23 բան, որ նրանք քեզ չեն ասում կապիտալիզմի մասին

23 Մայիսի 2017

      Այս գիրքը հրատարակվել է 2008 թվականի աշխարհում ընթացող տնտեսական ընդհանուր ճգնաժամից հետո: Հեղինակը ԱՄՆ-ի Քեմբրիջի համալսարանի բարօրության տնտեսագիտություն ու տնտեսագիտության պատմություն ֆակուլտետի կորեացի դասախոս, պրոֆեսոր Հան Ջուն Չանգն է: Նա քննադատելով ֆինանսական կապիտալիզմի քաղաքականությունը հետաքրքիր ու գրավիչ օրինակներ է բերում, ընդ որում 23 հարցի շուրջ բացատրություններ է տալիս, որոնք ծածուկ են պահում այդ քաղաքականությունը գործադրողները:

    Իրականությունն այն է, որ վերջին տասնամյակների ընթացքում ազատ շուկայի գաղափարն` իր մեծամեծ հավակնություններով ու պրոպագանդայով դատարկ ու անհիմն դուրս եկավ: 2008 թվականին ֆինանսական ճգնաժամի բացահայտումով այլևս հնարավոր չէր որևէ կերպ ծածուկ պահել այդ գաղափարախոսության անկատարությունը, ինչը տասնյակ տարիներ շարունակվում էր գործի դրվել: Նոր ազատական տնտեսական քաղաքականության գործնական արդյունքները հակառակ դուրս եկան այն խոստումների, որոնք սկզբից ի վեր տրվում էին: 

      Այս գաղափարախոսությունը ոչ թե իր հաջողություններով, այլ մշուշապատ ենթադրություններով, օրինակ` «ազատ շուկա», «հետինդուստրիալ հասարակություն», քաղաքական միջոցներով իր տիրապետությունը հաստատեց կապիտալիստական աշխարհի տնտեսության վրա: Նրանք ասում էին, որ պետություններն ունակ չեն իրագործելու ազգային մեծ նախագծեր ու պետք է կապիտալիստներին իրավունք տրվի առանց պետության միջամտության նման նախագծերն իրագործելու:

     Նյութապաշտության ուժեղացումով և չընդունելով նյութական կամ ֆինանսական կապիտալիզմի գործունեության վրա որևէ պետության վերահսկողությունն ու առաջարկած ծրագրերը, նրանք պատճառ դարձան, որ օրեցօր հարուստներն ավելի հարստացան, իսկ աղքատներն աղքատացան, դանդաղեց տնտեսական աճը, որն էլ առաջացրեց  ճգնաժամեր ու սննկացումներ: 

      Ժամանակի ընթացքում պարզվեց, որ պետության ղեկին նստած մարդիկ ու այն քաղաքագետները, որոնց պարտականությունն էր հսկողության տակ առնել բանկերի աշխատանքներն ու ներդրումային կապիտալների սնդուկները և մյուս ֆինանսական ռեսուրսները, հենց իրենք հաճախ ընդգրկվել են այդ կապիտալների կամ կապիտալիստների հովանավորության ներքո և ծառայել նրանց: Այսինքն` բանկերն ու ֆինանսական հաստատություններն են ընտրել իշխանություններին ու քաղաքագետներին և հսկել նրանց: 

    Նեոլիբերալ տնտեսական քաղաքականության գործունեությունն այնքան խայտառակ է եղել, որ եթե պետություններն ահռելի գումարներ չծախսեին և չգնեին այդ հաստատությունների ու բանկերի «կեղծ ունեցվածքներ»-ը, այդ ֆինանսական ճգնաժամը տնտեսական ընդհանուր փլուզման պատճառ կդառնար:

    Այդ գրքում գնահատական է տրվում անցյալ տասնյակ տարիներին վարած այդ կործանարար գաղափարախոսությանը և բացահայտում դրա արդյունքների մի մասը, որոնց մասին չեն խոսում շուկայական հարաբերությունների կողմնակիցները:  

     2008 թվականի ճգնաժամից հետո տարբեր գրքեր են հրատարակվել, որոնք քննադատության են ենթարկում համաշխարհային տնտեսությունը, սակայն այս գրքում ազատ շուկայական հարաբերությունների գաղափարախոսությունը քննադատում ու գնահատական է տալիս մի տնտեսագետ, ով կապիտալիստական համակարգի կողմնակից է եղել և ընդունել է կապիտալիստական համակարգի հիմունքները, վկան է այն բանի, թե ինչպես է այդ համակարգը՝ նեոլիբերալական գաղափարախոսությունը ավերում տնտեսությունը:  

    Տնտեսական քաղաքականությունների ծախսերը հասարակ ժողովուրդն է վճարում, այդ քաղաքականությունների գործադրման վերջնական զոհերը հասարակ մարդիկ են, այլ ոչ թե տնտեսագետներն ու պրոֆեսիոնալները, ուրեմն ժողովուրդը իրավունք ունի իմանալու կամ հասկանալու այդ քաղաքականությունների իսկության մասին, իմանալու թե ինչ հետևանքներ են ունենում և ում շահերն են պաշտպանում: Այդ իսկ պատճառով այդ քաղաքականությունների մասին քննարկումները պետք է կատարվեն հասարակ ժողովրդի համար, իսկ նրանք ծանոթ չեն տնտեսագիտական բարդ տերմիններին: Հաճախ գրքում հանդիպում ենք. «Ձեզ ասում են, որ...», իսկ «Ձեզ չեն ասում, որ...» նշումներին, որոնց հետևում են  բացատրությունները:  

   Օրինակ, վիճաբանության առարկա է դառնում հնդիկ վարորդի և  շվեդացի վարորդի աշխատավարձերի չափի համեմատությունը, որի արդյունքում պարզվում է, որ շվեդացի վարորդը 50 անգամ ավելի բարձր աշխատավարձ է ստանում, քան հնդիկ վարորդը: Այս հասարակ օրինակով ցույց է տրվում ցնցող իրականությունը: Այսինքն, երբ նեոլիբերալ տնտեսության կողմնակիցներն ասում են, թե շուկայական տնտեսության մեջ մարդիկ համապատասխան իրենց արտադրության և կարողության աշխատավարձ են ստանում, անհիմն է: Հարց է առաջ քաշվում, թե ինչու է ազատ շուկայական հարաբերությունների գաղափարախոսությունը պաշտպանում կապիտալի ազատ տեղաշարժը նեոլիբերականից, կապիտալը կարող է գաղթել ու տեղաշարժվել այնտեղ, որտեղ ավելի շատ շահ կունենա, սակայն դրան հակառակ, մարդուժի գաղթը տարբեր օրենքներով արգելափակվում է ու խոչընդոտվում:   

      Նեոլիբերալ տնտեսության տեսակետի հիմքը «ազատ շուկա»-ն է, մի բան, որ եթե իսկապես ուզենանք, աշխարհի ոչ մի տեղում չենք կարող գտնել ու մատնանշել: Այն երկրները, որոնք իրենց համարում են այդ գաղափարախոսության հիմնական հավակնորդները, իրենց շուկայական հարաբերությունների համար ձևակերպում են բազմաթիվ տնտեսական ու քաղաքական օրենքներ, պիտիներ ու չպիտիներ, արգելափակումներ, պարտականություններ ու տարբեր սահմանափակումներ: 
Հեղինակը գրում է. «Այն հավակնությունը կամ կարծիքը, որ ազատ շուկայի համակիր տնտեսագետների կողմից արծարծվում է, թե իբրև նրանք աշխատում են պաշտպանել շուկան պետության միջամտություններից, որոնք քաղաքական դրդապատճառներ ունեն, սուտ կարծիք է: Պետությունն անընդհատ շուկայական հարաբերություններում մխրճված է և ազատ շուկայի համակիրները հենց իրենք բոլորից առավել քաղաքական դրդապատճառներ ունեն: Այստեղ նեոլիբերալ կապիտալիզմը նման լոզունգներից օգտվում է ուրիշ երկրների քաղաքականությունների դեմ գործելու համար, որոնցից յուրաքանչյուրն իր երկրի շահերի համար կիրառում է իր շուկայական հարաբերություններում: Նեոլիբերալներն աշխատում են այդ երկրների քաղաքականությունների վերացման ուղղությամբ: Սա է պահանջում զարգացած ու  հարուստ կապիտալիստական երկրների շահերը, որտեղ ցանկանում են բոլոր երկրների շուկաները, առանց որևէ արգելքի, իրենց առջև բաց լինեն:

      Նրանց կարծիքով այն երկրները, որոնք արտասահմանյան կապիտալների համար սահմանափակումներ են դնում, շուկայի ազատության դեմ է, իսկ այն սահմանափակումներն ու արգելքները, որ կապիտալիստական երկրները սահմանում են արտասահմանյան աշխատուժի նկատմամբ, շուկայի ազատությանը չի հակասում:

    Ընդհանուր առմամբ արտաքուստ երկրների միջև ազատ առևտուրը բնական է թվում, սակայն երբ խորանում ես այդ հարցում, նկատելի է դառնում, որ աշխարհի առևտրի բնագավառում երկու խմբի երկրներ գոյություն ունեն՝ առաջինը չզարգացած կամ զարգացող երկրներն են, որոնք արտահանման և վաճառքի համար բացի հումքից ու բնական ռեսուրսներից ուրիշ բան չունեն, այդ պատճառով արդյունաբերական ապրանքները և պատրաստի արտադրանքը հումքերի ու բնական ռեսուրսների դիմաց պետք է գնեն կապիտալիստական հարուստ երկրներից: Երկրորդ խմբի երկրները զարգացած երկրներն են, որոնք ուժեղ արդյունաբերական հիմքեր ունեն և հակառակ առաջին խմբի երկրների, նրանք ներմուծում են առաջին խմբի երկրների հումքն ու բնական ռեսուրսները: Այդ երկրներն արտահանում են  այն արտադրանքը, որ պատրաստվում է առաջին խմբի երկրների հումքերից, և վաճառվում է չափազանց բարձր գներով հենց նույն` չզարգացած կամ զարգացող երկրներին: 

      Այսպիսով, այն երկրները, որոնք հումք են վաճառում և պատրաստի ապրանքներ գնում, աղքատ են ու օրեցօր աղքատանում են, իսկ այն երկրները, որ հումք են գնում ու պատրաստի ապրանքներ վաճառում, հարուստ են ու օրեցօր հարստանում են: Այսպիսով, «առանց որևէ պայմանի ազատ առևտրի» լոզունգը նման պայմաններում պաշտպանում է հարուստ և զարգացած երկրների շահերը և ոչ զարգացած երկրների աղքատության ու ավերումների պատճառ դառնում: Այդ իսկ պատճառով նման երկրները, նկատի ունենալով իրենց ազգային շահերը, իրավունք ունեն հսկողություն սահմանելու իրենց արտաքին առևտրի համար և հատուկ քաղաքականություն մշակելու ու իրագործելու այդ ուղղությամբ:

     Գրքի հեղինակը փաստերով ցույց է տալիս, որ նման քաղաքականության կիրառումը և տնտեսության կենտրոնացումը զարգացող երկրներում, նրանց օգտին է եղել:

Հաջուն Չանգը փաստերով ցույց է տալիս, որ հակառակ տարածված  կարծիքի, զարգացող երկրների գործունեությունը այն ժամանակ, երբ տնտեսությունը ծրագրված ձևով և պետության հսկողության տակ է եղել, ավելի լավ արդյունք է տվել, քան այն ժամանակ, երբ այդ երկիրը կիրառել է ազատ շուկայական քաղաքականություն: Նրանք պետության հսկողության տակ ավելի արագ են զարգացել և եկամուտների բաժանումը ժողովրդի միջև ավելի արդարացիորեն է կատարվել ու ֆինանսական ավելի քիչ ճգնաժամեր են ունեցել:  

     Այն կարծիքը, թե իբր բոլոր հարուստ երկրներն ազատ շուկայական քաղաքականության ընթացքում են հարստացել, սխալ է, և իրականությունը դրա հակառակն է փաստում: Բացի մի քանի բացառություններից, ներկայիս բոլոր հարուստ երկրները, հատկապես մեծ Բրիտանիան ու Ամերիկան, որոնք համարվում են ազատ շուկայի ու ազատ առևտրի կենտրոն, պետության հովանավորության, պետության սուբսիդների և ուրիշ քաղաքականությունների հետևանքով են հարստացել, հիմա նրանք զարգացող երկրներին խորհուրդ են տալիս, որ երբեք նման քաղաքականություն չվարեն:

     Գրքում նշված է, թե ինչպես Ամերիկայի ժամանակակից տնտեսության ճարտարապետ Հեմիլտոնը տնտեսական իր զեկույցում, որ ներկայացրել է կոնգրեսին, պետության հովանավորությունը իր քաղաքականության առանցքն է համարել: Նա համոզմունք է հայտնել, որ Ամերիկայի «նորածին արդյունաբերությունը», որպեսզի կարողանա ոտքի կանգնել, պետք է պետության հովանավորությունն ունենա և նրա կողմից սնուցվի: Հեղինակը կատակով ասում է. «Եթե Հեմիլտոնը այդ հայացքներով դառնար զարգացող որևէ երկրի ֆինանսների նախարար, խիստ կդատապարտվեր Ամերիկայի ֆինանսների ու բյուջեի նախարարության կողմից ու դավաճան կհամարվեր: Մեծ հավանականությամբ, «փողի միջազգային սնդուկը» և համաշխարհային բանկը նաև կմերժեին նրան որևէ հարկի տրամադրում»:  

      Նա ցույց է տալիս, որ Գրանտը, Բենջամին Ֆրանկլինը, Էնդրյու Ջեքսոնը և ԱՄՆ-ի շատ պետական գործիչներ հակառակ էին Բրիտանիայի հետ ազատ առևտրի զարգացման ծրագրին և պաշտպանում էին պետության հովանավորությունը ներքին արտադրողներին:       Այսպիսով, այն եզրակացության ենք հանգում, որ «Ամերիկայի Միացյալ Նահանգները միակ երկիրը չէ, որ հակառակ ազատ շուկայի գաղափարների վրա հիմնված քաղաքականության հաջողությունների են հասել»: Ներկայիս հարուստ երկրների մեծ մասը ազատ շուկայական հարաբերությունների քաղաքականությանը հակառակ գործելով են այսօրվա հաջողություններին հասել և հիմա զարգացած երկրներ են համարվում: Այդ երկրներն իրենց ներկայիս շահերը բավարարելու համար կարիք ունեն ազգային սահմանների վերացման` առանց որևէ պայմանների, ազատ առևտրի համար, այսինքն` իրենց շահերին համապատասխան դեղատոմս են գրել ամբողջ աշխարհի համար:

      Հեղինակը հարուստ երկրների պատմական խաբեության մասին եզրակացնում է.  «Հարուստ երկրները հակառակ իրենց պատմական անցյալի, աշխատում են` օգտվելով այն պայմաններից, որոնք արտասահմանյան փոխադարձ օգնությունների համար նշանակել են, օրինակ` «միջազգային ֆինանսական վարկային կենտրոններ», «համաշխարհային բանկ և փողի միջազգային սնդուկ»: Մտավորականների շրջանում իրենց գաղափարական ազդեցությամբ նույնպես  աշխատում են զարգացող երկրներին ստիպել իրենց երկրների սահմանները բացել` աշխարհի ուժերի մրցակցության համար: Նրանք այնպիսի քաղաքականություն են պրոպագանդում, որն իրենք չէին կիրառում, երբ համարվում էին զարգացող երկրներ, այդուհանդերձ զարգացող երկրներին ասում են. «Այն գործերը արեք, որ ես եմ ասում և ոչ թե այն գործերը, որ ես եմ կատարել»: 

     Որպես եզրակացություն պետք է ասել, որ ազատ շուկայի ու ազատ առևտրի քաղաքականությունը, եթե ազդեցիկ են եղել, ապա այդ ազդեցությունը հազվադեպ և չնչին է եղել: Հարուստ երկրների մեծ մասը երբ համարվում էր զարգացող, նման քաղաքականություն չի կիրառել, որովհետև նրանք գիտակցում էին, որ այն  դանդաղեցնում է երկրի տնտեսական աճը: Վերջին երեք տասնամյակում զարգացող երկրներում եկամուտների անհավասարությունը ավելանում է հենց այդ քաղաքականության շնորհիվ:

    Նոր լիբերալիզմի հակապետական ու հակածրագրային հայացքների անարժեքության փաստը Չինաստանի հզոր տնտեսական զարգացումն է, որն աստիճանաբար դառնում է աշխարհի ամենահզոր տնտեսական ուժը: Սա առանձին երևույթ է, որին պետք է առանձին անդրադառնալ: Սակայն նեոլիբերալիզմի քաղաքականության պաշտպանները խուսափում են Չինաստանի իրականությունը տեսնելուց և միայն բավարարվում են ասելով, որ Չինաստանի տնտեսությունը այն ժամանակ սկսեց աճել, երբ նրանք իրենց դռները բացեցին շուկայական քաղաքականության առջև: Սակայն նրանք երբեք չեն կարող պատասխանել այն հարցին, որ եթե իսկապես Չինաստանը նեոլիբերալական դեղատոմսերով է հասել 10 տոկոսանոց տնտեսական աճին, ապա ինչու իրենք, որ համարվում են այդ դեղատոմսերի իսկական հայտնաբերողները՝ կապիտալիստական հարուստ երկրները, որ իրենք դասեր են տվել, իբր, Չինաստանին, իրենց չի հաջողվում ունենալ 2 տոկոսանոց տնտեսական աճ: Հակառակ նեոլիբերալական քաղաքականության, ազգային մեծ նախագծերը տարբեր պատճառներով պետք է իրականացվեն այն պետության կողմից, որը համարվում է իր ժողովրդի ներկայացուցիչը, որովհետև հաճախ կարող է պատահել, որ մեկ  կապիտալիստական տնտեսական հիմնարկի շահերի ու ազգային շահերի միջև հակասություններ լինեն:   

      Այն, ինչ համապատասխանում է որևէ մեծ ընկերության շահերին, ստիպողաբար չի կարող համընկնել այդ երկրի ազգային շահերի հետ: Բացի այդ, տնտեսական զգայուն և կարևոր հարցերի մեծ մասն ինքնըստինքյան այնպիսի մեծ մասշտաբի հարցեր են, որոնց մասին պետք է երկրի մասշտաբով որոշումներ կայացվեն: Իսկ  մասնավոր սեկցիաները, որոնք գտնվում են միմյանց հետ մրցակցության մեջ ու իրենց շահերից ելնելով են կողմնորոշվում, երբեք չեն կարող այդ գործը ստանձնել:

    Տնտեսագիտության առարկան արտադրության վրա իշխող հասարակական համակարգն է և ոչ թե արտադրությունը և նրա տեխնիկական հարցերը: Այդ իսկ պատճառով տնտեսագիտությունը հասարակական մի գիտություն է ու իր բնույթով քաղաքական է, այսինքն` դրա ուսումնասիրման առարկան ընդհանուր հասարակությունն է և նրա հարաբերությունները արտադրության, առևտրի, հարստության կամ բյուջեի բաժանման, կապիտալի կուտակման, զբաղվածության կամ աշխատանքի և այլնի հետ, որոնք ուսումնասիրվում են որպես մեկ ընդհանրություն:

    Այսպիսով, տնտեսագիտությունը զբաղվում է որոշ հարցերով, օրինակ՝ սեփականություն, հարստության արտադրման ինչպիսություն, ինչպես նաև այն հասարակարգով, որով բաժանվում է այդ հարստությունը, դրա բաժանման ազդեցությունը հասարակության դասակարգային կառույցի վրա, կապիտալի կուտակում, փող և փողային հարցեր, տնտեսության զարգացումը` որպես գլխավոր խնդիր և այլ հարցեր: Այդ իսկ պատճառով տնտեսագիտության հիմնադիրներն  ու այս գիտության իսկական տեսաբանները` դասական տնտեսագետները դրան անվանում են «քաղաքական տնտեսություն»: Այս անվանումը համընկնում է այդ գիտության բնույթի հետ:

      Տնտեսության զարգացումը կարելի է ուսումնասիրել միայն հասարակության ամբողջ մասշտաբով որպես մեկ միավոր: Այս մասշտաբի տարրերից կարելի է համարել ազգային եկամուտը, ներքին մաքուր արտադրությունը և դրա փոփոխությունները, ընդհանուր մատուցումը կամ մատակարարումը, ընդհանուր պահանջը, բյուջե, ազգային եկամուտ, ազգային հաշիվներ, արտահանում և ներմուծում: Քաղաքական տնտեսության գլխավոր խնդիրը հասարակության ու արտադրության փոխադարձ ազդեցություններն են: Նեոլիբերալիզմը այս գլխավոր հարցերի ուսումնասիրությունը նվազեցնում է մինչև տնտեսական անհատական մեկ կենտրոնի մակարդակի:

     Յուրաքանչյուր քաղաքացի իր առօրյա կյանքում զգում է տնտեսական քաղաքականության անմիջական ազդեցությունը և այս քաղաքականությունը կարող է որոշել նրա ապրելակերպն ու կենսամակարդակը:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: