Արաբական մամուլի անդրադարձը Թուրքիայի ընտրություններին

12 Նոյեմբերի 2015

Արաբական աշխարհի համար Թուրքիայում ընթացող քաղաքական խմորումները դարձել են շատ կարևոր, մանավանդ Թուրքիայի այսօրվա իշխանությունների արաբա-իսլամական աշխարհը բացելու քաղաքականության պատճառով։ Ակներև է նաև, որ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանն իր հերթական ճառերում սկսել է կարկինը լայն բացելով պատգամներ հղել ոչ միայն Թուրքիայի քաղաքացիներին, այլև ամբողջ արաբական աշխարհին՝ սկսած Գազայից, անցնելով Երուսաղեմ, Բեյրութ, Կահիրե ու Դամասկոս։

Այս փոխկապակցության և ըմբռնումների մերձեցմանն առընթեր ակներև է նաև, որ արաբական աշխարհը զորակցություն է ակնկալում Թուրքիայից Իսրայելի հետ իր ունեցած տարակարծությունների և գրեթե կես դարից ի վեր շարունակվող հակամարտության լուծման համար։ Այստեղ պետք է նաև շեշտել, որ Էրդողանի իշխանության օրերին Թուրքիան առաջին անգամ ծանր մեղադրանքներ է բարդել և քննադատել է Իսրայելի իշխանություններին, որի հետևանքով երկու երկրների միջև առկա հարաբերություններն աննախադեպ լարվածություն են ձեռք բերել։

Այսպես, Լիբանանում հրապարակվող «Ալ Սաֆիր» պարբերականի հեղինակներից Խալիլ Հարպն իր «Թուրքիան վախի, զենքի և միացնող սուլթանի քննության առաջ» խորագրով հոդվածում գրում է, որ նոյեմբերի 1-ի ընտրությունների արդյունքը ոչ միայն հաղթանակ էր AKP-ի համար, այլև հավելյալ քաղաքական իրավասություններ է շնորհել հատկապես Թուրքիայի նախագահին։ Արաբ վերլուծաբանը ուշադրություն է հրավիրում, որ այս ընտրությունները ճանապարհ էին բացում Թուրքիայի ժողովրդի գոյության հարցադրումների և իր ապագայի մասին կողմնորոշվելու համար։

Հարպը գրել է, որ Էրդողանը բացահայտորեն քվեներ է խնդրել ժողովրդից՝ խոստանալով երկրին վերադարձնել անդորր ու կայունություն․ «Տվեք ինձ ձեր քվեները և ես պատրաստ եմ անդորրն ու անվտանգությունն ամրապնդել», ասել է Էրդողանը։

Վերլուծաբանը նաև նշել է, որ ընտրությունների արդյունքները անկանխատեսելի էին ոչ միայն Թուրքիայի ընդդիմադիր ճակատների համար, այլև Էրդողանին համակրող վերլուծաբանների համար։ Խալիլ Հարպը հոդվածի վերջում մանրամասն թվեր ներկայացնելով՝ գրել է քվեների ընդհանուր պատկերը, ուշադրություն հրավիրելով, որ Էրդողանի կուսակցությունը իր քվեատուփերի մեջ է լցրել HDP-ի և MHP-ի քվեաթերթիկները։ Արաբ վերլուծաբանը կարևորելով AKP-ի կենտրոնական և ուժեղ կառավարություն կազմելու հնարավորությունը, հարց է տալիս, թե արդյոք Էրդողանը կարողանալու է երկրում տիրող տարանջատման մթնոլորտը վերացնել և այդպիսով Թուրքիան դուրս հանել «բանտարկված» իրավիճակից։

Լոնդոնում հրապարակվող «Ալ հայաթ» պարբերականի մեկ այլ թղթակից՝ Յուսուֆ ալ Շարիֆն, իր հերթին, կարճ քրոնիկոնում գրել է, թե իշխող AKP-ն և հատկապես Էրդողանը նոյեմբերի 1-ի ընտրություններով կարողացան իրենց ուղղված հունիսի 7-ի արդյունքների ապտակից ուշքի գալ և վերադիրքավորվել ու դառնալ ավելի ուժեղ, քան հունիսի ընտրություններից առաջ էին։ Լրագրողը գրել է նաև, որ թուրք ընտրողն այս ընտրություններով իր ձևով «պատժեց» Թուրքիայի ազգայնականներին և ուժեղ հարված հասցրեց նրանց։

Ալ Շարիֆը գտնում է, որ այս ընտրությունները ոչ միայն AKP-ի հաղթանակն է համարվում, այլև Դևլեթ Բահչելիի գլխավորած  MHP-ի պարտությունը։ Հոդվածագիրը վերջում հարցման միջոցով բարձրաձայնում է այն մասին, թե արդյոք այս ընտրություններից հետո նոր ճգնաժամ է առաջանալու երկրի նախագահ Էրդողանի և վարչապետ Դավութօղլուի միջև, նշելով, որ Թուրքիայի վարչապետն այս ընտրություններում գրանցված հաղթանակը վերագրում է իր տարած և հովանավորած ընդհանուր աշխատանքներին, մինչդեռ Էրդողանը հավատում է, որ հաղթանակը նախ և առաջ իրեն է պատկանում։

Իսկ «Ալ հայաթի» նախկին խմբագիր Ժիհադ ալ Խազենը «Էրդողանը հաղթեց ընտրություններում, բայց ոչ խաղաղաության հարցում» հոդվածում ներկայացնելով ընդհանուր իրավիճակը, խոր մտահոգություն է հայտնել Թուրքիայի արևմտյան գավառներում թափված արյունահեղության համար։ Խազենը, որ չի թաքցնում իր հիացմունքը Թուրքիայի գործող վարչապետի և նախագահի հանդեպ, հայտնում է, որ նրանք մեծ սխալներ թույլ տվեցին, մասնավորապես եգիպտական թղթածրարի առիթով։ Խազենը գրում է, որ Թուրքիայի համար այսօր ամենաառաջնային խնդիրը քրդական հարցն է և մտահոգություն է հայտնում, թե արդյոք իշխող կուսակցությունը կամ երկրի նախագահը կարող են քրդերի հետ լեզու գտնել։ Նա հոդվածն ավարտում է նշելով, որ Թուրքիայի նախագահն այս ընտրությունները կարողացավ հաղթանակով պսակել, բայց խիստ կասկածելի է թվում, թե նա կարող է «նվաճել» խաղաղություն։

Արաբական մեկ այլ՝ «Շաքր ալ Ավսաթ» թերթի վերլուծաբան Սաեր Աբասը գրում է, թե Թուրքիայում տեղի ունեցող զինվորական թեժ գործողությունները պատճառ են դարձել, որ երկրի հասարակությունն իր ուժերը լարի և իր քվեն տա իշխող կուսակցությանը։ Այդպիսով թուրք հասարակությունը վստահության վավերաթուղթ տվեց ոչ միայն Էրդողանին և նրա վարչախմբին, այլև «հայտարարեց», որ իր համար ամենակարևորը երկրում կայունության և ապահովության վերականգնումն ու պահպանումն է։

Վերլուծաբանը նաև շեշտում է, որ նոյեմբերի 1-ի ընտրություններում կարևոր է այն, որ թուրք ազգայնական MHP կուսակցության օգտին քվեարկողների մեկ տոկոսը ձայն է տվել AKP-ին։ Այդ վերագրելով կուսակցության ներսում առկա տարաձայնություններին և պառակտմանը, նշում է նաև, որ MHP-ում տիրող այդպիսի իրավիճակը կարող է ավելի ընդգծվել ընտրություններից հետո։ 

Թուրքիայի ընտրությունների առումով արաբական մամուլի ընդհանուր կարծիքը ի մի բերելով, պարզ է դառնում, որ արաբներն այդ երկրի արտաքին քաղաքականության վերաբերյալ տարբեր հարցադրումներ ունեն։ Անվստահություն բառը չեմ գործածելու, որովհետև մեծ մասամբ սուննիների օրաթերթերում զգուշավոր վերաբերմունք կա և դրա պատճառը Էրդողանի ու նրա կուսակցության բացահայտ ժխտողական վերաբերմունքն է Սիրիայի ճգնաժամի և Բաշար Ասադի դեմ։ Այդ վերաբերմունքը նրանք պահպանում են մինչ օրս։

Իսկ շիիթների մամուլի ներկայացուցիչների համար Էրդողանի հզորանալը ոչ միայն անհանդուրժելի է, այլև նրանց համար թույլ Թուրքիայի ներկայությունը ջուր է լցնում իրենց ջրաղացին։ Բնականաբար քննադատության է արժանանում Թուրքիայի իշխանությունը քրդերի և PKK-ի դեմ իր շղթայազերծած զինվորական գործողությունների համար, սակայն շիիթները ևս զգույշ են քրդական թեզի ամրապնդման առաջ քաշման հարցում։ Քրդական նոր իրավիճակն ընդունելի չէ ոչ միայն Թուրքիայի, այլև Սիրիայի և, մասնավորապես, Իրանի համար։ Արաբական աշխարհի, հատկապես սուննիների համար Էրդողանը շարունակելու է մնալ վստահելի և հիմնարար ուժ, որի վրա կարող են հենվել հատկապես զինվորական հավանական միջամտությունների կամ օժանդակությունների համար։

Արաբական աշխարհի համար Էրդողանի աստղը փայլելու է այնքան ժամանակ, քանի դեռ նրանց լեզվում կան իսլամական շեշտադրումներ և համաիսլամական արժեքներով իշխելու և գործելու նրբերանգներ։

 

 Սաքո Արեյան

Բեյրութ, «Արարատ»

Արևելահայերենի վերածեց Ռուբինա Ռաֆայելյանը

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: