Երիտասարդությունը գինովություն է՝ առանց գինու, իսկ տարեց մարդիկ գինի են՝ առանց գինովության. Վազգեն Սաֆարյան

02 Մայիսի 2019

Այսօր`մայիսի 1-ին, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը մայիսմեկյան երթ իրականացրեց` Սարյանի արձանի հարակից տարածքից հասնելով Ստեփան Շահումյանի անվան հրապարակ:

Հայաստանի առաջադիմական միացյալ կոմկուսի նախագահ Վազգեն Սաֆարյանը մեր զրույցում ասաց, թե ինչ նշանակություն եւ խորհուրդ ունի աշխատանքի օրը կոմունիստական կուսակցության համար:

«Մայիսի 1-ը առաջին հերթին աշխատանքին նվիրված օր է, աշխատանքը մարդու բնական իրավունքն է, և այդ իրավունքը պաշտպանելու համար աշխարհի ժողովուրդները պայքարել են՝ աշխատանք ունենալու իրավունքի համար: Եվ այդ պայքարը առաջին անգամ 8-ժամյա բանվորական օր ունենալու համար սկիզբ է առել 1886 թ-ին Չիկագոյում, երբ Չիկագոյի բանվորները պայքարեցին իրենց իրավունքի համար, սակայն այդ պայքարը ճնշվեց, արդյունքում նրանց պարագլուխներին կախաղան բարձրացրին՝ իրենց իրավունքները բարձրաձայնելու համար: Դրանից մի քանի տարի հետո որոշում ընդունվեց մայիսի 1-ը նշել որպես տոն` ի պաշտպանություն, ի համերաշխություն Չիկագոյի բանվորների ապստամբության համար»,- ասաց կոմկուսի նախագահը:

Կոմկուսի նախագահի խոսքով`մայիսի 1-ը որպես աշխատավորի տոն լիարժեք տոնվել է Խորհրդային տարիներին. «Աշխատանքի տոնը, որպես մարդու բնական պահանջ, դա է այս տոնի իմաստը` պաշտպանել աշխատանքի իրավունքը և աշխատավորին: Եվ այսօրվա աշխատավոր մարդու հիմնական պահանջը ճիշտ վարձատրվելն է: 

Կոմկուսի նախագահը մեր զրույցում իր տեսակետը հայտնեց ընթացիկ քաղաքական իրադարձությունների վերաբերյալ:

«Քաղաքական իշխանությունները ժողովրդի մոտ այնքան էին մեծացրել դժգոհությունները, որ տեղի ունեցավ իշխանափոխություն: Ժողովուրդը պատրաստ էր իշխանափոխության, բայց չեմ կարող ասել, որ ժողովրդի սպասելիքները ամբողջապես իրականացան: Մենք ևս կարծում ենք, որ անելու աշխատանքներ շատ կան և իշխանության ներկայացուցիչները պետք է վերանայեն իրենց մոտեցումը քաղաքականության, ինչպես նաև արդյունաբերության նկատմամբ»,- ասաց կոմկուսի առաջնորդը` հավելելով, որ իրենք առաջարկում են արդյունաբերական քաղաքականություն, ըստ որի` պետք է վերանայեն արդյունաբերության նկատմամբ եղած մոտեցումները:

«Այսօրվա իշխանություններից մենք սպասելիքներ շատ ունենք, ուզում ենք՝ իշխանության ներկայացուցիչներն իրենց շուրջը համախմբեն փորձառու մարդկանց: Երիտասարդների ակտիվությունը միշտ էլ գովելի է, բայց փորձառություն է պետք, ինչպես ասում են`երիտասարդությունը գինովություն է՝ առանց գինու, իսկ տարեց մարդիկ գինի են՝ առանց գինովության, հիմա այս երկուսը պետք է համադրել»- ասաց Սաֆարյանը՝ ավելացնելով նաև ֆրանսիացիների տեսակետը`«եթե երիտասարդությունը իմանար, իսկ ավագները կարողանային»:

Աղբուր՝ "Հայկական Ժամանակ" օրաթերթ

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: