«Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներից առաջին հերթին տուժում է հենց Եվրոպան»

13 Ապրիլի 2018

Ռուս-ամերիկյան հակասությունները կարող են վերաճել Սիրիայի տարածքում ռազմական բախման: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ո՛չ ավել, ո՛չ պակաս հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստվում է հարվածել Սիրիային` այսպես ասած, «խելացի» հրթիռներով: Իսկ Ռուսաստանի Դաշնությունը  զգուշացնում է, որ կոչնչացնի Սիրիայի վրա ընկնող ամերիկյան հրթիռները ու կհարվածի դրանք արձակող կայանները: Ավելին` ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռագոզինը հիշեցրել է. ««Խելացի» հրթիռներ միայն մենք ունենք: Մենք ունենք նաեւ ՀՕՊ լավագույն համակարգերը»: Գերպայթյունավտանգ այս իրավիճակի մասին էլ «Իրավունքը» զրուցեց Եվրոպա-ասիական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, ռուս քաղաքագետ ԱՆԴՐԵՅ ՌՈՒՍԱԿՈՎԻ հետ, որն այս օրերին գտնվում է Երեւանում:

«ՍԻՐԻԱՅՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԾԱՆՐ Է»

– Պարոն Ռուսակով, այս իրավիճակում, երբ սիրիական հարցում Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը միմյանց սպառնալիքներ են «շռայլում», ի՞նչ է սպասվում Սիրիայում եւ առհասարակ` տարածաշրջանում:

– Մերձավոր Արեւելքում, իսկապես, բարդ իրավիճակ է ստեղծվել, որում ներքաշված են շատ երկրներ, որոնց հետաքրքրությունները տարբեր են: Բայց ամենացավալին, իհարկե, Սիրիայի պես երկրի համար է, որը քայքայվում է: Դուք այնտեղ հայկական մեծ համայնք ունեք եւ լավ եք հասկանում այն, ինչ նկատի ունեմ: Ճիշտ է, այնտեղ եղան դրական գործողություններ, որով «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման «մետաստազները» որոշ առումով չեզոքացվեցին, բայց, միեւնույնն է, այսօր իրավիճակը ծանր է: Ինչպե՞ս կարող է խնդիրը կարգավորվել, պետք է կողմերը համաձայնության գան, ու հարցը լուծվի: Մինչդեռ, ցավոք, հիմա այն հնարավոր չէ, եւ այս վիճակը, դժվար թե, շուտ ավարտվի: Եվ եթե նույնիսկ, ասենք, բոլորի ցանկությամբ` պատերազմն ավարտվի էլ, այնտեղ ողջ երկրի ենթակառուցվածքները, մեղմ ասած, այնպես են վնասվել, որ հեշտ չի լինի «խելքի բերելը»: Ինչ վերաբերում է ռուսական ուժերին եւ ամերիկյան սպառնալիքներին, հիշեցնեմ, որ Սիրիայի իշխանության խնդրանքով է Ռուսաստանն իր ռազմատիեզերական ուժերը տեղակայել այնտեղ: Եվ փաստացի, քայլեր չանելու հնարավորություն էլ չունեինք, որովհետեւ Ռուսաստանում ահաբեկչության թեմային շատ լուրջ են վերաբերվում բոլոր ժամանակներում` սկսած Չեչնիայի դեպքերից: Այս ամենի հանդեպ հիշողությունները դեռ թարմ են, եւ ԻՊ ռադիկալ ուժերի ահաբեկչական  դրսեւորումները կանխելու համար Ռուսաստանը, ուղղակի, չխառնվելու շանս չուներ: Այնպես որ, ամեն գնով պետք է թույլ չտալ, որ այդ ահաբեկչական դրսեւորումները տարածվեն Կովկասում: Ուստի` անխուսափելի էր մեր կողմից Սիրիա մտնելը, եւ ուղղակի հետեւել տեղի ունեցող դեպքերին չէինք կարող: Եվ սա պետք է դաս լինի բոլոր պետություններին, որ խնամքով վերաբերվեն իրենց պետությանը եւ թույլ չտան, որ որեւէ «մետաստազ» մտնի երկրի ներս:

«ՉԵՆ ԼԻՆԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՓՈՂԵՐ, ԿԼԻՆԵՆ` ՉԻՆԱԿԱՆ»

– Անդրադառնանք նաեւ Արեւմուտքի կողմից Ռուսաստանի նկատմամբ կիրառվող նոր պատժամիջոցներին: Ի՞նչ կերպ այն կանդրադառնա ՌԴ տնտեսության վրա:

– Պատժամիջոցներն ամենեւին էլ տնտեսական խնդիր չեն, այս մասին են վկայում նաեւ Համաշխարհային բանկի տվյալները: Պարզապես, պատժամիջոցներով Ռուսաստանից ցանկանում են պահանջել այն, ինչը չի կարելի: Բայց սա ոչ մի տեղ չտանող ճանապարհ է, որովհետեւ ինչ էլ անեն, Ռուսաստանը հետքայլ չի անի: Հարցը փակված է: Խնդիրն այն է, որ ԱՄՆ-ն, որը տնտեսական հարցեր չունի Ռուսաստանի հետ, Արեւմուտքին դրդում է գնալ այդ պատժամիջոցներին: Մինչդեռ այն առաջին հերթին հարվածում է հենց եվրոպական բիզնեսին, մասնավորապես` գերմանական: Այս պատժամիջոցների հետեւանքով իրենք հարյուրավոր միլիոն դոլարների կորուստներ են ունենում: Բավակակն լուրջ է եվրոպական այն ընկերությունների հարցը, որոնք հանգիստ աշխատում էին ռուսական շուկայում ու միլիարդների եկամուտ ստանում: Իսկ բյուջետային քաղաքականության առումով մեզ վրա այն էական ազդեցություն չի թողնում: Հարցը քաղաքական է, մեր տնտեսական շուկան հարմարվել է այդ պատժամիջոցներին: Վերջիվերջո, չմոռանանք, որ տարբեր պատժամիջոցների տակ են նաեւ այլ երկրներ` Հնդկաստանը, Չինաստանը, բայց այդ պետություններին սա չի խանգարում իրենց ներդրումներն ավելացնել: Այնպես որ, չեն հաղթում նրանք, ովքեր ուժեղ են կամ խելոք, այլ նրանք, ովքեր կարողանում են հարմարվել ստեղծված իրավիճակին: Եթե նրանք հույս ունեն այս պատժամիջոցներով հասնել Ղրիմի հարցում զիջման, ապա լավ է, թե` վատ, բայց այս որոշումն անբեկանելի է: Իսկ տնտեսությանը վտանգ չի սպառնում, որովհետեւ մենք մեր բիզնեսը ուղղել ենք դեպի Արեւելք: Չեն լինի եվրոպական փողեր, կլինեն` չինական: Օրինակ, այսօր Ռուսաստանում տնտեսական լայն համագործակցություն կա նաեւ Սաուդյան Արաբիայի հետ: Ի՞նչն է խնդիրը, որ ռուսական շուկայում չեն լինի լեհական խնձորնե՞ր: Համենայնդեպս, Ձեզ համար ավելի լավ` հիմա այն մենք գնում ենք Հայաստանից: Իսկ հայկական ավանդական կոնյակը թիվ մեկն է մեր սուպերմարկետներում: Ավելին` այսօր մեր սուպերմարկետներում կարելի է գտնել հայկական լավ գինի, որը նախկինում հազվադեպ էր ճարվում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 Աղբյուրը՝ iravunk.com լրատվական

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: