Մեկ անգամ լինում ես Չինաստանում, սիրահարվում ես այդ երկրին

18 Հունվարի 2020

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-ռուսական համալսարանի պրոռեկտոր Գագիկ Սարգսյանն ուսանողների շրջանում Չինաստանի պատմության, մշակույթի և ավանդույթների նկատմամբ մեծ հետաքրքրություն է տեսնում: ՀՌՀ-ի հումանիտար գիտությունների ինստիտուտի տնօրենը, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուն դա նկատել է ուսումնական գործընթացների կազմակերպման մեջ իր ունեցած փորձով:

«Հայ-ռուսական համալսարանը պատրաստում է ոչ միայն չինարեն լեզվի մասնագետներ, այլ նաև չինագետներ: Երբ 2009 թվականին բացեցին այդ ուղղությունը, ընդունվողների թիվը շատ փոքր էր, բայց այսօր արդեն կա մեծ հետաքրքրություն և ուսանողների թիվը օր օրի աճում է: Նրանք ցանկանում են ոչ միայն լավ տիրապետել չինարենին, այլև ծանոթ լինել Չինաստանի պատմությանը, մշակույթին և ավանդույթներին, ինչպես նաև իրենց դերակատարումն ունենալ երկու երկրների քաղաքական և տնտեսական փոխհարաբերություններում: Մեր ուսանողները աշխատանքի լայն ասպարեզ ունեն, և ինձ մեծ գոհունակություն է պատճառում, որ պարբերաբար տարբեր ընկերություններ մեզանից խնդրում են չինագետներ: Այդ հանգամանքը շատ ուրախացնող և ոգևորիչ է՝ ցույց տալով այն, որ մեր շրջանավարտներն ունեն անհրաժեշտ մակարդակի գիտելիքներ ու շուկայում պահանջված են այն դեպքում, երբ Հայաստանն ավելի է սերտացնում և զարգացնում հարաբերությունները Չինաստանի հետ»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՌՀ-ի պրոռեկտորը:

Սարգսյանը կարծում է, որ Հայաստանը և Չինաստանը կրթական ոլորտում ունեն շատ սերտ համագործակցություն և տեսնում է, որ Չինաստանը շահագրգռված է օգնելու մեր երկրին ուսումնական գործընթացում ոչ միայն չինարենի ուսումնասիրության հետ կապված, այլ նաև պատրաստակամ են օժանդակել կրթական համակարգը զարգացնելու համար:

«Տարեկան տասնյակից ավելի ուսանողներ գնում են Չինաստան, անցնում են վերապատրաստման դասընթացներ և վերադառնում: Եվ այս ոլորտում խնդիր չեմ տեսնում»,-նշեց ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուն:

Գիտնականը կարևորում է տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում Չինաստանի հետ համագործակցությունը, և Հայ-ռուսական համալսարանը համագործակցության ուղիներ է փնտրում այս բնագավառում:

 «Վերջիվերջո Հայաստանը ցանկանում է լինել կրթության և գիտության երկիր, և, հուսով եմ, որ չենք կորցնի այդ տեսլականը, ուստի մեզ անհրաժեշտ է սերտ կապեր ունենալ այնպիսի զարգացած պետությունների հետ, ինչպիսին Չինաստանն է»,- հավելեց ՀՌՀ-ի պրոռեկտորը:

Գագիկ Սարգսյանը մեկ անգամ  չէ, որ եղել է Չինաստանում և ավելի մոտիկից տեսել, թե ինչպես է երկիրն աշխատում ու զարգացնում տնտեսությունը: «Եթե մեկ անգամ լինում ես Չինաստանում, սիրահարվում ես այդ երկրին: Միշտ զարմացած և հիացած եմ վերադառնում Չինաստանից: Այդ երկիրն ունի հարուստ պատմություն և ստեղծել է հսկայական մշակութային ժառանգություն: Հիմա, երբ դրան ավելացել է հզոր տնտեսությունը` ժամանակակից արդյունաբերությամբ և մնացած ճյուղերի զարգացվածությամբ, հիացմունք է առաջացնում: Երկրում, որտեղ տասնյակ տարիներ առաջ կար խնդիր բարձրացնելու ազգաբնակչությանը աղքատության աստիճանից, այսօր արդեն դարձել է արտահանող պետություն. Չինաստանը ոչ միայն արտահանում է տարբեր արդյունաբերական ապրանքներ, այլ նաև սննդամթերք: 1 միլիարդ 300 միլիոնանոց երկրի համար դա մեծ նվաճում է»,- ընդգծեց նա:

 

Ըստ Սարգսյանի` չինացիները չափազանց աշխատասեր ժողովուրդ են. խնդիր դրեցին, ուրեմն գիշեր ու զօր կաշխատեն այդ խնդիրը լուծելու համար:

ՀՌՀ-ի պրոռեկտորը հիշում է, թե ինչպես է իրեն ապշեցրել դպրոցներից մեկում մի դրվագ: «Ավտոբուսներից դուրս եկանք դպրոցի բակ, որտեղ 3 հազար աշակերտ դպրոցի բակում կանգնած սպասում էին մեզ, որպեսզի մարմնամարզություն անեին: Այդպիսի համաչափություն և այդպիսի ճշգրտությամբ գործողությունների կրկնություն չէի տեսել երբեք: Բացի այդ, այգիներում, պուրակներում և հրապարակներում մեծահասակները երաժշտության տակ պարում են և մարմնամարզությամբ են զբաղվում: Պատկերացրեք` մեր այգիներից մեկում տարեց մարդիկ այդպիսի մարմնամարզությամբ զբաղվեին: Ինչպես կընդունեինք դա: Բայց դա առողջ ապրելակերպ է և երկարակեցության աղբյուր: Կարծում եմ, որ Հայաստանում նույնպես պետք է այդպիսի սովորություն տարածվի»,-շեշտեց Սարգսյանը:

ՀՌՀ-ի հումանիտար գիտությունների ինստիտուտի տնօրենի կարծիքով` Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության գործընթացներում Հայաստանը պետք է ակտիվ դերակատարում ունենա: «Հայ-չինական հարաբերությունները դարերի պատմություն ունեն: Երբ ուսումնասիրում եմ տարբեր գիտնականների, փորձագետների և արվեստագետների հետազոտությունները, տեսնում եմ, թե ինչքան հին են մեր կապերը բազմաթիվ ոլորտներում: Հայաստանը պետք է ունենա իր տեղը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունում, և, կարծում եմ, իրավունք չունենք հայ-չինական հարաբերություններում տնտեսական ոլորտում ունենալ պասիվ դիրքորոշում: Նշեմ, որ չինական կողմը նույնպես շատ մեծ շահագրգռվածություն է ցուցաբերում, որպեսզի Հայաստանը լինի ակտիվ մասնակիցը այդ գործընթացներին: Այդ նախաձեռնությանը ակտիվ մասնակցություն ունենալու համար անհրաժեշտ է մեր աշխարհաքաղաքական դիրքը ճիշտ օգտագործել, ինչպես նաև պետք է ստեղծել անհրաժեշտ ենթակառուցվածքներ. չափազանց կարևոր է տրանսպորտային հաղորդակցության խնդիրը: «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի կառուցումը այդ տեսակետից շատ կարևոր նշանակություն ունի, և կարող ենք ընդհանուր նախաձեռնության մեջ մեծ դերակատարում ունենալ, եթե արագացնենք շինարարությունը»,- եզրափակեց Սարգսյանը:

 Կարեն Խաչատրյան

Հարցազրույցը տպագրվել է «Հայաստանի Հանրապետություն» և «Республика Армения» թերթերի՝ հունվարի 17-ի համարների «Չինաստանը հայերի աչքերով» խորագրով հատուկ ներդիրներում՝ հայերեն և ռուսերեն: 

 

 
 
 
 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: