Երախտագիտության ծրագիր՝ Մերձավոր Արևելքին

30 Հոկտեմբերի 2015

Հոկտեմբերի 28-ին Near East Foundation-ի (Մերձավոր Արևելքի հիմնադրամ)՝ Նյու Յորքում տեղի ունեցած հարյուրամյա հոբելյանին 100 LIVES-ը և NEF-ը հայտարարել են համատեղ կրթաթոշակային ֆոնդի ստեղծման մասին, որն օժանդակելու է արաբական Մերձավոր Արևելքում դժվար կացության մեջ հայտնված 100 երեխայի։ Համատեղ նախաձեռնությունը նպատակ ունի համաշխարհային հայության անունից երախտագիտություն հայտնել Մերձավոր Արևելքի ժողովուրդներին, որոնք մեկ դար առաջ ապաստան ու սնունդ են տրամադրել Հայոց ցեղասպանության ընթացքում տեղահանված գաղթականներին։

Հայկական կոտորածների ընթացքում ներկայիս Սիրիայի, Լիբանանի, Հորդանանի, Պաղեստինի, Իսրայելի և Եգիպտոսի տարածքում հիմնված որբանոցներում սնունդ, հագուստ և խնամք են ստացել հարյուր-հազարավոր գաղթականներ։ 

Այսօր՝ 100 տարի անց, հայությունն իր երախտագիտությունն է հայտնում Մերձավոր Արևելքի արաբ և մյուս ժողովուրդներին։ 100 LIVES-ի և Near East Foundation-ի համատեղ այս կրթաթոշակային ծրագիրը (որի ընդհանուր ֆոնդը կազմում է մոտ 7 միլիոն ԱՄՆ դոլար) հակամարտություններից, տեղահանություններից և աղքատությունից տուժած երեխաներին հնարավորություն կընձեռի ուսանելու աշխարհով մեկ սփռված UWC քոլեջներում՝ ներառյալ Հայաստանում գործող UWC Դիլիջան քոլեջը։

Ինչպես 100 տարի առաջ, այսօր էլ Մերձավոր Արևելքում ընթացող վայրիվերումների ամենախոցելի զոհերը երեխաներն են։ Պատերազմների և աղքատության հետևանքով տեղահանված երեխաների մեծամասնությունը զրկված է կրթություն ստանալու հնարավորությունից։ Ըստ UNECEF-ի ԱՄՆ ֆոնդի նախագահ և գործադիր տնօրեն Քերիլ Սթեռնի՝ «ներկայումս ավելի շատ տեղահանված երեխա կա, քան` Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ»։ UNICEF-ի գնահատականներով՝ Սիրիայում այժմ կա դպրոցից կտրված ավելի քան երկու միլիոն երեխա՝ չհաշված հարևան երկրներում ապաստանած մոտ 700․000 սիրիացի փախստական երեխաները։

Կրթաթոշակ ստացած առաջին երիտասարդները UWC դպրոցներ կհաճախեն 2016 թվականից։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: