Էրդողանի վտանգավոր խաղը կարող է Թուրքիայի և Իրանի բախման պատճառ դառնա Սիրիայում

05 Օգոստոսի 2015

Անցյալ ամիս, երբ Ռեջեբ Թայիբ Էրդողանը խորհրդարանական ընտրություններում չհավաքեց մեծամասնության ձայնը, հանկարծ հիշեց, որ իր հարևան երկրում գործում են վտանգավոր ահաբեկիչներ, որոնք իր երկրի անվտանգությունը հարցականի տակ են դրել: Ճակատագրի հեգնանքով, դրանք հենց նույն ահաբեկիչներն են, որոնց զինում և օգնություն էր ցուցաբերում Անկարան, որպեսզի ներթափանցեն Սիրիա։

Նրանց վիրավորները նույնպես բուժվում էին Թուրքիայի հիվանդանոցներում: Վերջին մի քանի տարվա ընթացքում, մոտավոր հաշվարկներով 25000 արտասահմանցի և 1000 թուրք դաեշական Թուրքիայի սահմանից անցել են դեպի Սիրիա՝ Բաշար Ասադի իշխանությունը տապալելու նպատակով: 

Անցյալ շաբաթ մի թուրք զինվորի մահվան պատրվակով, որը սպանվել էր Սիրիայի սահմանից կրակելու պատճառով, Էրդողանը Սիրիայի ու Իրաքի հյուսիսային շրջանների վրա ռմբակոծության և ավելի քան 1000 քուրդ ու ձախակողմյան մարտիկների, ինչպես նաև Դաեշի համակիրների ձերբակալության հրահանգ տվեց: Թուրքիայի իշխանությունը երկար տատանումներից հետո վերջապես հուլիսի 24-ին հայտարարեց, որ իրավունք է տալու ԱՄՆ-ին օգտագործելու իր օդային բազաները՝ Սիրիայում դաեշականների վրա հարձակվելու համար: Սակայն, ինչպես ստորև  կտեսնենք, Դաեշի դեմ պայքարը և Միացյալ Նահանգների ու համատեղ ուժերի հետ համագործակցությունը նրա հիմնական նպատակը չէ, այլ հետևյալ նպատակների իրագործումն է՝

1-Թուրքիայի նախագահը հասկանում է, որ եթե իր իշխող կուսակցությունը չկարողանա մի կոալիցիոն իշխանություն ստեղծել, ստիպված կլինի նոր խորհրդարանական ընտրություններ կազմակերպել: Այդպիսով, Էրդողանը հույս ունի, որ Դաեշների և քուրդ մարտիկների դեմ պայքարելով, թուրքերն իրենց ձայնը կտան Էրդողանի կուսակցությանը՝ խորհրդարանական լրացուցիչ աթոռներ ձեռք բերելու և բացարձակ մեծամասնություն կազմելու համար:     

2- Սիրիայիում և Իրաքում քուրդ բանվորական կուսակցության (PKK-ի) բազաների ռմբակոծման և Թուրքիայում հարյուրավոր քուրդ մարտիկների ու ձախակողմյան ակտիվիստների ձերբակալությունների նպատակներից մեկն էլ այն է, որ արգելի Սիրիայի, Իրաքի և Թուրքիայի քրդերին միմյանց օգնելով  ամրապնդեն իրենց դիրքերը տարածաշրջանում:  

3-Սիրիայի տարածքում ռազմական գործողություններ իրականացնելով Էրդողանը հույս ունի, որ կկարողանա տապալել Սիրիայի պետությունը և իրեն հլու-հպատակ մի իշխանություն ստեղծել ու կիրագործի իր երազանքը՝ որպես «նեո- օսմանական  սուլթան»:

4-Վերջապես, խիստ արտահայտություններ անելով Դաեշի մասին և ԱՄՆ-ին թույլ տալով օգտվել «Ինջիրլիք» օդային բազայից, Էրդողանը նպատակ ունի ԱՄՆ-ին և Եվրոպային համոզելու, որ Թուրքիան վստահելի գործընկեր է ՆԱՏՕ-ի համար և ահաբեկչության դեմ պայքարում է: Այսպիսի տպավորություն ստեղծելը միջազգային հասարակության մոտ Թուրքիայի համար կարևորվում է հատկապես այժմ, որ Իրանի հետ միջուկային պայմանագրի կնքման  վերջնականացումը բարձրացնում է Իրանի դերն ու կշիռը, ի հաշիվ Թուրքիայի, տարածաշրջանում: Սակայն վերոհիշյալ նպատակները հետապնդելով, Էրդողանը վտանգի է ենթարկում Թուրքիայի ու հարևան երկրների կայունությունը հետևյալ պատճառներով՝

1-Հյուսիսային Սիրիայում Դաեշի դիրքերի վրա հարձակվելը պատճառ է դառնում, որ վերջ դրվի Դաեշի ու Թուրքիայի միջև գաղտնի փոխըմբռնմանը՝  միմյանց դիրքերի վրա չհարձակվելու մասին: Դաեշը ստիպողաբար Թուրքիայի այդ հարձակումների պատասխանը տալու է: Անցյալ շաբաթ թուրք-քրդական Սուրուկ քաղաքի վրա հարձակումը, որի հետևանքով 32 մարդ զոհվեց և ավելի քան 100 մարդ վիրավորվեց, սկիզբը կարելի է համարել Դաեշի նման գործողությունների, որը կարող է տարածվել ամբողջ Թուրքիայում:

2-Էրդողանի իշխանությունը ռմբակոծելով PKK-ի բազաները Հյուսիսային Իրաքում և ձերբակալելով մեծ քանակությամբ քուրդ մարտիկներ Թուրքիայում, խախտեց  2013 թվականին PKK-ի հետ ձեռքբերած համաձայնագիրը: PKK-ն սպանելով երկու թուրք ոստիկանի և հարձակումների սպառնալիքներով սկսել է Թուրքիայի դեմ փոխադարձ հակազդեցությունների դիմել: Թուրքիայի իշխանությունը հարձակվելով Սիրիայի և Իրաքի քրդերի վրա, աշխատում է թուլացնել տարածաշրջանում դաեշականների դեմ հաջողությամբ պայքարող միակ ուժին: 

3-Ամենակարևորն այն է, որ եթե Էրդողանն աշխատի, ինչպես ինքն է ասում՝ Հյուսիսային Սիրիայում «ապահով գոտի» ստեղծել, մեծ հավանականությամբ Թուրքիայի բանակը մեծ կորուստներ է կրելու, որովհետև ստիպված է լինելու պատերազմել ոչ միայն Սիրիայի բանակի հետ, այլև քուրդ զինված ու կազմակերպված, ինչպես նաև ցաք ու ցրիվ ծայրահեղական խմբերի հետ, որոնք տարածված են ամբողջ տարածաշրջանում: Թուրքիայի բանակը հնարավոր է դեմ առ դեմ դուրս գա Սիրիայի դաշնակից ուժերի՝ Իրանի պահակազորային  (Փասդարանի) և Լիբանանի «Հեզբոլահ» ուժերի դեմ, որոնք պաշտպանում են Բաշար Ասադի իշխանությունը:

Թուրքիայի նախագահի ձևական պատերազմը ահաբեկչության դեմ աղետաբեր հետևանքներ կարող են ունենալ ամբողջ Թուրքիայի ու հարևան երկրների համար: Եթե Անկարան իրոք ցանկանում է պայքար մղել դաեշականների դեմ, ապա դա պետք է սկսեր ավելի վաղ, ոչ թե պաշտպաներ ու զիներ նրանց։ 

Անկասկած Թուրքիայի ղեկավարները կհնձեն՝ ինչ ցանել են: 

 Հարութ Սասունյան

«Կալիֆոռնիա կուրիեր» շաբաթաթերթի խմբագիր

Թարգմանիչ ՝ Արսեն Նազարյան

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: