Իրանի ստուգումների և ֆինանսական վերահսկողության գլխավոր տեսչության պատվիրակությունն այցելել է ՀՀ գլխավոր դատախազություն

29 Նոյեմբերի 2018

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Հարությունյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության ստուգումների և ֆինանսական վերահսկողության գլխավոր տեսչության պատվիրակությանը՝ տեսչության նախագահի տեղակալ Ալի Ֆարհադի գլխավորությամբ:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, ողջունելով հյուրերին ՀՀ գլխավոր դատախազությունում՝ Արմեն Հարությունյաը նշել է, որ պատմական և մշակութային բազմադարյա խորը կապեր ունեցող բարեկամ երկու երկրների միջև վերջին շրջանում, ի թիվս այլ ոլորտների, դինամիկ զարգանում է նաև փոխգործակցությունն իրավական ոլորտում, որին նոր խթան հաղորդեց ՀՀ գլխավոր դատախազի՝ օրեր առաջ ԻԻՀ կատարած աշխատանքային այցը, դրա շրջանակներում ստորագրված երկու երկրներ դատախազությունների միջև համագործակցության 2019-2020թթ. ծրագիրը և գլխավոր դատախազների միջև մի քանի ակտուալ հարցերի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները:

ԻԻՀ ստուգումների և ֆինանսական վերահսկողության գլխավոր տեսչության նախագահի տեղակալը շնորհակալություն է հայտնել հայկական կողմին ջերմ ընդունելու կապակցությամբ և գոհունակությամբ նշել, որ ինչպես փոխադարձ հարգանքի բարձր մակարդակը, այնպես էլ երկու երկրների միջև ձևավորված իրավապայմանագրային բազան թույլ են տալիս առավել սերտացնել հարաբերությունները և հեշտացնել քրեական գործերով իրավական փոխօգնության ոլորտում առաջացող աշխատանքային բնույթի խնդիրները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում և Իրանում քննվող քրեական գործերով կասկածյալի կամ մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունեցող՝ միմյանց երկրների քաղաքացիների արտահանձնման պատշաճ իրավական ընթացակարգերի շրջանակներում փոխադարձ աջակցություն ցուցաբերելուն, թմրանյութերի ապօրինի շրջանառության և տարանցման դեմ պայքարում գործակցությունը խորացնելուն վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև քրեական գործերով իրավական օգնություն ցույց տալու մասին միջնորդությունների կատարման ժամկետները կրճատելու, ինչպես նաև Հայաստանում կամ Իրանում քննվող քրեական գործերով վկայի դատավարական կարգավիճակ ունեցող՝ մյուս երկրի քաղաքացի հանդիսացող անձանց իրենց երկրի տարածքում տեսաձայնային և տեխնիկական սարքավորումների միջոցով հարցաքննելու տեխնիկական հնարավորությունների կիրառմանն առնչվող հարցերի:  

Կողմերը հավաստիացրել են, որ առավելագույն ջանքեր կգործադրեն արծարծված հարցերին, երկու երկրների միջև հարաբերությունների ոգուն համապատասխան, օպերատիվ լուծումներ ապահովելու, իրավապահ համակարգերի համագործակցությունն առավել սերտացնելու ուղղությամբ:       

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: