ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ

09 Մայիսի 2016

Սիրելի՛ հայրենակիցներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ:

Այսօր լրանում է Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 71-ամյակը և Շուշիի ազատագրման 24-րդ տարեդարձը:

Այս տոնը հայ ժողովրդի միասնականության, խաղաղ ապրելու և արարելու, համերաշխության և նորօրյա հաղթանակների խորհրդանիշն է:

Մեծ է հայ ժողովրդի ներդրումն Երկրորդ աշխարհամարտում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի գործում և մենք հպարտությամբ ենք հիշում հարյուր հազարավոր հայորդիներին, ովքեր իրենց անձնազոհությամբ, սխրանքներով, նաև կյանքի գնով կերտեցին այլատյացության, բռնության և նվաճման դեմ հաղթանակը:

Հայ ժողովուրդը միասնական ջանքերով կարողացավ 1992 թվականին վերականգնել պատմական արդարությունը՝ ազատագրելով դարեր ի վեր հայոց մշակութային մայրաքաղաք համարվող Շուշին: Մեր ժողովուրդը ոտքի կանգնեց և հանուն Արցախի ազատության և ինքնորոշման, կանխեց արցախահայության գլխին կախված ցեղասպանության վտանգը: Այս պատերազմում մեր հաղթանակը մեկ անգամ ևս վկայեց հայի ազատատենչ ոգու և վճռականության հարատևության մասին:

Հպարտ ենք, որ այսօր էլ հայ զինվորը վստահորեն և ամուր կանգնած է սահմանների առաջնագծում՝ իրականացնելով իր առջև դրված մարտական խնդիրներն ու ապահովելով Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի անվտանգությունը:

Փառք տալով մեր զոհված հերոսներին` կրկին շնորհավորում եմ բոլորիս այս փառապանծ հաղթանակների առթիվ և Հայրենական մեծ պատերազմի մեր վետերաններին, Շուշիի ազատագրման մեր մարտիկներին, հայրենիքի պաշտպան այսօրվա մեր հերոսներին մաղթում եմ քաջառողջություն, նորանոր հաղթանակներ և խաղաղ երկինք»:

 

ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: