Ռոբերտ Քոչարյանը դուրս է եկել «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից

19 Մայիսի 2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դուրս է եկել «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից (հայտնի է որպես Ազգային անվտանգության ծառայության մեկուսարան): «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին հայտարարեց Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հայկ Ալումյանը, ով Ազգային անվտանգության ծառայության շենքի դիմաց սպասում էր Քոչարյանի դուրս գալուն և նշեց, որ նա դուրս է եկել մյուս դռնից՝ ավտոմեքենայով, և արդեն ազատության մեջ է:

Մայիսի 18-ին ավելի վաղ Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, որոշեց փոխել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը՝   անձնական երաշխավորությամբ: Կալանքը փոխելու հարցով անձնական երաշխավորություն էին ներկայացրել Արցախի գործող և նախկին նախագահներ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը. նրանք դատարանի դահլիճ էին ժամանել մայիսի 16-ին: Նախագահները երաշխավորեցին, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը դադարեցվելու դեպքում նա կդրսևորի պատշաճ վարքագիծ, չի խոչընդոտի գործի քննությանը, չի խուսափի վարույթ իրականացնող մարմին ներկայանալուց, չի կատարի Քրեական օրենսգրքով չթույլատրված արարք, կներկայանա դատարան և կկատարի դատավարական պարտականությունները:

Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին պաշտոնյաների՝ Արմեն Գևորգյանի, Յուրի Խաչատուրովի և Սեյրան Օհանյանի գործով դատական նիստը մեկնարկել է մայիսի 13-ից: Քննվում էր Քոչարյանի խափանման միջոցի հիմնավոր լինել-չլինելու հարցը:

Համաձայն Datalex տեղեկատվական համակարգում հրապարակված մեղադրական եզրակացության՝ Ռոբերտ Քոչարյանը 1998թ․ ապրիլի 9-ից մինչեւ 2008 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ Նախագահի պաշտոնը, տապալել է ՀՀ սահմանադրական կարգը, ինչպես նաեւ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով «Թի Էս ԷսՍի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից եւ տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, 2008 թվականի փետրվարին եւ մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927․000․000 ՀՀ դրամին համարժեք 3․000․000 ԱՄՆ դոլար կաշառք։

Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2008 թվականին հանդիսանալով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, այլ անձանց հետ հանցակցությամբ, տապալել է ՀՀ սահմանադրական կարգը։

Յուրի Խաչատուրովը մեղադրվում է 2008 թվականին հանդիսանալով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալը-Երեւանի կայազորի պետը, այլ անձանց հետ հանցակցությամբ, տապալել է սահմանադրական կարգը։

Արմեն Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2006 թվականի փետրվարից մինչեւ 2008 թվականի ապրիլի 21-ը զբաղեցնելով ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի եւ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնները, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, խոչընդոտներ վերացնելու եւ ցուցումներ տալու եղանակով օժանդակել է ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ տապալելու ՀՀ սահմանադրական կարգը։ Բացի այդ, Արմեն Գեւորգյանը, Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու համար, 2008թ․ ապրիլին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 309․000․000 ՀՀ դրամին համարժեք 1․000․000 ԱՄՆ դոլար կաշառք, ինչպես նաեւ նույն ժամանակ թաքցնելով ու խեղաթյուրելով նշված գումարի իրական բնույթն ու ծագումը՝ օրինականացրել է առանձնապես խոշոր չափերով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները:

 

Աղբյուր՝ www.armenpress.am

 

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: