Երիտթուրքերը և մասոնները

20 Փետրվարի 2016

Զրույց ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի դոցենտ, պատմ. գիտ. թեկնածու Յուրի Հովսեփյանի հետ

19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին Սալոնիկը դարձել էր Օսմանյան կայսրության (ՕԿ) հրեականության կենտրոն: Ինչպես վկայում են փաստերը, քաղաքի բնակչության շուրջ 80 տոկոսը հրեա էր կամ ծպտյալ հրեա: Այստեղ ստեղծվել էր մասոնական խիտ ցանց, որն իր սարդոստայնն էր առել նաև երիտթուրք պարագլուխներին: Հրեա-մասոնական շրջանակներին չհաջողվեց գործարքի մեջ մտնել Աբդուլ Համիդ Բ սուլթանի հետ, իսկ «Միություն և առաջադիմություն» կուսակցության պարագլուխները մկրտվեցին նրանց ծոցում:

Այս օրերին լրանում է 1908 թվականի երիտթուրքական հեղաշրջման 100-րդ տարելիցը, իրադարձություն, որին մեծագույնս նպաստել են հրեաներն ու մասոնները: Ե՞րբ է մասոնությունն սկսվել տարածվել Թուրքիայում և ի՞նչ աշխարհագրությամբ:

– 19-րդ դարի երկրորդ կեսից Թուրքիան սկսեց թևակոխել կապիտալիստական հարաբերությունների շրջանը: Թուրքական ազգային բուրժուազիայի ձևավորման ընթացքում կապեր հաստատվեցին օտար երկրներում գործող մասոնական օթյակների հետ: Արդեն 1860-ական թվականներին ՕԿ-ում սկսում են առաջանալ առանձին օթյակներ, որոնք իրենց առջև նպատակ են դնում տապալել միապետությունը, իշխանությունը վերցնել իրենց ձեռքը և, կապվելով արտասահմանյան այլ օթյակների հետ, ստանձնել օսմանյան պետության ղեկավարումը:

Ինչի՞ց սկսեցին թուրք մասոնները:

– Նախ և առաջ սկսեցին մշակել իրենց գաղափարախոսությունը, որը պետք է դառնար նրանց գործունեության հիմքը: Դա նշանավորվեց նոր կուսակցությունների կամ շարժումների առաջացմամբ: Մասնավորապես, 1870-ական թվականներին ստեղծված «Նոր օսմանների» շարժումը, որի գլուխ կանգնած էր Միդհատ փաշան (շուտով հռչակվեց Թուրքիայի մեծ վեզիր, երբ Աբդուլ Համիդը դարձավ սուլթան), բավական թափ առավ: Այդ տարիներին Միդհատ փաշան և իր գործընկերները, որոնց թվում էր նշանավոր հայ հասարակական գործիչ Գրիգոր Օտյանը, մշակեցին ՕԿ սահմանադրությունը, որն ընդունվեց 1876 թվականի դեկտեմբերի 31-ին և գործեց ընդամենը մի քանի ամիս:

Աբդուլ Համիդը փորձեց կասեցնել «Նոր օսմանների» շարժումը, բայց վերջինս իր գործունեությունը շարունակեց ընդհատակում և ժամանակի ընթացքում վերաճեց երիտթուրքական շարժման. այդ հենքի վրա էլ ձևավորվեց երիտասարդ թուրքերի «Միություն և առաջադիմություն» կուսակցությունը:

– 1876 թվականի սահմանադրությունը, փաստորեն, չգործեց, և երիտթուրքերն իրենց առաջնահերթ խնդիրներից էին համարում այն կրկին վերահռչակելը. 1908 թվականի հեղաշրջմամբ դա նրանց հաջողվեց: Ինչո՞ւ:

– Այստեղ այլ գործոններ կային: Արդեն ասացիք, որ Սալոնիկը, փաստորեն, դարձել էր դեոնմեների` ծպտյալ հրեաների կենտրոն: 1890-ական թվականների վերջերին, երբ ստեղծվեց համաշխարհային սիոնիստական շարժումը, Բազելի համաժողովը 1897 թվականին որոշում ընդունեց Պաղեստինում ստեղծել «Հրեական օջախ»: Սիոնիստական համաժողովի ընտրած ղեկավարությունը, Թեոդոր Հերցլի գլխավորությամբ, երկու անգամ փորձեց հասնել նպատակին` բանակցելով Աբդուլ Համիդ Բ-ի հետ, սակայն ապարդյուն. սուլթանը չընդունեց նրա առաջարկները: Այդ ժամանակ համաժողովը որոշում է Թուրքիայում Պաղեստինի ինքնավարությանը կամ «Հրեական օջախի» ստեղծմանը հասնել հեղաշրջման միջոցով:

Այդ պահից հրեաներն սկսում են մեծ թիվ կազմել երիտթուրքերի կուսակցության մեջ: Կուսակցությունն ազգային կազմով միատարր չէր. կային մեծ թվով այլազգիներ, այդ թվում՝ հայեր, որոնք գործում էին համատեղ` Աբդուլ Համիդի վարչակարգը տապալելու նպատակով: 1907 թվականի դեկտեմբերին, երբ տեղի ունեցավ սուլթանին ընդդիմադիր ուժերի երկրորդ համագումարը, երիտթուրքական շարժման մեջ ընդգծված տարաձայնություններ կային գործունեության եղանակների վերաբերյալ: ՀՅԴ-ն, որի հետ հարաբերություններ էր հաստատել երիտթուրքական կենտրոնը, և որն այդ համագումարի նախաձեռնողն էր, կարողացավ հաշտեցնել հակառակորդ կողմերին:

Սուլթանի դեմ զինված պայքարի կամ հեղաշրջման կազմակերպումը ծրագրված էր 1909 թվականին: Աբդուլ Համիդին դա հայտնի դարձավ, և նա հակաքայլեր ձեռնարկեց: Իրենց հերթին երիտթուրքերն ուշի ուշով հետևում էին, թե ի՞նչ է կատարվում արքունիքում: Իմանալով իրենց սպառնացող վտանգի մասին` Օսման Ֆեհմի Նիազի և Էնվեր բեյերը 1908 թվականի հուլիսին Մակեդոնիայում ապստամբություն բարձրացրին:

Ուշագրավ է երիտթուրքերի գործունեությունն այդ   շրջանում: Այդ մասին իրենց հուշերում որոշ ուշագրավ փաստեր են հաղորդում ռուս մասոններ Դավիդ Բեհբութովը և Մանուիլ Մարգուլիեսը: 1909 թվականի հունվարին նրանք և Ռուսովը ժամանում են Կ. Պոլիս՝ փորձի փոխանակման համար: Երիտթուրքական հեղաշրջումը հաջողվել էր, մինչդեռ 1905–07 թվականների ռուսական հեղափոխությունը պարտվել էր: Պետք էր պարզել, թե ի՞նչ առավելություններ ունեին երիտթուրքերը: Երբ նրանք Թոքատլյան սրճարանում հանդիպում են Էնվեր բեյի հետ, վերջինս որոշ մանրամասներ է պատմում. գործողություններին մասնակցել է շուրջ երեք հազար սպա, ընդ որում, կապիտանից ոչ բարձր աստիճանով: Ամեն ինչ հաշվարկված էր. նրանք բավական երիտասարդ էին, մեծ մասն ընտանիք չուներ և չէին վախենում, որ տապալման դեպքում կարող էին հետապնդվել: Ասում է, որ գործել են խիստ գաղտնիության պայմաններում: Բարձրաստիճան միակ մարդն Էնվերի քրոջ ամուսինն էր` փոխգնդապետ, որն էլ գաղտնիքը հայտնել էր սուլթանին: Սակայն Թալեաթ բեյը, որ Սալոնիկում փոստհեռագրատան կառավարիչն էր, իմանում է այդ մասին և հայտնում Էնվերին: Էնվերն ու իր քույրը սպանում են մատնիչին:

Իր կառուցվածքով «Միություն և առաջադիմություն» կուսակցությունը մասոնական կազմակերպություն է: Ռուս արդի ուսումնասիրողներից մեկը` Օ. Սոլովյովը, կարծում է, որ երիտթուրքերի մեծագույն մասը մասոն էր: Նրանց կոմիտեն բաղկացած է եղել 10 անդամից: Գործել են գաղտնի` տասնյակների բաժանված:

Ինչո՞ւ ձախողվեց մասոնների գործարքը Աբդուլ Համիդ Բ-ի հետ:

– Սուլթանը շատ լավ հասկանում էր, որ մասոնների կարգախոսները` «հավասարություն», «եղբայրություն» և այլն, վտանգում են միապետությունը: Մասոնների ծրագրերն ավելի հեշտ էր իրագործել հանրապետական կարգեր ունեցող երկրներում: Միապետության պարագայում, որտեղ կառուցվածքը խիստ կարծր է և վերահսկողությունը բավական ուժեղ, հրեաները չէին կարողանում ործել: Մյուս կողմից` Աբդուլ Համիդը գիտակցում էր, որ եթե զիջումներ անի, ապա հնարավոր է, որ վտանգի իր գահը: Բացի այդ` չէր ցանկանում ինքնավարություն տալ հրեաներին. դա կարող էր վարակել ազգային մյուս փոքրամասնություններին` արաբներին, հայերին, հույներին և այլոց:

Ի՞նչ հարաբերությունների մեջ էին երիտթուրք պարագլուխները և հայ հասարակական ու քաղաքական կազմակերպությունների ղեկավարները:

– Երիտթուրքերը խոստացել էին, որ ելնելու են հավասարության և եղբայրության սկզբունքներից, ազգային փոքրամասնություններին և կուսակցությունների կոմիտեներին հավաստիացրել էին, որ իշխանության գալուց հետո կլուծեն ազգային հարցը, կապահովեն կայսրության բոլոր քաղաքացիների իրավահավասարությունը` անկախ ազգային և կրոնական պատկանելությունից:

Գիտենք, որ հայ քաղաքական կուսակցություններից ամենաազդեցիկը` դաշնակցությունը, ի սկզբանե չէր դնում Արևմտյան Հայաստանի անկախության հարցը և սահմանափակվում էր ինքնավարության մասին հարցադրումով: Այս առումով երիտթուրքերի խոստումները, կարծես, բխում էին ազգային փոքրամասնությունների շահերից: Չպետք է մոռանանք, որ այդ պահին գործող հայ քաղաքական կուսակցությունները, բացի արմենականներից, սոցիալիստական էին, իսկ սոցիալիստական շարժումը նույնպես կապված է եղել մասոնական շրջանակների հետ: Արդեն հիշատակված կարգախոսներն ընդունելի էին նաև հայ քաղաքական ուժերի համար:

1907 թվականին հայ քաղաքական շրջանակները որոշակի դեր կատարեցին սուլթանին ընդդիմադիր ուժերի շրջանում առկա պառակտումը կասեցնելու համար, առանց որի, թերևս, անհնար կլիներ իրականացնել 1908 թվականի հուլիսյան պետական հեղաշրջումը:

– 1909 թվականին կոտորածներ տեղի ունեցան Ադանայի նահանգում և Հալեպի նահանգի հայաբնակ վայրերում: Երիտթուրքերն արդեն իշխանության էին եկել. ջարդն սկսեցին աբդուլհամիդականները, ավարտեցին երիտթուրքերը: 1909 թվականի այդ ողբերգությունից հետո հայ քաղաքական շրջանակներն ինչպե՞ս էին շարունակում հավատալ երիտթուրքերին կամ համագործակցել նրանց հետ

– Ադանայից հետո որոշակի կասկածներ արդեն առաջացել էին: Այդ դեպքերը տեղի ունեցան Աբդուլ Համիդ Բ-ի հրահրմամբ: 1909 թվականի մարտի վերջին սուլթանն ինքն էր փորձում տապալել երիտթուրքական վարչակարգը և վերականգնել բացարձակ միապետությունը, սակայն դա չհաջողվեց: Մարտի 31-ի հեղաշրջման ձախողված փորձից հետո երիտթուրքերն իրենք գահընկեց արեցին սուլթանին, բայց ջարդի մեքենան արդեն գործի էր դրված: Փաստորեն, երիտթուրքերը փորձում էին այդ կերպ երկու նապաստակ սպանել. առաջին` սուլթանը շարունակում է ազգային փոքրամասնությունների` քրիստոնյաների կոտորածը, որի համար իրենք տապալեցին նրան, երկրորդ` փորձում էին ևս մեկ անգամ դաս տալ հայերին` ցույց տալով, որ այն, ինչ կատարվել է 1890-ական թվականներին, հնարավոր է՝ կրկնվի 20-րդ դարի սկզբին:

Հայ քաղաքական շրջանակների վերաբերմունքը, իհարկե, բացասական էր այս ամենի նկատմամբ, բայց դեռևս հավատում էին երիտթուրք պարագլուխներին: Հայ քաղաքական կուսակցությունների մեջ արդեն կային առանձին խմբավորումներ, որոնք չէին վստահում երիտթուրքերին: Բայց քանի որ Աբդուլ Համիդի վարչակարգը տապալվել էր, հայ քաղաքական ուժերն այդ շրջանում, երկրի կայունությունը պահպանելու համար, ամբողջությամբ երես չթեքեցին երիտթուրքերից:

Ինչի՞ մասին է դա խոսում. հայ քաղաքական միտքը զարգացա՞ծ չէր, հեռատե՞ս չէր...

– Այսօր դժվար է այդ շրջանի մասին խոսելը: Պարզապես չկային բանիմաց գործիչներ: Չենք ունեցել պետական մտածողությամբ անձինք, որ կարողանային այդ ամենը վերլուծել և հասկանալ: Մասնավորապես, Քրիստափոր Միքայելյանի զոհվելուց հետո ՀՅԴ-ն բավական խնդիրներ ուներ այդ առումով: Հենց ինքը` Քրիստափորը, կարևոր գործ էր կատարում ՀՅԴ գաղափարախոսությունը և գործելակերպը մշակելու համար: Մյուս հիմնադիրներից Սիմոն Զավարյանը և Ռոստոմը (Ստեփան Զորյան) նրա փորձառությունը չունեին:

Հնչակյան կուսակցությունն այն ժամանակ թույլ էր, հակվել էր սոցիալիզմին և ազգային խնդիրներում տեղատվության մեջ էր: Վերակազմյալ հնչակյաններն էլ խիստ պառակտված էին, առաջացել էին տարբեր խմբեր: Այս ամենը նույնպես խանգարում էր միասնական գործելուն և ճիշտ որոշումներ ընդունելուն:

Ձեր ասածը ճիշտ է այնքանով, որ իրո՛ք պատրաստված քաղաքական գործիչներ չունեինք այդ շրջանում, և մեր կուսակցությունները վերլուծական աշխատանքները դարձրել էին երկրորդական: Մինչև երիտթուրքական հեղաշրջումը նրանց համար առաջնայինը զինված պայքարն էր, մինչդեռ հեղաշրջումից հետո այն դադարեցրին: Դա էլ պայմանավորված էր երիտթուրքերի հետ հարաբերությամբ:

Ձեր կարծիքով` այսօրվա հայ քաղաքական այրերը բավարար դասեր քաղե՞լ են անցյալի այդ պատմությունից: Մասոնական շարժումը շարունակում է բարգավաճել, իսկ մեր քաղաքական միտքը, կարծես, դեռ դոփում է տեղում

– Այսօր դժվար է նաև այդ մասին խոսելը, որովհետև մեր քաղաքական այրերի մեծագույն մասը պատկերացում չունի մասոնության մասին. չգիտեն դրա վտանգավորության աստիճանը: Այսօր, երբ աշխարհում տեղի են ունենում գլոբալացման գործընթացներ, շարունակում են իրենց դերը խաղալ այլ, նույնիսկ՝ ոչ մասոնական անվանումներով, տարբեր ուժեր: Աշխարհում տեղի ունեցող բոլոր իրադարձությունները փոխկապակցված են, ղեկավարվում են առանձին կենտրոններից, որոնք հանրությանը հայտնի չեն: Մեր օրերում տեղի ունեցող իրադարձություններն ստիպում են հետևություններ անել, որ համաշխարհային քաղաքականությունն առհասարակ պայմանավորված է ոչ թե առանձին պետությունների, այլ այն ուժերի գործունեությամբ, որոնք ղեկավարում են այդ պետությունները: Որոշակի փաստեր այսօր չեմ կարող ասել. տեղեկություններ չունեմ, սակայն տրամաբանությունն է հանգեցնում դրան:

Տեղափոխվենք 20-րդ դարի սկիզբ: Պատմագիտությունը բավարար փաստեր է տալիս եզրակացնելու, որ հրեաները և մասոնները համագործակցում էին երիտթուրքերի հետ հատկապես Հայոց ցեղասպանություն կազմակերպելու և իրագործելու համար: Որպես մասնագետ` ինչպե՞ս եք վերլուծում կատարվածը:

– Այդ մասին որոշակի փաստաթղթեր չունենք, կարող ենք լոկ կռահումներ անել: Ի դեպ, Թուրքիայում եղել են նաև մեծ թվով հայ մասոններ: Անգամ շրջանառվում է մի վարկած, ըստ որի` ժամանակին գերմանական դատարանը Թալեաթին ահաբեկած Սողոմոն Թեհլիրյանի նկատմամբ ընդունել է մեղմ որոշում, քանի որ դրան խառնված էին նաև մասոնական ուժերը: Գրիգոր Զոհրապը, գուցե նաև նահատակված այլ հայ գործիչներ, ավելի բարձրաստիճան մասոններ էին, քան երիտթուրք պարագլուխները: Այդ առումով հայ վրիժառուների ահաբեկումներն ինչ-որ տեղ ընդունելի էին մասոնական շրջանակների համար. նրանք դա համարում էին փոխհատուցում հայ մասոն նշանավոր գործիչների համար:

Այսօր շրջանառվող փաստաթղթերն ապացույցներ չեն տալիս: Մասոնության փաստաթղթերը հույժ գաղտնի են եղել և շարունակում են մնալ գաղտնի: Միայն առանձին ուսումնասիրողներ են կարողացել ինչ-որ բան հայթայթել: Այն, ինչ հայտնի է առանձին արխիվային փաստաթղթերից, բացահայտվել է 1945 թվականից հետո. երբ խորհրդային զորքերը գրավել են Չեխոսլովակիան, այնտեղ հայտնաբերել են մասոնների արխիվը: Փարիզը գրավելուց հետո գերմանացիներն այն բերել, պահել էին այստեղ: Մինչև 1990 թվականն այդ արխիվը ԽՍՀՄ-ում էր, բայց հասու չի եղել ուսումնասիրողներից և ոչ մեկին: Միայն 1990-93 թվականներին ռուս հետազոտողներից մեկին հաջողվել է վեր հանել այդ արխիվում պահվող նյութերի մի մասը: 1993 թվականին Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Անդրեյ Կոզիրևն այդ փաստաթղթերը վերադարձրել է Ֆրանսիային:

Առանձին պատմաբաններ նույնպես զբաղվել են մասոններին առնչվող փաստաթղթերի հայթայթմամբ: Ռուս պատմաբան Բորիս Նիկոլաևսկին հարուստ արխիվ է հավաքել, որի մեծ մասն այժմ ԱՄՆ-ում է` Ստենֆորդի Հուվերի անվան հեղափոխության, պատերազմի և խաղաղության ինստիտուտում, մինչդեռ մյուս մասը, որ վերաբերում էր 1918–1920 թվականներին և կարող էր լույս սփռել բազմաթիվ, նաև ձեզ հետաքրքրող իրադարձությունների վրա, կորել է:

Բայց, որքան գիտեմ, Ձեզ հայտնի է նման երկու փաստաթուղթ

– Դրանք շրջաբերականներ են, կազմել են Կ. Պոլսում, 1909 թվականին: Մեկը թվագրված է ապրիլի 2-ով. վերաբերում է «Օսմանյան մեծ Արևելքի» կամ «Թուրքիայի օթյակի» ստեղծմանը: Մյուսը թվագրված է նույն թվականի օգոստոսի 10-ով: Առաջինը հասցեագրված է ֆրանսիական և շոտլանդական, այսինքն` համաշխարհային մասոնական կազմակերպություններին: Հայտնվում է, որ ստեղծել են իրենց կազմակերպությունը և խնդրում են իրենց ներգրավել այդ կառույցների մեջ: Երկրորդի հեղինակը` Մեհմեդ Թալեաթ փաշան` Թուրքիայի ՆԳ նախարարը և ապագա մեծ վեզիրը, գրում է, որ առաջին շրջաբերականը սխալ է կազմված, որովհետև կազմողը` մեծ վարպետ Օրֆի փաշան, խախտել է մի շարք դրույթներ, որոնք վերաբերում են օթյակների կազմմանը, և ճիշտն իրենց շրջաբերականն է, և նա նույնպես խնդրում է իրենց ընդգրկել այդ կազմակերպության մեջ: Նշված են բոլոր ղեկավարները:

Այդ փաստաթղթերում գրված են հրեաների, ֆրանսիացիների, իտալացիների և հայկական ծագում ունեցող անձանց անուններ: Մասնավորապես, առկա է Գաբրիել Նորատունկյանի անունը, որն այդ տարիներին առժամանակ բավական բարձր պաշտոն է զբաղեցրել երիտթուրքական կառավարության մեջ:

Ի՞նչ տվեցին Թուրքիային հրեա-մասոնական կամ, ինչպես ընդունված է ասել, Ֆրանսիական բուրժուական հեղափոխության հիմնական կարգախոսները` «Ազատություն, հավասարություն, եղբայրություն»:

– ՕԿ-ն միատարր չէր. ազգային փոքրամասնությունները ներկայացնող ուժերը խաբվեցին այդ կարգախոսներով և համագործակցեցին երիտթուրքերի հետ: Ֆրանսիական հեղափոխությունը ժամանակին այդ կարգախոսները վերցրել էր անգլիական մասոններից և Բավարիայի իրվինանտներից: Ստեղծված իրավիճակում երիտթուրքերն այդ կարգախոսներով կարողացան խաբել ազգային փոքրամասնություններին և իշխանությունը վերցրին իրենց ձեռքը:

Ազգային հարցում երիտթուրքերն առաջ անցան Աբդուլ Համիդից: Չնայած նրանց առաջնորդները մասոններ էին, այնուամենայնիվ, իրենց գաղափարախոսության հիմքում դրեցին պանթուրքիզմը, որը որոշակիորեն տարբերվում է Ձեր հիշատակած կարգախոսներից:

Եթե հետևենք դեպքերի զարգացմանը, կտեսնենք, որ պանթուրքիզմը, դառնալով նրանց ազգային գաղափարախոսությունը, կարևոր գործոն դարձավ, որպեսզի Թուրքիան ներգրավվի համաշխարհային պատերազմի մեջ: Պատերազմից հետո ստեղծված քեմալական ազգայնական շարժումը, որը նույնպես տոգորված էր պանթուրքիզմի գաղափարախոսությամբ, կարողացավ ընդհանրապես վերացնել խալիֆայությունը` միապետությունը, և 1923 թվականին ստեղծել Թուրքիայի Հանրապետությունը: Թուրք ժողովրդի համար դա նվաճում էր, իսկ մյուս ժողովուրդների համար դարձավ իսկական չարիք:

Թուրք ժողովուրդն իր գաղափարական նվաճումներից չի կարող հրաժարվել նաև այսօր, և թուրքական պաշտոնական տեսակետը Հայոց ցեղասպանության հարցում, պատմաբանների թե քաղաքական շրջանակների համար, նույն հարթության մեջ են: Թեմայից փոքր-ինչ շեղվելով ուզում եմ հարցնել հետևյալի մասին. ընդամենը մի քանի օր առաջ մեր հանրապետության նախագահը, կարծես թե, համաձայնություն է տվել ստեղծելու պատմաբանների այդ չարաբաստիկ հանձնաժողովը: Ի՞նչ են նրանք քննարկելու:

– ՀՀ նախագահը հայտարարեց, որ անվերապահորեն կատարվել է հայ ժողովրդի ցեղասպանություն: Կարծում եմ` Թուրքիան նախ պետք է բացի սահմանները, հետո միայն խոսեն նման հանձնաժողով ստեղծելու հնարավորության մասին: Ես այդպես եմ ընկալել լրատվությունից լսած հաղորդագրությունը:

Ձեր կարծիքով` ի՞նչ հետևանքներ ունեցավ երիտթուրքական հեղաշրջումը հայ իրականության մեջ:

– 1908 թվականի երիտթուրքական հեղաշրջումը ժամանակին պատմագրության մեջ գնահատվել է նաև որպես երիտթուրքական հեղափոխություն: Իհարկե, «հեղափոխություն» բառն ավելի ընդգրկուն հասկացություն է: ՕԿ-ում բառի իսկական իմաստով հեղափոխություն տեղի չունեցավ: Դա, իրոք, հեղաշրջում էր, ինչպես ժամանակին բոլշևիկների հեղաշրջումը՝ Ռուսաստանում:

Հիմնական խնդիրն իշխանությանը տիրանալն էր: Երիտթուրքերն սկզբում ստեղծեցին երկիշխանություն, հետո Աբդուլ Համիդ Բ-ին գահընկեց արեցին, բայց միապետությունը պահպանեցին մինչև Քեմալ Աթաթուրքի` հանրապետական կարգի հաստատումը: Թող իրենք` թուրքե՛րն ասեն, թե դա ինչ էր Թուրքիայի կյանքում, եթե զուտ այդ երկրի շահերից խոսենք: Մենք արդեն գիտենք, որ այդ ամենի ընթացքում կորցրինք մեր հայրենիքի մեծ մասը, մեր ազգաբնակչության մեծ մասը, և այսօրվա մեր խնդիրները, օբյեկտիվ դժվարությունները պայմանավորված են անցյալի այդ դեպքերով: ՀՀ-ն շրջապատման մեջ է, չունի արտաքին աշխարհ դուրս գալու լայն հնարավորություններ, այսինքն` աշխարհագրական, ժողովրդագրական խնդիրները մեզ համար ծագել են հենց այդ շրջանից…

 

Հարցազրույցը՝ Հասմիկ Գուլակյանի

2008 թ․

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: