Ժողովրդի առողջությունը, հայրենի բնության մաքրությունն ու անվտանգությունը եւ ազգային համընդհանուր շահն անսակարկելի են

31 Օգոստոսի 2019

Ամուլսարի շուրջ ծավալված բազմաշերտ խնդիրները եւ մարտահրավերները յուրաքանչյուր հայրենասեր եւ հայրենիքի ճակատագրով մտահոգ հայ մարդուց պահանջում է խոր գիտակցականության եւ համակողմանի խոհականության ընկալում:

Հայրենիքի հարատեւումն ու զարգացումն առանց հզոր ինքնիշխան պետականության անհնարին է, նույնքան եւ անհնարին է եւ անիմաստ ակնկալել երջանիկ եւ առողջ կյանք՝ չունենալով մաքուր եւ անվտանգ հայրենի բնություն եւ միջավայր:

Այսօր թե՛ Հայաստանում եւ թե՛ Հայաստանից դուրս որոշ ուժեր, կորցնելով իրենց իշխանությունն ու կերակրատաշտը, փորձում են ցանկացած առիթից օգտվել եւ իրենց իսկ կողմից ստեղծված իրավիճակի պատասխանատվությունը  բարդել նոր իշխանությունների վրա: Գործի են դրվում ցանկացած միջոց ու խարդավանք, որպեսզի ժողովրդի կողմից ընտրված լեգիտիմ իշխանությունը չհաջողի երկրում հաստատել իրավական և ինքնիշխան պետություն:   

Այդ ուժերի համար կարեւորը ոչ թե Ամուլսարի հանքի շահագործումը կամ դադարեցումն է, այլ ստեղծված իրավիճակից օգտվելով՝ հակաիշխանական ալիք ստեղծելը:

Ուստի ԿՈՉ ենք անում բոլոր նրանց, ովքեր ազնվաբար եւ սրտացավ պայքարում են բնության եւ շրջակա միջավայրի մաքրության եւ անվտանգության համար, ազգային համընդհանուր շահի գիտակցությամբ՝ թույլ չտան որ իրենց շարքերում հայտնվեն նման անազնիվ անհատները եւ ուժերը:

Հանքի շահարկումը կասեցնելու համար հարկավոր է հիմնվել զուտ գիտական, իրավաբանական եւ բնապահպանական նորմերի եւ փաստարկումների վրա:

Ամուլսարի հանքի շուրջ ստեղծված իրավիճակի ճիշտ լուծումը, պահանջում է համբերատար բազմակողմանի ուսումնասիրություն, տնտեսաֆինանսական ճշգրիտ վերլուծություն եւ հաշվարկում՝ շահելու-կորցնելու համեմատություն: Այդ հարցը պետք է լուծել ոչ թե հանրաքվեի միջոցով, ինչպես հարցը շահարկող որոշ խմբավորումներ պնդում են, այլ միայն ու միայն մասնագիտական հանձնախմբի միջոցով, որը բաղկացած կլինի ոլորտի գիտնականներից, իրավաբաններից և բնապահպաններից:

Խնդիրը պիտի ընկալվի ոչ թե իշխանությունների եւ բնապահպանների միջեւ գոյություն ունեցող հակադիր հարց, այլ ընկալվի, որպես ժողովուրդ-պետություն ջանքերի համատեղումով լուծելի հարց, ուր շահողը պետությունն է եւ ժողովուրդը:

Զորակցելով իշխանություններին՝ ակնկալում ենք, որ նրանք Ամուլսարի հարցով կկայացնեն վերջնական ողջամիտ որոշում:

Հայաստանի տնտեսությունը պիտի զարգանա  ընդունելի, անվտանգ եւ արդյունավետ ժամանակակից այլ ուղղություններով: Ակնկալում ենք, որ ՀՀ կառավարությունը բոլոր գործող հանքարդյունաբերությունները ենթարկի ժամանակակից պահանջներին համապատասխանող խստագույն մոնիտորինգի եւ հսկողության:

Արտասահմանյան եւ տեղական մասնավոր ընկերությունները տանում են Հայաստանի ընդերքի ողջ հարստությունը, մինչդեռ երկրին մնում է հարկերի տեսքով այդ շահույթի ամենաչնչին մասը:

Հարկավոր է հրաժարվել նոր լիցենզիաների տրամադրելուց եւ որդեգրել հստակքաղաքականություն, այնպես, որ հումքի փոխարեն արտադրությունը երկրի ներսում հնարավոր լինի վերամշակել եւ ապա արտահանել՝ որպես վերջնական մշակված արտադրություն:

Հարկավոր է   վերանայել հանքարդյունաբերության ոլորտում աշխատող հանքերի հետ կնքված պայմանագրերը,  խախտումներ նկատելու դեպքում  խիստ պատասխանատվության ենթարկել նախկին իշխանության բոլոր այն պաշտոնյաներին՝ այդ թվում ժամանակի բնապահպանության նախարարներին, որոնց հանցավոր թույլտվությամբ եւ նեղ շահադիտական որոշումների հետեւանքով երկիրը այսօր գտնվում է հսկայական խնդիրների առջեւ եւ կրում է անդառնալի կորուստ:

Հարկավոր է առանց ձգձգումների կարգավորել հանքերի սեփականության հարցը: Հանքերը ազգային հարստություն են եւ պետությունը պիտի ունենա իր ուղղակի մասնակցությունը, մասնաբաժինը եւ իրավասությունը՝ տնօրինելու ազգային այդ հարստությունը:

Ժողովրդի առողջությունը, հայրենի բնության մաքրությունն ու անվտանգությունը եւ ազգային համընդհանուր շահը անսակարկելի են:

Եվրոպայի Հայերի Համագումար

29 օգոստոս 2019 թ․

Ուփսալա – Շվեդիա

 Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

Աղբյուրը՝ http://www.aaeurop.com

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: