ՀՀ զինված ուժերն այսուհետև խոցելու են համարժեք միջոցներով

27 Սեպտեմբերի 2015

Ինչպես արդեն տեղեկացրել է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը, ս.թ. սեպտեմբերի 25-ին 17:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի կողմից հրետակոծման է ենթարկվել ԼՂՀ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասը, որի արդյունքում հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ: Հրետակոծման ժամանակ հակառակորդն առաջին անգամ կիրառել է 122 մմ հրետանային միջոցներ` հարվածներ հասցնելով ոչ թե առաջնագծում տեղակայված դիրքապահ ուժերին, այլ նրանց թիկունքում տեղակայված ստորաբաժանումներին:

ՀՀ պաշտպանության նախարարությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և միջազգային կառույցների ուշադրությունն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ հրադադարի ռեժիմի խախտման ընթացքում ադրբեջանական կողմից հրետանու կիրառումը շփման գծում նոր իրադրություն է ստեղծում, ինչը լայնածավալ ռազմական գործողությունների անցման հերթական քայլն է:

Հակամարտության կարգավորման քաղաքական գործընթացին աջակցելու նպատակով մինչ այժմ ՀՀ զինված ուժերի զուսպ պահվածքը, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և միջագային կառույցների արձագանքը որևէ կերպ չեն ազգում հակառակորդի վրա հրադադարի ռեժիմի պահպանման հարցում, դեռ ավելին, նրա մոտ սեփական զինված ուժերի գերազանցության պատրանք են ստեղծում` հրահրելով անպատժելիության մթնոլորտում դիմելու նորանոր արկածախնդրությունների:

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ հակառակորդի կողմից իրադրության հետևողական լարումը, որը պարբերաբար հանգեցնում է մարդկային կորուստների, ինչպես նաև միջազգային հանրության անհասցե քննադատությունը և մտահոգություններն անընդունելի են: Ուստի հակառակորդին լռեցնելու, նրա գործողությունները կանխարգելելու և դրանով իսկ բանակցային գործընթացին աջակցելու նպատակով ՀՀ զինված ուժերն այսուհետև օգտագործելու են հրետանային և հրթիռային խոցման համարժեք միջոցներ` մշտական խոցման տակ պահելով ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների տեղակայման վայրերը, բոլոր զորաշարժերը, զինտեխնիկան և կենդանի ուժը:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: