Հարցազրույց՝ հայ լրագրող և գրող Վահան Իշխանյանի հետ

11 Հունիսի 2017

        Աշխարհում  բազմաթիվ ճգնաժամերի պատճառը նեոլիբերալիզմն ու կապիտալիզմն է, սակայն հենց այդ ճգնաժամի հեղինակները իրենց մէջ չկարողանալով տեսնել դրանց պատճառը, կեղծ թիրախներ են ստեղծում՝ մուսուլմանություն կամ Ռուսաստան: Սովետական միության փլուզումից հետո իշխանության եկած ուժերը տարան նեոլիբերալ տնտեսական քաղաքականություն՝ հիմնված սեփականաշնորհման, անձնական շահի բավարարման վրա, մի խումբ մարդիկ Սովետից ժառանգված ամբողջ հարստությունը իրար մեջ բաժանեցին, հարստացան, իսկ հազարավոր մարդիկ աղքատացան կամ հեռացան երկրից: Այդ քաղաքականությունը մինչև հիմա շարունակվում է: Հայաստանի բոլոր ընդդիմադիր ուժերը գաղափարական ոչ մի հակամարտություն չունեն իշխող լիբերալիզմի հետ. ուրեմն, չկա կապիտալիզմը զսպող, արգելակող գաղափարական ձախ հոսանք: Ահա, այս երկու խնդիրների վրա է ֆոկուսացված գիրքը:

7 հունիսի 2017թ. 

 

Վահան Իշխանյանը ավարտել է Երևանի պետ համալսարանի բանասիրական ֆակուլտետը, թղթակից և Հայաստանի տասնյակ թերթերի խմբագիր  է եղել: Այժմ խմբագիրն է «Ինքնագիր» առցանց գրական պարբերականի, որը հասանելի է inknagir.org  կայքում: Հինգ գրքերի հեղինակ է, որոնցից վերջինը «Ռուսուլմանի նոթեր» (Ռուս-Իսլամ), հրատարակվել է այս տարի:

Հ- Բարով եք եկել, պարոն Իշխանյան, այս երկիր և  Ձեր ներկայությամբ պատվի եք արժանացնում այս համեստ մշակութային տունը:  Ուրախ ենք, որ Ձեզ հետ զրուցելու հնարավորություն ունենք:  Անցնող շաբաթվա ընթացքում առիթ  ունեցանք ընթերցելու Ձեր նոր հեղինակած «Ռուսուլմանի նոթեր» գիրքը: Կարելի՞ է՝ բացատրեք այդ արտակարգ անվան նշանակությունը, և թէ ի՞նչն է Ձեզ մղել այդ գիրքը գրելու համար:

Պ-Վերջին 15 տարիների ընթացքում աշխատել եմ միայն համացանցային պարբերականներում. հետևաբար գրություններիս երևի մոտ 90 տոկոսը եթե ոչ ավելին, կայքէջերի վրա է եղել: Վերջին ութ տարիներին աշխատակցել եմ tert.am կայքում, նաև որոշ ժամանակ zham.am կայքում: 300-ից ավելի գրություն եմ գրել: Սակայն անցյալ տարի tert.am-ը դադարեցրեց ինձ հետ աշխատելը  և ամբողջ արխիվը ջնջեց: Իսկ դրանից առաջ էլ արդեն zham.am-ն էր արխիվը ջնջել: Այսինքն, թերթերը կան, բայց այն պահից ինչ ինձ հետ սկսեցին չաշխատել, իմ բոլոր գրությունները ջնջեցին: Ես մի զգացողություն ունեցա, որ այս ութ տարիների ամբողջ աշխատանքս գոյություն չունի, կարծես ինքս եղած չլինեի: Նաև հասկացա, որ առցանց լրատվամիջոցները, գոնե Հայաստանում, խնդիր ունեն արխիվացման, այսինքն, եթէ որևէ առցանց թերթ փակվի կամ վերաձևավորվի, ապա հնարավոր է նրա ամբողջ արխիվն էլ վերանա: Այդպես, 2002-ին աշխատել եմ առցանց մէկ այլ թերթում, որը կոչվում էր «Բացված էջեր». այն վերացա, հետն էլ արխիվը վերացա: Ի՞նչ անել, որոշեցի առայժմ այս պահին մեկ-երկու ակտուալ թեմաներով գրություններից մի քանիսն առանձնացնել և գրքով տպել մեղմելու համար կորուստս: «Ռուսուլմանի նոթեր» գրքի փորձագրությունները վերջին 2-3 տարիների առցանց հրապարակված  գրությունների մի փոքրիկ մասն է՝ ինձ անհանգստացրած երկու թեմաների վրա ֆոկուսացված՝ Հայաստանում հակառուսական տրամադրությունները և երկրի ճգնաժամի պատճառը, իհարկե նոր խմբագրումներով: Վերջին տարիներին, Ռուսաստան-Արևմուտք հակամարտության ընթացքում աշխարհում բարձրացել է հակառուսական ալիք, և դրանից զերծ չի մնացել նաև Հայաստանը: Բազմաթիվ հասարակական և քաղաքական կազմակերպութիւններ, թերթեր մշտապես հակառուսական պրոպագանդա են տանում, ստվար մասը Արևմուտքի, հատկապես ԱՄՆ-ի հովանավորությամբ են գործում, Հայաստանի ճգնաժամի մէջ մեղադրում Ռուսաստանը, հաճախ կեղծ լուրեր տարածելով ռուսական վտանգով ահաբեկում հասարակությունը. (մի երկու օրինակ, որ գրքումս բերված են, վերնագրեր մամուլից «Ռուսաստանը շտապ կապիտուլիացիա է պատրաստում Ղարաբաղում»(lragir.am), Մոսկվան կարող է փորձել զոհաբերել Հայաստանի շահերը» (azatutyun.am): Հակառուսները պատմությունից հանում են հայ-ռուսական կնճռոտ խնդիրները, ու մանիպուլացնելով, թէ տեսեք պատմութունը կրկնվում է, ահաբեկում զանգվածներին: Իսկ նրանք ովքեր Ռուսաստանի նկատմամբ բարեկամաբար են տրամադրված կամ էլ թշնամաբար չեն տրամադրված, վիրավորվում են. այդ վիրավորվածներից մէկն էլ ռուսուլմանն է, որ ատելության խոսք է մի ժողովրդի՝ ռուսների, և մի կրոնի՝ մուսուլմանության նկատմամբ : Եթէ գուգլով փնտրեք, բազմաթիվ նյութեր կգան, որոնցում ռուսուլման բառով վիրավորում են: Ինքս այդ անունը վերցրի ինձ վրայ՝ այո ես ռուսուլման եմ, և փորձեցի նախ բացահայտել  թէ ինչո՞ւ երեք տարբեր պատմական ժամանակաշրջաններում ռուսական  քաղաքականությունը եղել ոչ հայանպաստ, ապա թէ ինչքանով է հնարավոր դրանց կրկնությունը: Գրություններովս փորձում եմ բացատրել, որ Հայաստանում ճգնաժամի՝ արտագաղթի ու աղքատության պատճառը ո՛չ Ռուսաստանն է, ո՛չ էլ ղարաբաղյան հակամարտությունը (ինչպէս գիտեք, առաջին նախագահ Լևոն Տէր-Պետրոսեանի գլխավորած ՀԱԿ կուսակցությունն էլ պնդում է թէ արտագաղթի պատճառը ղարաբաղյան հակամարտությունն է), որ այդ երկուսը՝ Ռուսաստանն ու ղարաբաղյան հարցը կեղծ թիրախներ են և շեղում են իրական պատճառից, որ ճգնաժամի իրական պատճառը 25 տարի իշխող նեոլիբերալ գաղափարախոսությունն է, ու Հայաստանում հաստատված և դիմադրության չհանդիպող կապիտալիզմը: Եւ ընդհանրապէս, աշխարհում էլ՝ բազմաթիւ ճգնաժամերի պատճառը նէօլիբերալիզմն ու կապիտալիզմն է, սակայն հենց այդ ճգնաժամի հեղինակները իրենց մէջ չկարողանալով տեսնել դրանց պատճառը, կեղծ թիրախներ են ստեղծում՝ մուսուլմանություն կամ Ռուսաստան: Սովետական միության փլուզումից հետո իշխանության եկած ուժերը տարան նեոլիբերալ տնտեսական քաղաքականություն՝ հիմնված սեփականաշնորհման, անձնական շահի բավարարման վրա, մի խումբ մարդիկ Սովետից ժառանգած ամբողջ հարստությունը իրար մէջ բաժանեցին, հարստացան, իսկ հազարավոր մարդիկ աղքատացան կամ հեռացան երկրից: Այդ քաղաքականությունը մինչև հիմա շարունակվում է: Հայաստանի բոլոր ընդդիմադիր ուժերը գաղափարական ոչ մի հակամարտություն չունեն իշխող լիբերալիզմի հետ. ուրեմն, չկա կապիտալիզմը զսպող, արգելակող գաղափարական ձախ հոսանք: Ահա, այս երկու խնդիրների վրա է ֆոկուսացված գիրքը:

Հ-Կան կարճ և երկար գրություններ, ոչ մի կապ չունի՞ մեկը մյուսի հետ:

Պ-Իհարկե, յուրաքանչյուրը առանձին գրություն է: Ճիշտ նկատեցիք, երկու նյութերն էլ  ծավալուն են, որ ավելի  ուսումնասիրություններ են՝ «Ռուսաֆոբիայի վերածնունդը» և «Մարտահրավեր արդարությանը»: Մյուսները փորձագրություններ են: Գուցե ոչ բոլոր ընթերցողները տեսնեն գրությունների մէջ այն կապը, ինչ ես եմ տեսնում:

Հ-Սովետական շրջանում թերևս հասկնալի էր ամեն հարցի պատճառը նկատել Ռուսաստանի մեջ, բայց Հայաստանի անկախացումից հետո այդ մտայնությունը փոխված է թվում:

Պ-Հայաստանի բնակչության մի ստվար մասը կապված է Ռուսաստանի հետ, օրինակ տարեկան մոտ 100 հազար հոգի գնում է Ռուսաստան աշխատելու. այլ երկրներ շատ քիչ են գնում: Ի հարկե, այդ մարդիկ գնում են Ռուսաստան աշխատելու, ոչ թէ Ռուսաստանի նկատմամբ սիրուց. գնում են, քանի որ Ռուսաստանի հետ սահմանը բաց է, տոմս առ գնա: Հայ աշխատավորի համար գուցե ավելի հարմար լինի գնալ Նորվեգիա աշխատելու, սակայն  արևմտյան երկրները փակել են նրանց առաջ սահմանը, շատ քչերն են մուտքի թոյլտվություն ստանում: Այսուհանդերձ, Հայաստանի ակտիվ մասը, այսպես կոչված քաղաքացիական հասարակությունը, մանավանդ վերջին տասը տարիներին, ռուսաֆոբ է: Այդ հակառուս քարոզչությունը մամուլով է տարածվում, և շարքային մարդիկ, ովքեր ամեն օր լսում են «Ազատություն» ռադիո կամ կարդում են «Լրագիր» թերթը, և նրանց ասում են, թէ Ռուսատանը ինչքան վատ բաներ է պատրաստվում անել Հայաստանի դեմ, դառնում են ռուսաֆոբ, և հետզհետե հասարակության մէջ ավելի է տարածվում ռուսաֆոբիան ու տալիս վտանգավոր արդյունքներ: Ես էլ ընթերցող եմ, և զգալով թե ինչպես կարող է այդ պրոպագանդան ազդել, որոշեցի գրել «ռուսաֆոբիայի վտանգը», ցույց տալ թե ինչպես պատմության ընթացքում երբ Արևմուտք-Ռուսաստան հակամարտության ժամանակ Հայաստանի վերնախավը Արևմուտքի քաղաքական կցորդն է դառնում, հակասության մէջ է մտնում Ռուսաստանի հետ, արդյունքում  կորուստներ է ունենում: Այժմ էլ ռուսաֆոբ ուժերը Արևմուտքի կցորդն են: Մյուս խնդիրն էլ այն է, որ ինչպես նշեցի՝ ռուսաֆոբները Հայաստանի բոլոր պրոբլեմների մէջ Ռուսաստանին են մեղադրում, բայց հիմնավորումներ չկան: Օրինակ, դուք գիտեք, վերջին ամիսներին երկու ընտրութուններ եղան՝ Ազգային ժողովի և երեկ էլ Երևանի քաղաքապետի, որոնցում Հայաստանի ճգնաժամի այս պահի պատասխանատուն, իշխող Հանրապետական կուսակցությունը մեծամասնություն ստացավ: Արտառոց  է, որ մի ուժ է մեծամասնություն ստանում, ում իշխանության տարիներին բնակչության 10 տոկոսից ավելին արտագաղթել է: Ինչպէ՞ս եղավ, Ռուսաստա՞նն էր մեղավոր, իհարկե ոչ, բոլորն էլ գիտեն, որ երկրի մեծամասնությունը աղքատ է, իսկ երկու ընտրությունների  ժամանակ էլ հանրապետական կուսակցությունը աղքատներին փող բաժանելով է ձայներ հավաքել:

Հ-Ձեր հայրը՝ Ռաֆայել Իշխանյանը, երկարամյա դասախոս է  եղել Երևանի Պետական Համալսարանում և հեղինակավոր գիտնական՝ հայ ժողովրդի ծագման, լեզվի և ուղղագրության վերաբերյալ, սակայն ուներ բուռն հակառակորդներ: Կարող եք բացատրություն տալ:

Պ-Ի դեպ, ռուսաֆոբ քննադատներս հիմնականում 30 տարի առաջ գրած հորս տեքստերն են իմ դեմ մեջտեղ բերում: Դա նույնն է, եթէ ինչ որ մէկը ցանկանա սրել հայ-իրանական հարաբերությունները ու այժմ Շահ Աբասի բերած ավերածությունները մեջտեղ հանի: Այո, հայրս մի շարք գրություններ ունի, որտեղ խոսում է Ռուսաստանի բացասական դերի մասին, բայց ի՞նչ կոնտեքստում: 30 տարի առաջ Հայաստանը Սովետական Միության մէջ էր գտնվում, մի կողմից ռուսացման վտանգ կար, ռուսական դպրոցներն էին շատանում, մյուս կողմից էլ հայ գործիչները ազգային ծրագրերը ցանկանում էին լուծել Մոսկվայի միջոցով: Այսպես, ինչպե՞ս սկսվեց Ղարաբաղյան շարժումը, 1988-ին շարժման առաջնորդները դիմում էին Մոսկվային, որ նա Ղարաբաղը հանի Ադրբեջանի կազմից, տա Հայաստանին: Հայրս հարցնում էր՝ ինչո՞ւ Մոսկվան պէտք է հայերի համար նման բան անի: Նա գրեց «Երրորդ ուժի բացառման օրենքը», որտեղ ցույց էր տալիս, որ Ռուսաստանն ունի իր շահերը և երբեք դրանք չի զոհելու հանուն Հայաստանի: Ի վերջո, այդպէս էլ եղավ, Մոսկվան Ղարաբաղը չմիավորեց Հայաստանին, և միայն Սովետի փլուզումից հետո, պատերազմի արդյունքում Ղարաբաղը անկախություն ստացավ: Ուրեմն, քանի դեռ Հայաստանը Սովետի մէջ էր, Ռուսաստանի  դերը մի բան էր,  անկախությունից հետո, դերը փոխվեց, և 30-40 տարի առաջվա իրավիճակը մեջտեղ բերելով՝ այժմ դրանցով ուղղակի ուզում են մանիպուլացնել մարդկանց: Այդ իրավիճակի փոփոխությունը նաև կարգավիճակների վրա է երևում, Սովետական տարիներին ռուսական ոչ հայանպաստ քաղաքականության մասին խոսելը վտանգավոր էր, 1985-ին իշխանությունը մեր տունը խուզարկեց, հորս ձեռագրերը տարան, նրան տանում էին հարցաքննությունների, իսկ այժմ Ռուսաֆոբ լինելը շահավետ է, ռուսաֆոբները մեծ գումարներ են ստանում, մշտապես արտասահմանյան շրջագայությունների մեջ են,  նաև օգտվում են իշխանության բարեհաճությունից (Ռուսաֆոբ թերթերի մի մասը իշխանության կողմից են ֆինանսավորվում):

Ինչպես նկատել եք, գրքում երկրորդ ծավալուն նյութը «Մարտահրավեր արդարությանը», որը անդրադարձն է երկու հայ մտավորականների՝ Հրաչ Բայականի և Հրաչ Մարտիրոսյանի զրույցի, որն ամբողջովին ուղղված էր հորս երկու կարևոր գաղափարների դեմ՝ հայերի ծագման վերաբերյալ (հայրս պնդում էր, որ հայերը ծագել են հայկական լեռնաշխարհում) և դասական ուղղագրության վերադարձին: Իմ պարտքն էր պատասխանել այդ զրույցին, քանի որ այն շատ անարդար էր, այս երկուսը իրենց համոզմունքը ավելի համոզիչ դարձնելու համար ասում էին, թե նման հայացքները կարիերայի ճանապարհ են: Իսկ հայրս իր հայացքների համար մշտապես պայքարի մէջ է եղել, մշտապես ճնշումների է ենթարկվել, իշխող ակադեմիական մտավորականությունը նրա առաջ մշտապես դռներ էր փակում,  իհարկե չի ընկճվել, բայց ի վերջո նրան հեռացրեցին  Համալսարանից:

Հ.-Այս ուղղագրության հարցը անշուշտ մեզ սփյուռքահայերիս առանձնահատուկ է հետաքրքրում: Դուք ինչ-որ դիրքորորշում ունեք դրա վերաբերալ:

Պ-Իհարկե, սկզբունքորեն վստահ եմ, որ Հայաստանում պետք է վերադառնա դասական ուղղագրությունը Սփիյուռքի հետ միասնական դարձնել: Ինքնագիր հանդեսում գրեթե հավասարապես հրապարակում ենք և՛ սովետական և՛ դասական ուղղագրությամբ տեքստեր:

Այսուհանդերձ, այս պահին, երբ մարդիկ մի կտոր հացի կարիքի մեջ են, երկիրը դատարկվում է, յուրաքանչյուրն ընկած է իր շահի հետևից, դասական ուղղագրության խնդիրը առանձին բարձրացնելը անարդյունավետ է, մարդկանց չի հուզում:

Ուղղագրությունը քաղաքական հարց է. պետք է կարողանալ պատկերացնել այն հանրությունը, որը ցանկանում է ունենալ ընդհանուր ուղղագրություն և պատրաստ է հաղթահարել դժվարությունները: Սակայն Հայաստանում միայն մասնատող, նյութական շահի գաղափարներ են իշխում, օրինակ, այնպիսի տեղային նացիոնալիզմ, որը Հայաստանի ներսի բնակչության շահերից դուրս ոչինչ չի ուզում ճանաչել, մյուս մասն էլ ներսի բնակիչներից էլ միայն իշխող դասակարգի շահերին է հետևում (պատկերացրեք, երկու տարի առաջ ընդդիմադիր ուժերը իրենց առաջ խնդիր էին դրել խոշոր կապիտալի պաշտպանությունը), ավելի ծայրահեղները հարստանալու խոչընդոտ են համարում  Ղարաբաղը: Այս պայմաններում համախմբող գաղափարները, համերաշխությունը, որը նաև դասական ուղղագրության վերադարձն է բերում, չի ընկալվում:

Վստահ եմ, որ եթե առաջանա մի համընդհանուր շարժում՝ Հայաստանի այս դրամատիրական կարգերը փոխելու կամ գոնե մեղմելու, ոգևորության ալիքը, ներառելով նաև ուղղագրության հարցը, ի վերջո դասական ուղղագրությունը կվերականգնվի:

Հ-Վերջերս Յունեսկոն  նախատեսում էր, որ 20 տարի հետո արևմտահայերենը պիտի դադրի գոյություն ունենալ. այդ մասին տեղյ՞ակ էք:

Պ-Այո, տեղյակ եմ: Իհարկե, եթե հայ հանրությունը մնա այս իրավիճակում, ապա Յունեսկոն ճիշտ դուրս կգա, սակայն լինում է որ աշխարհը անակնկալ փոխվում է, և հաշվարկները չեն իրականանում: Ես հավատում եմ, որ հնարավոր է գա մի վերելքի շրջան, երբ արևմտահայերենը կրկին կենսունակ կդառնա:  Ինչքան շատ մարդ հավատա, այնքան այդ վերելքը հնարավոր կլինի:

Շնորհակալություն պարոն Իշխանյան և հաջողություն:

 

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: