Աշխատել եմ մեր կորցրած երկրի բանավոր հարստությունը գրառել և փրկել կորստից

18 Դեկտեմբերի 2015

Շուրջ 50 տարի բանագետ, բանահավաք, բան. գիտ. դոկտոր Վերժինե Սվազլյանն զբաղվում է բանահավաքչական և գիտական գործունեությամբ: Տասնամյակներ շարունակ նա գրառել, ձայնագրել ու տեսագրել է ավելի քան 10 հազար միավոր ժողովրդագրական, բանահյուսական և սոցիոլոգիական նյութ` կորցրած Երկրի մեր ժողովրդական բառ ու բանի արժեքավոր նմուշներ: Նրա գրառած ու տեսագրած նյութերի մեջ առավել կարևորվում են Հայոց ցեղասպանությունից հրաշքով փրկված ականատես վերապրողների վկայությունները, հուշերը, խոհերը, անլուր վիրավորանքը: Զրուցել Եղեռնից վերապրածի հետ՝ նշանակում է կրկին նրա հետ վերապրել այն ամեն անմարդկայինը, որ կարող էր և իրագործեց, Թումանյանի բառերով ասած՝ «Բերանն արնոտ մարդակերը էն անբան»:

Արյան կա՞նչ էր դա թե պատգամ, այդ նշխարները կորստից փրկելու առաքելությո՞ւն, մասնագիտական հետաքրքրությո՞ւն, պարտականությո՞ւն, գուցեև այդ ամենը միասին, որ դեռ վաղ երիտասարդության տարիներից նրան հաստատապես կողմնորոշեցին դեպի այդ մասնագիտությունը: Նա նվիրվեց կնոջ համար իրոք անչափ ծանր ու դժվար մի գործի և ոչ միայն արժանապատվորեն կատարեց և այսօր էլ կատարում է այն՝ հիացնելով երիտասարդներին, իր օրինակով խրախուսում շատ շատերին: Համոզված եմ՝ կլինեն նաև առարկողներ, պատճառաբանելով, թե այսօր դժվար է գիտությամբ զբաղվելը: Իրոք այդպես է: Բայց արդյո՞ք հեշտ էր այն հետպատերազմյան տարիներին, երբ Հայրենիքի կարոտով Սովետական Հայաստան ներգաղթածներից շատերի երջանկությունը մթագնեց սիբիրներում, Հեռավոր Արևելքի և այլ աքսորավայրերում... Պարզապես, գուցեև ճակատագրի բերումով, մեր լավագույն արժեքներն ստեղծել ենք՝ հաճախ անմարդկային թվացող դժվարություններ հաղթահարելով: Հաղթահարել և շարունակում ենք հաղթահարել, որովհետև չենք կարող չարարել...

Վերժինե Սվազլյանն այն մտավորականների փաղանգից է, ովքեր անտրտունջ, անդավաճան շարունակում են իրենց նախընտրած գործը, որովհետև իրենք են ընտրել այդ ճանապարհը: Եվ եթե կրկին մասնագիտական կողմնորոշման հարց ծագեր, դարձյալ կնախընտրեին նույնը:

- Ինչո՞ւ կնոջ համար այդքան դժվար աշխատանքում մասնագիտացաք:

- Պատճառը ժողովրդիս նկատմամբ սերն է եղել: 19-րդ դարում հայ բանահյուսության ռահվիրա Գարեգին Սրվանձտյանցը հավաքել էր արևմտահայության բանավոր ժառանգությունը: Նրան շարունակեց բազմավաստակ ազգագրագետ, բանահավաք Սարգիս Հայկունին (1832-1908), որն անդրադարձել է 1894-96 թթ. սուլթան Աբդուլ Համիդի կազմակերպած հայկական կոտորածներին: Այնինչ 1909 թ. Կիլիկիայում տեղի էր ունեցել Ադանայի կոտորածը, իսկ 1915-22 թթ. մեր ժողովուրդը ցմրուր ճաշակել էր Հայոց ցեղասպանության ողբերգությունը, սակայն այդ բոլոր իրադարձությունների մասին ժողովրդի պատմական հիշողությունը՝ նրա վիշտը, անլուր տառապանքը և, մանավանդ, հերոսական ոգորումները, արձանագրված չէին: Խորապես գիտակցելով ժողովրդական այդ կարգի նյութերի պատմափաստագրական արժեքը` զինվորագրվեցի այդ գործին:

Իմ առաջին քայլը դյուցազնական մուսալեռցիների բանահյուսությունը և նրանց պատմական հիշողությունը գրի առնելն ու կորստից փրկելն էր, որը, սակայն, մեծագույն դժվարություններով իրագործեցի: 1955 թվականն էր: Ստալինը նոր էր վախճանվել: Մարդիկ, հատկապես՝ հայրենադարձները, դեռ վախեցած էին: Սկզբում, երբ նրանք ինձ տեսան Երևանի Նոր Մալաթիա թաղամասում, իրենց դռները չէին ուզում բացել: Եղեռնի մասին խոսք լինել չէր կարող այն ժամանակ. բոլորին աքսոր էր սպասվում: Բայց ես կարողացա համբերությամբ և հոգեբանորեն թափանցել նրանց հոգու խորխորատները և դուրս բերել նրանց գիտեցածը՝ իրենց եռաճյուղ ենթաբարբառներով: Այնպես որ փրկվեց ոչ միայն պատմական հիշողությունը Մուսա լեռան հերոսամարտի մասին, այլև բանահյուսությունը՝ հեքիաթները, ավանդությունները, զրույցները, առածները, ասացվածքները, օրհնանքները, անեծքները, հանելուկները, դարձվածքները, երգերը, դյուցազներգությունները և այլն, նաև՝ բարբառը, որը բավական խրթին էր, և այժմ որով խոսող չկա, բայց արժեքավոր սկզբնաղբյուր է բարբառագետների համար:

Բերեմ մեկ օրինակ: «Ծիթիր ի լուսըն լայսը, Սիրիմ զի չուցիդ լայսը»: («Ծաթել է լուսնի լույսը, Սիրեմ աչքերիդ լույսը»):

- Այդ աշխատանքում, թերևս, ամենադժվարը ոչ թե բանահյուսական, ժողովրդագրական և այլ նյութեր հավաքելն էր, ըստ իս, այլ բուն Եղեռնին վերաբերող հիշողությունները գրառելը: Ինչպե՞ս կարողացաք վստահություն ներշնչել նրանց, ինչե՞ր էին պատմում:

- Սկզբում, ինչպես ասացի, անչափ դժվար էր, բայց հետո ժողովրդի հետ իմ հարաբերությունները դարձան սրտակից ու մտերմիկ: Սկսեցի բացատրել, որ ես ևս հայրենադարձ եմ, վերապրողի զավակ, ուզում եմ իրենց մասին գիրք գրել, հիշել իրենց անունները, տպագրել իրենց նկարները: Սակայն ականատես-վերապրողները շատ տխուր էին և չէին ուզում խոսել իրենց տեսածի ու լսածի մասին...

- Ժողովրդական խոսք կա. «Կախվածի տանը պարանից չեն խոսում»...

- Շատ ճիշտ է: Բավական դժվար է եղել, հատկապես ժողովրդական այդ հուշերը գրի առնելը: Արդեն գրառված, ձայնագրված, տեսագրված ու վերծանված է Պատմական Հայաստանի, Կիլիկիայի և Անատոլիայի շուրջ 100 հայաբնակ տեղավայրերից հավաքված ավելի քան 700 վկայություն: Ի դեպ, այդ գործն այսօր ևս շարունակվում է. չկա գերդաստան, որ մի քանի տասնյակ նահատակ չունենա: Արդեն ականատես վկաներ գրեթե չեն մնացել, իսկ հաջորդ սերունդները մինչև հիմա ինձ դիմում են ասելով` պատմեմ պապիս մասին, տատիկիս հուշերը... Մինչև հիմա մխում է հայ ժողովրդի ցավը...

Իմ հավաքած նյութերը ոչ միայն պատմական, փաստագրական վկայություններ են, այլև իրավաբանական արժեք ունեն, որովհետև այդ մարդիկ ոչ միայն իրենք տեսել, զգացել են այդ բոլոր սարսափները, այլև իրենք են եղել զանգվածային այդ ոճրագործության առարկան, այսինքն` զոհը: Եվ ինչպես ամեն մի հանցագործություն բացահայտելիս դատարանում առաջին հերթին ապավինում են վկաների ցուցմունքներին, տվյալ պարագայում ևս պետք է հենվել նաև ականատես վերապրողների հաղորդած վկայությունների վրա:

- ՀՀ-ում պարբերաբար տեղի են ունենում գիտաժողովներ, այլ կարգի հավաքներ՝ նվիրված Հայոց ցեղասպանության այս կամ այն տարելիցին: Նման հավաքների ժամանակ ներկայացրե՞լ եք ձեր աշխատանքը:

- Անկախությունից հետո` 1995 թ. Հայոց ցեղասպանության 80-րդ տարելիցին նվիրված եռօրյա միջազգային գիտաժողովում ինձ ձայն անգամ չէին տվել... թեպետ հրապարակի վրա էին իմ «Մուսա լեռան բանահյուսությունը» (1984), «Կիլիկիա. արևմտահայոց բանավոր ավանդությունը» (1994) և «Մեծ Եղեռն. արևմտահայոց բանավոր վկայություններ» (1995) ստվարածավալ հատորները: Բայց 2000 թվականի գիտաժողովում ներկայացրի «Ականատես վերապրողների վկայությունները որպես Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործոն» վերնագրով զեկուցումը, որն արդեն տպագրվել է աշխարհի շատ երկրներում, տարբեր լեզուներով:

Ժողովրդական այդ վկայությունները գրի եմ առել ոչ միայն ՀՀ-ի տարբեր շրջաններում, այլև սփյուռքում (Հունաստան, Ֆրանսիա, ԱՄՆ, Թուրքիա, Սիրիա, Լիբանան): Որտեղ էլ հրավիրվել եմ գիտաժողովի, թեկուզ մեկ շաբաթով, ոտքս կախ եմ գցել: Իսկ Թուրքիայում կարողացել եմ թափանցել Սուրբ փրկիչ հիվանդանոցի ծերանոցը և գաղտնի գրառել քառասուն հուշ...

- Նման բանահավաքչությունը Թուրքիայում իրոք դժվար է: Ինչպե՞ս եք կարողացել իրագործել այդ հանդուգն քայլը:

- Եղեռնից վերապրածները չէին ուզում խոսել: Նրանք դեռ վախեցած էին: Ասում էին. «Դուռը կողպե, պատուհանը գոցե, վարագույրը գոցե, հիմա աս շուները կուգան, մեզի կացիններով...»։ Այնքա՜ն սարսափ կար նրանց աչքերում: Հատկապես տպավորվել է նրանցից մեկի՝ Սիրենա Ալաճաճյանի (ծնվ. 1910 թ., Ադաբազար) պատմածը: Չորս տարեկանում նրա աչքի առաջ սպանել են ծնողներին: Որբուկն սկսել է մեն մենակ թափառել անապատներում: Մի արաբ կին գտել է նրան, տարել իր վրանը, լողացրել, մազերը մաքրել ոջիլներից և մինչև զինադադարը պահել, սիրել, փայփայել հարազատի պես: Բայց երբ Պողոս Նուբար փաշան հանձնարարում է անապատից մեկ որբ գտնողին մեկ կարմիր ոսկի վճարել, որբահավաքները գալիս, կանգ են առնում նաև նրանց վրանի առջև` համոզված, որ կապուտաչյա, շիկահեր, գանգրամազիկ աղջնակը, որ արդեն մոռացել էր հայերենը և միայն արաբերեն էր խոսում, չէր կարող թրքուհի կամ արաբուհի լինել: Հարցնում են մոր անունը, ասում է՝ Ֆաթմա, հոր անունը, ասում է՝ Մուստաֆա: Զարմանում են: Ի վերջո նրա խաչակնքելու ձևից բացահայտում են, որ նա հայ քրիստոնյա է և տանում են հայկական որբանոց...

Իմ հավաքած նյութերի մեջ ոչ միայն հուշերն են հետաքրքիր և սրտառուչ, այլև պատմական բնույթի երգերը, որոնք, փաստորեն, առաջին անգամ հայագիտության մեջ նոր էջ են բացում` ճշմարտացիորեն ներկայացնելով այդ ժամանակաշրջանը: Դրանց զգալի մասը թուրքերեն է, որովհետև դեռևս ենիչերիների ժամանակներից հայերեն խոսելը օսմանյան Թուրքիայի որոշ գավառներում արգելված է եղել... Բազմաթիվ վկայություններ կան այդ մասին, նույնիսկ իմ գրառած ժողովրդական երգի պատառիկն այդ է հաստատում. «Դպրոց մտան, վարժուհուն բռնեցին, Վա՜յ աման, Բերանը բացեցին, լեզուն կտրեցին, Ա՜խ, աման...»: Քանի որ վարժուհին համարձակվել էր հայ երեխաներին հայերեն ուսուցանել...

Տարագրության, աքսորի ճամփաներին այդ խստություններն ավելի են սաստկացել, և ժողովուրդն իր վիշտն ու տառապանքն ստիպված արտահայտել է թշնամու լեզվով` թուրքերեն: Թուրքը չէր կարող այսպիսի (թուրքերեն) երգ ստեղծել. «Տեր Զոր կոչվածն էր մի մեծ տեղավայր, Մորթված հայերին էլ հաշիվ չկար, Օսմանցի պետերը մսագործ դարձան, Հայերն են զոհվում հավատքի համար»:

Թուրքերը համացանցում ծանոթացել են այս նյութերին (դրանք իմ աղջիկը՝ պատմ. գիտ. թեկնածու Քնարիկ Ավագյանն է տեղադրել), և մինչև հիմա, գրեթե ամեն օր ստանում ենք ամենատարբեր բովանդակության նամակներ... Այդ նյութերին ծանոթացել է նաև թուրքական Ixir և Superonline սերվերների հիմնադիր Բաբուր Օզդենը: 2001 թ. հունվարի 28-ին «Միլլեթ» թուրքական թերթին տված «Հակահարված տեսանելի աշխարհում» հարցազրույցում նա ասել է, որ համացանցը լիքն է Հայկական հարցի մասին նյութերով, որտեղ նույնիսկ հուշեր և պատմական բնույթի թուրքալեզու երգեր կան: Եվ նա զարմանքով հարց է տալիս, թե ինչո՞ւ իրենք չունեն նման նյութեր... Նա չի հասկանում մի շատ տարրական բան. թուրք ժողովուրդը չի տառապել, իսկ դրանք տառապանքի դրսևորման հուշեր ու երգեր են: Նա իրեն մխիթարում է, որ իրենք, ըստ երևույթին, ժամանակին մասնագետներ չեն ունեցել, որ գրի առնեին իրենց նմանատիպ հուշերն ու երգերը, որպեսզի այսօր հակադրեին հայկականին: Եվ եթե նույնիսկ գրի առնված լինեին, ասում է նա, չպիտի կարողանային կարդալ, որովհետև դրանք գրառված պիտի լինեին օսմանյան` արաբատառ թուրքերենով, իսկ հիմա իրենք արդեն անցել են լատինատառ թուրքերենի... Եվ «հանճարեղորեն» եզրակացնում է, որ իրենք չեն ուզում անցյալը հիշել, ուզում են «առաջ նայել»:

- Վերապրածների հետ ձեր զրույցներն ամփոփել եք «Հայոց ցեղասպանություն. ականատես վերապրողների վկայություններ» (2000) գրքում: Անչափ կարևոր է, որ այն լույս տեսնի նաև այլ լեզուներով:

- Այդ հսկայական գիրքը (1300 համակարգչային էջ աղջիկս համբերությամբ ու սիրահոժար մուտքագրել է արդեն), իմ ուժերով, նյութական և բարոյական բավական մեծ զոհողություններ և դժվարություններ կրելով, անգլերեն թարգմանել եմ տվել երկու բանիմաց թարգմանիչների՝ պարոն Տիգրան Ծուլիկյանին և տիկին Անահիտ Դարբինյանին: Այն պատրաստ է հրատարակության, եթե հովանավորության հարցը լուծվի... Այդ գիրքը ներկայումս թուրքերեն է թարգմանում Տիգրան Տերողորմջյանը (Թուրքիա), և մաս առ մաս մտցվում է «Ermeni.org» կայքի մեջ: Արդեն թուրքերեն է թարգմանվել նաև իմ «Հայոց ցեղասպանությունը և պատմական հիշողությունը» մենագրությունը, որն անցյալ տարի լույս տեսավ հայերեն, իսկ այս տարի՝ անգլերեն, գունավոր քարտեզով և վերապրողների լուսանկարներով:

Նույն այս գիրքը թարգմանել եմ տվել նաև ֆրանսերեն, գերմաներեն, ռուսերեն, որոնք նվիրվելու են Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցին: Մինչ այժմ Հայոց ցեղասպանության մասին տարբեր լեզուներով բազմաթիվ ուսումնասիրություններ, փաստաթղթերի ժողովածուներ, քաղաքագետների և հասարակական գործիչների ասույթներ, գեղարվեստական ստեղծագործություններ են հրապարակվել, կան նույնիսկ երաժշտական գործեր, անգամ՝ օպերա, բայց ցեղասպանության ենթարկված ժողովրդի ձայնը մինչև հիմա, կարծես, չի հասել աշխարհին: Ճիշտ է, «Զորյան» հաստատությունը ժամանակին տեսագրել է որոշ վերապրողների, բայց դրանք չեն վերծանվել (ամենադժվարն այդ տեսաերիզների վերծանումն է): Դրանք ևս պետք է հրատարակվեն, գիտական շրջանառության մեջ դրվեն տարբեր լեզուներով:

- Թվարկեմ ձեր ամենաստվարածավալ և մեծադիր էջերով աշխատություններից մի քանիսը՝ «Մուսա լեռան բանահյուսությունը» (1984, 225 էջ), «Կիլիկիա. արևմտահայոց բանավոր ավանդությունը» (1994, 500 էջ), «Մեծ եղեռն. արևմտահայոց բանավոր վկայություններ» (1995, 225 էջ), «Հայոց ցեղասպանություն. ականատես վերապրողների վկայություններ» (2000, 500 էջ), «Պոլսահայոց բանահյուսությունը» (2000, 600 էջ) և այլն:

Դուք համատեղում եք աշխատանքը ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում և ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտում: Ինչպե՞ս:

- Շատ պարզ: Օրինակ` 2000 թվականին երկու ստվարածավալ գիրք դրեցի սեղանին․ առաջինը` հնագիտության և ազգագրության ինստիտուտում՝ «Պոլսահայոց բանահյուսութիւնը (նիւթեր եւ ուսումնասիրութիւն)»: Այդ նյութերը հավաքել էի 1996 թ., երբ գիտաժողովի էի հրավիրված Ստամբուլ (նաև` 1997 թ.): Դա, երևի, մեր վերջին «Ճռաքաղն» էր ավանդական բանահյուսության, իսկ երկրորդը ներկայացրել եմ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում՝ «Հայոց ցեղասպանություն. ականատես վերապրողների վկայություններ» սկզբնաղբյուրային հատորը, որը նույնպես օժտված է գիտական ուսումնասիրությամբ, բառարանով, ծանոթագրություններով և ամփոփում է 600 միավոր վկայություն և պատմական բնույթի երգեր:

2001 թվականին, երբ Լոս Անջելես էի հրավիրված միջազգային գիտաժողովին մասնակցելու, «Արարատ տան» ծերանոցում ոչ միայն վերապրողների հանդիպեցի, նրանցից լսածներս գրառեցի, որոնք պիտի ավելացվեն անգլերեն թարգմանության մեջ, այլև բանահյուսական նմուշներ եմ հայտնաբերել և փոքր-ինչ թեթևանալու դեպքում կներկայացնեմ ամերիկահայ արդի բանահյուսությունը (նյութեր և ուսումնասիրություն): Հետաքրքիր է` ի՞նչ կապ ունեն ԱՄՆ-ի հայ համայնքի պատմական հիշողությունը և նրա բանավոր ավանդույթները, ինչպե՞ս է հայությունն այնտեղ գոյատևում համաշխարհայնացման արդի պայմաններում: Այս տեսանկյունով եմ որոշել դիտարկել հարցը:

- Դատելով ձեր կատարած աշխատանքից, կարելի է ասել, որ նախապատվությունը տվել եք արևմտահայ բառ ու բանը գրառելուն, որովհետև այն կորստյան վտանգի առաջ է...

- Ճիշտ եք նկատել: Անցած հիսուն տարվա ընթացքում երբեք ժամանակ չեմ կորցրել: Չեմ հիշում հանգստի նպատակով մի արձակուրդ կամ մի ճամփորդություն... Միշտ մտահոգություն եմ ունեցել, որ ականատես վերապրողները բավական տարեց են, պետք է օր առաջ գտնել նրանց: Շատերին մերձիմահ մահճում եմ հանդիպել և գրառել: 1950-ական թթ. դրանք ստիպված գրանցել եմ ձեռքով. ձայնագրիչ և այլ սարքեր այն ժամանակ չկային: Բայց հետագայում, երբ հիմնադրվեց ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, ինձ տրամադրեցին տեսախցիկ և օպերատոր: Այդ բոլոր նյութերը պահպանվում են թանգարան-ինստիտուտի արխիվում: Իմ գրքերում յուրաքանչյուր նյութն ունի իր գիտական «անձնագիրը»` աղյուսակ, ծանոթագրության մեջ յուրաքանչյուր նյութը համարակալված և նշված է` ձեռագի՞ր է այն, ձայնագրվա՞ծ է, թե տեսագրված, ո՞վ է պատմել, որտե՞ղ է ծնվել (այսինքն` նյութի հայրենիքը), որտե՞ղ է գրառվել, ո՞վ է պատմել, քանի՞ տարեկան է, անուն-ազգանունը և ծննդյան տարեթիվը: Այս նյութերի հավաստիությունը և վավերականությունն աներկբա է:

- Կարծում եմ, ճիշտ չի լինի ձեր աշխատությունները բաժանել ըստ թեմաների, որովհետև դրանք նույն շղթայի տարբեր օղակներն են: Այնուամենայնիվ ցանկալի է ներկայացնեք հայ ազգային-ազատագրական պայքարին նվիրված երգերը:

- Հավաքել եմ այն, ինչ հանդիպել է: Ոչինչ բաց չեմ թողել՝ սկսած բանահյուսական նյութից, բացառյալ հայ ժողովրդական հեքիաթների իմ կազմած երեք հատորները` «Արցախ-Ուտիք» (1973), «Տարոն-Տուրուբերան» (1984) և «Վան-Վասպուրական» (1998), որոնք նաև այլ հեքիաթների հետ 1915 թ. գրի են առել ազգագրագետ Երվանդ Լալայանի կազմակերպած գիտարշավի անդամները` ոտքով մի կերպ Էջմիածին հասած արևմտահայ գաղթականներից: Այս երեք հատորներն իմ ակադեմիական աշխատանքներն են եղել, իսկ մնացածները` շուրջ 20 գիրք, արևմտահայի արյան կանչով և անձնական նախաձեռնությամբ եմ կատարել: Աշխատել եմ, որքան հնարավոր է, մեր կորցրած Երկրի բանավոր հարստությունը գրառել և փրկել կորստից, որովհետև զգում էի, որ մեկիկ-մեկիկ կյանքին հրաժեշտ են տալիս ավագ սերնդի ներկայացուցիչները, ովքեր այդ բոլոր հոգևոր արժեքների կրողներն են: Նրանցից քաղված նյութերը ոչ միայն բանահյուսական են, այլև ազգագրական. գրառել եմ նաև ժողովրդական ծեսերը: Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության նյութերին, դրանք ոչ միայն զորահավաքի, զինահավաքի, բանտարկյալի, տեղահանության, աքսորի, ջարդի, կոտորածի, որդեկորույս մայրերի որբի և որբանոցի, այլև ազգային-ազատագրական պայքարի խրոխտ երգեր են: Պատմական այդ երգերը վերաբերում են 1862 թ. զեյթունցիների ապստամբությանը և նրանց հետագա ընդվզումներին, ապա 1915 թ. Մուսա լեռան, Ուրֆայի, ավելի ուշ՝ 1920-21 թթ. Մարաշի, Այնթապի, Հաճընի հերոսամարտերին:

Այս ամենը, ինչպես դուք նշեցիք, նույն շղթայի տարբեր օղակներ են, որոնք իմ աշխատություններում ներկայացրել եմ առանձին բաժիններով, իսկ ուսումնասիրությունը շարադրված է ըստ պատմական ժամանակագրության. տրված է Հայոց ցեղասպանության ամբողջ ընթացքը` լրացված ու հիմնավորված ժողովրդական բանավոր վկայություններով և փաստալից պատմական բնույթի երգերով:

- Ի՞նչ կասեք արհավիրքի տարիներին ստեղծված հայ ազգային-ազատագրական պայքարին նվիրված երգերի ոգեղենության մասին:

- Այդ երգերի մեջ մեր ժողովրդի հերոսական ոգին է առկայծում և փայլատակում: Օրինակ՝ մուսալեռցիների դյուցազներգությունը. «Լեռնցի ենք մենք, բոլորս ալ քաջ, Մենք չենք խոնարհվի թշնամու առաջ, Առյուծի նման կկռվենք քաջ-քաջ, Ցիր ու ցան կանենք բանակը տաճկաց: Հե՜յ, մուսալեռցիք, ջա՜ն, մուսալեռցիք, Հայոց պատիվը բարձր պահեցինք»:

Հայ ժողովուրդն իրեն հատուկ ազգային արժանապատվության բարձր գիտակցությամբ է հորինել այդ կարգի երգերը: Ազատագրական պայքարին նվիրված երգերը, փաստորեն, իմ գրքերով նոր կյանք ստացան, վերականգնվեց նրանց հիշողությունը, ավելի ճիշտ՝ պատմական հիշողությունը հարատևում է նման գրքերի շնորհիվ: Պետք է ասեմ, որ իմ գրառած պատմափաստագրական եզակի արժեքավոր տերզորյան ժողովրդական երգերի քառյակներն անգամ արտասանվում են բեմերից: Ասմունքող Գայանե Սամվելյանը Մեծ եղեռնին նվիրված միջոցառումներին ներկայացնում է դրանք մեծ հուզմունքով: Հանրաճանաչ դերասան Վարդան Պետրոսյանն իր «Վերելք» ներկայացման մեջ մի շարք փաստեր է օգտագործել ականատես-վկաների իմ գրառածներից, իսկ Դանիել Երաժշտի ղեկավարած «Շարականը» և այլ խմբեր, ճաշակով գործիքավորելուց հետո, սիրով կատարում են իմ գրքերում նոտագրություններով ներկայացված երգերը..

- Որ համագործակցում եք ազգագրական երգարվեստի մասնագետների հետ, տեղյակ եմ: Բայց, որքան ինձ հայտնի է, երաժշտական կրթություն չունեք: Ինչպե՞ս եք հավաքել, գրառել այդ երգերը:

- Գիտակցել եմ, որ դրանք ևս պետք է հավաքել և փրկել կորստից...

- Հավանաբար, դրանց ձայնագրությունները...

- Ձայնագրությունները հանձնել եմ երաժշտագետներին` Կարո Չալիկյանին, արվեստագիտության թեկնածուներ Ալինա Փահլևանյանին և Մանուկ Մանուկյանին, ովքեր սիրով վերծանել են ձայներիզները: Պետք է ասեմ, որ արվեստագիտության թեկնածու Անահիտ Բաղդասարյանը նույնիսկ գիտականորեն ուսումնասիրել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ իմ գրի առած երգերի մեղեդիները` պարզելու համար դրանց ազգային ակունքները և հրատարակել առանձին հոդվածով:

- Ինչպե՞ս եք հասցնում կնոջ համար այդ շատ դժվար, անչափ աշխատատար գործը...

- Այդ ամենն արել և անում եմ սիրով, նվիրվածությամբ՝ մոռանալով ամեն ինչ, քանի որ գիտեմ՝ եթե դրանք չգրառեի, այսօր այդ ամենը չէինք ունենա: Այդ գիտակցությամբ եմ մոտեցել իմ աշխատանքին և շարունակում եմ առաջնորդվել նույն սկզբունքով: Լավ է, որ 50-ական թվականներից եմ սկսել, որովհետև իմ ասացողների մեծ մասն արդեն չկա: Ես պարտական եմ նրանց` Հայոց ցեղասպանությունից հրաշքով փրկված վերապրողներին, ովքեր բառ առ բառ, պատառիկ առ պատառիկ երկյուղածությամբ ինձ հաղորդեցին և կորստից փրկեցին մեր ստեղծագործ ժողովրդի պատմական հիշողությունը և նրա բանավոր մշակույթը: Իմ երախտագիտությունն եմ հայտնում նախ և առաջ իմ ժողովրդին, որ ինձ վստահեց իր հոգևոր հարուստ ժառանգությունը, որպեսզի գրի առնեմ, հրատարակեմ, գիտական շրջանառության մեջ դնեմ այդ ամենը և տարբեր լեզուներով աշխարհին ներկայացնեմ:

Խոսքս կուզեի ավարտել մեր բազմատաղանդ ժողովրդի ստեղծած մի գողտրիկ աղոթքով, որտեղ զգացվում են և՛ նրա ազգային ինքնությունն ու հայրենասիրությունը, և՛ նրա խաղաղատենչ ոգին, և՛ հարատևելու նրա կամքի ուժը. «Տե՜ր, Դուն պահե միշտ անսասան Դյուցազնական Մայր Հայաստան, Տուր հարատև խաղաղություն, Կյանք ու արև, ազատություն, Հայ դրոշով մեր պետական Թող միշտ ապրի ազգը հայկական: Ամեն»:

Հարցազրույցը՝ Հասմիկ Գուլակյանի

2004 թ․

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: