Իրանի վերջնագիրն Ադրբեջանին

03 Սեպտեմբերի 2019

Ադրբեջանի ԱԳՆ-ն մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ է հերքել, որ ԱՄՆ-ն Ադրբեջանում իսրայելական դրոններ է տեղակայել Իրանի ու Իրաքի դեմ հարձակման համար:

Իրաքյան «Ալ-Հաշդ աշ-Շաաբի» ռազմականացված աշխարհազորի հրամանատարի տեղակալ Աբու Մահդի ալ-Մուհանդեսը լիբանանյան «Ալ-Մայադին» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ԱՄՆ-ին մեղադրել է, որ Ադրբեջանի տարածքում իսրայելական դրոններ է տեղակայել, Իրանի եւ Իրաքի դեմ գործողությունների համար:

«Ցավով ստիպված ենք նշել, որ արտասահմանյան որոշ մեդիա ռեսուրսներում շարունակվում է տարածվել անհիմն տեղեկությունը Ադրբեջան իսրայելական անօդաչու սարքեր առաքելու մասին, որոնք ուղղված են Իրանի եւ Իրաքի դեմ», – այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաեւան: «Ադրբեջանի ԱԳՆ-ն կտրականապես հերքում է այս տեղեկությունը, որն ապատեղեկատվական բնույթ ունի», – ասել է նա:

Ադրբեջանի ԱԳՆ-ն գրեթե նույն հայտարարությունն արել էր 7 օր առաջ, իսկ դա նշանակում է, որ մեկ շաբաթվա ընթացքում Իրանի անհանգստությունը չի փարատվել:

Իրանը չի թաքցնում Ադրբեջանի հանդեպ խորն անվստահությունը, որը թեկուզեւ փորձում է Իրանին բարեկամություն ցույց տալ, սակայն ամեն ինչ անում է իրեն չափից շատ մոտ թույլ չտալ: Դա վերաբերում է ինչպես Ադրբեջանում շիա իսլամիստների դեմ պարբերական գործողություններին, այնպես էլ Իրանի հասցեին կոշտ մեղադրանքներին, երբ Գյանջայում մահափորձ էր իրականացվել քաղաքապետի դեմ: Դրա հետեւանքով է նաեւ, որ Ադրբեջանն արդեն երկար տարիներ Իրանի համար չի չեղարկում վիզային ռեժիմը: Իր հերթին, Իրանը ձգձգում է երկաթգծի ոչ մեծ հատվածի շինարարությունը, որը կարող է միմյանց կապել Իրանն ու Ադրբեջանը:

Իրանը կասկածում է, որ Իսրայելն օգտագործում է Ադրբեջանի տարածքը որպես հնարավոր պլացդարմ Իրանի դեմ գործողությունների համար: Դեռ 2014 թվականին հայտարարվել է, որ իսրայելական լրտեսական անօդաչու սարքը, որը խփվել է Նաթանզի միջուկային կենտրոնից ոչ հեռու, օդ է բարձրացել Նախիջեւանի տարածքից:

2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ իսրայելական արտադրության դրոններն օգտագործվել են Արցախում: Կամիկաձե դրոնը սպանել է Սիսիանի մոտ մեկ տասնյակ բնակիչների, որոնք փորձում էին առաջնագիծ հասնել:

Ավելին, արդեն պատերազմից հետո հայտնի է դարձել, որ իսրայելական ընկերությունն Ադրբեջանի հետ միասին դրոնները փորձարկել է իրական պայմաններում, Արցախի դեմ: Չնայած սկանդալին, ընկերության համագործակցությունն Ադրբեջանի հետ չի դադարել:

Ադրբեջանի ԱԳՆ երկրորդ հերքումը կարող է վկայել, որ Իրանը դիվանագիտական մակարդակով դեմարշ է արել եւ, հնարավոր է, վերջնագիր է ներկայացրել: Առավել եւս, որ նորից խոսվում է Նախիջեւանում դրոնների տեղակայման մասին:

Աղբյուր՝ https://www.lragir.am 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: