ՀԱՄԿԿ ղեկավարությունը նշեց Հայաստանում Խորհրդային կարգերի հաստատման 97-տարին

30 Նոյեմբերի 2017

Հայաստանի առաջադիմական միացյալ կոմկուսը ս/թ նոյեմբերի 29-ին նշեց Հայաստանում Խորհրդային կարգերի հաստատման 97-ամյակը, կոմկուսի նախագահ` Վ. Սաֆարյանը և նախագահության մի խումբ անդամներ հարգանքի տուրք մատուցեցին և ծաղկե զամբյուղներ և թարմ ծաղիկներ դրեցին Ալ. Միասնիկյանի, Ս. Շահումյանի և Սովետական իշխանության հաստատման համար զոհվածների հուշարձաններին: Որից հետո Պատերազմի և աշխատանքի վետերանների հանրապետական միության դահլիճում անցկացվեց Գիտաժողով` նվիրված Հայաստանում Խորհրդային կարգերի հաստատման 97-ամյակին, Խորհրդային Հայաստան. “Պատմություն և Արդիականություն” խորագրով: Գիտաժողովում բացման խոսք ասաց ՀԱՄԿԿ նախագահ` Վ. Սաֆարյանը (բացման խոսքը բերվում է ստորև), այնուհետև զեկուցումներ հանդես եկան` ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, Պատմ. գիտ.դոկտ.պրոֆ., Հանրային Խորհրդի անդամ` Էդիկ Մինասյանը “Խորհրդային Հայաստանի ձեռքբերումները” թեմայով, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հումանիտար ֆակուլտ.դեկան, Պատմ. գիտ. դոկտ., պրոֆեսոր` Աշոտ Ներսիսյանը, “Խորհրդային իշխանության հաստատման նախադրյալները” թեմայով, այնուհետև ելույթներ ունեցան` հասարակական-քաղաքական գործիչ, հրապարակախոս` Նորիկ Պետրոսյանը, ՀԱՄԿԿ կենտգործկոմի անդամ` Վահան Հակոբյանը, ով խոսեց Խորհրդային համակարգի հանրակրթական դպրոցի առանձնահատկությունների մասին, Պատերազմի և աշխատանքի վետերանների միավորման հանրապետական խորհրդի նախագահ` Սիմոն Եսայանը, խոսեց “Ռազմահայրենասիրական դաստիարակությունը Խորհրդային համակարգում: թեմայով, ելույթներ ունեցան ՀԱՄԿԿ նախագահության անդամներ` Դմիտրի Աթբաշյանը, Սիրեն Եղիազարյանը, Ռոբերտ Հովսեփյանը: Ելույթները ընդմիջվեցին երաշժտական կատարումներով ՀՀ վաստակավոր արտիստ` Ռուբեն Սահակյանի և երաժիշտ` Կարեն Գրիգորյանի մասնակցությամբ:

 

- Հարգելի կոմունիստներ, հյուրեր
Այսօր նոյեմբերի 29 է, դա մեր ժողովրդի պատմության մեջ հիշարժան ու պատմական օր է: 97 տարի առաջ Հայաստանում հաստատվեցին Խորհրդային կարգեր: Մեր ժողովուրդը Խորհրդային կարգերի օրոք ապրեց 70 տարի: Այդ տարիները, հիրավի, դարձան մեր ժողովրդի հինգ հազարից ավելի տարվա պատմության ոսկե դարը:
Վերջին 100 տարում, հազարամյակների պատմություն ունեցող մեր ժողովուրդը ունեցել է 3 հանրապետություն.
I Հանրապետությունը` 1918թ. մայիսի 28-ից մինչև 1920թ. նոյեմբերի 29-ը (2,5 տարի),
II Հանրապետությունը` 1920թ. նոյեմբերի 29-ից մինչև 1990թ. օգոստոսի 23-ը (70 տարի),
III Հանրապետությունը` 1990թ. օգոստոսի 23-ից մինչև օրս (27 տարի):
Ցավով, պետք է նշեմ, թե ինչու է Հայաստանում պետականորեն նշվում I Հանրապետության հիմնադրման օրը, նրան վերագրվող այլ հիշարժան օրեր, ինչպես նաև III հանրապետության բոլոր հիշարժան օրերը` օգոստոսի 23-ը` Հայաստանի անվանափոխության հռչակագրի ընդունման օր, սեպտեմբերի 21-ը` անկախության հռչակման օր, հուլիսի 5-ը` սահմանադրության ընդունման օր և այլն:
Սակայն չեն նշվում II հանրապետության հիշարժան օրերը` նոյեմբերի 29-ը, ՀԽՍՀ Սահմանադրության ընդունման օրերը և այլն: Ստացվում է, որ մեր ժողովրդի պատմության մեջ բացակայել են Խորհրդային 70 տարիները:
Մենք` Հայաստանի կոմունիստներս, մեզ համարում ենք Խորհրդային Հայաստանի արժեքների կրողները և պայքարում ենք, որ այդ արժեքները` սոցիալական ապահովության, արդարության, պաշտպանվածության, կրկին վերադառնան հանրային կյանք: Մենք հպարտանում ենք մեր ավագ սերնդի` մեր պապերի ու հայրերի սխրանքներով` ցուցաբերած Հայրենական Մեծ պատերազմում, ինչպես նաև հայրենանվեր աշխատանքով` ժողովրդական տնտեսության, սոցիալական, գիտության, կրթության, առողջապահության, մշակույթի, և այլ բնագավառներում: Բայց և ընդունում ենք նաև այն բոլոր տեղատվություններն ու սխալները, որոնք տեղ են գտել մեր հանրային կյանքում: Յուրաքանչյուր հայիս շուրթերին առանձնակի հպարտությամբ են հնչում մեր պանծալի 5 մարշալների անունները, 90-ից ավելի գեներալների, Սովետական Միության 106 հերոսների, փառքի 3 աստիճանի 27 ասպետների անունները: Հայրենական Մեծ պատերազմին մասնակցած 600 հազար հայերից 70 հազարի կուրծքը զարդարվել են մեդալներով ու շքանշաններով: Սակայն այս ամենի մասին խոսում են միայն կիսաձայն կամ շշուկով: Միթե այսօրվա սերունդը կհաղթեր Արցախում, եթե նրանց չոգեշնչեր Հովհաննես Բաղրամյանի, Համազասպ Բաբաջանյանի, Արմենակ Խամփերյանցի, Հովհաննես Իսակովի, Օգանովի, Նելսոն Ստեփանյանի և մեր ժողովրդի հազարավոր այլ փառաբանված զավակների անուններն ու սխրանքները:
Հայաստանում Խորհրդային կարգեր հաստատելուց հետո, հարյուրավոր հայրենասեր հայ մտավորականներ` Հայաստանի Հեղկոմի առաջին նախագահ` Ալ. Մյասնիկյան հրավերով եկան Հայաստան և անմիջապես լծվեցին Խորհրդային Հայաստանի կերտմանն ու նրա շենացմանը: Նրանց թվում էին Մարտիրոս Սարյանը, Շուշանիկ Կուրղինյանը, Հովհ. Թումանյանը, Ալ. Սպենդարյանը, Ալ. Թամանյանը և շատ ու շատ ուրիշներ: Հիրավի տեղին էր մեծն Չարենցի խոսքերը` ուղղված Ալ. Մյասնիկյանին` “Նաիրյան արևն է քո մեջ, Լենինյան հրով ճառագած: Կործանվող Հայաստանի համար դու դարձար փրկության առագաստ…”:
Առաջին քայլերը Խորհրդային իշխանության, պայքարն էր տարափոխիկ հիվանդությունների դեմ, արդյունաբերական ձեռնարկությունների հիմնումը, աշխատատեղերի ստեղծումը, կրթամշակութային կյանքին զարկ տալը և այլն:
Խորհրդային Հայաստանի մասին շատ է խոսվել ու գրվել, բավարարվենք միայն Անգլիացի հայագետներ` Քրիստոֆեր Ուոքերի ու Մարշալ Լանգի 1967թ. հրատարակած “Հայերը” գրքույկում բերված գնահատականով, որ “60-ական թվականներին յուրաքանչյուր հայ ընտանիքին բաժին է ընկնում $500 համարժեք եկամուտ, այն դեպքում, երբ Իսպանիայում այդ ցուցանիշը 276 դոլար էր, Հունաստանում 292 դոլար, Թուրքիայում 149 դոլար:
Կարծում եմ, որ այս գիտաժողովի մասնակիցները իրենց ելույթներով` արժանվույնս կգնահատեն Խորհրդային Հայաստանի պատմական տեղն ու կենարար դերը մեր ժողովրդի կյանքի զարգացման և առաջընթացի գործում: Անհրաժեշտ եմ համարում նշել ՀՀ նախագահ` Սերժ Սարգսյանի` մի քանի անգամ սեպտեմբերի 21-ին հնչեցրած միտքը . “Խորհրդային Հայաստանի ձեռքբերումները հիմք հանդիսացան Հայաստանի 3-րդ Հանրապետության ստեղծման և կայացման համար”:
Հարգելի ներկաներ, այսօրվա մեր միջոցառումը բաղկացած է 2 մասից, առաջինը` դա Գիտաժողով է` նվիրված Հայաստանում Խորհրդային կարգերի հաստատման 97-ամյակին. Խորհրդային Հայաստան. “Պատմություն և Արդիականություն” խորագրով:
Երկրորդ մասում կանցկացնենք կուսակցության հետհամագումարյան առաջին պլենումը, որտեղ կքննարկենք մեր կուսակցության կազմակերպական և աշխատանքային մի շարք հարցեր, կձևավորենք մշտական գործող հանձնաժողովներ, որոնք կներառեն հանրային և կուսակցական կյանքի կարևոր ոլորտները:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: