Հարցազրույց` Իրանագետ Վարդան Ոսկանյանի հետ

23 Հունիսի 2017

Մեր հյուրն է իրանագետ Վարդան Ոսկանյանը 

Մերձավոր արևելքը բարդ ժամանակներ է ապրում: Տեղի ունեցավ Սաուդյան Արաբիայի գագաթաժողովը, դրան հաջորդեցին Կատարի դեպքերը, մի քանի օր առաջ Իրաքի քրդերը հայտարարեցին անկախության հանրաքվե անցկացնելու մտադրության մասին: Արդյո՞ք այս իրադարձությունները նպատակ չունեն սեղմելու Իրանի շուրջ օղակը:

– Ակնհայտ է, որ Թրամփի՝ Սաուդյան Արաբիա այցից հետո, երբ փորձ կատարվեց ստեղծելու հակաիրանական դաշինք, որոշակիորեն կարող է խոսք գնալ տարածաշրջանում նոր փուլի մեկնարկի մասին: Փուլ, որը ենթադրում է Իրանի հանդեպ ավելի խիստ մոտեցումներ Իրանի՝ տարածաշրջանային մրցակիցների կամ հակառակորդների կողմից և աջակցություն այդ մոտեցումներին ԱՄՆ–ի գործող վարչակարգի կողմից: Սակայն մի կարևոր հանգամանք պետք է հաշվի առնել՝ առաջին օրը չէ, որ իրանցիները տարածաշրջանում պետականության ավանդույթ ունեն: Տվյալ դեպքերի համար նրանք ունեն բավական հստակ դիրքորոշումներ և առաջ են շարժվում սեփական պետության շահերի պահպանության տրամաբանությամբ, ընդ որում, բավական ակտիվ ներկայություն ունենալով մերձավորարևելյան տարածաշրջանի բազմաթիվ կետերում՝ սկսած Լիբանանից, վերջացրած Եմենով և Աֆղանստանով: Հետևաբար, չնայած առկա ջանքերին՝ Իրանին մեկուսացնելն անարդյունավետ քաղաքականություն կլինի:

Կոնկրետ իրաքյան քրդերի հետ կապված՝ Իրանը դեմ է արտահայտվել անկախության հանրաքվեին: Իսկ Իրանի տարածքում ապրող քրդերի շրջանում ի՞նչ տրամադրություններ կան, հնարավո՞ր են հուզումներ:

– Անկախության հանրաքվեի մասին հայտարարություններ պարբերաբար հնչում են: Սա առաջին դեպքը չէ, երբ Իրաքյան Քրդստանի ղեկավարությունը հայտարարում է իր այդ մտադրության մասին: Բայց որևէ դեպքում այդ հանրաքվեն չի կազմակերպվել: Հետևաբար պետք է սպասել, որ գործընթացն ինչ–որ առումով ավելի լրջանա և հասկանալ, արդյո՞ք սա հերթական փորձը չէ՝ ճշգրտելու տարածաշրջանի և արտատարածաշրջանային ուժերի դիրքորոշումները: Անշուշտ, իրանցիները դեմ են այդ անկախությանը և պաշտպանում են Իրաքի տարածքային ամբողջականությանը՝ ֆեդերատիվ սկզբունքներով: Սա ունի իր պատճառները: Իրանի ներսում էլ կան քրդեր: Հատկապես սուննիաբնակ շրջաններում որոշակի գործունեություն են ծավալում նաև իսլամիստական տարբեր կառույցներ, այդ թվում՝ ԻՊ–ը: Սակայն իրանցիները սեփական երկրի ներսում քրդերի հանդեպ ճնշման քաղաքականություն չեն վարում: Հակառակը, իրանական քրդերը լայնորեն ներկայացված են թե ՏԻՄ–երում, թե կենտրոնական կառավարման համակարգում: Այս իմաստով, եթե համեմատելու լինենք իրավիճակը քրդաբնակ շրջաններ ունեցող չորս պետություններում՝ Իրաքում, Թուրքիայում, Սիրիայում և Իրանում, ապա կտեսնենք, որ Իրանում իրավիճակը ամենաբարվոքն է: Նույնիսկ միջազգային մամուլում քրդական հարցի համատեքստում Իրանը դուրս է մնում ուշադրությունից, որովհետև Իրանի իշխանությունները հստակորեն կառավարում են իրավիճակը ոչ միայն վերահսկողությունը չթուլացնելու հանգամանքի շնորհիվ, այլև իրենց երկրի քրդերին շնորհելով զգալի արտոնություններ թե քաղաքական, թե տնտեսական, թե մշակութային դաշտում: Նախագահ Ռոհանիի կառավարման շրջանում էր, որ քրդերենի ուսումնասիրության ամբիոն բացվեց քրդաբնակ շրջանների համալսարաններից մեկում: Քրդերենն օգտագործվում է տեղական հեռուստատեսության, մամուլի հրապարակումներում: Այս իմաստով Իրանում որևէ արգելք չի եղել: Ուստի իրավիճակը համեմատելի չէ, դիցուք, Թուրքիայի հետ, որտեղ իշխանությունները պերմանենտ բախման մեջ են քրդական բնակչության հետ:
Բայց որոշ ծայրահեղական կառույցներ և նրանց հետևում կանգնած ուժեր ձգտում են ապակայունացնել իրավիճակը՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ Թեհրանում վերջին ահաբեկչությունն իրականացրած անձինք սերում էին Իրանի քրդաբնակ շրջաններից: Այդ առումով սաուդական մամուլը և հակաիրանական այլ ԶԼՄ–ներ փորձում են իրավիճակը ուռճացված ներկայացնել:

Իսկ իրանական քրդերը անկախության ցանկություն կամ մտադրություն երբեք չե՞ն ունեցել:

– Բարզանիների տոհմը սերում է Իրաքից, սակայն այս իմաստով Իրանը իր պատմության ընթացքում որոշակի խնդիրներ ունեցել է կապված քրդական հարցի հետ: Սակայն այսօր քրդական անկախության կամ ինքավարության խնդիր Իրանի օրակարգում, նույնիսկ տեղական մակարդակում առկա չէ: Դա քննարկման հարց չէ նույնիսկ իրանցի քուրդ մտավորականների շրջանում: Բացի այդ, պետք է հաշվի առնել, որ քրդերը իրանական ժողովուրդներից մեկն են: Թե լեզվի, թե մշակութային պատկանելության առումով քրդերը իրանցիներ են լայն իմաստով: Հետևաբար, այս առումով էլ իրավիճակը խիստ տարբեր է արաբական և թուրքական միջավայրում ապրող քրդերի պարագայից:

Թուրքիայի մասով: Հանգամանքներն այնպես են դասավորվել, որ այս պահին Թուրքիան Իրանի համար դարձել է կարևոր գործընկեր՝ և Քաթարի, և իրաքյան քրդերի դեպքում: Թուրքիայի հետ այս համագործակցությունը ավելի շատ մարտավարակա՞ն խնդիր է:

– Իրանցիները վարում են չափազանց խելամիտ քաղաքականություն: Եթե ուշադիր հետևեք զարգացումներին, կտեսնեք, որ Քաթարի հարցում ականատես ենք լինում Թուրքիայի ու Սաուդյան Արաբիայի շահերի բախմանը: Չնայած գործընթացի սկզբնական հատվածում իրանցիները ներկա էին և, ըստ էության, Իրանի հետ հարաբերություններն էին պատրվակ Քաթարի նկատմամբ Սաուդյան Արաբիայի ու նրա արբանյակների կողմից կիրառված պատժամիջոցների, սակայն այժմ իրանցիները կարծես թե քաշվել են հետին պլան, և հիմնական հակամարտող կողմերը դարձել են Թուրքիան ու Սաուդյան Արաբիան: Իրաքյան Քրդստանի պարագայում էլ Իրանը արտգործնախարարության խոսնակի մակարդակով հայտնել է դիրքորոշում, բայց այս պահի դրությամբ հարցի առնչությամբ ամենասուր քննադատություններ ու բախման տանող հռետորաբանություն տեսնում ենք թուրքական իշխանությունների կողմից: Հետևաբար այս վերջին շրջափուլում իրանցիները Թուրքիայի հետ իրենց հարաբերությունները կառուցում են ոչ թե դաշնակցային սկզբունքով, այլ իրավիճակային լուծումներ գտնելու տրամաբանությամբ:

Ստացվում է՝ Իրանն առաջին գիծ է մղում Թուրքիային՝ նրա վրա ուղղելով գլխավոր հարվածը:

– Կարծես թե այդպես է: Նրանք գործընթացը նախաձեռնում են, հետո հետ են քաշվում, և Թուրքիան մնում է հիմնական հարվածի թիրախ: Սա խելամիտ և արդարացված քաղաքականություն է՝ Իրանի շահերի տեսանկյունից:

Իսկ ընդհանրապես Մերձավոր արևելքի այս խմորումները մինչև ո՞ւր կարող են հասնել:

– Մերձավոր արևելքում հիմնականում արտատարածաշրջանային ներկայության և միջամտությունների հետևանքով ստեղծվել է բավականին բարդ իրավիճակ: Բայց որքան էլ պարադոքսալ հնչի, այդ վիճակն այս տարածքի համար բնական է: Իր պատմության գրեթե ողջ ընթացքում Մերձավոր արևելքն ունեցել է նման կոնֆլիկտներ: Բայց կա մեկ այլ կարևոր հանգամանք էլ՝ իրանցիների համար էլ այս իրավիճակն ինչ–որ առումով բնական է: Մոտ 3000 տարի իրանցիները սովորել են այս վիճակներում ապրել, աշխատել և սեփական պետությունն ամրապնդել: Հետևաբար նրանք ունեն ողջ գործիքակազմը, կամքն ու վճռականությունը տարածաշրջանում շարունակելու իրենց գերակշիռ դերակատարությունը: Դերակատարություն, որը նպաստում է տարածաշրջանի կայունացմանը: Այս իմաստով, եթե Մերձավոր արևելքում կա որևէ երկիր, որն ի վիճակի է կայունացնել այստեղ ստեղծված շատ դեպքերում ճգնաժամային վիճակները, ապա դա Իրանն է:

Արփի Սահակյան

 

 

 

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: