«Ընդդեմ ցեղասպանություն հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումը Երևանում

23 Ապրիլի 2016

Երևանում ապրիլի 22-23-ին  ընթանում է «Ընդդեմ ցեղասպանություն հանցագործություն» երկրորդ գլոբալ ֆորումը: Այն հիմնականում լուսաբանելու է Ցեղասպանություն վերապրած կենդանի անձանց և փախստականների խնդիրները:

Գլոբալ ֆորումն ունենալու է 4 հիմնական բաժիններ: Ֆորումի պաշտոնական բացումը կատարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Տեղի են ունենում նիստեր, յուրաքանչյուր նիստի ավարտին կազմակերպվում է հարցուպատասխան, որի ընթացքում մասնակիցներն  իրենց հուզող հարցերն են տալիս զեկուցողներին:

Գլոբալ ֆորումը լուսաբանելու համար 70-ից ավել արտասահմանյան լրատվամիջոցներ են հավատարմագրվել:

Ֆորումն սկսվեց Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին մասնակիցների հոտնկայս ու լուռ հարգանքի տուրքով։

«Ապրիլի սկզբին Ադրբեջանը ռազմական հարձակում ձեռնարկեց Ղարաբաղում և դրա հետևանքով Արցախի տարբեր բնակավայրերի ժողովրդի տեղահանում տեղի ունեցավ, երեխա սպանվեց, բազում մարդիկ վիրավորվեցին: Բացի այդ, ադրբեջանցի զինծառայողները վայրագություններ դրսևորեցին խաղաղ բնակչության նկատմամբ, կտրել էին բնակիչների ականջները, սպանել նրանց», -այսօր Երևանում ընթացող «Ընդդեմ ցեղասպանություն հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումի ժամանակ հայտարարեց պատմաբան Նիկոլայ Հովհաննիսյանը: Այնուհետև նա հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է միջազգային իրավունքի իտալացի մասնագետը գնահատում, արդյոք դրանք ցեղասպանական գործողություններ չե՞ն:

Դահլիճը մի պահ լռեց, նիստի բանախոսները նայեցին միմյանց, որևէ մեկը մի պահ չէր կողմնորոշվում` ինչպես պատասխանել:

Այդուհանդերձ, իտալացի պրոֆեսորը մոտեցավ ամբիոնին և ասաց, որ այդ իրադարձությունների մասին անհրաժեշտ փաստական տվյալներ չունի, տեղյակ է միայն մամուլից, մակերեսորեն ու հավելեց.  «Այն, ինչ ասացիք, վայրագ բռնություն է խաղաղ բնակչության նկատմամբ  և դա Ժնևյան կոնվենցիայի խախտում է: Արդյոք ցեղասպանություն չէ՞: Ցեղասպանությունը գործողությունների շարք է, որը նպատակ ունի ոչնչացնել էթնիկ խումբ»:

«Ընդդեմ ցեղասպանություն հանցագործության» գլոբալ ֆորումի այսօրվա նիստի ժամանակ Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելը հայտարարեց, որ հետևելով Ռուանդայի վերջին դեպքերին վստահ է՝ մարդիկ այլևս չպետք է մորթվեն, սպանվեն։

«Ես հետևել եմ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին, տեսել եմ ակցիաները, որոնք իրականացվում էին Ստամբուլում, այնքան մարդ կար, փողոցը, որտեղ ահաբեկչություն էր վերջերս, սև էր մարդկանց քանակից, մեծամասնությունը թուրքեր էին, խնդրում էին, որ ցեղասպանության հարցը հիշատակվի հայերի հետ։ Թուրքեր էին գալիս ու ասում էին, որ հայերի հետ են ապրում, պետք է ճանաչվի»,- իր տպավորությունները փոխանցեց Ֆրանգ Էնգելը։

Եվրոպացի պատգամավորի կարծիքով, Հայոց ցեղասապանության ճանաչման առումով կարծես դրական զարգացում կա:

«Թուրքական պարբերականներից մեկը հայերենով մի հոդված էր գրել՝ «Այլևս երբեք» վերնագրով։ Եվրոպական գործերի թուրքական նախարարությունը մասնակցել էր Հայոց ցեղասպանության ոգեկոչման միջոցառումներին։

Հիմա, երբ մոտենում է 101-րդ տարելիցը, աշխարհը նորից երկու մասի է բաժանվել։ Ղարաբաղի ու Ադրբեջանի միջև կռիվ է սկսել ու դժվար չէ գուշակել՝ ով է սկսել այն։ Սկսել է նա, ով շահագրգռված էր սկսել։ Հեշտ է որոշել՝ ով է ագրեսորը։ Եթե քսանչորս տարի առաջ ագրեսորը չիրականացներ այդ քայերը, չէր կորցնի 4500 քառակուսի կիլոմետր։ Ես ոտքի եմ կանգնել ու շարունակելու եմ կանգնել Ղարաբաղի ճանաչման, անկախության համար: Ի վերջո, եթե թե չենք կանգնում Ղարաբաղի կողքին, ապա նոր ցեղասպանության հիմքեր են ստեղծվում», -իր ելույթում հայտարարեց Էնգելը։

Եվրոպական խորհրդարանի պատգամավորի խոսքով, Արցախը չի ցանկանում ապրել մի պետության տարածքում, որտեղ իշխանություններին քննադատելու համար բանտարկում են։

«Այսօր Ստեփանակերտում կարող ես քննադատել կառավարությանն ու դառնալ պատգամավոր, իսկ Բաքվում չես կարող քննադատել կառավարությանը և հետո ընտրվել պատգամավոր, որովհետև կհայտնվես բանտում։ Ղարաբաղը պարտավոր չէ նման պայմաններում ապրել, չի ուզում ապրել», -հայտարարեց Էնգելը` խոստանալով, որ ինքն իր ուժերը ներդնելու է, որ Ղարաբաղը լինի անկախ:

«Այո, իհարկե, ես հայտարարում եմ հերթական անգամ, որ պետք է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը», - իր ելույթից հետո ճեպազրույցում ևս մեկ անգամ  հայտարարեց Եվրոպական խորհրդարանի անդամ Ֆրանկ Էնգելը:

Նա ասաց, որ իր հստակ դիրքորոշումն է, որ Արցախն անկախ երկիր է ու պետք է միջազգային հանրությունը ճանաչի այդ երկրի անկախությունը:

«Ես հիմա գնում եմ հանդիպելու ՀՀ նախագահի հետ և նրան ևս ասելու եմ իմ հստակ դիրքորոշումը», -ասաց պատգամավորը:

Կիպրոսի խորհրդարանի պատգամավոր Սոֆոկլիս Ֆիտիսը վստահ է` Այն, ինչ տեղի է ունեցել 1915թ. Օսմանյան Կայսրությունում հայ ժողովրդի նկատմամբ, ցեղասպանություն է, որը պետք է ճանաչվի և դատապարտվի:

Ֆորումում նա հայտարարեց, որ Կիպրոսն իր համար պատիվ է համարում լինել հայկական փոքր համայնքի երկրորդ հայրենիքը:

«Այսօր Կիպրոսում ապրող հայերի մեծամասնությունը Հայոց ցեղասպանությունից փրկված մարդկանց ժառանգներն են: Կիպրոսը երկրորդ երկիրն է, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, իսկ անցած տարվա ապրիլին Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի՝ Կիպրոս կատարած այցի ժամանակ և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ մենք քրեականացրել ենք Հայոց ցեղասպանության ժխտումը»,- հայտարարեց կիպրոսցի պատգամավորը:

Հայոց ցեղասպանության տարիներին, ըստ Ֆիտիսի, հայ ժողովրդի ճակատագրին են արժանացել նաև հույներն ու ասորիները, որոնք ընդամենը ապրել են Օսմանյան Կայսրության տարածքում: «Նրանք տեղահանվել են ու սպանվել», -ասաց նա` կարևորելով, Հայաստանի ԱԺ-ի կողմից ասորիների և հույների ցեղասպանության ճանաչման փաստը:

«Տեսականորեն ներկայիս Թուրքիան պատասխանատու է այն բանի համար, ինչ տեղի է ունեցել Օսմանյան կայսրությունում, որովհետև այս Թուրքիան նախկին Թուրքիայի իրավահաջորդն է», - ֆորումի ժամանակ հայտարարեց Ստոկհոլմի համալսարանի միջազգային իրավունքի պրոֆեսոր Օվե Բրինգը:

Նրա պնդմամբ, այս Թուրքիան պատասխանատու է այն ամենի համար, ինչ տեղի է ունեցել 1915 թվականին:
Բայց կա նաև տնտեսական պատասխանտվության հարց: Ըստ պրոֆեսորի, այն մարդիկ, ովքեր սեփականություն են կորցրել այն ժամանակների Թուրքիայում, կարող են տնտեսական հայցեր ներկայացնել դատարաններ, անգամ հասնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

«Պետք է փորձել ապացուցել եվրոպական դատարանում: Այդ հայցը կենդանի հայց է, և ՄԻԵԴ-ը կարող է զբաղվել դրանով», -նկատեց պրոֆեսորը:
Ստոկհոլմի համալսարանի միջազգային իրավունքի պրոֆեսոր Օվե Բրինգը երկար տարիներ հետևել է հայկական հարցին և այսօր «Ընդդեմ ցեղասպանություն հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումում հայտարարեց, որ պատմությունը որոշակի դասեր ունի:

Ցեղասպանություն երևույթը, ըստ պրոֆեսորի, հին պատմություն ունի, թեպետ այդ երևույթի մասին խոսակցությունները տարբեր հարթակներում ի հայտ եկան ավելի ուշ ժամանակներում:

«Հայերը ստիպված մահվան երթով գնացին անապատներ, որտեղ միլիոն ու կես մարդ մահացավ», -հայտարարեց պրոֆեսոր Բրինգը:

Նա հիշեցրեց, որ Ռաֆայել Լեմկինը երբ սկզբնավորեց ցեղասպանություն եզրույթը, այդուհանդերձ Նյուրնբերգյան դատարանն իր վճռում խուսափեց այդ բառն օգտագործել` դեպքերը համարելով «մարդկության դեմ հանցագործություն»:

«Անպատժելիության ռիսկեր է պարունակում հանցագործությունը չճանաչելը: Երիտթուրքերը նպատակ ունեին, որ համասեռ ազգ լինեն և այդ էր պատճառը, որ հայերի մասսայական տեղահանում սկսեց: Արդարադատությունը պահանջարկ չունեցավ, և որոշ անհատներ միայն պատժվեցին, ազգայնական զգացմունքները գերակշռեցին», -հայտարարեց Բրինգը` նկատելով, որ միջազգային ասպարեզում հարցը քաղաքական նկատառումներից ելնելով անտեսվեց:

Նա հիշեցրեց Հիտլերի հայտնի արտահայտությունը` «Ո՞վ է այսօր խոսում հայերի ոչնչացման մասին» ու նկատեց, որ այդ հայտարարությունը չպետք է ընկալվի որպես հղում ապագայում հրեաների ողջակիզմանը, այլ պետք է նկատել, որ անպատժելիությունը գերակշռեց:

«Եթե արձագանքներ լինեին ցեղասպանությանը և պատժվեին այն կատարողները, ապա Հիտլերը կդժվարանար վկայակոչել դա: Սարսափելի պրակտիկաները պետք է դատապարտվեն և դատարաններում պատժվեն, որպեսզի կանխվեն», -հավելեց Բրինգը:

Նա ընդգծեց, որ Միջազգային դատարանի կանոնադրության մեջ նույնպես ցեղասպանություն հանցանքը նշվում է որպես ռասսայական էթնիկ խմբի նկատմամբ կատարված հանցանք, իսկ երիտթուրքերի կառավարությունը մտադրություն ուներ ոչնչացնել հայերին:

«Կան տարբեր փաստեր, որոնք ապացուցում են ցեղասպանությունը, հետևաբար թուրքական ժխտողականությունը անհասկանալի է: Իրավական համակարգը չի պատկանում իրավաբաններին և դատավորներին, դա մեզ բոլորիս է պատկանում, հանրային կարծիքը մեծ դեր ունի դատավորների կարծիքի ձևավորման հարցում: Եթե արագ շարժվենք, կարող ենք կանխել հետագայում նման իրավիճակը»,-հայտարարեց պրոֆեսորը:

Լոնդոնի միջազգային Միդլսեքս համալսարանի միջազգային իրավունքի պրոֆեսոր Ուիլյամ Շաբասը ֆորումում հայտարարեց, որ աշխարհում շատ երկրներ շարունակում են ժխտել Հայոց ցեղասպանության փաստը, իսկ որոշ երկրներ էլ շատ լավ գիտեն, թե իրականում ինչ է տեղի ունեցել, սակայն խուսափում են Ցեղասպանության լիարժեք ճանաչումից: Պրոֆեսորի կարծիքով, այդ երկրներն այդպես են վարվում` ելնելով իրենց «ցինիկ քաղաքական նկատառումներից»:

Նրա խոսքով, օրինակ, ցավալի է, որ Մեծ Բրիտանիան, որը հայերի կոտորածների տարիներին դատապարտել է այդ վայրագությունները, այսօր նույն ազնիվ դիրքորոշումը չունի Հայոց ցեղասպանության հարցում:

Բացի այդ, ըստ Շաբասի, Հայոց ցեղասպանության հարցում ազնիվ չէ նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դիրքորոշումը:
«Այդ նույն դատարանը վերջերս թուրք Փերինչեքի գործով երկիմաստ վճիռ կայացրեց՝ այդպիսով արտահայտելով իր երկիմաստ ու ոչ լիարժեք դիրքորոշումը Հայոց ցեղասպանության նկատմամբ», -հայտարարեց Շաբասը:

Նա պնդեց, որ ներկայում․ «Փախստականների խնդիրը Հայոց ցեղասպանության հետևանք էր: Այդ տարիներին առաջին անգամ ստեղծվեց փախստականների գծով հանձնաժողով, որի նախագահ Ֆրիտյոֆ Նանսենը նկարագրում էր հայերի նկատմամբ վայրագությունները: Այս հարցերը, սակայն, կրկին օրակարգ վերադարձան միայն Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո, երբ կրկին ցեղասպանություն էր տեղի ունեցել, և փախստականների խնդիր կար»,- հայտարարեց Շաբասը` հույս հայտնելով, որ ի վերջո ճշմարտությունն ու արդարությունը հաղթանակ կունենան:

Պատրաստեց Ռուբինա Ռաֆայելյանը

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: