Մոսկվան Ադրբեջանին զգուշացնում է, որ նրա թուրքական ընտրությունը կարող է վատ վախճան ունենալ նրա համար

29 Օգոստոսի 2020

Մեր զրուցակիցն է ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, թուրքագետ Հայկ Գաբրիելյանը

Պարոն Գաբրիելյան, Էրդողանի հրամանով Ստամբուլում ևս մեկ բյուզանդական եկեղեցի կվերաբացվի որպես մզկիթ։ Ի՞նչ հարց է լուծում Էրդողանը տաճարները մզկիթների վերածելով։

 

Այո, Սուրբ Սոֆիան մզկիթի վերածելուց հետո Թուրքիայում այս անգամ բարձրացվել է  Խորի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին մզկիթի վերածելու հարցը, որը 1945թ․ստացել էր թանգարանի կարգավիճակ։ Սուրբ Սոֆիայի նման այս դեպքում էլ Էրդողանի շարժառիթների երեք հիմնական գործոնները նույնն են՝ իսլամական, նեոօսմանյան ու Աթաթուրքին հակադրվելու։

Կարճ ասած՝ Էրդողանը շարունակում է Թուրքիայի իսլամականացման ու քրիստոնեության նկատմամբ իսլամի «գերազանցությունը» ի ցույց դնելու, Թուրքիայի օսմանյան (նաև սելջուկյան) անցյալի փառաբանման, Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի կամ ընդհանրապես քեմալական կառավարությունների («Հին Թուրքիայի») կայացրած որոշումներին հակադրվելու (մզկիթներից թանգարանների վերածված նախկին եկեղեցիները վերստին մզկիթների վերածելը) գործընթացները։ Բացի այդ, Էրդողանը Ստամբուլում գտնվող հունական եկեղեցիները, տաճարները, որոնք ոսկոր են նրա «Նոր Թուրքիայի» կոկորդում, որակում է որպես Հունաստանի «ոտնձգության» ոլորտ և ցանկանում է մզկիթի վերածելով՝ վերջակետ դնել այդ «ոտնձգություններին»։ Էրդողանը «հունական գրոհ» է սկսել, ինչի հիմքում ընկած են ոչ միայն Էգեյան ու Միջերկրական ծովի վերջին հայտնի զարգացումները, այլև՝ պատմական գործոնը։

Բանն այն է, որ օգոստոսի 26-ին Թուրքիայում նշելու են 1071թ․ Մանազկերտի ճակատամարտում բյուզանդացիների նկատմամբ սելջուկ թուրքերի տարած հաղթանակի 949-ամյակը, ինչը վերջիններիս առջև բացեց Փոքր Ասիա թերակղզու դարպասները (Էրդողանն այս համատեքստում շարունակ կարևորում է 2071թ)։ Ի դեպ, Մանազկերտի ճակատամարտում տարած հաղթանակները պետական մակարդակով սկսել են նշել միայն վերջին տարիներին՝ Էրդողանի հրահանգով, ով իր համար դղյակ է կառուցել Վանա լճի ափին (Մանազկերտից ոչ հեռու), ուր և ամեն անգամ կիջևանի օգոստոսի վերջին Մանազկերտի ճակատամարտի հերթական ամյակը նշելիս։

Բացի այդ, օգոստոսի 30-ին Թուրքիայում նշելու են 1922թ․ այդ օրը հույների դեմ Դումլուփընարի ճակատամարտում (Աթաթուրքի) տարած հաղթանակի 98-ամյակը, ինչին հաջորդեց Զմյուռնիայի (Իզմիր) գրավումն ու սպանդը (սեպտեմբերի 9) և Փոքր Ասիա թերակղզուց հույներին ամբողջովին դուրս մղելը (հունական պատմագրության մեջ դա որակվում է որպես «Փոքրասիական աղետ»)։ Ընդ որում՝ օգոստոսի 30-ը Թուրքիայում նշվում է որպես «Հաղթանակի ու Զինված ուժերի օր»։

Թուրքիայի նախագահը հայտարարել է Սև ծովում գազի պաշարներ հայտնաբերելու մասին: Այսպիսով Թուրքիան ձգտում է էներգետիկ անկախությա՞ն, և որքանո՞վ դա նրան կհաջողվի։

Թուրքական կողմի հաղորդմամբ՝ հայտնաբերվել է 320 միլիարդ խմ գազ, ինչը նրա պահանջները կարող է բավարարել միայն 7-8 տարի՝ հաշվի առնելով, որ Թուրքիայում գազի տարեկան սպառումը կազմում է մոտ 40 միլիարդ խմ։ Ավելին, փորձագետների հաղորդմամբ՝ այդ գազի արդյունահանման մեկնարկը պահանջում է 6 միլիարդ դոլար, բացի այդ, հայտնի չէ, թե գազի գնի այս ցածր պայմաններում արդյոք դրա շահագործումը շահութաբեր կլինի, թե ոչ։ Նրանք հիշեցնում են, որ անցյալում Ռումինիան ունեցել է նման դառը փորձ Սև ծովում հայտնաբերած գազի պարագայում։ Իսկ ներկայիս պայմաններում հարկավոր է հաշվի առնել նաև հեղուկացված գազի ցածր գները։ Եվ վերջապես, նրանք ընդգծում են, որ Թուրքիան հայտնաբերած գազից սկզբնական շրջանում կարող է արդյունահանել միայն 5-10 միլիարդ խմ գազ, ինչը կազմում է նրա գազային տարեկան սպառման առավելագույնը 25 տոկոսը։ Սա նշանակում է, որ անհեթեթություն են Թուրքիայի էներգոանկախության մասին, Թուրքիայի կողմից «գազային խաղի» կանոնները փոխելու մասին պնդումները։

Հավելեմ, որ թուրքական կողմը կարող է ուռճացրած լինել հայտնաբերված գազի ծավալները (եթե իսկապես հայտնաբերվել է գազ), քանի որ թուրքական իշխանությունները վերջին շրջանում տնտեսական պլանում ուրախացնող որևէ նորություն չունեին իրենց քաղաքացիների համար, և շեշտը դրել էին հարևան տարածաշրջաններում ռազմատենչ հայտարարություններով ու գործողություններով «ժողովրդին կերակրելու» վրա։ Այնուամենայնիվ, տնտեսական բազում խնդիրներ ունեցող Թուրքիայում հասունացել էր նաև տնտեսական պլանում որևէ ուրախալի բան հայտնելու պահը, և Էրդողանը գնաց այս քայլին։ Ամեն դեպքում մի փոքր զարմանալի կարող է թվալ Սև ծովում Թուրքիայի կողմից այդչափ նավթ հայտնաբերելը՝ հաշվի առնելով, որ թուրքական կողմը տարիներ առաջ երկար ժամանակ նավթ որոնել է Սև ծովում, 8 միլիարդ դոլար է ծախսել նավթի փնտրտուքի վրա և ոչինչ չէր կարողացել հայտնաբերել։ Չեմ բացառում նաև, որ 80 միլիարդ դոլարի նավթի հայտնաբերման լուրը տարածվել է առաջիկայում Էրդողանի անձնական նպատակները իրագործելու համար՝ հայտնաբերված գազից գումարի պոտենցիալ տնտեսումների հաշվին։ Դա առաջին հերթին կարող է առնչվել Ստամբուլի ջրանցքի անհեթեթ նախագծի իրագործմանը, որը գնահատվում է 10-20 միլիարդ դոլար (եթե ոչ ավելի), և որը Թուրքիայի նախագահի անձնական երազանքն է, և որն ամենևին էլ պետք չէ Թուրքիայի Հանրապետությանը։ 

Իլհամ Ալիևը Բաքվում ընդունել է ՌԴ պաշտպանության նախարար Շոյգուին։ Ալիևը օրեր առաջ Բաքվում ընդունել էր Թուրքիայի պաշտպանության նախարարին, հայտարարել էր, որ Անկարան դառնում է Բաքվի թիվ մեկ ռազմա-տեխնիկական գործընկերը։ Այս հանդիպումները որքանով միտում ունեն դիվերսիֆիկացնելու Ադրբեջանի քաղաքականությունը։

Կարելի է ասել, որ Տավուշյան թեժացումից հետո Ռուսաստանն ու Թուրքիան վերաճշգրտում են Ադրբեջանի հետ իրենց քայլերը։ Հասկանալի է, որ Թուրքիային, որը վերջին տարիներին զգալիորեն զարգացրել է իր ռազմարդյունաբերությունը, ձեռնտու չէ, որ «եղբայրական» Ադրբեջանն ավելի շատ սպառազինություն է գնում Ռուսաստանից ու Իսրայելից։ Թուրքիան բնականաբար ձգտում է շտկել տվյալ իրավիճակը՝ ֆինանսական որոշակի կարողություններով օժտված Ադրբեջանը դիտարկելով նաև որպես սեփական զենքի լավ գնորդ և նաև գովազդող։ Կարծում եմ, որ Տավուշյան թեժացման ժամանակ ցուցաբերած բանավոր և նաև գործնական (համատեղ զորավարժություններ) աջակցության դիմաց՝ Թուրքիան կարող է Ադրբեջանին ստիպել գնելու սեփական արտադրության զենքեր։ Թուրքիայի այսօրինակ ձգտումները, բնականաբար, չեն կարող դուր գալ Ռուսաստանին, որին թուրք-ադրբեջանական տանդեմը, ըստ էության, դուրս է մղել Թուրքիայի գազային շուկայից, և հիմա էլ Ռուսաստանը կանգնած է Ադրբեջանի զենքի շուկան կորցնելու վտանգի առջև։ Շոյգուի ադրբեջանական այցը կապում եմ այս ամենի հետ, ընդ որում՝ այցից առաջ ռուսական կողմը, կարելի է ասել, որ զգալիորեն ուժեղացրել է սեփական դիրքերը առաջիկա բանակցություններից առաջ։

Բանն այն է, որ օրեր առաջ պաշտոնական Բաքվի հաղորդմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր  Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պնդել էր, թե հուլիսի 17-ից սկսած՝ Ռուսաստանը Հայաստանին մատակարարել է շուրջ 400 տոննա ռազմական նշանակության բեռ (զենքի մատակարարման լուրը տարածել էր ռուսական մամուլը)՝ ընդգծելով, թե այդ փաստը մտահոգություններ է առաջացրել Ադրբեջանում։ Ապա ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնեց, որ ՀՀ պաշտպանության նախարարության և Ռուսաստանի Միավորված ավիաշինարարական ընկերության միջև ստորագրվել է Սու-25-ի արդիականացման և վերանորոգման պայմանագիր։ Եվ վերջապես, ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Վորոբյովան երեկ հայտարարեց, որ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ժամանակակից Սու-30ՍՄ կործանիչների նոր խմբաքանակի մատակարարման հարցը։ Այսօրինակ քայլերով Ռուսաստանը թերևս ստեղծում է տարածաշրջանային բալանսը առաջիկայում հօգուտ Հայաստանի փոխելու տպավորություն, ֆոն, փորձում է դրանով ահաբեկել Ադրբեջանին և նաև զգուշացնել, որ նրա թուրքական ընտրությունը կարող է վատ վախճան ունենալ նրա համար։ Այս առումով Իլհամ Ալիևը շատ ծանր դրության մեջ է, հայտնվել է երկու քարի (Ռուսաստան ու Թուրքիա) արանքում և զենքի շուկայի հարցում պետք է կողմնորոշվի ու հայտնի իր նախապատվությունը։ Տավուշյան թեժացման արդյունքներն այդպիսով հուժկու հարված են հասցրել Ի․ Ալիևի (նաև նրա գովերգած բանակի) իմիջին ու հեղինակությանը և նրան դարձրել են բավական խոցելի, ընդ որում՝ թե՛ Մոսկվայի, թե՛ Անկարայի առջև։

1in.am

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: