Արդարադատության նախարարն ընդունել է Պյոտր Սվիտալսկիին

28 Սեպտեմբերի 2015

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին:

Արդարադատության նախարարը բարձր է գնահատել Եվրամիության ֆինանսավորմամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի կարևորությունը և նախանշված ուղղություններով համագործակցությունը շարունակելու ու խորացնելու պատրաստակամություն հայտնել:

Հանդիպման ընթացքում Արփինե Հովհաննիսյանն անդրադարձել է ԵՄ կողմից բյուջետային աջակցության ծրագրի շարունակականությանը, դատաիրավական, ինստիտուցիոնալ ու օրենսդրական բարեփոխումներին, ինչպես նաև պրոբացիայի ծառայության ներդրմանն առնչվող հարցերին:

Նորանշանակ դեսպան Պյոտր Սվիտալսկին շնորհակալություն է հայտնել արդարադատության նախարարին ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով, որ Հայաստանի դատաիրավական համակարգում իրականացվող բարեփոխումները Եվրամիության առաջնահերթություններից են:

Նրա խոսքով՝ ԵՄ-ն մշտապես պատրաստ է աջակցություն ցուցաբերելու Հայաստանում արդարադատության ոլորտի կատարելագործման և դրա նկատմամբ հանրության վստահության բարձրացման ուղղությամբ:

Հանդիպման ավարտին կողմերն անդրադարձել են նաև Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությանը, դրա իրականացման 2015-2018 թվականների միջոցառումների ծրագրին, ինչպես նաև քննարկել էլեկտրոնային կառավարման՝ այն է դատաիրավական ոլորտում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի ամբողջական ներդրմանն առնչվող հարցեր, հաղորդում է ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության  հետ կապերի վարչությունը։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: