«Կործանարար նեոլիբերալ սցենարից» խուսափելու պատշաճ քայլը կենսունակ մասնակցային հասարակության ստեղծումն է․ Նոամ Չոմսկի

28 Մայիսի 2020

ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստանի Ամերիկյան համալսարանի դասախոս Նարեկ Մկրտչյանը  զրուցել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի լեզվաբանության պրոֆեսոր Նոամ Չոմսկիի հետ

 

 Հարցազրույցը անցկացվել է էլփոստի նամակագրությամբ՝ 2020 թ. մայիսի 23 –ին։

– Պրոֆեսոր Չոմսկի, շնորհակալ եմ, որ համաձայնեցիք հարցազրույցին՝ քննարկելու գլոբալ քաղաքականությանը և մարդկությանը պատուհասած կորոնավիրուսի մարտահրավերները։ Կցանկանայի խոսել համավարակի ընթացքում նեոլիբերալիզմի «ռեպրեզենտացիայի» շուրջ, որը նոր քննարկումներ է հարուցել նեոլիբերալիզմի էության հարցում, և անգամ կարծիք կա, որ COVID 19-ը մեզ տանում է դեպի նեոլիբերալ ազդեցության ավարտը։ Արդյոք հանրային վստահություն վայելող կառավարությունը երաշխի՞ք է՝ խուսափելու այն բանի ազդեցությունից, ինչը դուք «նեոլիբերալ մուրճ» եք անվանում։ Այլ կերպ՝ կարո՞ղ է լինել վատթարագույն նեոլիբերալ սցենար այն կառավարության պարագայում, որին ժողովուրդը վստահում է։

– Կարծում եմ՝ հազիվ թե ժողովուրդը տևական ժամանակ վստահի կառավարությանը, եթե այն կիրառի այնպիսի քաղաքականություններ (policies), որոնք աշխարհը հանդուրժել է նեոլիբերալ գերիշխանության վերջին 40 տարիներին։ Քաղաքականություններ, որոնք խստիվ կենտրոնացնում են հարստությունը, մինչդեռ լճացման դատապարտում ճնշող մեծամասնությանը, խաթարում գործող ժողովրդավարությունը և մեկտեղում կառավարության օժանդակությունը հարուստ և բաժնետիրական հատվածում՝ թողնելով ժողովրդին միայնակ՝ ինչ-որ կերպ գոյատևելու շուկայական ուժերի անողոք հոսանքներում։ Ինչպես տեսանք աշխարհի շատ երկրներում, այդ քաղաքականությունները ցասում, վրդովմունք և արհամարհանք են հարուցում կայացած հաստատությունների հանդեպ՝ պարարտ հող ստեղծելով իշխանությանն աջակից ամբոխավարների համար, իսկ բնակչությանը քավության նոխազ դարձնում՝ մեղադրելու իր իսկ թշվառ կացության համար։ Ինչ վերաբերում է ընթացիկ ճգնաժամի ելքին, ապա այն ստեղծած ուժերն անդադրում աշխատում են, որպեսզի ճգնաժամը հնարավորինս կոշտ ձևով պահպանվի՝ ավելի անձնիշխանական կառույցներով: Շատ ոլորտներում ժողովրդական ուժերն ի մի են գալիս՝ կանխելու այս աղետը և առաջ շարժվում՝ ավելի ազատ ու արդար աշխարհ ստեղծելու։ Ինչպես միշտ, այդ հակամարտ ուժերի միջև պայքարի ելքն անորոշ է։

– 2018 թվականի Թավշյա հեղափոխությունից հետո, երբ հեռացվեց տասնամյակներ շարունակ իշխանության ղեկին գտնվող կոռումպացված վարչակարգը, ժողովուրդն այժմ վստահում և հավատում է հեղափոխական կառավարությանը։ Հաշվի առնելով հայաստանյան վերջին զարգացումները՝ ի՞նչ միջոցներ է հարկավոր ձեռնարկել՝ խուսափելու Ձեր ներկայացրած «կործանարար նեոլիբերալ սցենարից»։

– Իշխանության գլոբալ կենտրոններին և դրանց պահանջներին հարմարվելու ճնշումն, անշուշտ, հսկայական է, իսկ դիմագրավելու գինը՝ ոչ փոքր։ Պատշաճ քայլը կենսունակ մասնակցային հասարակության ստեղծումն է, որտեղ ժողովուրդը, ի մի եկած ընդհանուր բարիքի շուրջ, դառնում է իր իսկ ճակատագրի կերտողը աշխատանքում և հասարակության մեջ։

– Ըստ Ձեզ՝ ո՞ր երկիրը ներուժ ունի՝ օրինակ ծառայելու կորոնավիրուսի դեմ պայքարում։

– Ամենուր նկատելի են լրջագույն թերություններ և խոստումնալից ներուժ։ Ավելի լավ ապագայի համար օրինակ կարող են ծառայել ոչ այնքան պետությունները, որքան դրանց ներսում ինքնակազմակերպվող ժողովրդական ուժերը, որոնք պետք է զորացնեն աշխարհը փոխելու իրենց ունակությունը ազգային-պետական սահմաններից անդին կապեր հաստատելու միջոցով, որքան էլ դա դժվարին լինի։ Բարեհոժար և աջակից ազգային կառավարությունը կարող է խթանել այդ ջանքերը։

1in.am

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: