«Վենետիկի հանձնաժողովը, ԵՄ-ն ջարդում-բզկտում են մեր արժեքները, կոտրում ինքնությունը»

23 Նոյեմբերի 2017

Վերջին շրջանում մեկը մյուսի հետևից ասպարեզ են նետվում աղմկահարույց նախագծեր, որոշումներ, որոնք հասարակության շրջանում մեծ իրարանցում են առաջացնում: Նախ` հանրությանը ցնցեց ընտանեկան բռնության մասին նախագիծը, հետո պապիլոմա վիրուսի դեմ «Գարդասիլի» պատվաստումը, օրերս էլ հայտարարվեց, որ գյուղատնտեսություն է փորձում ներխուժել ԳՄՕ-ի օգտագործմամբ հայտնի «Մոնսանտո» ընկերությունը: Ի՞նչ է կատարվում, ու՞մ են պետք այսքան հակասական որոշումները և ի՞նչ նպատակով են հասարակությանը մշտապես տագնապների մեջ պահում: Այս հարցերի շուրջ «Իրատեսը» զրուցեց քաղաքական գործիչ ԱՇՈՏ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԻ հետ:

 

-Ինչու՞ են հորդառատ անձրևի նման այսքան հակասական որոշումներ մեր գլխին թափվում:
-Իրողությունը երկու հանգամանքների զուգորդման հետևանք է: Մեկն այն է, որ Հայաստանն արտաքին կառավարման ներքո է: Եթե մեզնով լիներ, ապա Հայաստանում ես որևէ մարդու չգիտեմ, որ թվարկված որոշումներից գոնե մեկն անգամ քննարկման դներ: Այսինքն, դրանք բացարձակ օտարածին երևույթներ են: Այն ուժգնությունը, որով դրանք ներմուծվում են, վկայում է, թե ինչ մակարդակի է հասել արտաքին կառավարումը Հայաստանում: Որպես մխիթարանք, պետք է ասել, որ այս հարցում մյուս երկրներից էականորեն չենք տարբերվում: Նույնը համատարած կատարվում է հետխորհրդային երկրներում, Եվրոպայում: Այն երկրները, որոնք իրենք են կառավարում իրենց հասարակությանը, ինչպես Չինաստանը, Իրանը, նման բան թույլ չեն տալիս: Այս բոլոր օրինագծերը ծնվում են մեկ տեղում, որը կոչվում է համաշխարհային կառավարման համակարգ: Այն ստեղծել է աշխարհում իշխող օլիգարխիան: Մենք նրանց տարբեր անուններով գիտենք, մեկն ասում է` մասոն, մյուսը` եռակողմ հանձնաժողով, Բիլդերբերգյան ակումբ և այլն, և այլն։ Փաստն այն է, որ նման կառույցներ գոյություն ունեն, իսկ էությունը` կորիզը, այն տոտալ փողն է, որը կենտրոնացել է փոքրաթիվ մարդկանց ձեռքում: Օրինակ, ես չգիտեմ մի մարդու, որն ունի տասնյակ տրիլիոն դոլարներ, «Ֆորբսը» կանգնում է հիսուն միլիարդի վրա, ավելին չի ասվում, բայց պատկերացրեք` կան մարդիկ, որ դրանից հազար անգամ ավելին ունեն: Նրանք կարող են գնել ոչ թե Հայաստանի նման փոքր, այլ խոշոր երկրներ և ճգնաժամեր ստեղծել:
-Ո՞րն է նրանց նպատակը, ի՞նչ են փորձում անել: 
-Համաշխարհային կառավարման համակարգը հայտնվել է ճգնաժամի մեջ: Մինչև այսօր օգտագործվում էին ֆինանսաբանկային համակարգը, տրանսնացիոնալ մոնոպոլիաները, որոնց միակ նպատակը փոքրաթիվ մարդկանց ձեռքում իշխանությունն ու փողը կենտրոնացնելն է: Նրանք առայժմ հաջողակ են: Այսօր մեկ տոկոսի ձեռքում կենտրոնացված է համաշխարհային կապիտալի հիսուն տոկոսից ավելին: Բայց սա այն է, ինչ մենք տեսնում ենք, շատ բաներ մեզ պարզապես տեսանելի չեն: Աշխարհում փողն էապես ավելին է, քան դրա հետևում եղած նյութը: 
-Այդքան փողեր ունեցող համակարգն ինչու՞ է ճգնաժամի մեջ:
-Մարդիկ գլխի են ընկել, թե ինչ համակարգ է դա: Եթե հարյուր տարի առաջ մի քանի մարդ կարող էր իմանալ, թե աշխարհում ինչ համակարգեր կան, այսօր իրազեկների թիվը հարյուր միլիոնի է հասնում: Այս մասին որոշ երկրներում խոսում են բաց, անգամ մամուլով, իսկ որոշ տեղերում, օրինակ, Եվրոպայում` քչփչոցով: Չնայած մենք Եվրոպան համարում ենք ազատ, բայց այս առումով ամենատոտալիտարն է, որովհետև եվրոպական իրական էլիտաներն այսօր ընդհատակում են: Եթե բերանները բացեն, կորակվեն ֆաշիստ, ռասիստ, որովհետև նրանք խոսում են մարդկային էության, ազգերի ինքնության, մշակույթի մասին: Եթե մարդիկ իմանան, թե ովքեր են այդ ճգնաժամեր ստեղծողները, կհասկանան նաև, թե ովքեր են պատերազմներ հրահրողները: Այս ամենից հետո հարվածները կուղղվեն նրանց կողմը, այս ամենից խուսափելու համար նրանք ընտրել են երկու ուղի. նախ երկրների փոքրացում (օրինակ, Թուրքիան պիտի բաժանվի տասը պետության, նույնը Իրանը, Իրաքում արդեն բաժանել են, Սիրայում` նույնպես): Իսկ փոքրերն էլ պետք է իրար ուտեն, այսինքն` լինեն պատերազմական գործողությունների, թշնամանքի մեջ: Երկրորդն էլ այն է, որ ամեն երկրի ներսում մարդիկ պետք է իրար չհասկանան, միավորող, ընդհանրացնող ոչ մի բան չպետք է լինի: Չպետք է լինեն հեղինակավոր գործիչներ, կուսակցություններ: Դատեք Հայաստանի օրինակով. Հայաստանում մտավորականության կամ հասարակական-քաղաքական դաշտում կա՞ մի հեղինակություն: Նույնն է նաև Եվրոպայում, որտեղի գործիչներից կարող եք հաճախ լսել, թե մանրացել են քաղաքական գործիչները: Չկան այլևս Դը Գոլի, Ադենաուերի նման գործիչներ, որովհետև ամեն ինչ մանրացրել են ու վարկաբեկել: Այս գործընթացի մի մասն է նաև խառնարաններ ստեղծելը: Եվրոպան լցնում են Աֆրիկայից և Մերձավոր Արևելքից ներգաղթյալներով, որպեսզի մեծ խառնարան ստեղծեն: Մակրոնն արդեն հայտարարեց, որ այսուհետ չկա ֆրանսիական մշակույթ, կա Ֆրանսիայի մշակույթ: Իսկ աշխարհին և մարդկությանը պետք են մշակույթներ, ոչ թե խառնարաններ, որովհետև վերջիններս մշակույթ չեն ստեղծում: Մշակույթը ծնվում է ազգայինի հիմքից: Եթե երկու բան խառնում ես, դրանք ոչինչ ծնել չեն կարող, իսկ դրանք առանձին-առանձին աշխարհին պետք են:
-Գանք մասնավոր դեպքերին, ընտանեկան բռնության մասին օրենքի անունը փոխվեց, հեղինակների պնդմամբ, բովանդակությունը ևս էականորեն տարբերվում է: Ինչպես նշեցիք, ամեն ինչ է «մանրացել» և այս դեպքում էլ արձանագրվել է, որ ամուսնություն կարելի է համարել տղամարդու և կնոջ միությունը: Հիմա համարենք, որ վտանգները վերացե՞լ են:
-Սա օտարածին օրենքի տիպիկ օրինակ է: Մեծագույն խաբկանք է, որ օրենքում գրել են, թե ամուսնությունը կնոջ և տղամարդու միջև է լինելու: Սա ցույց է տալիս, թե որքան ճիզվիտական է այս համակարգը, և որքան միամտորեն մենք կարող ենք որևէ բան չհասկանալ: Բայց մեր սահմանադրության մեջ այլ բան կա: Ի դեպ, բոլոր փաստաթղթերի հետևում, որ ընդունում ենք, կամ աշխարհի այդ կառավարողներն են, կամ իրենց գործիքները: Մի ՀԿ կամ ԾԻԳ են ստեղծում, մի երկու մասնագետ են բերում, իբր գործ են անում: Բոլորն անխտիր հանրապետություն քայքայող են, մարդկանց բզկտել են, երկիրը բերել շահագործման համար հարմար վիճակի: Հիշյալ օրենքում այս ամենը բյուրեղացված է: Իսկ ի՞նչ է ասում սահմանադրությունը, որի փոփոխությունները էլի Վենետիկի հանձնաժողովն էր հաստատել. եթե մեր օրենքներում վիճելի հարցեր կան, պարտավոր ենք դիմել ՄԻԵԴ, որ այդ հարցը կարգավորի: Բայց այդ դատարանը չանվանենք եվրոպական, որովհետև դա եվրոպականին խորթ է: Դրանք ֆինանսական օլիգարխիայի ստեղծած ատյաններն են` Վենետիկի հանձնաժողովից սկսած, որոնք Եվրոպայի հետ կապ չունեն: (Մի քանի անգամ օգտագործել եմ «Վենետիկյան պոռնիկներ» արտահայտությունը, քանի որ Վենետիկը ինչպես վաշխառուական եղել, այդպիսին էլ մնացել է): Այո, գրված է, որ ամուսնությունը կնոջ և տղամարդու միջև է, բայց պատկերացրեք, երկու տղամարդ մտնում են զագս, և նրանցից մեկը հայտարարում է` ես կին եմ: Դատավորը հակադարձում է, թե տեսնում է, որ նա տղամարդ է: Տղամարդն ասում է. «Ոչ, մարդու սեռը որոշում է ինքը»: Այդ միջազգային կանոններում այդպես է գրված: Երբ նրանք դիմեն մեր, ապա Եվրոպական դատարան, այդ ամուսնությունը կհամարվի օրինական, իսկ մեր զագսն էլ, պետությունն էլ կտուգանվեն: Այսպիսի թակարդներ անսահման քանակով այս նախագծի մեջ կան, որովհետև հեղինակները շատ խորամանկ են: Մենք պարզապես ի վիճակի չենք այդքան սողանցքերը հասկանալու, միակ ձևը նրանց հետ գործ չունենալն է: Մեր պետական ապարատում չկա մի փաստաթուղթ ստեղծող, որը չլինի արտաքին այդ ուժերի վերահսկողության տակ: Սովորաբար հայ ընտանիքներում խնդիրները (բացառությամբ եզակի դեպքերի, երբ սպանություններ են լինում կամ այլ ողբերգություններ) կարգավորվում են ոչ թե օրենքով, այլ ավանդական համակարգով, այսինքն` եկեղեցու, ընտանիքի մեծի, ընկերների, հարազատների միջամտությամբ, որոնք ընտանիքը փայփայողներն են: Ինչո՞վ է ավանդական համակարգը տարբերվում օրենքից. այն մեղմ, շատ ավելի մարդկային գործիք է: Իսկ եթե այդ հարաբերություններում օրենքը մտցնենք... գիտենք ինչ է լինում, երբ որևէ տեղ օրենքի մարդուն ենք մտցնում: Պատկերացրեք մի հայր, որը որդուն ապտակել է, իսկ դրա համար զանգել են օրենքի մարդուն կամ այլ ծառայություն: Այն ճեղքվածքը, որ հոր և որդու միջև առաջանում է, հարյուր տարի այլևս հնարավոր չէ վերացնել: Այս համակարգն էապես վատացնելու է ընտանիքների վիճակը` նպաստելու է նրանց քայքայմանը: Հիմա այս օրենքի կողմ արտահայտվող գործիչներին, լրատվամիջոցներին թվում է, թե իրենք եվրոպական են։ Հավաստիացնում եմ, նրանք Եվրոպայի հետ որևէ կապ չունեն: Եվրոպայում չի եղել ավելի թշնամական երևույթ, քան իրենք են: Հիտլերի ֆաշիզմն ավելի մեղմ համակարգ էր, քան սա:
-Արժեհամակարգերի՞ ոչնչացման գործընթաց է սկսվել: 
-Այդ Վենետիկի հանձնաժողովը, ԵՄ-ն ջարդում-բզկտում են մեր արժեքները, կոտրում ինքնությունը, կյանքի այն հյուսվածքը, որին մենք սովոր ենք, և որը կատարելության է հասցված հազարամյակների ընթացքում: Պետք է իմանանք, որ, ըստ քրիստոնեական ավանդույթի, օրենքը քրիստոնյա մարդու համար չի ստեղծվել, այն ստեղծվել է գողի, պոռնիկի, մարդասպանի համար: Իսկական մարդուն օրենք պետք չէ, նա ավելին է անում, քան օրենքն է պահանջում: Եթե ասված է, որ հացը հավասար պետք է կիսել մարդկանց միջև, իսկական հայ մարդը, երբ տեսնում է, որ դիմացինը սոված է, մեծ մասը նրան է տալու, և պետք չէ, որ այդ օրենքը գոյություն ունենա: Վաշխառուական, վայրագ, մարդասպան համակարգերը օրենքով հարցեր կարգավորելու մեթոդը բերում են այստեղ: Օրենքները պետք է լինեն շատ քիչ, ծայրահեղ դեպքերի համար, մնացած դեպքերում մարդիկ իրավիճակները պարտավոր են կարգավորել իրենց կյանքով, բարոյականությամբ:
-Այնպիսի տպավորություն է, որ մեզանում բոլոր հարաբերություններն ու խնդիրները կարգավորված էին, մնում էր միայն ընտանիքի, որը մեզանում, թերևս, բավական ամուր է, բռնությունները վերացնել: Եթե, Ձեր դիտարկմամբ, սա օտարածին երևույթ է, արտաքին ուժերը ինչու՞ հենց հայ ընտանիքը «թիրախ» ընտրեցին:
-Համաշխարհային ֆինանսական օլիգարխիայի ամենամեծ թշնամին այն համակարգերն են, որոնք մարդու մեջ պահպանում են մարդկայնությունը: Դա ընտանիքն է, հավատը, հայրենիքը (դրա համար ստեղծվում են խառնարաններ, տարածքներ, ոչ թե երկրներ), իսկ գաղափարականություն չպետք է լինի: Դա է պատճառը, որ մարդկության իննսուն տոկոսը մի գաղափար է ընտրել` փողը Աստվածս է, փող կուտակիր և հաճույք ստացիր: Ասել է` մարդուն զրկել են վեհ գաղափարներից:
-Ոչ միայն գաղափարներից, այլև բնական, աստվածատուր սննդից էլ են փորձում զրկել: Նախօրեին «Մոնսանտո» ընկերության մասին տեղեկությունը կրկին ալեկոծեց հանրային տրամադրությունները: Այս ընկերությունը հայտնի է ԳՄՕ սերմերի ստեղծմամբ, ինչը, ըստ որոշ մասնագետների, մարդու գենի վրա է ազդում: Արժեքներից անցանք սննդի՞ն:
-ԳՄՕ-ն ստեղծում են, կարծելով, թե մարդուն սնունդը չի բավարարելու, բայց ինչ ազդեցություն է այն թողնում մարդու վրա, ոչ մեկն այդ մասին չի մտածում: Եթե տասը կամ տասնհինգ տարի փորձել են մարդու վրա ու բան չի եղել, դա դեռ ոչինչ չի նշանակում: Նախ հայտնի չէ, թե ինչ պարամետրերով են դա հաշվել, եթե քաղցկեղ չի առաջացնում, ապա մարդկային էության մեջ է շատ բաներ փոխում: Ավելի պարզունակ ասեմ. դարձել են ջղագրգիռ կամ ավելի քիչ ունակ զբաղվելու գործունեության բարձրագույն ձևերով: Դուք չեք կարող սրանք հաշվի չառնել: Այդպես հանգիստ մտնել բնության ֆունդամենտալ երևույթների մեջ ու փոխել չի կարելի: Հիմա երկրների միջև պայքար է գնում, թե ով կարող է առաջինը կատարյալ մարդու ստեղծման ծրագրերը կյանքի կոչել, բայց դրանց մեջ մարդկայնությունը չկա: Ստեղծվում են կատարյալ ռոբոտներ, որոնք կարող են փոխարինել ինժեներին, ճարտարապետին, անգամ ատամնաբույժների, բայց ոչ երբեք Մոցարտին, Շիրակացուն, Բուդդային, Քրիստոսին, որովհետև վերջիններիս համար ռոբոտն ընդամենը գործիք է, անկարևոր գործեր կատարող: Այս հեռանկարը տեսնում է նաև համաշխարհային ֆինանսական օլիգարխիան, որի պատասխանը ֆանտաստիկ է` մարդուն դարձնել սուպերմեն` կիսառոբոտ, կիսամարդ: Այսինքն, հաշվիչ մեքենաներով ուժեղացնում են նրա ուղեղը, կարող են մարմնի ինչ-որ մասեր փոխել ու այս ամենը կարող են անել գենային փոփոխություններով: Այլ խոսքով, մարդուն կարող են մոդիֆիկացնել ցանկացած ձևով, սարքել նրանց արհեստական էակներ, որոնց բնութագրերը մեզ պարզ չեն: 
-Մենք, որպես ժողովուրդ, չունե՞նք այս երևույթներին դիմակայելու ներքին պաշտպանական մեխանիզմ, թե՞ արտաքին այդ ուժերի «գործիքներն» են շատ:
-Հայաստանի ողջ պետական ապարատում աշխատողները արտաքին վերահսկողության գործիք են, որոնք լավ աշխատավարձ են ստանում, գնում են դուրս վերապատրաստվում, որը նրանց ավելի պրիմիտիվ է դարձնում: Այս ամենը լրիվ գռեհկացնում է մարդկային զարգացումը, թեև սա զարգացում չէ, այլ մեռյալ ճյուղ, որը ծառայում է իշխանության պահպանմանը: Այս համակարգը պահպանողների թիվը քիչ է, երկու կամ երեք հազար, բայց նրանք ունեն լծակներ, լրատվամիջոցներ, ՀԿ-ներ, քաղաքական դաշտ:

Աղբյուրը` "Իրատես.am" լրատվական

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: