«Նոր իշխանությունները դեռևս չեն հստակեցրել իրենց տնտեսական քաղաքականությունը». Վազգեն Սաֆարյան

27 Սեպտեմբերի 2018

«Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությանը հաջորդած սպառողական շուկայում գրանցված թանկացումները, ներդրումների բացակայությունը և տնտեսության հետընթացը բնորոշ է բոլոր այն երկրներին, որտեղ տեղի է ունեցել հեղափոխություն»,- 168.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը։

Նրա կարծիքով՝ պետք է հուսալ, որ այդ բնականոն հետընթացը կարող է դառնալ ազդակ հետագա առաջընթացի համար։

«Կարծում եմ՝ դրսից շատ տնտեսվարողներ դեռ ուսումնասիրում են, թե Հայաստանում ինչպիսի տնտեսական քաղաքականություն պետք է տարվի, որպեսզի կարողանան հաշվարկել իրենց հնարավոր ռիսկերը և մտածեն ներդրումներ անելու մասին։  Նոր իշխանությունները դեռևս չեն հստակեցրել իրենց տնտեսական քաղաքականությունը, բայց  արդեն ժամանակն է՝ որոշակիացնել տնտեսական ուղենիշերը և դրանով վստահություն առաջացնել բոլոր այն ներդրողների մոտ, որոնք հետաքրքրված են ՀՀ տնտեսությամբ»,- նշեց Վ. Սաֆարյանը։

Մեր զրուցակցի խոսքով՝ նոր իշխանությունները պետք է ավելի շատ ուշադրություն դարձնեն արդյունաբերությանը, ստեղծեն արդյունաբերության և արտաքին առևտրի նախարարություն, քանի որ նման նախարարություններ կան մի շարք երկրներում՝ Ճապոնիա, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա։

Անդրադառնալով ԵՄ երկրներում հայկական ապրանքների մրցունակության հետ կապված խնդիրներին, Վազգեն Սաֆարյանը փաստեց. «Եվրոպական շուկայում  հազիվ թե գյուղատնտեսական մթերքները վաճառվեն, քանի որ ԵՄ երկրներում մեծ գումար են հատկացնում իրենց գյուղմթերքի սուբսիդավորման համար»։

Ինչ վերաբերում է արդյունաբերական ապրանքներին, ապա Վազգեն Սաֆարյանի կարծիքով՝ դժվար թե պատրաստի ապրանքատեսակ հնարավոր լինի արտահանել եվրոպական շուկա, քանի որ Հայաստանն այդ շուկա արտահանում է  պարզապես հումք՝ պղնձի խտանյութ, սա էլ՝ այն դեպքում, երբ աշխարհի շուկան ընդունում է նաև ոսկու խտանյութ։

«Մեզ համար շատ կարևոր է Սյունիքի պղնձամոլիբդենային կոմբինատի կառուցումը, որպեսզի  գնանք ներքին կոոպերացիան զարգացնելու ճանապարհով, ստանանք մաքուր պղինձ, որը կգնա մեր կաբելային արտադրության կազմակերպմանը և էներգետիկայի զարգացմանը։ Այս պահին Հայաստանի տնտեսության համար կենսական նշանակություն ունի ռուսական շուկան, քանի որ ՌԴ-ի հետ Հայաստանն ունի նույն արդյունաբերական կուլտուրան»,- շեշտեց Վ. Սաֆարյանը։

Անդրադառնալով վերջին շրջանում գյուղմթերքի թանկացումներին՝ Վազգեն Սաֆարյանը նկատեց, որ այդ թանկացումները շատերը կապում են ոռոգման ջրի բացակայության, սերմերի ցրտահարության և այլ հանգամանքների հետ, սակայն նման մոտեցումներով տնտեսություն չեն զարգացնի, և ամեն ինչ չպետք է կապել եղանակային փոփոխությունների հետ։

Զվարթ Խաչատրյան

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: