Խորացվում է ԵԽ հետ համագործակցությունը

30 Սեպտեմբերի 2015

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը սեպտեմբերի 29-ին ընդունել է ԵԽ Մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության Մարդու իրավունքների քաղաքականության և համագործակցության դեպարտամենտի ղեկավար Միխայիլ Լոբովի գլխավորած պատվիրակությանը:

Նախարարը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի հետ ունեցած համագործակցության ներկայիս մակարդակն ու համատեղ իրականացվող ծրագրերի հաջող ընթացքի հարցում կարևորել Միխայիլ Լոբովի ներդրումը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Եվրոպայի խորհրդի  կողմից Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիայում իրականացվող «Մարդու իրավունքների կրթություն՝ իրավական ոլորտի մասնագետների համար»  ծրագրին:

Արփինե Հովհաննիսյանը և Միխայիլ Լոբովը քննարկել են նաև համատեղ նոր ծրագրերի իրականացման՝ մասնավորապես քրեակատարողական ծառայողների համար դասընթացներ անցկացնելու հնարավորություններն ու ձևաչափը:

Մարդու իրավունքների քաղաքականության և համագործակցության դեպարտամենտի ղեկավար Միխայիլ Լոբովը շնորհակալություն է հայտնել արդարադատության նախարարին ընդունելության համար, ընդգծել, որ Եվրոպայի խորհուրդը մեծ փորձառություն ունի քրեակատարողական համակարգում բարեփոխումներ իրականացնելու հարցում և հայ գործընկերների հետ ԵԽ լավագույն փորձը կիսելու պատրաստակամություն է հայտնել:

Հանդիպման ավարտին կողմերը փոխգործակցությունը խորացնելու պայմանավորվածություն են ձեռք բերել, հաղորդում է ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: