«Հեղափոխական» ՀՅԴ-ի հակահեղափոխական դրոշը, կամ՝ Դաշնակցությունը դիմադրում է Փաշինյանին

10 Հոկտեմբերի 2018

Դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու հուշագիր ստորագրելու հարց մեր օրակարգում չկա, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ քննարկման ժամանակ նման հարց օրակարգում չի եղել․ ասել է ՀՅԴ ԳՄ անդամ Արսեն Համբարձումյանը: «ՀՅԴ-ն հավատարիմ է մնում իր դիրքորոշումներին և մոտեցումներին, պետք չէ հասարակությանը քաղաքական ուժերի մոտեցումները ձևախեղված ներկայացնել, մենք դեմ չենք արտահայտվել, արտահերթ ընտրությունների անցկացման հետ կապված որևէ հարց չենք ունեցել, մենք դեմ ենք ժամկետներին: Մեր մոտեցումները պայմանավորել ենք անհրաժեշտ քայլերով և գործողություններով, և այդ հաստատումներն արված են կառավարության ծրագրում քաղաքական ուժերի համաձայնությամբ: Մինչ արտահերթ ընտրությունները պետք է հարգել պայմանավորվածությունը և կատարել ծրագրում ամրագրվածը: Մենք ակնկալում ենք տեսնել կոնկրետ ժամանակացույց, թե ինչ ժամանակացույցով է հնարավոր անել այդ քայլերն ու գործողությունները»,- ասել է դաշնակցական գործիչը:

Այլ խոսքով՝ ՀՅԴ-ում հասկացնում են, որ հուշագրի կողմ չեն դարձել իրենց որոշմամբ՝ ընտրությունների ժամկետների հետ կապված սկզբունքային դիրքորոշումների պատճառով։

Իհարկե, ՀՅԴ-ի դիրքորոշումից որևէ բան կախված չէ, որովհետև խորհրդարանի պատգամավորների մեծ մասն անհատական կամ խմբային հայտարարություններով արդեն համերաշխվել է Նիկոլ Փաշինյանի օրակարգին, ու ընտրությունների ժամկետների հետ կապված այլևս քննարկումներ չեն լինելու։ Փաշինյանը մի քանի անգամ հասկացրել է, որ այդ հարցն իր համար սկզբունքային է ու ինքը մտադիր չէ այն դարձնել սակարկության առարկա։

Այս հարթության վրա Համբարձումյանի պնդումները նույնիսկ ժամանակավրեպ են, որովհետև ՀՅԴ-ի հետ որևէ մեկը չի պատրաստվում քննարկել ընտրությունների ժամկետների հետ կապված հարցեր։ Մյուս կողմից՝ Նիկոլ Փաշինյանը մի քանի օր առաջ ՀՅԴ-ին հետդարձի որոշակի հնարավորություն էր տվել՝ ասելով, թե գործ ունենք բազմաշերտ կուսակցության հետ, որտեղ դիրքորոշումներն ամենևին էլ միասնական չեն։

Սակայն ինչպես տեսնում ենք, ՀՅԴ Բյուրոն ու Հայաստանի Գերագույն մարմինը շարունակում են արտահայտել հրապարակային դիրքորոշումներ, որոնք գրեթե ամբողջովին ներդաշնակ են ՀՀԿ-ում փաստացի մնացած պատգամավորների հայտարարություններին։ Ակնհայտորեն ՀՅԴ-ն դեմ է արտահերթ ընտրությունների արագ անցկացմանը, որովհետև հատկապես Երևանի ավագանու ընտրություններից հետո համոզվեց, որ անցողիկության շեմը հաղթահարելու հնարավորություններ գրեթե չունի։ Իրավիճակն ավելի բարդացել է «Սասնա ծռեր» կուսակցության ստեղծումից հետո, որը գործում է նույն էլեկտորալ դաշտում՝ կլանելով ՀՅԴ էլեկտորատի մի մասին։

Կուսակցությունը հետհեղափոխական Հայաստանում ամբողջովին կորցրել է քաղաքական ադեկվատությունը՝ խորացնելով ինստիտուցիոնալ ճգնաժամը։ Մոտ երկու տասնամյակ ավանդական կուսակցությունը, որը, ի տարբերություն քաղաքական այլ ուժերի, ունի կայացած համակարգ ու արժեքային այցեքարտ, հետևողականորեն հեռացել է քաղաքական ակունքներից՝ ադապտացվելով քրեաօլիգարխիկ համակարգի կանոններին։ ՀՅԴ վերնախավը «մասնագիտացել» է կոռուպցիոն, ստվերային սխեմաներում՝ կորցնելով հասարակության զարկերակը զգալու հոտառությունը։

Հետհեղափոխական հինգ ամիսները Դաշնակցության մոտ ոչինչ չփոխեցին, ավելին՝ ՀՅԴ վերնախավը փորձեց տեղավորվել Ռոբերտ Քոչարյանի տանիքի տակ, երբ վերջինս հայտարարեց քաղաքականություն վերադառնալու մտադրության մասին։

ՀՅԴ-ն, սակայն, ունի ավելի գլոբալ պրոբլեմ։ Բանն այն է, որ հեղափոխությունը հարվածի տակ կարող է դնել այս կուսակցության համահայկականությունը, միասնականությունը, որովհետև միանգամայն տարբեր են ՀՅԴ տարբեր սեգմենտների, աշխարհով մեկ տարածված կառույցների գնահատականները նոր Հայաստանի, նրա քաղաքական, ինստիտուցիոնալ իրողությունների հանդեպ։

Հեղափոխությունը ՀՅԴ-ին կանգնեցրել է լուրջ տրանսֆորմացիայի անհրաժեշտության առջև, կենսական է դարձրել արդիականացման խնդիրը, հակառակ պարագայում՝ ՀՅԴ հարուստ պատմությունը կամ ավանդույթները չեն կարող երաշխավորել կուսակցության հաջողությունը, անգամ՝ միասնականությունը։

ՀՅԴ-ն այսօր դարձել է Հայաստանի հակահեղափոխական կենտրոններից մեկը, ընդ որում՝ նոր Հայաստանին հակադրվելով նաև արժեքային, գաղափարական դաշտում։ Սա արդեն մարտահրավեր է ոչ թե կոնկրետ իշխանությանը, նրա քաղաքականությանը, այլ նոր ձևավորվող քաղաքական մտքին, Հայաստանի նոր առաքելությանը։ Սա ռևանշիզմ է ոչ այնքան հեղափոխություն-հակահեղափոխություն այսօրվա կոնյունկտուրային համատեքստում, այլ ավելի գլոբալ հարթության վրա, որը ենթադրում է Հայաստանի հետգլորում ոչ այնքան նախահեղափոխական շրջան, որքան մի իրականություն, որտեղ որոշումները կայացվում են ոչ թե ռացիոնալ քաղաքականության, այլ «մաուզերիստական» հայրենասիրության հենքով։ Հայաստանն ու նրա ժողովուրդը դասեր քաղել են պատմությունից, ՀՅԴ-ն շարունակում է կռվել ժամանակի դեմ՝ իրեն անդառնալիորեն կապելով անցյալի հետ, որտեղ հերոսականությունն ու ուրացումը եղել են անբաժան ուղեկիցներ։

Աղբյուրը՝ 1in.am

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: