Հաղթանակը հարձակման մեջ է. Արկադի Տեր-Թադևոսյան

09 Մայիսի 2016

Արցախի հերոս, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանն անդրադարձել է  Արցախի Հանրապետության անկախությունը  ճանաչելու մասին ՀՀ Կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

Արցախն անցել է որպես պետություն ճանաչվելու սահմանված բոլոր փուլերը, բայց դեռևս չի ճանաչվել միջազգային կառույցների կամ պետությունների կողմից: Ես զինվորական մարդ եմ, այդ հարցի մեջ չեմ խորանում, մասնագիտական կարծիք չունեմ, թող դրանով իրավասու մարդիկ զբաղվեն, բայց իմ կարծիքը հստակ է` ես գտնում եմ, որ Հայաստանն ու Արցախը մեկ պետություն պետք է լինեն: Մենք բոլորս հայ ենք, կողք կողքի ենք ապրում, մեր միջև սահմաններ չպետք է լինեն. մեզ երկու նախագահ, երկու վարչապետ, չորս կամ չորս հարյուր հատ մեքենա պետք չէ։  Մեր թուլությունն այն է, որ մոռացել էինք թշնամու մասին և մեր պարտականություններով չէինք զբաղվում, խոսքը ոչ թե բանակի, այլ ժողովրդի մասին է: Օինակ, եթե սովորած լինեինք 2011-ին Ալ Քաիդայի հրապարակած ԱԹՍ-ներից պաշտպանվելու 22 միջոցների գոնե կեսը, ապա դրանց պատճառով 6-7 զոհ չէինք տա:

Հիմա շատ գործ կա անելու, թերություններ էլ կան, բայց այս պահին ոչ թե պետք է նստենք, թերությունները գտնենք, այլ ամեն մեկս մեր գործը լավ անենք։ Շատ պաշտոնաթող գեներալներ և ռազմական փորձագետներ են ժամանել Հայաստան, որոնց հետ միասին փորձելու ենք օգտակար գործ անել բանակի, պետության համար:

Շատերն են ուզում օգտակար լինել ընդհանուր գործին: Պետք է մոտ ժամանակներս պետական մարմինների հետ հանդիպենք, քննարկենք ծրագրերը, և միասնական ուժերով ճիշտ և օգտակար քայլեր անենք:

Մեր բանակը կանգնեցրել է թշնամու առաջխաղացումը, ձախողել ենք նրա ծրագրերը, բայց դա բավարար չէ։ Պետք է հարձակման անցնենք։ Մենք վերլուծել ենք սխալները, դասեր ենք քաղել և հիմա արդեն պատրաստ ենք հարձակման. պետք է կոտրենք նրանց և առաջ գնանք: Սիրում ենք ասել` նժդեհական ենք, խելոք ազգ ենք, բայց միշտ մի բան մոռանում ենք, այն, որ ուժն է ծնում իրավունք։ Ես եղել եմ Ղարաբաղում, այնտեղ տարբեր կարծիքներ կան հրադադարի մասին: Ես մի բան գիտեմ` չի կարելի պաշտպանվել, պետք է հարձակվել. հաղթանակը հարձակման մեջ է:

Թուրքերին հիմնական պատասխանը տվել են առաջնագծում կանգնած զինվորները, ովքեր ոչ միայն բանակում են կռվել սովորել, այլև այդ գիտելիքը ստացել են իրենց հաղթանակած հայրերի ու պապերի դաստիարակության միջոցով։ Մեր այդ տղաների շնորհիվ է, որ թուրքերը չկարողացան իրենց ծրագիրն իրագործել, իսկ նրանք ուզում էին արագ հարձակման միջոցով կոտրել մեզ` հիմք ընդունելով այն տեսակետը, որ հարձակվողը սովորաբար մեծ հաղթանակ է տանում, սակայն մեր տղաների ճիշտ գործողությունների շնորհիվ Ադրբեջանը ոչ մի հաղթանակ էլ  չունեցավ։ Պետք չէ մոռանալ, որ թշնամին լավ սովորեցնողներ ունի, լավ զենք է տալիս իր զինվորին, և պետք է միշտ պատրաստ լինել ոչ թե պաշտպանվելու, այլ հարձակվելու։

Նրանք կարծում են` հայերը չեն կրակելու իրենց վրա, բայց եթե քեզ խփում են, պետք է նույն կերպ պատասխանել:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: