Շուշիի ազատագրումը

08 Մայիսի 2016

Շուշի անվանումն առաջացել է «շոշ» բառից, որն Արցախի բարբառում նշանակում է ծառի այն նորաբուս ճյուղը, որն ամենաբարձրն է մյուսներից: Այս անվանումը Շուշին ստացել է իր աշխարհագրական բարձրադիր դիրքի համար:
Շուշիի ազատագրումը հայկական ռազմական ուժերի առաջին նշանակալից հաղթանակն էր Արցախյան ազատամարտում։ Ճակատամարտը տեղի է ունեցել 1992 թվականի մայիսի 8-ին ռազմավարական կարևոր Շուշի լեռնաքաղաքում։ Մարտական գործողությունները ճշգրիտ հաշվարկված էին և արդեն մյուս օրը Շուշին լիովին ազատագրված էր ադրբեջանցիներից, որոնք ողջ հակամարտության ընթացքում Շուշիից ռմբակոծում էին Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտը։

Շուշիի ազատագրումը նաև տնտեսական անհրաժեշտություն էր, ցամաքային և օդային ճանապարհների շրջափակման, էլեկտրաէներգիայի, գազի ու խմելու ջրի պակասի և Շուշիից անընդհատ հրթիռակոծությունների պատճառով Ստեփանակերտում ու հարակից բնակավայրերում, ինչպես նաև ողջ հանրապետությունում կաթվածահար էր եղել տնտեսությունը: Շուշին այդ օրերին վերածվել էր Ստեփանակերտը հրետակոծող թիվ 1 կրակակետի: 1991թվականի նոյեմբերից մինչև 1992թվականի մայիսի սկիզբը Շուշիից, Ջանհասանից, Քյոսալարից, Ղայբալուից Ստեփանակերտի վրա արձակվել է շուրջ 4740 արկ, որից մոտ 3 հազարը «Գրադ» կայանքներից: Այդ հրետակոծությունների հետևանքով զոհվել են 111 և վիրավորվել 332 խաղաղ բնակիչներ, ավերվել է 370 բնակելի տուն և շինություն:

Ինքնապաշտպանության ուժերի 1991թվականի վերջին և 1992թվականի սկզբի հաջող գործողությունները, մի շարք կրակակետերի ճնշումը, Խոջալուի ազատագրումը (25-26 փետրվարի 1992թվական) և օդանավակայանի բացումը ստեղծեցին տնտեսական, ռազմական և բարոյահոգեբանական բոլոր նախադրյալները Շուշիի ազատագրումը նախապատրաստելու համար:

Այս առումով առանձնահատուկ նշանակություն է ունեցել 1992թ. հունվարի 25-26-ին Քարինտակի ինքնապաշտպանությունը, երբ փոքրաթիվ հայ մարտիկներին հաջողվել է ետ մղել թշնամու բազմաքանակ ուժերի հարձակումը, ոչնչացնել Շուշիից արտագրոհի ելած հակառակորդի ավելի քան 8 տասնյակ զինվորների:

Շուշիի ազատագրման' «Հարսանիք լեռներում» ծածկանունը կրող ռազմական գործողությունն անցկացվել է 1992թ. մայիսի 8-9-ին: Մշակման և իրականացման առումով գրեթե անթերի, հայ ռազմարվեստի մեջ եզակի ռազմական գործողություն, որով արմատական բեկում է առաջացել Ղարաբաղյան ազատագրական պատերազմում:

Գործողությունն իրականացվել է 4 ուղղություններով. միաժամանակյա հարձակումներով՝ մայիսի լույս 8-ի գիշերը ժամը 2.30-ին, Քիրսի ռազմական դիրքերը գրավելուց և Լաչին-Շուշի ճանապարհը հսկողության տակ վերցնելուց հետո՝ ՄՄ-21 ռեակտիվ մարտկոցի համազարկով: Ռազմական գործողությունը ղեկավարել է Ինքնապաշտպանության ուժերի (ԻՊՈւ) հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանը: Հրամանատարական կետերում էին գեներալ-մայոր Գ. Դալիբալթայանը, Ս. Սարգսյանը, Ռ. Գզողյանը, կապը, բուժօգնությունը, հրետանային նախապատրաստությունը, ինժեներական ծառայությունը: Աշխատանքները համակարգել են համապատասխանաբար՝ Ա. Փափազյանը, Վ. Մարությանը, Լ. Մարտիրոսովը, Ռ. Աղաջանյանը, ինչպես նաև ԼՂՀ իշխանությունների ներկայացուցիչներ Օ. Եսայանը, Գ. Պետրոսյանը, Ա. Ղուկասյանը, Ռ. Քոչարյանը և ուրիշներ:

Շուշիի ազատագրման պլանը օրհնել և ԻՊՈւ շտաբի անդամներին հաջողություն է մաղթել Արցախի թեմի առաջնորդ Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:

Շուշիի ազատագրման օպերատիվ պլանը մշակվել է Արկադի Տեր-Թադևոսյանի գլխավորությամբ, ինչին զինվորականները ձեռնամուխ են եղել Խոջալուն ազատագրելուց անմիջապես հետո: Պլանը կազմվել է մարտ-ապրիլ ամիսներին՝ հետախուզական խմբերի կողմից հակառակորդի ուժերի տեղակայումը, դիրքերն ու քանակական տվյալները ճշգրտելուց հետո: Հարձակման ճակատային գիծը շուրջ 25կմ էր: Հակառակորդը հայկական կողմին գերազանցում էր կենդանի ուժով և սպառազինությամբ: Օպերատիվ իրավիճակը վերահսկվում էր, փոփոխությունների մասին անմիաջպես տեղեկացվում էին Վ. Սարգսյանն ու Ս. Սարգսյանը: Պլանը կազմվել է գաղտնիության պայմաններում՝ Ա. Տեր-Թադևոսյանի / Կոմանդոս/ , Ռ. Գզողյանի, Ս. Սարգսյանի Լ. Մարտիրոսովի, Ռ. Քոչարյանի, ինչպես նաև հիմնական ուղղությունների հրամանատարներ Ս. Բաբայանի, Արկադի Կարապետյանի, Ս. Օհանյանի, Վ. Չիթչյանի և ուրիշների գործուն մասնակցությամբ:

Ապրիլի 28-ին արդեն վերջնականապես որոշվել, ճշգրտվել էին հարձակման գլխավոր ուղղությունները, հրամանատարները, առկա զենք ու զինամթերքի քանակը: Ռազմագործողությունը ղեկավարել են Շոշից հյուսիս գտնվող բարձունքի վրա տեղակայված և 4 այլ հրամանատարական դիտակետերից:

Հարձակումը նախատեսված էր սկսել դեռևս մայիսի 4-ին, սակայն տարբեր պատճառներով 'սպառազինության պակաս, վատ եղանակ և այլն հետաձգվել էր: ԻՊՈւ-ի շուրջ 1200 մարտիկներից բաղկացած 4 հարձակողական և 1 պահեստազորային խմբերը մայիսի 8-ի գիշերը միաժամանակ անցել են հարձակման:

Շուշիի ազատագրման մարտական հրամանը ստորագրվել է մայիսի 4-ին հետևյալ մանրամասներով.

1.Հակառակորդը շրջանաձև դիրքեր է գրավում Շուշիի բարձունքներում՝ մոտ 1200 մարդ կենդանի ուժով, Զառսլու գյուղում՝ մոտ 100 մարդ, Լիսագորում՝ մոտ 300-350 մարդ, Քյոսալարի ուղղությամբ՝ մոտ 300 մարդ:

2. Մեր խնդիրը․

ա. ջախջախել հակառակորդին Լիսագոր, Զառսլու, Ջանհասան, Կարագյավ բնակավայրերում,

բ. ջախջախել հակառակորդին Շուշիի մատույցներում և այն ազատագրել կանաչներից (հակառակորդի պայմանական անվանումը),

գ. հետագայում հարձակվել Բերդաձորի ուղղությամբ և Բերդաձորի ենթաշրջանն ազատագրել կանաչներից:

3․ Հակառակորդը հիմնական ուժերը կենտրոնացրել է Քյոսալարում, Լիսագորում, Զառսլուում, Շուշիի մատույցներում ու քաղաքի ամբողջ շրջագծով:

Հակառակորդին ջախջախելու միջոցները՝ գրավել բարձունքը և դիրքավորվել այնատեղ: Ուժերի վերախմբավորումից հետո, նույն ժամանակում սկսել հարձակումը Լիսագորի ու Զառսլուի վրա և հարձակման անցնել 4 ուղղություններով.

1.Շոշի (արևելյան) ուղղություն, հրամանատար' Արկադի Կարապետյան,

2.«26-ի» (հյուսիսային) ուղղություն, հրամանատար՝ Վալերի Չիթչյան,

3.Լաչինի (հարավային) ուղղություն, հրամանատար՝ Սամվել Բաբայան,

4.Քյոսալարի (հյուսիս-արևմտյան) ուղղություն, հրամանատար՝ Սեյրան Օհանյան, պահեստազորի հրամանատար՝ Յուրա Հովհաննիսյան:

Ստեփանակերտի կողմից հակառակորդին ջախջախել բարձունքներում, դիրքավորվել Շուշիի 3 ծայրամասերում, ապա ոչնչացնել թշնամուն և ազատագրել Շուշին:

Ռազմական գործողության ելքը կանխորոշվել էր արդեն իսկ մայիսի 8-ին, երբ Լաչինի և մյուս ուղղությունների ստորաբաժանումները նպաստավոր բնագծեր էին գրավել Շուշիի մատույցներում: Մայիսի 8-ի երեկոյան կողմ տրված դադարը հակառակորդին հնարավորություն է ընձեռել հատկացված միջանցքով հեռանալ բերդաքաղաքից:

Կեսօրին մոտ հարձակման են անցել հակառակորդի 1 ռազմական ինքնաթիռ և ուղղաթիռներ, որոնք ռմբակոծել են հայկական ուժերի մարտաշարքերը, ինչպես նաև Շուշին ու Ստեփանակերտը: Ավելի ուշ պարզվել է, որ այդ օդային հարձակման նպատակը Շուշիում թողնված զինապահեստները պայթեցնելն էր, դրանով ադրբեջանցիները հույս են ունեցել կործանել ամբողջ քաղաքը, ինչը նրանց չի հաջողվել:

Երեկոյան կողմ հիմնականում ավարտվել է Շուշիի «մաքրման» գործողությունը։ Մայիսի 9-ին հինավուրց հայկական բերդաքաղաքն ազատագրված էր:

Շուշիի ազատագրման մարտերում հայկական կողմն ունեցել է 57 զոհ, թշնամին՝ 250-300 սպանված, 600-700 վիրավոր, 13 գերի: Շուշիի ազատագրման պատմական կարևորությունից և Ղարաբաղյան պատերազմում ունեցած շրջադարձային նշանակությունից ելնելով՝ ԼՂՀ ԱԺ-ը 1994թ. սահմանել է «Շուշիի ազատագրման համար» շքանշան:

Շուշիի ազատագրումը պատմական անհրաժեշտություն էր՝ կոչված վերականգնելու հայկական հինավուրց հողի վրա հայերի ապրելու անկապտելի իրավունքը, ինչպես նաև ամրապնդելու մարտերում կոփված հայոց հաղթական ոգին: Դրանով Արցախյան շարժումը թևակոխել է որակական նոր փուլ՝ վճռական բեկում է մտցվել պատերազմում, և ԼՂՀ անկախությունը դարձել է ավելի քան իրական:

 

Գայանե Մելիքյան

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: