Անգլիայի ակադեմիկոսների բողոքի ցույցն ընդդեմ Իսրայելի

30 Հոկտեմբերի 2015

Բեյրութի «Ալ Ժադիդ» կայանը հաղորդում է, որ Անգլիայի հարյուրավոր ակադեմիկոսներ և դասախոսներ ուղերձ են ստորագրել, որով բողոք են հայտնում ընդդեմ Իսրայելի և խոստանում են չհամագործակցել այդ երկրի ակադեմիական ու կրթական հաստատությունների հետ։ Անգլիական «Գարդիեն» թերթը գրում է, որ ուղերձը ստորագրել են Անգլիայի 72 կրթական հաստատությունների, այդ թվում՝ Օքսֆորդի, Քեմբրիջի և Լոնդոնի ամենանշանավոր Իմպերիալ համալսարանների ակադեմիկոսներն ու դասախոսները։

Բողոքի ուղերձը պատրաստել էին Անգլիայի նշանավոր արտադրող և երաժշտագետ Բրեան Ինոն և Ազատ դեմոկրատների կուսակցության անդամ Բարոնա Ջեյնի Թոնկը, ում հեռացրել են հասարակական ժողովի կուսակցության ղեկավարությունից այն բանի համար, որ պաշտպանում էր պաղեստինցիներին։

343 ակադեմիկոսի և արվեստագետի ստորագրությամբ ուղերձը և նրանց հայտարարագրերը տպագրվել են երկրի գլխավոր լրագրերում՝ «Անգլիայի ակադեմիկոսների պարտավորությունը Պաղեստինի իրավունքների հանդեպ» վերնագրով։ Այս առթիվ արաբական թերթերից մեկը գրել է, որ թեև ընդամենը 343 ակադեմիկոսի անուն է հրապարակված, սակայն անուններն ավելի շատ են, իսկ թերթերի էջերում տեղ չկար բոլորին նշելու համար։

Ուղերձում ասվում է․ «Մենք՝ Անգլիայի համալսարանների ակադեմիկոսներս, խորապես ցավում ենք Իսրայելի պաղեստինյան հողերի անօրեն գրավման և անընդունելի ու անտանելի խախումների համար, որոնք տեղի են ունենում Պաղեստինի ժողովրդի բոլոր տարրերի դեմ, ինչպես նաև նկատի ունենալով ցանկացած համաձայնություն մերժելու Իսրայելի ակնհայտ վճռականությունը՝ ի պատասխան Պաղեստինի քաղաքացիական, հասարակական կոչի, հայտարարում ենք, որ չենք հաղորդակցվելու և չենք այցելելու Իսրայելի ակադեմիական հաստատություններ։ Չենք ստանձնելու նաև վճռող անդամի դերը՝ դոկտորական թեզեր պաշտպանելու դեպքում։ Չենք մասնակցելու այն խորհրդաժողովներին, որոնք կկազմակերպեն, կամ կհովանավորեն, կամ կֆինանսավորեն Իսրայելի ակադեմիական հիմնարկները»։   

Այս ուղերձն առաջինը չէ, որով  Անգլիայի առաջադեմ մտավորականները  պաշտպանում են Պաղեստինի ժողովրդի ազատության, անկախության և ճակատագիրը որոշելու իրավունքը։ Ամիսներ առաջ նրանք հրատարակեցին մոտ 700 ուղերձ, որոնցով հայտարարում էին Իսրայելի գիտական և հետախուզական հաստատությունների հետ իրենց համագործակցության դադարեցման մասին։ Նրանք հայտնում էին նաև, որ շարունակելու են համագործակցել միայն անձնական նախաձեռնություններով այնքան ժամանակ, մինչև որ Իսրայելը միջազգային օրենքի համաձայն գործի և հարգի մարդու իրավունքները։

Ուղերձի վերջում կոչ է արվում բոլոր մտավորականներին միանալ Իսրայելի դեմ բողոքին։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: