Հարկերի կրճատումից մինչ հավասար պայմանների ապահովում. նախընտրական ծրագրերի տնտեսական բաղադրիչները

30 Նոյեմբերի 2018

Առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրությունների համար կուսակցություններն ու դաշինքներն արդեն ներկայացրել են իրենց նախընտրական ծրագրերը: Դրանցում ներառված են նաև Հայաստանի տնտեսության զարգացման իրենց մոդելներն ու առաջարկները:

«Արմենպրես»-ն առանձնացրել է նախընտրական ծրագրերի տնտեսական բաղադրիչները:

Ներառական տնտեսություն

Խորհրդարանական ընտրություններին մասնակցող շատ քաղաքական ուժեր մեծ կարևորություն են տվել ներառական տնտեսության ապահովմանը:

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն իր նախընտրական ծրագրում կարևորում է ոչ միայն տնտեսական թվային աճը, այլ իրական տնտեսական զարգացումն ապահովելը` աճի որակական և ներառական մասով: Տնտեսական աճը պետք է լինի ներառական՝ ապահովելով, որ այդ աճից օգտվեն հանրության բոլոր հատվածները:

Հանրապետական կուսակցությունն իր նախընտրական ծրագրում ևս կարևորել է, որ տնտեսական աճը լինի ներառական՝ յուրաքանչյուր անհատի ընձեռելով աշխատանքի ու գործարարության ինքնադրսևորման հնարավորություն։ Բոլոր տեսակի մենաշնորհներից ազատությունն այդ  հնարավորությունների ստեղծման անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայմանն են համարել:

«Իմ քայլը» ևս առանցքային նշանակություն է տվել տնտեսության ներառական աճի ապահովմանը, աշխատատեղերի ստեղծմանը, աղքատության հաղթահարմանը: 

ՀՅԴ-ն կարևորել է տնտեսական աճի և ստեղծված տնտեսական արդյունքի՝ հասարակության բոլոր անդամների միջև արդար բաշխումն ապահովելը:

Հարկերի կրճատում

Քաղաքական ուժերն առաջարկում են հարկերի կրճատում տարբեր ոլորտներում:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն առաջարկում է տեխնոլոգիապես նոր սերնդի մեքենասարքավորումների ձեռք բերմանն ուղղված ներդրումներն ընդհանրապես ազատել հարկերից՝ ապահովելով մրցունակ արտադրանք և ծառայություններ, աշխատանքի բարձր արտադրողականություն:

«Սասնա ծռեր» կուսակցությունը ժամանակն է համարում, որ սկսեն դիտարկել փոքր և միջին բիզնեսի համար երկամյա հարկային արձակուրդ սահմանելու հարցը, ՏՏ ոլորտում արտոնյալ հարկային քաղաքականություն կիրառելը՝ հնարավոր համարելով նաև ոլորտը հարկերից ամբողջությամբ ազատելու տարբերակը:

 Իսկ «Ազգային առաջընթաց» կուսակցությունն առաջարկում է հարկատեսակներն ու հարկայինբեռը մի քանի անգամ կրճատել հատկապես միջին խավի և մանր ու միջին ձեռնարկատիրության համար, այդ թվում՝     պարզեցնել  հարկային  օրենսդրությունը՝ միաժամանակ հարկային բեռը բարձրացնելով միայն հանքարդյունաբերության   ոլորտում, քանի որ այն չի համարվելու գերակա ճյուղ։

ՀՅԴ-ի կարծիքով՝ պետք է ներդնել պրոգրեսիվ հարկային քաղաքականություն, որի հիմքում պետք է լինի «շատից՝ շատ, քչից՝ քիչ» քաղաքականությունը: Շատ վաստակողը պետք է ավելի շատ հարկ վճարի, քանի որ դրա միջոցով է հնարավոր վերացնել եկամուտների բևեռացվածությունը և սոցիալական անարդարությունը: Պրոգրեսիվ հարկման տրամաբանությունը պետք է գործի նաև գույքահարկի և հողի հարկի պարագայում:

Արդյունաբերության զարգացում

Շատ քաղաքական ուժեր մեծ կարևորություն են տվել նաև արդյունաբերության զարգացմանը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ծրագրում կարևորվում է, որ հանրապետությունում պետք է ձևավորվեն արդյունաբերական և տեխնոլոգիական խելացի քաղաքներ, որոնք կգործեն «Արդյունաբերական քաղաքականության մասին» ՀՀ օրենքի շրջանակներում՝ հարկային հատուկ ընթացակարգերի պայմաններում: Նշյալ տեխնոլոգիական գոտիները կդառնան գիտական, արտադրական նորարարությունների կենտրոններ:

«Քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդ» կուսակցության ղեկավար Լևոն Շիրինյանը կարևորում է Հայաստանն արդյունաբերական երկիր դարձնելը: Նրա կարծիքով՝ եթե Հայաստանն արդյունաբերական երկիր չդառնա, ապա շատ հարցերի լուծումներ պետք է մոռանալ: Եթե արդյունաբերական Հայաստան չունենանք, ներգաղթ ևս չի լինի:

«Ազգային առաջընթաց» կուսակցությունը մասնավոր արդյունաբերությունը՝ բացառությամբ հանքարդյունաբերության, դիտարկում է որպես տնտեսական զարգացման հեռանկարային ոլորտ:

«Իմ քայլը» դաշինքը կարևորել է առաջնորդվել հանքաարդյունաբերության ոլորտում բնական պաշարների գերշահագործման և ապօրինի օգտագործման բացառման, շրջակա միջավայրի վրա ունեցած բացասական ազդեցությունը նվազագույնի հասցնելու սկզբունքով: Ներդրվելու են շրջակա միջավայրի միասնական մոնիթորինգի և վերահսկողության, թույլտվությունների, լիցենզիաների միասնական համակարգեր:

 

Արդյունաբերության զարգացման համար «Օրինաց երկիր» կուսակցությունը կարևորել է 20 խոշոր արդյունաբերական ձեռնարկությունների ստեղծումը, արդիականացումը կամ վերագործարկումը:

Տնտեսավարողների համար հավասար պայմանների ապահովում

«Իմ քայլը» դաշինքը տնտեսական մրցակցության ապահովման կարևորագույն գործոններից մեկը համարում է տնտեսավարողների համար հավասար պայմանների և խաղի միևնույն կանոնների ապահոովումը։ Կարևոր են համարել հնարավոր քննելի (հետադարձ) ժամանակահատվածում պետության նկատմամբ խոշոր բիզնեսի չկատարած հարկային պարտավորությունների վերլուծությունը և այդ պարտավորությունների կատարման ճանապարհային քարտեզի համաձայնեցումը տվյալ բիզնեսի ներկայացուցիչների հետ։ Անհրաժեշտության դեպքում կձեռնարկվեն այսպիսի առավել ճկուն մեխանիզմի ստեղծմանը նպաստող օրենսդրական փոփոխություններ։

Այս համատեքստում երաշխավորում են քաղաքական և տնտեսական հետապնդումների բացառումը՝ միևնույն ժամանակ վճռական լինելով օրինականության հաստատման և պետության շահերը պաշտպանելու գործում։

 

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կարևորել է տնտեսավարող սուբյեկտների համար մրցակցային հավասար պայմանների և խաղի արդար կանոնների հստակ ապահովումը: Ապրանքների ներկրման անօրինական մենաշնորհների վերացմանը պետք է հաջորդի առևտրային ցանցերի ազատականացումը՝ ապահովելով ներկրվող ապրանքների իրացման հավասար հնարավորություններ և պայմաններ: Արմատապես պետք է վերանայել տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենսդրությունը՝ շրջանառության մեջ դնելով նաև նոր հակամենաշնորհային օրենք:

ՀՅԴ- ի կարծիքով՝ պետք է ուժեղացնել մենաշնորհների և անբարեխիղճ մրցակցության դեմ պայքարը՝ խստացնելով մրցակցության համար պատիժների համակարգը և երաշխավորելով ազատ մուտքը շուկա: Մենաշնորհները և գերիշխող դիրք ունեցող ընկերությունները պետք է լրացուցիչ հարկվեն։ Կարևորել են նաև ձեռնարկատիրությամբ զբաղվելու համար հավասար պայմանների ապահովումը։

«Քաղաքացու որոշում» կուսակցությունն իր նախընտրական ծրագրում նշել է՝ տնտեսությունը պետք է կառուցվի այնպես, որ հանգեցնի հանրային հարաբերությունների արդարության:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: