ՄԻԳ օդանավերի ստեղծողը. օգոստոսի 5-ը Արտեմ Միկոյանի ծննդյան օրն է

05 Օգոստոսի 2020
1905 թ. օգոստոսի 5-ին Լոռու Սանահին գյուղում ծնվում է ընտանիքի հինգերորդ երեխան, որին կնքում են Անուշավան անունով, որը հետագայում վերածվում է Արտյոմի կամ Արտեմի և պետք է դառնար ինժեներատեխնիկական ծառայության գեներալ-գնդապետ, Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս, Ստալինյան մրցանակի վեցանգամյա դափնեկիր, Լենինյան մրցանակի դափնեկիր, ՄԻԳ ռազմական օդանավերի ստեղծողը: 
 

Նախնական կրթություն Միկոյանը ստացել է գյուղական դպրոցում։ Ապա՝ հոր մահից հետո, մայրն Անուշավանին ուղարկել է Թիֆլիս։ Այստեղ նա կրթությունը շարունակել է տեղի հայկական դպրոցում։ 1923 թվականին տեղափոխվել է Դոնի Ռոստով՝ ավագ եղբոր՝ Անաստասի մոտ։ Ցերեկները որպես խառատ է աշխատել գյուղատնտեսական մեքենաների Красный Аксай գործարանում, իսկ երեկոները հաճախել է պրոֆտեխուսումնարանի երեկոյան դպրոցը։ 1924 թվականինի տեղափոխվել է Մոսկվա, որտեղ նորից որպես խառատ աշխատանքի է անցնում Динамо գործարանում, և շարունակում է այդտեղ աշխատել ընդհուպ մինչև 1928 թվականը։

1928 թվականի դեկտեմբերին զորակոչվել է ԲԳԿԲ֊ի շարքերը։ 1929 թվականի օգոստոսին տեղափոխվել է Օրյոլ քաղաքի Իվանովո֊Վոզնեսենսկի զինվորական դպրոցը։ Բանակային ծառայությունից հետո կուսկոմի քարտուղար է աշխատել Մոսկվայի Компрессор գործարանում։

Արտեմ Միկոյանը 1936 թ. ավարտել է Մոսկվայի Ն.Ժուկովսկու անվան ռազմաօդային ճարտարագիտական ակադեմիան: 1940-70թթ. եղել է ԽՍՀՄ իԻնքնաթիռաշինության փորձարարական կոնստրուկտորական բյուրոյի հիմնադիր պետը:
Միկոյանի ղեկավարությամբ են ստեղծվել ՄիԳ-1, ՄիԳ-3 կործանիչները, ԽՍՀՄ-ում առաջին հրթիռակիր ՄիԳ-19, եռանկյուն թևով ՄիԳ-21, փոփոխելի սլաքաձև թևով ՄիԳ-23 գերձայնային կործանիչ ինքնաթիռները:
 
 
Բազմաթիվ ձևափոխություններով ՄիԳ մակնիշի ռազմական և քաղաքացիական ինքնաթիռներն ամենալայն կիրառությունն ունեն աշխարհում. կառուցվել և աշխարհի շուրջ 40 երկիր է արտահանվել այդ մակնիշի մոտ 60 հազար ինքնաթիռ: Գործընկեր Միխայիլ Գուրևիչի հետ գործարկած մի շարք ՄԻԳ ինքնաթիռներ սահմանել են մոտ 110 համաշխարհային ռեկորդ:
 
Միկոյանի և Գյուրևիչի դիզայնով ստեղծվել են թևավոր ինքնաթիռներ, որոնք կարևոր դեր են խաղացել Հայրենական մեծ պատերազմում, ինչպես նաև ավիացիայի պատմության մեջ ամենազանգվածային մարտական ​​ինքնաթիռները:
Ներկայումս Մոսկվայում գործող Միկոյանի անվան ճարտարագիտական կենտրոնում մշակվել է ինքնաթիռի շուրջ 200 նախագիծ, ստեղծվել ավիացիոն և հատուկ տեխնիկայի ավելի քան 120 նմուշ: Արտեմ Միկոյանի թևավոր հրթիռների և հրթիռատիեզերական տեխնիկայի ոլորտի աշխատանքները կարևոր նշանակություն ունեն նաև տիեզերագնացության զարգացման համար:
 
Արտեմ Միկոյանը ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի անդամ էր, ճարտարագիտատեխնիկական ծառայության գեներալ-գնդապետ, Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս, Պետական մրցանակի 6-ակի դափնեկիր: Միկոյանի անունով են կոչվել Մոսկվայի մեքենաշինական գործարանը և փողոց Երևանում:
 
Հեղինակ`Ռոզա Խաչատրյան
1lurer.am

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: