Կոնստանտին Զատուլինը հայ-ռուսական ներկա հարաբերությունների մասին. «Հալվա, հալվա ասելով՝ բերանդ դրանից չի քաղցրանա»

30 Հոկտեմբերի 2018

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այցը Երեւան եւարված 

հայտարարությունները մի շարք հարցեր առաջացրեցին: Այս եւ առաջիկա ՀՀ արտահերթ խորհրդարանական

 ընտրությունների մասին էլ ծավալվեց «Իրավունքի» զրույցը ՌԴ Պետդումայի ԱՊՀգործերով« եվրասիական 

ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ԶԱՏՈՒԼԻՆԻ հետ:

«ԲՈԼԹՈՆԻ ԿՈՉԵՐԻՆ ԱՐՁԱԳԱՆՔԵԼԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ԻՆՔՆԱԽԱՐԱԶԱՆՈՒՄ ԿԼԻՆԵՐ»

– Պարոն Զատուլին, Բոլթոնն իր երեւանյան այցի ժամանակ հայտարարեց, թե ամերիկյան զենքն ավելի լավն է, քան ռուսականը: Ըստ էության, առաջարկելով Հայաստանին ամերիկյան սպառազինություն: Ի՞նչ կասեք այս մասին:

–Ջ. Բոլթոնի այցն Անդրկովկաս` Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, անխոս ուղեկցվում էր գովազդով տարածաշրջանում ամերիկյան կառավարության ադիմինիստրացայի ուժեղացմամբ եւ իրենց հնարավորություններով` որպես գերտերություն: Տարօրինակ կլիներ հուսալ, որ Բոլթոնը գալիս է Հայաստան` պաշտպանելու հայ-ռուսական կապերը, նա եկել էր առաջարկելու իր ապրանքը: Սա Հայաստանի գործն է, օրինակ, ի վիճակի՞ է այսօր գնել ամերիկյան զենք այն պայմաններով, որով նա ձեռք է բերում կամ ստանում է Ռուսաստանից: Դրանք շատ տարբեր են: Անձամբ հետեւելով ՀՀ պաշտպանության նախարարի հայտարարությանը` կարծում եմ` այս հարցում մեծ հեռանկարներ չկան: Ընդ որում` առաջին հերթին ֆինանսական եւ երկրորդ` քաղաքական պատճառաբանությամբ:

– Սա միակ առաջարկը չէր պարոն Բոլթոնի կողմից: Կոպիտասած, նա Հայաստանին առաջարկում էր հայ-իրանական հարաբերությունները փչացնել` խոստանալով բացել սահմանները Ադրբեջանի ու Թուրքիայի հետ: Այս ամենն ի՞նչ վտանգներով էհղի:

–Կարծում եմ` Հայաստանում ի վիճակի են այդ ամենը գնահատել, որոշ քաղաքական գործիչներ արդեն իսկ խոսել են այն մասին, որ ԱՄՆ-ի կոչը նշանակում է, որ Հայաստանը միանա հակաիրանական ճամբարին, երբ հարցը վերաբերում է Իրանի դեմ պատժամիջոցների կիրառմանը: Սակայն, ժամանակակից Հայաստանի համար ինքնախարազանում կլիներ արձագանքելը Բոլթոնի կոչերին եւ խնդիրներ առաջացնելը հայ-իրանական սահմանին, այդ թվում` ապրանքների փոխադրման  եւ այլ հարցերում: Ակնհայտ է, որ  այսօր, գտնվելով երկու կողմից` Թուրքիայի եւ Ադրբեջանի շրջափակման մեջ, չարաշահել Իրանի հետ հարաբերությունները, ուղղակի, անբնական կլինի յուրաքանչյուր առողջ դատող հայ քաղաքական գործչի կողմից:

«ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆ ՈՉ ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ»

-Բոլթոնը Հայաստանին նաեւ կոչ արեց հրաժարվել «պատմական կաղապարներից»: Ի՞նչ է ակնարկում ամերիկյան պաշտոնյան:

–Սա ուղիղ կապ ունի ԱՄՆ-ի այն ցանկության հետ, որը վերաբերում է Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերություններին: Այսինքն` թողեք անցյալում խոսակցությունները Ցեղասպանության մասին, դրա ճանաչման գործընթացն աշխարհում եւ եկեք լուծենք այլ հարցեր: Սակայն սա դեռ ամենը չէ, ինչպես գիտեք, պարոն Բոլթոնը ակնարկեց, որ մեծ վարկանիշ ունի այսօր Հայաստանում գործող վարչապետն ու կարող է թույլ տալ իրեն հատուկ որոշումներ կայացնել Արցախի հարցում: Բայց ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել Նիկոլ Փաշինյանի վարչապետության 100 օրվա առթիվ Հանրապետության հրապարակում հնչեցված իր ելույթի վրա, որտեղ նա ասել է, որ երբեք Արցախի հարցում որեւէ որոշում չի լինի` առանց խորհրդակցելու ժողովրդի հետ եւ հաշվի առնելու Արցախի կարծիքը` իրենց ճակատագրի հարցում: Այդուհանդերձ, Բոլթոնն արտահայտում է ամերիկյան կառավարության ադմինիստրացիայի հույսերը, եւ ակնհայտ է, որ նրանք կարծում են, որ Հայաստանում հեղինակություն ունեցող այսօրվա իշխանությունները կարող են ընդունել որոշումներ, որոնք նախորդ իշխանությունները չէին կարող, հատկապես Արցախի հարցում: Բավականին վտանգավոր իրավիճակ է, եւ հայ ժողովուրդն ինքը պետք է որոշի, թե ինչպես արձագանքի այն ազդանշանին, որով ձեր հեղինակություն վայելող իշխանությանը հրավիրում են ոչ հեղինակավոր գործողությունների: Միայն կարող եմ ասել, որ նախկին շատ քաղաքական գործիչներ, որոնք, հենվելով իրենց հեղինակության վրա, ոչ հեղինակավոր քայլերի են գնացել, հետո մեծ ցավ են ապրել ու մնացել են սեփական մատները կրծելով:

«ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՇԻՎՆԵՐԸ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՊԱՐԶԵԼԸ ՈՉ ՄԻ ԼԱՎ ԲԱՆԻ ՉԻ ԲԵՐԻ»

– Անդրադառնանք նաեւ առաջիկա հնարավոր ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Հետաքրքիր է` ունե՞ք մտավախություն, որ այս անգամ Ազգային ժողովում կարող են հայտնվել այնպիսի հակառուսական ուժեր, որոնք կրկին կբարձրացնեն Հայաստանի` ԵԱՏՄ-ից, ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը:

–Չունեմ մեծ մտահոգություն, որովհետեւ այնպիսի առողջ դատող ժողովուրդ, ինչպիսին հայերն են, ի վիճակի են իրենք իրենց վնաս չհասցնել` չընտրելով ԱԺ պատգամավորների, որոնք կխարխլեն Հայաստանի անվտանգությունը: Իմ կարծիքով` ՌԴ-ի հետ հարաբերությունները նախեւառաջ կարեւոր են անվտանգության առումով: Ես ուզում եմ հավատալ, որ հայերն ի վիճակի են ընդունել ճիշտ որոշումներ: Իհարկե, կան տարբեր մարդկանց կարծիքներ այս հարցում, բայց այն, որպես կանոն, շուտ անցնում է: Քաղաքական ուժերից, որոնք այս հարցն այսօր փորձում են զարգացնել, օրինակ, «Սասնա ծռերն» են: Ասում են` իրենք հնարավորություն ունեն ԱԺ մտնելու, հույսով եմ, որ դա տեղի չի ունենա, բայց մենք շատ ուշադիր վերլուծում ենք այն, ինչ կատարվում է Հայաստանում: Մենք եզրակացություններ ենք անում հայտարարություններից եւ իրական գործողություններից, որովհետեւ միշտ չէ, որ հրապարակային մտադրությունները եւ հայտարարությունները համընկնում են իրական քաղաքականության հետ: Այս առումով համաձայնեք, որ մենք շատ քիչ ժամանակ ունեինք, որպեսզի վստահ լինենք, որ ներկայիս հայաստանյան իշխանություններն իրենց խոսքով ու գործով չեն տարբերվում իրարից: Եվ սա է այսօր գլխավոր հարցը հայ-ռուսական հարաբերություններում: Որքան էլ ասես` հալվա, հալվա, դրանից բերանդ չի քաղցրանա: Հայ-ռուսական հարաբերությունների լավ լինելը պետք է գործով ապացուցվի` տարբեր ոլորտներում հետաքրքրություն ցուցաբերելով ու զարգացնելով: Եվ վերջում` ուզում եմ ընդամենը մի խորհուրդ տալ Հայաստանին. աշխարհաքաղաքական այս ծանր վիճակում ներքաղաքական հաշիվները երկարաժամկետ պարզելը ոչ մի լավ բանի չի բերի: Այո, ՌԴ-ում էլ կան քաղաքական գործիչներ, ովքեր հայ-ռուսական հարաբերությունների փոխարեն, նախընտրում են զարգացնել ռուս-ադրբեջանական հարաբերուղթյունները եւ բարձրաձայնում են այդ մասին: Ցավոք, վերջին ամիսներին ստեղծված իրավիճակը հաստատում է նրանց ասածը, որ Հայաստանը կարող է դառնալ ոչ վստահելի գործընկեր: Բայց ես, լինելով սկզբունքային պաշտպանը հայ-ռուսական հարաբերությունների, ուզում եմ ունենալ բավարար փաստեր` նրանց հետ բանավիճելու համար:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: