Ռազմարդյունաբերության բաղադրիչը՝ ՀՀ ազգային անվտանգության նոր ռազմավարությունում

02 Օգոստոսի 2020

Ազգային անվտանգության ռազմավարության նոր հայեցակարգը հավանության արժանացավ ՀՀ անվտանգության խորհրդի հուլիսի 10-ի նիստում: Նախկին ռազմավարությունն ընդունվել էր 13 տարի առաջ: Ռազմավարության նոր հայեցակարգում նշվում է, որ պաշտպանական ոլորտում նպատակներին հասնելու համար Հայաստանը շարունակելու է արդիականացնել զինված ուժերը, զարգացնել կարողությունները:  1lurer.am-ը ռազմարդյունաբերության ոլորտին առնչվող հիմնական շեշտադրումների շուրջ զրուցեց ՀՀ ԲՏԱ ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արտակ Դավթյանի հետ:

Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահն, անդրադառնալով փաստաթղթի «Ռազմական սպառնալիքների զսպում և չեզոքացում» ենթագլխին, առանձնացրեց շեշտադրումը, որով նշվում է, որ զարկ է տրվելու ռազմարդյունաբերության զարգացմանը նպաստող գիտատեխնիկական և տեխնոլոգիական առաջընթացին:

ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՌԱՋԸՆԹԱՑԸ

«Սրանից  բխող այն խնդիրները, որոնք արդեն դրվել են ռազմարդյունաբերության առջև՝ առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնենք գիտատեխնիկական և տեխնոլոգիական գործընթացներին: Առավել շատ պետք է փորձենք արդեն տարվող մտքի աշխատանքերը համալրել: Նոր լուծումներ են սպասվում տեխնիկայի՝ հատկապես ռազմական տեխնիկայի ներդրման, արդիականացման կամ արտադրման ուղղությամբ»,-ասաց Դավթյանը: 

Ռազմավարության հայեցակարգում Արտակ Դավթյանը նաև առանձնացրեց այն, որ  ընդգրկուն կերպով մատնանշվում են նաև ռազմարդյունաբերության խնդիրները: Առաջնային խնդիրներից է համապատասխան ծրագրերի կազմումն ու պլանավորումը, որոնք կապահովեն ռազմավարության հստակ կատարումը ռազմարդյունաբերական ոլորտում: Խնդիրներից մեկն էլ, ռազմարդյունաբերության կոմիտեի  նախագահի խոսքով, իրավական փաստաթղթային հարցերի լուծումն է: Նա նշեց, որ իրավական, նորմատիվային փաստաթղթերի տեսանկյունից աշխատանքներ պետք է տարվեն, որպեսզի  կարգավորվեն բոլոր հարաբերությունները, ինչը նաև կհեշտացնի աշխատանքները: Դավթյանը կարևորեց նաև պետության աջակցության տրամադրումը ռազմարդյունաբերության  ձեռնարկություններին ու կազմակերպություններին՝ անկախ սեփականության ձևից, որպեսզի կարողանան ռազմական արտադրանք տալ:

ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ

«Հիմնական շեշտը մեզ մոտ այսօր դրված է անօդաչու թռչող սարքերի, օպտիկա- էլեկտրոնային միջոցների, պետավտոտեսչության ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների վրա, որոնք նախատեսում են միայն բարձրակարգ մասնագետների առկայություն, գիտական միտք:  Բացի դա, պահանջվում են նաև տեխնոլոգիական և տեխնիկական բազմաթիվ լուծումներ՝ հենվելով այսօրվա գոյություն ունեցող մեր առաջատար տեխնոլոգիաների վրա: Այդ ուղղությամբ մենք համագործակցում ենք և՛ տեղի արտադրողների հետ,  և՛ ընդլայնում ենք կապերը մեր  գործընկերների հետ դրսում»,-ասաց Արտակ Դավթյանը:

Ռազմարդյունաբերության գիտատեխնիկական, տեխնոլոգիական ներկա զարգացավածությանն անդրադառնալով՝ Դավթյանը նշեց, որ  թեև այսքան տարի աշխատանք տարվել է, բայց ընդհանուր համատեքստում կարելի է ասել, որ արվում են այդ ուղղությամբ առաջին վստահ քայլերը:

«Վերջին դեպքերի ժամանակ մեր զինված ուժերի կողմից կիրառվեցին  սպառազինության, ռազմական տեխնիկայի մի շարք նմուշներ, որոնք ամբողջությամբ կա՛մ արդիականացվել էին, կա՛մ պատրաստվել էին մեր ռազմարդյունաբերության կողմից: Դրանք ցուցաբերեցին բարձր արդյունքներ  և միևնույն ժամանակ ի հայտ բերեցին որոշակի խնդիրներ, թերություններ, որոնց ուղղությամբ, բնական է, պետք է աշխատենք, որպեսզի ամբողջությամբ ապահովենք այն խնդիրները և պահանջները, որոնք դրվում են զինված ուժերի կողմից և ժամանակակից մարտական գործողություններ վարելու տեսանկյունից»,- ընդգծեց Դավթյանը:

Ռազմարդյունաբերության կոմիտեի  նախագահը նաև շեշտեց, որ տեխնիկական արտադրանքների և ծառայությունների մատուցմամբ նպաստելու և աջակցելու են այն բոլոր խնդիրների լուծմանը, որոնք կառաջադրեն զինված ուժերը: 

Հեղինակ`Նարե Ոսկանյան
1lurer.am

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: