Քաղաքացիական հասարակության ներկայիս դիագնոզը

21 Օգոստոսի 2019

Միգուցե դեռ շուտ է խոսել այն մասին, թե ինչ իրավիճակում է քաղհասարակությունն այս պահին (քանի որ, միգուցե, դեռ վերադասավորվում է): Բայց կարծում եմ՝ արժե որոշ հարցեր բարձրացնել: Նշեմ, որ խոսքս այն քաղհասարակության մասին է, որը տարիներ ի վեր պայքարել է արդարության համար տարբեր ձևաչափերով՝ հկ-ներում, քաղաքացիական նախաձեռնություններում, հետազոտություններով և այլն: Նման մի հարց հետևյալն է՝ արդյո՞ք ներկա պահին քաղհասարակությունն այնպիսինն է, ինչպիսին որ հետհեղափոխական ժամանակ էր, թե՞ ներկայումս այն ֆրագմենտացվել է: Ի վերջո քաղհասարակության բազմաթիվ ներկայացուցիչներ, ովքեր նաև քիչ թե շատ ակտիվ ներգրաված էին որոշակի շարժումներում, այսօր արդեն կառավարման համակարգի մաս են կազմում: Արդյո՞ք ներկայումս առկա որևէ խնդրի դեպքում, որը կպահանջի քաղհասարակության միավորված ջանքեր (գոնե մինչհեղափոխական մակարդակով), կարելի՞ է ակնկալել, որ նման միավորում կլինի, թե՞ նախահեղափոխական իրավիճակն էր, որ բոլորին համախմբում էր մեկ հիմնական նպատակի շուրջ, այն է՝ ոչ լեգիտիմ կառավարությունից ազատվելը: Իսկ հիմա երբ ունենք լեգիտիմ կառավարություն, արդյո՞ք քաղհասարակության ներկայացուցիչները հարկ եղած դեպքում կարող են համատեղ ջանքեր գործադրել և պայքարել որևէ հարցի շուրջ, կլինի դա Ամուլսար, թե բռնության կամ համահարթի դեմ պայքար:

Սրանք հարցեր են, որոնք թերևս իրենց պատասխանը կարող են ստանալ մի որևէ կրիտիկական իրավիճակում. միգուցե: Բայց պատկերացումներ ունեմ, որոնցով կուզեի կիսվել ու, որոնք, միգուցե, եթե այնքան էլ սխալ չեն, ուրեմն կարող են ինչ որ առումով օգնել հենց քաղհասարակության ներկայացուցիչներին վերհիշել՝ ով էինք, ուր էինք գնում, ինչի համար:

Ըստ իս քաղհասարակությունը ներկայումս ֆրագմենտացվել է (ավելին, քան երբևէ) ու դա բնական է, քանի որ քաղհասարակության մի մաս արդեն կառավարման տարբեր օղակներում է: Ընդ որում այս խումբը իսկապես հետաքրքիր իրավիճակում է հայտնվել, քանզի վստահ եմ, որ հավատում են, որ կկարողանան համակարգը փոխել ներսից և ստեղծել իսկապես այն ներկան և ապագան, որը միշտ ցանկացել ենք մեզ համար: Ու թեև ինքս չեմ հավատում համակարգի ստեղծած այդ լեգենդին, այնուամենայնիվ, սրտանց մաղթում եմ բոլոր ներգրաված պրոֆեսիոնալներին հաջողություն:

Քաղհասարակության մեկ այլ մաս էլ, ըստ իս, հավատում է, որ ներկայումս կառավարման օղակներին մոտ լինելու իր «արտոնված» դիրքի շնորհիվ կկարողանա որոշումների կայացման գործում կարևոր դեր խաղալ: Բայց սա, ըստ իս, նույնպես միֆ է, քանի որ ի վերջո հանգեցնում է հենց համակարգի կողմից այդ իրավիճակի ճկուն օգտագործմանը, ինչում համակարգը մեծ փորձ ունի, ի տարբերություն քաղհասարակությանը:

Կարծում եմ, որ չեմ սխալվի, եթե նշեմ, որ կան նաև քաղհասարակության առանձին ներկայացուցիչներ, ովքեր նորովի են ներկայանում հանրությանը, ավելի անվախ են որպես անհատ սեփական մտքերն ու կարծիքները արտահայտելուց, այդ կերպ փորձելով իրենց ալտերնատիվ մտքերն ու առաջարկները, մասնագիտական երանգավորմամբ, ներկայացնել նույն կառավարման օղակների ներկայացուցիչներին:

Ըստ իս շատ ավելի փոքրաթիվ, բայց շարունակում են լինել նաև քաղհասարակության այն ներկայացուցիչները, որոնք թերահավատ լինելով համակարգի գթությանը, շարունակում են իրենց ճանապարհը՝ առջևում տեսնելով ոչ այնքան կառավարման օղակներին մոտենալու, կամ կառավարման օղակների որոշումների վրա ազդեցություն ունենալու տեսլականը, այլև այն համընդհանուր բարօրության նպատակների իրականացումը, որին հավատում էին ի սրտե խորոց:

Երևի էլի ֆրագմենտներ կան, բայց այսքանն եմ հասցրել դիտարկել և ինձ մտահոգող հարցը թերևս մեկն է՝ արդյո՞ք նման ֆրագմենտացված պարագայում հնարավոր կլինի պահպանել քաղհասարակության այն զորությունը, որը կարող է համընդհանուր բարիքին ծառայել: Միգուցե ամենևին էլ սա խնդիր չէ՞, և հարկ եղած դեպքում կլինի այն մոբիլիզիացիան, որն անհրաժեշտ է այդ համընդհանուր շահերի պաշտպանման համար: Այնուամենայնիվ, եթե դիտարկումներս հեռու չեն իրականությունից, ապա նման հարցերի քննարկումը, թեկուզ ինքներս մեզ հետ, ամենաքիչը կարող է առողջարար ազդեցություն ունենալ:

Աղբյուր՝ medium.com

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: