Խորհրդային Հայաստանի բարձրագույն ղեկավարների ազգային կերպարը և ազգանվեր գործունեությունը

03 Հոկտեմբերի 2017

Խորհրդային Հայաստանի բարձրագույն ղեկավարները, լինելով կոմունստական գաղափարախոսության նվիրյալներ, միաժամանակ ջերմ հայրենասերներ և ազգային մեծ գործիչներ էին։ Մարքսիզմ-լենինիզմի ուսմունքի հիմնական, ելակետային դրույթներից մեկը բոլոր ազգերի ու ժողովուրդների իրավահավասարությունն է, եղբայրությունն ու փոխօգնությունը, բոլոր ազգերի ինքնուրույնությունը և ինքնորոշման իրավունքը՝ ընդհուպ սեփական անկախ պետության կազմավորումը։

Կոմունիստները եղել են նաև ինտերնացիոնալիստներ, բոլոր ազգերի ու ժողովուրդների միասնության և համերաշխության գաղափարի նվիրյալներ։ Նրանք դեմ են եղել միայն ազգայնամոլական բիրտ դրսևորումներին, երբ ոմանք չընդունելով բոլոր ազգերի իրավահավասարության գաղափարը, սեփական ազգին վեր են դասել այլ ժողովուրդներից և դարձել են մոլի, կույր ազգայնամոլներ։ Այդ «կծու», «թունդ» նացիոնալիզմը, որի վատթարագույն տեսակը ֆաշիզմն է, միշտ էլ մեծագույն չարիք է եղել բոլոր ազգերի ու ժողովուրդների համար։

Խորհրդային Միությունում ինտերնացիոնալիզմն ի սկզբանե եղել է իշխող գաղափարախոսություն։ Սակայն տարիների ընթացքում որոշակի շեղումներ եղել են պետության որդեգրած գաղափարական ուղուց։ Այդպիսի դրսևորումներից էր ԽՄԿԿ 25-րդ համագումարում ԽՄԿԿ կենտկոմի երկրորդ քարտուղար Մ․Սուսլովի առաջ քաշած գաղափարը՝ ձևավորել «սովետական ժողովուրդ»։ Այս գաղափարի մի քանի կողմնակիցներ ուզում էին բազմազգ խորհրդային ժողովրդին զրկել ազգային երանգից՝ լեզվից ու հոգեկերտվածքից և ստեղծել միատարր ժողովուրդ։ Խորհրդային Հայաստանի ղեկավարությունն ընդդիմացավ այդ քաղաքականության դեմ, նրանց աջակցեցին վրացիները և այլ ժողովուրդներ, որի արդյունքում այդ նախաձեռնությունը կյանքի չկոչվեց։

Խորհրդային Հայաստանի առաջնորդներից հսկայական ջանքեր, կամք, արիություն և քաղաքական ճկունություն էր պահանջվում հայ ժողովրդի ինքնությունը, ազգային ոգին, փառահեղ լեզուն, դարերի խորքից եկող հարուստ գրականությունը և մշակույթը պահպանելու համար։ Այդ խնդիրը նրանք արժանապատվությամբ կատարեցին, երբեմն հանիրավի մեղադրվելով կեղծ մեղադրանքներով։

Հատկանշական է, որ Խորհրդային Հայաստանի բոլոր ղեկավարները 1920 թ․-ից սկսած դիմել են ԽՍՀՄ ղեկավար մարմիններին և պահանջել Հայաստանի Հանրապետությանը վերադարձնել ապօրինաբար խլված և Ադրբեջանին բռնակցված Լեռնային Ղարաբաղն ու Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը։ Այդ խնդիրն առաջինը ձեռնարկեց Խորհրդային Հայաստանի կառավարության առաջին նախագահը՝ Ալեքսանդր Մյասնիկյանը։

Ալեքսանդր Մյասնիկյանը ծնունդով Նոր Նախիջևանից էր, Բելոռուսիայի Կոմունիստական կուսակցության և կառավարության հիմնադիրը, խորհրդային Ռուսաստանի Արևմտյան ռազմաճակատի գլխավոր հրամանատարը, Մոսկվայի քաղաքային կոմիտեի առաջին քարտուղարը։ Նորաստեղծ խորհրդային կարգերն ամրապնդելու համար նա նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության նախագահ։ Հետագայում, երբ ստեղծվեց Անդրկովկասի ֆեդերացիան (դաշնություն), Մյասնիկյանը դառնում է կուսակցության Անդրկովկասի կոմիտեի ղեկավարը, անհաշտ պայքար է մղում վրացի ազգայնամոլների՝ Մախարաձեի, Քավթառաձեի, Մդիվանու, ադրբեջանցի ծայրահեղականների դեմ։ Վրաց առաջնորդները պահանջում էին, որպեսզի իրենց հանրապետությունը դուրս գա Անդրֆեդերացիայից և մտնի Ռուսաստանի Ֆեդերացիայի կազմի մեջ։

Ալ․ Մյասնիկյանի ղեկավարման առաջին տարիներին Հայաստանը որբերի և գաղթականների, սովի ու համաճարակի մի երկիր էր։ Նա փրկեց հարյուր հազարավոր որբերի ու գաղթականների։ Ալ․ Մյասնիկյանը միշտ էլ Լեռնային Ղարաբաղը դիտել է իբրև Հայաստանի անբաժանելի մասը և մշտապես պայքարել է այն վերադարձնելու համար։

1921 թ․ հունիսի 12-ին Հայաստանի Խորհրդային Հանրապետության ժողկոմիսարների խորհրդի նախագահ Ալ․ Մյասնիկյանն արել է պաշտոնական հայտարարություն․ «Ադրբեջանի Սոցիալիստական խորհրդային հեղկոմի դեկլարացիայի և Հայաստանի ու Ադրբեջանի Խորհրդային հանրապետությունների կառավարությունների միջև եղած համաձայնության հիման վրա հայտարարվում է, որ Լեռնային Ղարաբաղը այժմվանից կազմում է Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության անբաժան մասը» (Վ․Միքայելյան, Լեռնային Ղարաբաղը 1918-1923 թթ․, Երևան, 1992 թ․, էջ՝ 621):

Ալ․Մյասնիկյանի հաստատուն և նվիրական գործունեությունը Անդրկովկասում դադարեցվեց ողբերգականորեն․ 1925 թ․ մարտի 22-ին Ալ․ Մյասնիկյանը, Գ․Աթարբեկյանի և Ս․ Մոգիլևսկու հետ «Յունկերս» ինքնաթիռով մեկնում են Թբիլիսիից Սուխում՝ մասնակցելու Աբխազիայի Հանրապետության խորհուրդների համագումարին։ Թբիլիսիից ոչ հեռու ինքնաթիռի հրկիզման հետևանքով նրանք և երկու օդաչուն զոհվում են։ Այդ առեղծվածային հրկիզման պատճառները շատերի մոտ տարակուսանք են առաջացնում։

Բացառիկ ազգային նկարագիր է ունեցել Աղասի Խանջյանը։ Նա Վանից էր։ Մեծապես հովանավորում էր հայ մշակույթի մեծ գործիչներին, հատկապես Եղիշե Չարենցին ու Ակսել Բակունցին։ Խանջյանը մշտապես բախումների մեջ էր Անդրկովկասի բարձրագույն ղեկավար նշանակված Լավրենտի Բերիայի հետ։

Ցավոք, ԽՄԿԿ-ի մեջ սղոսկել էին ոչ առողջ ուժեր, ովքեր ազգանվեր, հայրենանվեր գործիչների նկատմամբ վարում էին մեկուսացման, ոչնչացման քաղաքականություն։ Այդպես եղավ և Աղասի Խանջյանի հետ, ում ժողովրդականությունը բնավ դուր չէր գալիս Լ․Բերիային ու նրա գործակալներին։ Այդ հակամարտության մեջ որպես պատրվակ օգտագործեցին Հայաստանի Լուսավորության ժողկոմ Ներսիկ Ստեփանյանի, այսպես կոչված, գործը, ըստ որի նա, իբր, ստեղծել էր նացիոնալիստական կուսակցություն և դրանում ընդգրկել Ե․Չարենցին, Ա․Բակունցին և այլ մտավորականների։

Այդ անհիմն մեղադրանքների հիման վրա Թբիլիսիում մեծ բախում տեղի ունեցավ Բերիայի և Ա․ Խանջյանի միջև, որի ընթացքում Բերիան սպանեց Խանջյանին և իր յուրայինների միջոցով լուրեր տարածեց Խանջյանի ինքնասպանության մասին։ Այդ կեղծիքը Ստալինի մահվանից և Բերիայի կալանքից հետո բացահայտվեց։

Գրիգոր Հարությունյան՝ Հայաստանի Կոմկուսի առաջին քարտուղարն էր 1937-1953 թթ․։ Մինչև Հայաստան գալն աշխատել է Վրաստանում, Թբիլիսիի Կոմկուսի առաջին քարտուղարն էր։ Նրա թեկնածությունն առաջադրել էր Անդրֆեդերացիայի ղեկավար Լ․ Բերիան, սակայն նա երբեք Բերիայի դրածոն չի եղել։ Ընդհակառակը՝ Հարությունյանն առանձնահատուկ թշնամանք է տածել Բերիայի նկատմամբ, քանզի Բերիան Հարությունյանին Հայաստան տեղափոխելուց հետո մահվան է դատապարտում նրա հարազատ եղբորը, ով Վրաստանի շրջկոմներից մեկի քարտուղարն էր, ինչպես նաև նրա կնոջ եղբորը, ով Վրաստանի կառավարության նախագահի տեղակալն էր։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո աշխարհի երեք մեծ պետությունների համաժողով հրավիրվեց Պոտսդամում։ Աշխարհի հայությունը մեծ հույսեր էր կապում այդ համաժողովի հետ։ Ստալինն առաջարկել էր շտկել պատմական անարդարությունը և Հայաստանին ու Վրաստանին վերադարձնել Թուրքիայի բռնազավթած հողերը, սակայն Անգլիայի վարչապետ Ուինստոն Չերչիլը կտրականապես մերժում է այդ առաջարկը, իսկ Մ․Նահանգների նախագահ Գարի Տրումենը պաշտպանում է նրան։

1945 թ․ հոկտեմբերին Գ․ Հարությունյանը մեկնում է Մոսկվա՝ Ստալինի հետ պարզելու հայոց հողային պահանջի և սփյուռքահայերի Հայաստան վերադառնալու հարցերը։

Ստալինը գիտեր, որ հայերը հուսախաբված էին Պոտսդամի համաժողովից հետո։ Նա Գ․ Հարությունյանի մոտ արդարանում է, ասելով, որ պատմական արդարությունը միշտ չէ, որ հաջողվում է վերականգնել, ասում է, որ «մեր դաշնակիցներին ու Թուրքիային հայտնել ենք, որ Խորհրդային Միությունը օրակարգից չի հանում Թուրքիային ներկայացրած տարածքային պահանջները»։

Գ․ Հարությունյանը Ստալինին հայտնում է սփյուռքի 300 հազար հայերի հայրենիք վերադառնալու ցանկությունը։ Շատ շուտով կառավարությունը որոշում է ընդունում այդ մասին, թեև դրա իրականացման ընթացքը մեծ սխալներով է ուղեկցվում։

Գ․ Հարությունյանը խնդրում է Ստալինին, որպեսզի լուծի նաև Լեռնային Ղարաբաղը Հայաստանին վերադարձնելու հարցը և ներկայացնում է մի նամակ այդ մասին։ Ստալինը բացատրում է Հարությունյանին, որ Խորհրդային Միության տարածքում ևս հեշտ չէ տարածքային հարցերի լուծումը և խորհուրդ է տալիս այդ հարցի շուրջ խորհրդակցել Ադրբեջանի ղեկավար Բաղիրովի հետ։

ԽՍՀՄ կառավարության 1945 թ․ նոյեմբերի 21-ի որոշումը՝ «Արտասահմանից հայերի Խորհրդային Հայաստան վերադառնալու կապակցությամբ ձեռնարկվող միջոցառումների մասին» մեծ ոգևորություն էր առաջացրել հայերի մոտ, ողջունեցին աշխարհի բոլոր հայերը։

Ստալինի մահվանից հետո Գր․ Հարությունյանը սուր հակասությունների մեջ էր ԽՍՀՄ նորանշանակ ղեկավար Ն․Խրուշչովի հետ և ստիպված վատառողջ լինելու պատճառաբանությամբ ազատման դիմում է ներկայացնում։ Սակայն վարկաբեկելու մեծ ցանկությամբ Խրուշչովը նրան մեղադրում է որպես Բերիայի դրածո գործակալի։ Մոսկվայի սադրանքներով Գր․ Հարությունյանի դեմ հանդես են գալիս մի քանի կոփված զրպարտիչներ, հատկապես ավտոտրանսպորտի և ճանապարհաշինարարության նախարար Շմավոն Առուշանյանը և նրա շուրջ համախմբված պաշտոնամոլներ, ինչպես նաև մտավորականության մի քանի ներկայացուցիչներ, ովքեր մոլորության մեջ ընկած աջակցում էին զրպարտիչներին։

Գր․ Հարությունյանի հարցը նախ՝ քննարկվում է Մոսկվայում, ապա տեղափոխվում Երևան։ Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի պլենումում, Մոսկվայի ներկայացուցիչների թելադրանքով բազմաթիվ սուտ ու պատիր մեղադրանքներ են առաջադրվում այդ մեծատառով մարդու, Հայաստանը շենացնող ղեկավարի դեմ և ազատում զբաղեցրած պաշտոնից։

Ցավով եմ նշում, որ այսօր Երևանում գեթ մեկ փողոց չկա, որ կրի Երևանը հիմնովին վերակառուցած ու կերպարանափոխած Գրիգոր Հարությունյանի անունը։

Յակով Զարոբյան․ Հայաստանի Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղարն է եղել 1960-1966 թթ․։ Ծնվել է Բաթումի մարզի Արդվին քաղաքում։ Զարոբյանները 1914 թ․ ընտանիքով տեղափոխվում են Ուկրաինա և բնակություն հաստատում Խարկով քաղաքում։

1938 թ․ Յակով Զարոբյանն ավարտում է Խարկովի էլեկտրատեխնիկական ինստիտուտը, որից հետո ընտրվում է քաղաքի կուսշրջկոմի առաջին քարտուղար։ Կուսակցական աշխատանք է կատարել Ուկրաինայի և Ռուսաստանի մի շարք քաղաքներում։ 1949 թ․ տեղափոխվում է Հայաստան։

Երևանում աշխատում է Կուսկենտկոմում՝ որպես վարչական մարմինների բաժնի վարիչ, ապա ընտրվում է Երևանի քաղկոմի քարտուղար։

1953-58 թթ․ ընտրվել է Կոմկուսի քարտուղար՝ արդյունաբերության գծով, ապա նշանակվել է հանրապետության կառավարության նախագահի առաջին տեղակալ, Կենտկոմի երկրորդ քարտուղար, իսկ 1960 թ․ դեկտեմբերին ընտրվում է Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար։

Այդ միանգամայն հասուն, փորձառու և հեռատես գործիչն իր աշխատած վեց տարվա ընթացքում կարողացավ լուծել տնտեսական, սոցիալական և քաղաքական այն կնճռոտ հարցերը, որոնք կուտակվել էին հանրապետությունում։ Հայաստանում նոր թափ է ստանում էլեկտրատեխնիկական գործարանների շինարարությունը, հաստոցաշինությունը, թեթև և սննդի արդյունաբերության օբյեկտների շինարարությունը։ Նրա ջանքերի շնորհիվ լուծվում է Սևանի փրկության խնդիրը՝ սկսվում է Արփա-Սևան 48 կմ երկարությամբ թունելի կառուցումը։ Ստեղծվում է սփյուռքի պետական կոմիտեն, լույս է ընծայվում «Հայրենիքի ձայն» թերթը, թույլատրվում է մինչ այդ արգելված զորավար Անդրանիկին նվիրված գրքի հրատարակությունը, կառուցվում է Երևանի պետական համալսարանի նոր շենքը և շատ այլ հայրենանվեր աշխատանքների սկիզբն է դրվում։

Զարոբյանի գլխավոր սխրանքը 1915 թ․ Հայոց ցեղասպանության հիշատակման վրա դրված արգելքի վերացումն էր, Ցեղասպանության 50-ամյակին ապրիլի 24-ը հայ անմեղ զոհերի հիշատակման օր ընդունելը։ Այդ հարցի առնչությամբ Մոսկվայից Զարոբյանը կարողանում է համաձայնություն ստանալ՝ Ծիծեռնակաբերդում Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթող կառուցելու համար։

Ցեղասպանությունից հետո սփյուռքի հայաշատ բոլոր գաղթօջախներում եղեռնի սարսափների հիշատակման օրը սգո արարողություններով նշում էին, հրատարակում էին բազմաթիվ գրքեր և ուսումնասիրություններ, իսկ Հայաստանում արգելված էր այդ մասին խոսելը, քանի որ ԽՍՀՄ-ի և Թուրքիայի միջև «բարեկամության և եղբայրության» պայմանագիր էր կնքվել։ Հայոց ցեղասպանության մասին հիշատակումը որակվում էր ազգայնամոլություն և դատապարտվում էր ամենախիստ պատժով։

Այդ անարդարության դեմ ընդվզեց Զարոբյանը և ձեռնամուխ եղավ արդարության վերականգնմանը։ 1965 թ․՝ Ցեղասպանության 50-ամյակի նախօրեին նա մեկնում է Մոսկվա, անձնական հանդիպումներ ունենում Կենտկոմի քաղբյուրոյի բոլոր անդամների և կառավարության անդամների հետ, կարողանում է համոզել նրանց և համաձայնություն ձեռք բերել Ցեղասպանության հիշատակման օրը սգո հանդիսավորությամբ նշելու մասին։

Մոսկվայի այդ որոշումը Հայաստանում ցնծությամբ ընդունվեց։ Ոգևորությունն այնքան մեծ էր, որ Ցեղասպանության 50-ամյակի օրը Երևանի ոուսանողությունը դուրս եկավ ինքնաբուխ ցույցի, նրանց շարասյուներին միացան նաև անվանի գրողներ, մտավորականներ։

Այդ օրը Երևանի օպերայի և բալետի թատրոնում հրավիրված էր հանդիսավոր նիստ՝ նվիրված Ցեղասպանության 50-ամյակին։ Նախագահում էին Կոմկուսի և կառավարության ղեկավարները։ Նիստը վարում էր ՀՀ գերագույն խորհրդի նախագահ, ակադեմիկոս Նագուշ Հարությունյանը, զեկուցողը աշխարհահռչակ գիտնական Վիկտոր Համբարձումյանն էր։ Ներկա էր նաև Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինը։

Հանդիսավոր նիստը դեռ չէր ավարտվել, երբ ցույցի մասնակիցները մոտենում և ցանկանում են դահլիճ մտնել, սակայն ներքին գործերի նախարար Պիսկոնովի հրամանով նրանց ներս չեն թողնում։ Սկսվում են անկարգություններ, երիտասարդները դրսից քարեր են նետում և կոտրում օպերայի վերնահարկի ապակիները։

Այդ միջադեպը ծանր հարված հասցրեց Յակով Զարոբյանին։ Նա խորապես ազդված էր, իսկ նրան շրջապատող կարիերիստները ցնծության մեջ էն, լավ հասկանալով, որ Մոսկվան չի ների Զարոբյանին՝ այդ միջադեպի համար։ Այդպես էլ եղավ։

Հայաստանի Կոմկուսի կենտկոմի բյուրոն անվստահություն հայտնեց Զարոբյանին, այնուհետև նա ազատվեց աշխատանքից և տեղափոխվեց Մոսկվա, իսկ մի քանի տարի անց վախճանվեց։ Սակայն նրա ձեռնարկած գործը հաղթանակեց, կառուցվեց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանը։

Յակով Զարոբյանից հետո Հայաստանի Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար նշանակվեց Անտոն Քոչինյանը։

Ա․ Քոչինյանը, թեև հիմնավոր բարձրագույն կրթություն չէր ստացել՝ ավարտել էր Երևանի կուսակցական դպրոցը և Մոսկվայի կուսակցական կազմակերպիչների բարձրագույն դպրոցը, սակայն օժտված էր կազմակերպչի մեծ տաղանդով։ Նրա կազմակերպչական տաղանդը և մարդկանց հետ աշխատելու ունակությունները դրսևորվեցին, երբ նա անցավ ինքնուրույն աշխատանքի՝ ընտրվելով Երևանի Կիրովի կուսշրջկոմի, ապա՝ Կոտայքի կուսշրջկոմի առաջին քարտուղար։ Նա աշխատել է նաև Կոմկուսում՝ իբրև կադրերի գծով կենտկոմի քարտուղար, Երևանի նորաստեղծ օկրուգի քարտուղար։

1952 թ․ Քոչինյանը նշանակվում է Հայաստանի նախարարների խորհրդի նախագահ և այդ պաշտոնը վարում է 14 տարի։ Նա մեծ ներդրում ունեցավ հանրապետության սոցիալ-տնտեսական և գիտամշակութային զարգացման գործում։

Անտոն Քոչինյանի աշխատանքային ոճը շատ ուշագրավ էր։ Նա «վերևինների» նկատմամբ միշտ սիրալիր էր, «ներքևինների» հետ միշտ ուշադիր և ունկնդիր։ Նա չէր սիրում գրասենյակային աշխատանքը։ Նրա տարերքը ակտիվ աշխատանքն էր Հայաստանի քաղաքներում և գյուղերում, արտադրական ձեռնարկություններում և կառույցներում, կոլտնտեսություններում և սովխոզներում։ Քոչինյանը նաև լավ որսորդ էր, բնապաշտ ու բնության սիրահար։ Ուներ հիանալի հիշողություն, անձամբ ճանաչում էր արտադրության բոլոր ղեկավարներին ու հազարավոր շարքային աշխատողների։ Քոչինյանի միակ սխալը թույլ պահանջկոտությունն էր կադրերի և հովանավորչությունը՝ յուրայինների նկատմամբ, որի համար նա հետագայում խիստ քննադատության ենթարկվեց։

Քոչինյանն, ինչպես իր նախորդները, նույնպես մեծ հայրենասեր էր, առանձնահատուկ հարգանքով էր վերաբերվում աշխատավոր մարդկանց։

1966 թ․ Լեռնային Ղարաբաղից 48 հազար մարդու ստորագրությամբ նամակ է ուղարկվում Մոսկվա, կենտկոմին՝ խնդրելով, որպեսզի ԼՂԻՄ-ը վերադարձվի Հայաստանի Հանրապետությանը։ Այդ խնդրանքը Հայաստանում շատերն էին պաշտպանում։ Այդպիսի խնդրանք ներկայացրին նաև Վիկտոր Համբարձումյանը, Մարտիրոս Սարյանը, Արամ Խաչատրյանը, Սերո Խանզադյանը և այլք։

Բոլոր դիմումներն ու խնդրանքները Քոչինյանը ներկայացնում է միութենական Կոմկուսի քարտուղար Կապիտոնովին, ով այդ մասին զեկուցում էր գլխավոր քարտուղար Լեոնիդ Բրեժնևին։ Քոչինյանը հանդիպում է քաղբյուրոյի բոլոր անդամների հետ, բացի Սուսլովից, ով այդ ժամանակ արձակուրդում էր գտնվում։

Կենտկոմի քարտուղարությունը, Լ․Բրեժնևի հանձնարարությամբ, Կիրիլենկոյի ստորագրությամբ որոշում է կայացնում՝ հանձնարարել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին՝ քննարկել Ղարաբաղի հարցը և իրենց կարծիքը ներկայացնել քաղբյուրոյին։ Այդ որոշումն ուղարկվում է Հայաստան, Լեռնային Ղարաբաղ և Ադրբեջան։

Ադրբեջանի Կոմկուսի կենտոմի առաջին քարտուղար Ախունդովը խուսափում է Ա․ Քոչինյանի հետ հանդիպելուց, մինչև Սուսլովի վերադարձը։

Ախունդովը Սուսլովին ներկայանալով՝ խնդրում է, որպեսզի կենտկոմի քարտուղարությունը հետ պահանջի իր որոշումը։ Սուսլովն, իր հերթին, խորհուրդ է տալիս Ախունդովին հանդիպել Քոչինյանի հետ և հայտնում է, որ կենտրոնական կոմիտեն հետ է պահանջում իր որոշումը։

Հետագայում Ադրբեջանի կենտկոմի առաջին քարտուղար է դառնում Հեյդար Ալիևը, ով սերտ հարաբերություններ է ստեղծում Բրեժնևի և Սուսլովի հետ, նրանց համոզում է, որ Ղարաբաղի հայերը չեն ուզում դուրս գալ Ադրբեջանի կազմից, որ Ղարաբաղի հարցը բարձրացնում են Հայաստանի ազգայնամոլ ղեկավարները՝ Քոչինյանի անմիջական նախաձեռնությամբ, և պահանջում է, որ այդ հարցը երբևէ չքննարկվի։

Ա․ Քոչինյանը կրկին հանդիպում է Բրեժնևի հետ, ով հայտնում է, որ Ղարաբաղի հարցին կարելի է անդրադառնալ նոր Սահմանադրության նախագծի քննարկման ժամանակ։ Բրեժնևը զանգահարում է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահ Պոդգոռնուն, պահանջում է հեղինակավոր իրավաբանների կարծիքը՝ Ղարաբաղի հարցի վերաբերյալ, և այդ հարցը քննարկել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ։

Հետագայում սահմանադրական հանձնաժողովը մի շարք նիստեր է գումարում, բայց Ղարաբաղի հարցին չի անդրադառնում։ Ա․Քոչինյանն իր հուշերում գրում է, որ իրեն պաշտոնից ազատելուց և կենսաթոշակի ուղարկելուց հետո ոչ ոք չի հետաքրքրվել Ղարաբաղի հարցով։ Մի քանի տարի անց աշխատանքից ազատվում է նաև Պոտգոռնին, և այդ գործը հանձնվում է արխիվ։

Կարեն Դեմիրճյան․ ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար է աշխատել 1974-1988 թթ․։ Խոշոր ներդրում ունի Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական և գիտամշակութային զարգացման գործում, սակայն իր աշխատած 14 տարվա ընթացքում երբեք չի բարձրացրել Ղարաբաղի կամ Նախիջևանի հարցերը։ Նրա և հանրապետության կառավարության նախագահ, ծնունդով նախիջևանցի Ֆադեյ Սարգսյանի աչքի առաջ լիովին հայաթափվում է Նախիջևանը, բայց այդ հայ առաջնորդները երբեք չբողոքեցին Ադրբեջանի իշխանությունների բացահայտ ապօրինությունների դեմ։

Դեմիրճյանը բազում մեծ ու փոքր հարցեր է լուծել Մոսկվայի հետ, հանդիպումներ է ունեցել կուսակցական շատ ղեկավարների հետ, նրանցից հաճախ է խնդրել Հայաստանին հատկացնել կարագի, մսի, խտացված անասնակերի լրացուցիչ ֆոնդեր, սակայն երբեք չի բարձրացրել ո՛չ Ղարաբաղի, ո՛չ Նախիջևանի հարցը։

Ղարաբաղի ինքնորոշման հարցում խիստ կրավորական և երկչոտ դիրք են գրավել նաև ԼՂԻՄ-ի ղեկավարներ Կևորկովն ու Մելքումյանը։

Կարեն Դեմիրճյանին փոխարինում է Սուրեն Հարությունյանը։ Հայաստանի Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար աշխատեց երկու տարի՝ 1988-1990 թթ․։ ԽՍՀՄ վերջին ժամանակաշրջանի բարձրագույն ղեկավարներից ոչ ոք այնպիսի լարված ու ծայրահեղ բարդ իրադրության պայմաններում չի աշխատել, որքան Սուրեն Հարությունյանը։ Այդ երկու տարին Երևանում Հայոց համազգային շարժման բազմահազարանոց միտինգների, գործադուլների, պետական իշխանության մարմինների, նիստերի դահլիճների շրջափակումների, պաշտոնատար անձանց և պատգամավորների վրա բիրտ հարձակումների ժամանակաշրջան էր։ Այդ տարիներին նաև վրա հասավ մեծագույն աղետը՝ Սպիտակի երկրաշարժը, հրատապ դարձան Ադրբեջանից փախստականների ընդունման և այլ հարցեր։ Այս ամենով հանդերձ, ի պատիվ հայ ղեկավարների, Հայաստանում այնպիսի արյունահեղություններ չեղան, ինչպես Վրաստանում և Ադրբեջանում։

Սուրեն Հարությունյանը ԽՍՀՄ-ի բարձրագույն մարմիններում սկզբունքորեն և սրությամբ պաշտպանել է Ղարաբաղի և հայ ժողովրդի շահերը։ Մինչ այդ, Խորհրդային Հայաստանի ղեկավարներից ոչ ոք համամիութենական ամբիոններից նրա պես խիստ չի հնչեցրել հայ ժողովրդի պատվի ու արժանապատվության, ազգային ազատագրական հարցերը։ 1989 թ․ սեպտեմբերին Կոմկուսի պլենումում, ուր քննարկվում էր կուսակցության ազգային քաղաքականության հարցը, Ս․ Հարությունյանն իր ելույթում խստորեն քննադատեց կուսակցության կենտկոմին, քաղբյուրոյին, ԽՍՀՄ Գերագույն խորհրդին և կառավարությանն այն բանի համար, որ ըստ պատշաճի չեն զբաղվել ազգամիջյան սուր հակասություններով, քաղաքական գնահատական չեն տվել և չեն կարգավորել դրանք։ 1990 թ․ ապրիլի 6-ին Ս․ Հարությունյանը Հայաստանի Կոմկուսի կենտկոմի պլենումի որոշմամբ ազատվում է զբաղեցրած պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ Պլենումը նրան շնորհակալություն հայտնեց «հանրապետության կուսակցական կազմակերպությունում կատարած աշխատանքի համար» (Ս․Հարությունյան, «Հուշագրություն՝ անցյալի և ներկայի մասին», էջ 245-338)։

Վլադիմիր Մովսիսյան․ Սուրեն Հարությունյանն իր հրաժարականից հետո շատ ազնիվ ու հայրենանվեր գործ կատարեց՝ առաջարկելով կենտկոմի առաջին քարտուղար նշանակել Վլադիմիր Մովսիսյանին, ով տիրող իրադրության պայմաններում լավագույն թեկնածուն էր։ Վլ․Մովսիսյանի թեկնածությունը հավանության արժանացավ և՛ Երևանում, և՛ Մոսկվայում։

Նրա գործունեության առաջին օրերին Մոսկվայից առաջարկեցին Հայաստանում արտակարգ վիճակ մտցնել, բայց առաջարկությունը կտրուկ մերժվեց։ Այդ ժամանակ ժողովրդի մի մասը զինված էր, և բախումը զինվորականների հետ անխուսափելի կլիներ։

Մերժմանն ի պատասխան, Մ․Գորբաչովը հրամանագիր ստորագրեց՝ օրենսդրությամբ չնախատեսված զինված կազմակերպությունների գործունեությունն արգելելու և անօրինական զենք պահելու համար մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու մասին։

Գորբաչովի այդ որոշումը Վլ․Մովսիսյանը բողոքարկեց, քանի որ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կառավարությունը վերացրել էր խորհրդային և կուսակցական ղեկավար մարմինները, Հայաստանը գտնվում էր շրջափակման մեջ, ուստի առանց այդ հարցերը լուծելու, չէր կարելի ժողովրդին զինաթափել, դա կնշանակեր կործանում։

1990 թ․ հուլիսին տեղի ունեցավ միութենական Կոմկուսի 28-րդ համագումարը, որը քննարկեց Մ․Գորբաչովի հաշվետվությունը։ Համագումարում ելույթ ունեցավ նաև Վլ․Մովսիսյանը և ազգային քաղաքականության բնագավառում կենտկոմի աշխատանքը գահատեց անբավարար։ Նա կենտկոմին մեղադրում էր ազգամիջյան բռնարարքներին քաղաքական և իրավական գնահատական չտալու, Սումգայիթում և այլուր իրականացված վանդալիզմը չդատապարտելու համար։ Ղարաբաղում վերացվել էր մարզի ինքնավարությունը, իսկ մարզային իշխանությունների գործառույթները փոխարինվել էին զինվորական իշխանությամբ։ Նա պահանջեց նաև չեղյալ հայտարարել 1921 թ․ անիրավազոր միջազգային պայմանագրերը՝ Հայաստանի վերաբերյալ, ինչպես նաև քաղբյուրոյի 1988 թ․ փետրվարի 21-ի որոշումը՝ ԼՂԻՄ-ի վերաբերյալ։

Վլ․ Մովսիսյանը հայտարարեց նաև, որ ամբողջովին ձախողվել է երկրաշարժի հետևանքների վերացման ծրագիրը։ Հայաստանի 3,5 մլն բնակիչներից մոտ մեկ միլիոնը, ներառյալ 260 հազար փախստականներն արդեն երրորդ ձմեռն անցկացնում էին վրաններում կամ ժամանակավոր կացարաններում։ Նա պահանջեց մշակել և հաստատել երկրաշարժի հետևանքների վերացման պետական ծրագիր, ինչպես նաև ճանաչել փախստականների իրավական կարգավիճակը։

Վլ․ Մովսիսյանը բազմիցս պահանջել է Գորբաչովից՝ արդարացի լուծում տալ ԼՂ հարցին, բայց երբ համոզվեց, որ նա չի ուզում կամ չի կարողանում հարցը լուծել, պաշտոնապես հրաժարվեց միութենական կուսակցության քաղբյուրոյի անդամությունից։

Հետագայում նա ծանր հիվանդացավ և ազատվեց Հայաստանի Կոմկուսի առաջին քարտուղարի պաշտոնից։

Բուժվելուց հետո շարունակեց ազնվորեն ծառայել իր ժողովրդին։ Լինելով փախստականների կոմիտեի նախագահ, ընդունել և տեղավորել է շուրջ կես միլիոն փախստականի։ Նրա ջանքերով ԼՂ-ում կառուցվել և վերականգնվել է 2837 տուն, որոնցում վերաբնակվել է 37 հազար մարդ։

Տարիներ շարունակ նա ՀՀ նախագահի հանձնարարությամբ զբաղվել է Սևանի գերխնդրի և նրա բնական ռեսուրսների վերականգնման հարցերով։

Կազմակերպական բացառիկ տաղանդի տեր այդ գործիչը վախճանվեց մի քանի ամիս առաջ։

Վլադիմիր Մովսիսյանը գրել է սքանչելի հուշագրություն՝ «Հողի ճակատագրով» վերնագիրը կրող, որը կյանքի և իմաստության շտեմարան է ապրողներիս համար։

Սարգիս Խաչատրյան

ՀՀ առաջադիմական կոմունիստական կուսակցության

նախագահի տեղակալ, պրոֆեսոր

Հ․Գ․- Հնուց եկած խոսք կա՝ ընտանիքն առանց այլանդակի չի լինում։ Հայաստանի Երկրորդ Հանրապետության անբասիր և հայրենասեր բարձրագույն ղեկավարների շարքում կար մեկ ազգադավ անձ, ով Լավրենտի Բերիայի բացահայտ դրածոն էր և աշխատեց երկու տարի՝ որպես Հայաստանի Կոմկուսի ղեկավար։ Այդ երկու տարվա ընթացքում հասցրեց կատարել բազմաթիվ բռնարարքներ և չարագործություններ Հայաստանի մտավորականության հանդեպ։

Այդ անձը Ամատունի Սիմոնի Ամատունին էր։

Նա ծնվել էր Գանձակում (Կիրովաբադ), ավարտել էր Մոսկվայի Կարմիր պրոֆեսորների ինստիտուտը, կոմերիտական աշխատանք է կատարել Բաքվում և Թբիլիսիում։

1935 թ․, Բերիայի երաշխավորությամբ, ընտրվել է Հայաստանի Կոմկուսի երկրորդ քրտուղար և աշխատել մինչև Խանջյանի սպանությունը, ապա ընտրվել է Կոմկուսի առաջին քարտուղար։ Նրան հանձնարարված էր մինչև վերջ «բացահայտել» Խանջյանի սխալները և «վերացնել»։

1936 թ․ Բերիայի և Ամատունու ջանքերով ձերբակալվում է լուսավորության ժողկոմ, տաղանդավոր մտավորական Ներսիկ Ստեփանյանը, ում մեղադրեցին որպես հակախորհրդային, ազգայնամոլական, ահաբեկչական ընդհատակյա խմբի ղեկավարի։ Այդ հորինված խմբի անդամներ էին համարվում գրողներ՝ Չարենցը, Բակունցը, Թոթովենցը, Ալազանը, Մահարին, Մ․Արմենը և այլք։ Նրանք կալանավորվեցին և դատապարտվեցին մահվան։

Չփրկվեց նաև չարագործ Ամատունին։ Հայաստանի Կոմկուսին գրած Ստալինի ցասկոտ նամակից հետո կուսշարքերից հեռացվեցին և կալանավորվեցին հարյուրավոր մարդիկ, որոնց թվում նաև Ամատունին։

Նրան տեղափոխում են Մոսկվա, որտեղ Գերագույն դատարանի զինվորական կոլեգիան դատապարտում է մահվան և գնդակահարում է։ Սակայն հետագայում հետմահու արդարացվել է։

Սարգիս Խաչատրյան

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: