ԱՄՆ Կոնգրեսի անդամները՝ հանուն Հայաստանի ինքնիշխանության

21 Սեպտեմբերի 2017

Հայկական արմատներ ունեցող կոնգրեսական Ջեքի Սփիր Կանչելյանի նախաձեռնությամբ վաղը Հայաստան կայցելի Միացյալ Նահանգների կոնգրեսականների ներկայացուցչական պատվիրակություն: Պատվիրակության կազմում են կոնգրեսական Ֆրանք Փալոնը, ով դեռևս Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո Հայաստան էր բերել ամերիկյան օգնություն, հայկական արմատներ ունեցող կոնգրեսական Աննա Էշուն, կոնգրեսական Դեյվիդ Վալադաոն, ում նախաձեռնությամբ օրեր առաջ ԱՄՆ-ի Կոնգրեսը որոշեց հավելյալ գումար հատկացնել Լեռնային Ղարաբաղում ականազերծման աշխատանքների համար: Հայաստան կայցելեն նաև Հավաիից ընտրված կոնգրեսական Թուլսի Գաբարդը և Վիսքոնսինը ներկայացնող կոնգրեսական Ջիմ Սենսենբրեները:

«Սա երևի թե կոնգրեսականների ամենամեծ պատվիրակության այցն է անկախ ժողովրդավարական Հայաստան»,- «Ամերիկայի Ձայն»-ին ասել է կոնգրեսական Սփիր Կանչելյանը: Կոնգրեսականների հիմնական նպատակն է օգնել Հայաստանին ձերբազատվել երկրում դեռևս մնացած կոռուպցիայի դրսևորումներից, ստեղծել նոր հնարավորություններ Հայաստանին օգնություն տրամադրելու համար՝ ուղղված ժողովրդավարության զարգացմանը: «Ես կցանկանայի, որ Հայաստանն ավելի մեծ թվով օգնություն ստանա, որովհետև ես դիտարկում եմ Հայաստանը որպես մեր գործընկերը մի տարածաշրջանում, որը գտնվում է Ռուսաստանի ագրեսիվ գործողությունների ազդեցության տակ»,-ասել է կոնգրեսական Սփիր Կանչելյանը:

ԱՄՆ-ի օրենսդիրները նախատեսում են քննարկել հայկական կողմի հետ Հայաստանի էներգետիկ անկախության ամրապնդման հարցը, քանի որ այժմ էներգակիրների մատակարարման առումով Հայաստանը կախված է Ռուսաստանից, որն էլ, կոնգրեսականի խոսքով, ցանկանում է վերականգնել Խորհրդային Միությունը:

Կոնգրեսականների ամենամեծ պատվիրակության այցը անկախության տոնի նախօրյակին արդեն ինքնին Վաշինգտոնի կարևոր քաղաքական մեսիջն է, որ ամերիկյան տարածաշրջանային քաղաքականության համատեքստում ավելի մեծ դեր է վերապահվում Հայաստանին՝ նրա սուվերենության հատուկ ընդգծումով:

Մյուս կողմից՝ էական նշանակություն ունի այն հանգամանքը, որ կոնգրեսականները «հայկական» օրակարգում ներառել են ոչ թե ավանդական հարցեր, որոնք վերաբերում են Ցեղասպանության ճանաչմանը մեծ իմաստով, այսպես կոչված՝ պատմական արդարության վերականգնմանը, այլ խնդիրներ, որոնք առնչվում են պրակտիկ քաղաքականությանը՝ այսօրվա Հայաստանի զարգացմանը:

Ամերիկացի կոնգրեսականներն իրավամբ կարծում են, որ Հայաստանին ամերիկյան աջակցության հիմքում պետք է լինի մեր երկրի հավատարմությունը ժողովրդավարությանը և կոռուպցիայի դեմ պայքարին: Հայաստանի պաշտոնյաները միշտ սովոր են եղել հայամետ կոնգրեսականների հետ քննարկել պատմությանը վերաբերող հարցեր, հիմա ամերիկյան կողմը նախաձեռնում է ավելի պրակտիկ և ռացիոնալ օրակարգ՝ ադեկվատ միջպետական հարաբերություններին: Մնում է հուսալ, որ մեր քաղաքական էլիտան կարող է համարժեք արձագանքել հյուրերի օրակարգին, իսկ դա ենթադրում է անկեղծ դիսկուրս, նաև քննադատության ընդունում և ելքերի առաջարկ:

Կոնգրեսականների պատվիրակության մյուս առաքելությունը, որը թերևս ամենակարևորն է, ռուսական կայսերականությանը դիմակայելու հարցում Հայաստանին աջակցելն է: Ամերիկյան մեսիջը թափանցիկ և հստակ է՝ եթե Հայաստանը ցանկանում է պայքարել իր ինքնիշխանության համար, ապա կարող է ակնկալել Վաշինգտոնի համապարփակ աջակցությունը: Ի դեպ, սա է նաև ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի՝ Հայաստանում ութ միլիարդ դոլարի ամերիկյան ներդրում իրականացնելու պատրաստակամության հիմնական մոտիվը:

Հատկանշական է, որ ամերիկացի կոնգրեսականների այցի նախօրյակին «Ելք» խմբակցությունը հանդես է եկել ԵՏՄ-ում Հայաստանի անդամությունը չեղարկելու նախաձեռնությամբ: Ընդդիմադիր դաշինքը կարող է պոտենցիալ դաշնակից լինել արևմտյան պետությունների, ինստիտուտների համար, սակայն անհրաժեշտաբար պետք է հարստացնի իր օրակարգը՝ ԵՏՄ խնդրից զատ, ուրվագծելով Հայաստանի այլընտրանքային զարգացման իր տեսլականը գլոբալ և ռեգիոնալ ինտեգրացիայի հարթություններում:

Եվ վերջապես՝ ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակության նման այցը Հայաստան Վաշինգտոնի անուղղակի արձագանքն է մեր երկրում կառավարման մոդելի սպասվող փոփոխությանը: Խորհրդարանական համակարգերում մեծ տեղ է վերապահված պառլամենտական դիվանագիտությանը: Այս հարթության վրա Երևանը պետք է ավելացնի իր քաղաքականության նախաձեռնողականությունը, եթե նույնիսկ մեր ԱԺ-ի պոտենցիալը, մեղմ ասած, չի ձգտում կրեատիվ լուծումներով հանդես գալու մակարդակին:

 

Աղբյուրը՝ 1in.am

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: