

Ռուսաստանը ներկայումս պետք է անի ամեն ինչ հակաահաբեկչական կոալիցիան կյանքի կոչելու և այդ հարցում միջազգային կոնսոլիդացիա ապահովելու համար: Իսկ Թուրքիայի հարցը կլուծեն քրդերը, կարծիք են հայտնում հայ քաղաքագետները:

 

Պատրաստեց Ռուբինա Ռաֆայելյանը

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: